Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՕՀՄ-145

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՕՀՄ-145
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
15.09.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՕՀՄ-145 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր Ժ․Չիչոյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ա․Մարտիրոսյան 2026 թվականի սեպտեմբերի 15-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս․ՉԻՉՈՅԱՆԻ Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՕՀՄ-145 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի մարտի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ Ռ***** Դ*********-ի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին միջնորդությունը բավարարվել է։ 2․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2024 թվականի նոյեմբերի 12-ին Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ռ․Դ*********-ի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգելու մասին միջնորդություն։ 3․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ վերը նշված միջնորդությունը բավարարվել է։ 4․ Վերաքննիչ դատարանը 2025 թվականի մարտի 31-ի որոշմամբ թիվ ******** քրեական վարույթով մեղադրյալ Ռ******* Դ*********-ի պաշտպան Խ․Խաչատրյանի և նույն քրեական վարույթով մեղադրյալ Մ******* Ղ*******-ի պաշտպան Ա․Ղազարյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը բեկանել է և կայացրել փոխարինող դատական ակտ՝ մերժելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը։ 5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով. 6․ Բողոքաբերը գտել է, որ վիճարկվող դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ 6․1․ Բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ նախաձեռնված վարույթի պայմաններում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, նշել է, որ ստորադաս դատարանը պատշաճ վելուծության չի ենթարկել դատարանի տրամադրության տակ եղած նյութերը և եկել է սխալ եզրահանգման։ Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ տվյալ դեպքում երկու տարբեր հանցանքների վերաբերյալ առկա են եղել կասկածներ, որոնցից երկուսն էլ թեև վերաբերել են Ռ․Դ**********-ի օժանդակությամբ ******* քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալուն, սակայն հանցանքները վերաբերել են ******* քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալուն։ Բողոքաբերի պնդմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող մարմինը տվյալ դեպքում ձեռք է բերել ենթադրյալ հանցագործության այլ դեպքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք առկա չեն եղել մինչ այդ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված՝ առաջացել է օպերատիվ-հետախուզական նոր միջոցառումների անցկացմամբ նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն։ Բողոքաբերի գնահատմամբ՝ հակառակ մոտեցման պայմաններում կստեղծվի մի իրավիճակ, երբ նախաձեռնված քրեական վարույթի առկայության պայմաններում նույն անձի վերաբերյալ նշված վարույթին չառնչվող ցանկացած օպերատիվ տվյալ ստանալիս հետաքննության մարմինը զրկված կլինի ստացված տվյալն իր հայեցողությամբ ստուգելու հնարավորությունից և պարտավոր կլինի այդ մասին հայտնել քննիչին՝ սպասելով վերջինիս կողմից կոնկրետ վարույթի շրջանակներում այս կամ այն գործողությունը կատարելու վերաբերյալ հանձնարարության։ Միևնույն ժամանակ, բողոքաբերը փաստարկել է, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա 2025 թվականի հունվարի 23-ին նախաձեռնվել է թիվ ******** քրեական վարույթը, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին նախաձեռնված թիվ ******** քրեական վարույթով տվյալներ առկա չեն եղել, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ 6․2․ Բողոքաբերը նաև նշել է, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 21-ի թիվ ՕՀՄ-147/12․11․2024 որոշմամբ միևնույն փաստական հանգամանքների առկայության պայմաններում մերժել է նույն քրեական վարույթով անցնող մեկ այլ անձի՝ Ա․Ա********-ի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը, որով ընդունելի է համարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքի պատասխանում նշված այն հանգամանքը, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվել են տարբեր հանցագործությունների վերաբերյալ դեպքերի առթիվ, և դրանք իրականացվել են քրեական վարույթի շրջանակներից դուրս այլ հանցանք բացահայտելու նպատակով, ուստի, ըստ բողոքաբերի, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ 6․3․ Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Ռ․Դ********-ի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշման իրավաչափությունը, քողարկված կերպով անդրադարձել է նաև Ռ․Դ********-ի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու մասին նույն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման իրավաչափությանը՝ այդպիսով դուրս գալով վերանայման առարկայի սահմաններից։ 7. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 31-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով մեղադրյալներ Ռ․Դ*********-ի և Մ․Ղ*********-ի պաշտպանների կողմից ներկայացված բողոքները։ Վճռաբեկ բողոքի պատասխանները․ 8․ Մեղադրյալ Մ․Ղ******-ի պաշտպան Հ․Անանյանը նշել է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Պաշտպան Հ․Անանյանի պնդմամբ՝ այն հանգամանքը, որ ներկայացված միջնորդությունը չի վերաբերել նոր դեպքի, հիմնավորվում է նաև նրանով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից 2024 թվականի նոյեմբերի 12-ին ներկայացված միջնորդությունը հիմնավորվել է նախկինում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալների միջոցով։ 8․1․ Արդյունքում պաշտպանը խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մերժել՝ վիճարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ։ 9․ Մեղադրյալ Ռ․Դ*******-ի պաշտպան Խ․Խաչատրյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքն անհիմն է, վիճարկվող դատական ակտն ամբողջությամբ օրինական է և հիմնավոր։ Պաշտպան Խ․Խաչատրյանի պնդմամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պնդումն առ այն, որ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը վերաբերել է այլ քրեական իրավախախտման, որևէ տվյալով չի փաստարկվել։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով բողոքաբերի պնդմանն առ այն, որ Վերաքննիչ դատարանը 2025 թվականի մարտի 21-ի թիվ ՕՀՄ-147/12․11․2024 որոշմամբ միևնույն փաստական հանգամանքների առկայության պայմաններում մերժել է նույն քրեական վարույթով մեկ այլ անձի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը՝ նշել է, որ տվյալ դեպքում առկա են էապես տարբերվող փաստական հանգամանքներ, էական դատական սխալներ, որպիսի պայմաններում բողոքաբերի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ 9․1․ Վերոգրյալի հիման վրա պաշտպան Խ․Խաչատրյանը խնդրել է ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ չընդունել, իսկ վարույթ ընդունելու դեպքում՝ մերժել։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ բավարարել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը և թույլատրել է Ռ․Դ*******-ի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ 10․1․ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների կապակցությամբ ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 437-րդ հոդվածի 1-ին մասի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի և 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ ******** քրեական վարույթը։ 11․ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ռ․Դ*********-ի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին նոր միջնորդություն, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել է։ 12․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2024 թվականի նոյեմբերի 12-ին Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ռ․Դ********-ի նկատմամբ իրականացվող՝ նախորդ կետում նշված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգելու մասին միջնորդություն, որի համաձայն՝ «(...) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության երրորդ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «***************» ՍՊ ընկերության ********* Ռ****** ********* Դ**********-ը /ծնված` *********, հաշվառված՝ *********, ************* փողոց, ** շենք, *** բնակարան/ օժանդակում է ******* քաղաքապետարանի դեռևս չպարզված պաշտոնատար անձանց ապօրինի գործունեության համար կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալուն: Ըստ ավագ օպերլիազորի ներկայացրած միջնորդության՝ ստացված օպերատիվ տեղեկությունները փաստում են, որ Ռ***** Դ********-ի արարքում հնարավոր է առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ դասվում են ծանր հանցանքի տեսակին: Ըստ ներկայացված նյութերի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը թույլատրել է Ռ****** ****** Դ*******-ի նկատմամբ նրա կողմից օգտագործվող ********* գործարանային համարի բջջային հեռախոսով և ************ հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», նրա բնակության վայրում, նրա կողմից շահագործվող ավտոմեքենայում և նրան հատկացված աշխատասենյակում «Ներքին դիտում», ինչպես նաև բաց տարածություններում, հանրային վայրերում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը երկու ամիս ժամկետով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ: Ռ******* Դ*********-ի նկատմամբ իրականացված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցաների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ի թիվս այլնի, 01.11.2024թ.-ին` ժամը 14:25:19-ին, օպերատիվ ուշադրության է արժանացել Ա***** ********* Ա**********-ի /ծնվ. *********թ., հաշվ.՝ ********, *********** փողոց, *** շենք, բն. **/ և Ռ****** Դ************-ի միջև տեղի ունեցած խոսակցությունը հետևյալ բովանդակությամբ. Ա***** Ա******* – Մաքսիմում Մ*****-ին կարանք մի 20.000 փող տանք Ռ******* Դ********* –Մ*****-ին նորմալ փող են տալիս /չի հասկացվում/ Ա***** Ա******* – Լավ էլի Դ******* ջան Ռ******** Դ******** – Մ*****-ին ասա հենց փողերը վեկալա ըտուց Ա****** Ա******** – Ի՞նչ Ռ******** Դ********* – 1, 1.5 միլիոն տալիս ենք Մ******-ին Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոմն Մ*****-ն հանդիսանում է Մ****** ******** Ղ*******-ը /ծնված` ********թ., հաշվառված **********, ******** փողոց, շենք **, բն ** հասցեում/, ով զբաղեցնում է ******** քաղաքապետարանի ******************** ************************* վարչության ******* ********** պաշտոնը: (…) Նկատի ունենալով, որ (…) ներկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ Ռ***** Դ*******-ի կողմից առերևույթ ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման և այդ հանցավոր գործունեությունը վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին, միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այդ տեղեկատվության ձեռքբերումն ու գտնելով, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու, ինչպես նաև նրա կողմից հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու և կանխելու նպատակով անհրաժեշտ է Ռ********* Դ*********-ի նկատմամբ երկու ամիս ժամկետով երկարաձգել վերջինիս կողմից օգտագործվող ************** գործարանային համարի բջջային հեռախոսով և ********** հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», նրա կողմից փաստացի շահագործվող «**********************» մակնիշի, ** ** **** հաշվառման համարանիշի ավտոմեքենայում, նրա բնակության վայր հանդիսացող ք.*******, ********* փողոց, ** շենք, *** բնակարան հասցեում և նրա աշխատանքի վայր հանդիսացող «**********» ՍՊ ընկերության կողմից որպես գրասենյակ շահագործվող ք.********, ************ պողոտա, ** շենք, թիվ **** աշխատասենյակում «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը (…)»։ 13․ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վերը նշված միջնորդությունը, 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) [Մ]իջնորդությունը և ներկայացված նյութերն իրենց համակցությամբ բավարար հիմք են տալիս հանգելու հետևության, որ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում կարող են ստացվել միջնորդության մեջ նշված տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, ինչը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ ծանր հանցագործության բացահայտմանը։ Բացի այդ, օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող մարմնի կողմից «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն այլ եղանակով ողջամտորեն անհնարին է: Ռ****** ******* Դ********-ի վերաբերյալ վերը նշված նյութերում առկա են ենթադրյալ ծանր հանցանք կատարելու մասին վկայող ենթադրյալ փաստեր, ուստի անձի իրավունքներին ու ազատություններին միջամտությունն իրավաչափ է: Այսպիսով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (…) Սասուն Խաչատրյանի (…)՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների օգտագործմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու մասին վերոհիշյալ միջնորդությունը հիմնավոր է, ուստի այն պետք է բավարարել և թույլատրել երկու ամիս ժամանակով՝ 2024 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2025 թվականի հունվարի 17-ը ներառյալ, երկարաձգել Ռ******** ******** Դ*********-ի նկատմամբ [միջնորդվող] օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: (…)»։ 14․ Վերաքննիչ դատարանը 2025 թվականի մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) Ռ******* Դ**********-ի պաշտպան Խաչատուր Խաչատրյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքին կից ներկայացվել է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի հուլիսի 24-ի թիվ ՕՀՄ-33 որոշումը, որով արձանագրվել է, որ «***********» ՍՊ ընկերության ******* Ռ****** ******** Դ**********-ը օժանդակում է ******* քաղաքապետարանի դեռևս չպարզված պաշտոնատար անձանց ապօրինի գործունեության համար կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալուն, ինչպիսի պայմաններում թույլատրվել է 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ Ռ****** Դ*********-ի նկատմամբ իրականացնել նրա կողմից օգտագործվող «**********» գործարանային համարի բջջային հեռախոսով ********** հեռախոսահամարով «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», ք.******, ************ փողոց, ** շենք, ** բնակարան հասցեում և «***********» ՍՊ ընկերության կողմից որպես գրասենյակում (ք.********, ************** պողոտա, ** շենք, թիվ *** աշխատասենյակ) «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականի սեպտեմբերի 12-ին մի խումբ պաշտոնատար անձանց կողմից քաղաքացու օգտին ապօրինի անգործության համար կաշառք ստանալու, կաշառք տվողի օգտին ապօրինի անգործության համար կաշառք տալու, կաշառքի միջնորդության, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառք տալու ենթադրյալ դեպքերի առթիվ (…) նախաձեռնվել է թիվ ********* վարույթը և իրականացվել է նախաքննություն: Ապա, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Ս.Խաչատրյանը 2024 թվականի նոյեմբերի 14-ին միջնորդել է թույլատրել (…) Ռ******* ******** Դ***********-ի կողմից օգտագործվող «************» գործարանային համարի բջջային հեռախոսով և «********» հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», նրա կողմից փաստացի շահագործվող «***********************» մակնիշի ** ** **** հաշվառման համարանիշի ավտոմեքենայում, նրա բնակության վայր հանդիսացող ք․******, ********* փողոց, ** շենք, ** բնակարան հասցեում և նրա աշխատանքի վայր հանդիսացող «************» ՍՊ ընկերության կողմից որպես գրասենյակում (ք.*******, ************* պողոտա, ** շենք, թիվ *** աշխատասենյակ) «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացումը երկարաձգել երկու ամիս ժամկետով՝ 2024 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2025 թվականի հունվարի 17-ը ներառյալ, մինչդեռ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին արդեն իսկ նախաձեռնված է եղել թիվ ********* քրեական վարույթը: Ստացվում է, որ նախաձեռված վարույթի պայմաններում, երբ դեռևս մինչև նույն թվականի սեպտեմբերի 24-ն իրականացվում էր համալիր օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, նորից միջնորդություն է ներկայացվում դատարան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար, ընդ որում, նախորդող միջնորդությամբ հայցված ժամանակի ավարտից 7 օր առաջ: Նման հանգամանքներում որքան էլ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պնդվի այն փաստարկը, որ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը վերաբերել է այլ քրեական իրավախախտմանը, այնուամենայնիվ, վկայակոչվածը ներկայացված որևէ տվյալով չի փաստարկվել։ Ասվածը պայմանավորված է նրանով, որ ներկայացված բոլոր միջնորդություններով էլ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նկարագրվել է նույն իրավիճակը՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից քաղաքացու օգտին ապօրինի անգործության համար կաշառք ստանալու, կաշառք տվողի օգտին ապօրինի անգործության համար կաշառք տալու, կաշառքի միջնորդության, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառք տալու ենթադրյալ դեպքերի առթիվ»: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, նման դեպքի նկարագրությունը որևէ կերպ չի կարող տարբերակող հանգամանքներ պարունակել և դատարանի համար գնահատման դաշտ տրամադրել, որպիսի դատարանը կարողանա փաստել արդյոք միջնորդվող գործողությունները նույն կասկածի շուրջ իրականացվող միջոցառումներ են, թե՝ նոր ձևավորված կասկածի վերաբերյալ։ Ավելին՝ այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ անգամ եթե համարենք, որ եղել է նոր իրավախախտման մասին որևէ նոր օպերատիվ տվյալ, որի հիման վրա դատարանից հայցվել է միջոցառումներ իրականացնելու թույլտվություն, չի կարող անտեսվել այն հանգամանքը, որ միջնորդությամբ հայցվել է նույն անձի, նույն հեռախոսահամարի, տան և աշխատավայրի միևնույն հասցեի վերաբերյալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն: Փաստացի, ինչքան էլ ՕՀՄ իրականացնող մարմինը պնդի, որ այլ կասկածի շուրջ նոր միջնորդություն է հարուցվել, միևնույն է ստացվում է, որ շարունակաբար իրականացվել է միջամտություն միևնույն անձի սահմանադրական իրավունքներին և de facto եղել է իրականացվող միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգում արդեն իսկ հարուցված վարույթի պայմաններում: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, նման պայմաններում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարունակական իրականացումը կարող էր որոշակի իրավական հիմքեր պարունակել, եթե առկա լիներ վարույթն իրականացնող քննիչի հանձնարարությունը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննարկման առարկան հանդիսանում է, ոչ թե 2024 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ նախաձեռնված վարույթի պայմաններում ՕՀՄ իրականացման թույլտվություն ստանալու միջնորդության հարուցումը և դրա հիման վրա կայացված դատական ակտը, այլ դրանից հետո՝ ՕՀՄ իրականացման ժամկետի երկարաձգումը։ Այնուամենայնիվ, թույլատրված միջոցառումների ժամկետի երկարաձգման իրավաչափության ստուգումը չի կարող մեկուսի գնահատվել դրա թույլատրման իրավաչափության հիմքերից, այսինքն՝ միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգման իրավաչափության անդրադարձն առանց թույլատրման հիմքերի որոշակի առումով գնահատման հնարավորության, Վերաքննիչ դատարանի կողմից սույն բողոքի քննությունը կդարձնի առարկայազուրկ և ձևական, քանի որ որևէ գործողության ժամկետի երկարաձգում չի կարող գնահատվել իրավաչափ, եթե դա թույլ է տրվել ի սկզբանե ոչ օրինական հիմքերի պայմաններում։ Վերաքննիչ դատարանի համար ուշագրավ է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացված հատուկ վերանայման բողոքների կապակցությամբ ներկայացրել է ինչպես բողոքի պատասխան, այնպես էլ լրացուցիչ բացատրություններ, սակայն դրանցից որևէ մեկին կցված չի եղել քննիչի կողմից տրված հանձնարարական՝ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին: Ընդ որում, նման հանձնարարականի մասին տվյալ չի ներկայացվել նաև դատական երաշխիքներ տրամադրած դատարանին, որը պետք է իրազեկվեր քրեական վարույթի նախաձեռնման մասին, մասնավորապես այն դեպքում, երբ նախաձեռնված վարույթը վերաբերել է միևնույն դեպքի շուրջ ծագած կասկածին: Հատկանշական է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում չի նախատեսում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում, որոնք ենթակա են դատական սանկցավորման: Փոխարենը, այդպիսիք դիտարկվում են գաղտնի քննչական գործողությունները, որոնք իրականացնելու միջնորդություն ներկայացնելու միակ և բացառիկ սուբյեկտը հանդիսանում է վարույթն իրականացնող քննիչը: Ի վերջո, նախաձեռնված քրեական վարույթն արդեն իսկ խոսում է այն մասին, որ ենթադրյալ քրեական իրավախախտման փաստի առնչությամբ կասկածն այլևս ամրագրված է և դրա կապակցությամբ արդեն իսկ օբեկտիվ իրականության մեջ գոյություն ունի վարույթն իրականացնող մարմին, ով ինքնուրույն որոշում է քննության ընթացքը, կատարման ենթակա քննչական և ապացուցողական գործողությունների նպատակահարմարությունը և արդյունավետությունը։ Ընդ որում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը կարող է վերաբերել բացառապես դատական սանկցավորումից դուրս գոյություն ունեցող միջոցառումներին, օրինակ՝ օպերատիվ հարցմանը, արտաքին դիտմանը և այլն: (…) Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ողջամիտ են պաշտպանության կողմի դիտարկումները և այն պայմաններում, երբ օպերատիվ մարմինը տեղեկացված է եղել նույն դեպքի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականի սեպտեմբերի 12-ին նախաձեռնված թիվ ******* քրեական վարույթի մասին, չէր կարող միջնորդություն հարուցել դատարան՝ նույն անձի և նույն օբյեկտների նկատմամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման թույլտվություն ստանալու հայցմամբ, քանի որ այդ ընթացակարգը իրավաչափ կարող է դիտարկվել բացառապես արտավարութային գործընթացների շրջանակներում, երբ բացակայում է դեպքի վերաբերյալ իրավասու մարմնի արձագանքը և վարույթն իրականացնող մարմինը, ով նման միջնորդություն հարուցելու համար այլևս միակ պատշաճ սուբյեկտն է: Անդրադառնալով բողոքաբերների կողմից բարձրաձայնված հաջորդ հարցին՝ Ռ.Դ*********-ի կողմից փաստացի շահագործվող «*************************» մակնիշի, «** ** ****» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգման թույլտվությանը, ապա պետք է փաստել, որ ինչքան էլ իրավաչափ լինի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի այն դիտարկումը, որ տրանսպորտային միջոցը ևս հանդիսանում է բնակարան, միևնույն է այդ բնակարանի անձեռնմխելիության կանխավարկածը չի կարող հաղթահարվել կամայական միջամտությամբ։ Մասնավորապես՝ այս դեպքում միջնորդվել է «************************» մակնիշի, «*** ** ****» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում շարունակել իրականացնել համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարումը, մինչդեռ դրանք նախորդիվ սանկցավորված չեն եղել իրավասու դատարանի կողմից և ենթադրաբար չեն իրականացվել։ Առավել մանրամասն՝ տվյալ տրանսպորտային միջոցում համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն չի հայցվել դատական երաշխիքների ստացման վարույթով, մինչդեռ, տվյալ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալն արդեն իսկ ավելացվել է միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգման միջնորդությամբ, ինչը Վերաքննիչ դատարանը չի կարող դիտարկել ողջամիտ և իրավաչափ: Ընդ որում, եթե անգամ դիտարկենք, որ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդության մեջ նշված է եղել տրանսպորտային միջոց, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այն չի մասնավորեցվել և դրանում առկա չի եղել «*******************» մակնիշի, «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի անհատականացման տվյալները, իսկ անձի առավել խիստ պաշտպանվող իրավունքների սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը չի կարող հիմնվել վերացական և ոչ հստակ տվյալների վրա: Այսինքն՝ դրանում պետք է ինչպես մանրամասն նշվեն այն անձի անհատականացման տվյալները, որի իրավունքը նախատեսվում է սահմանափակել, այլև նրա բջջային հեռախոսահամարի, բնակության հասցեի և տրանսպորտային միջոցի մանրամասն և հստակ տվյալները, ինչը թույլ կտա իրավասու դատարաններին գնահատել, որ միջնորդվող գործողությունն անհարկի չի միջամտելու այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին։ Այլ խոսքով, դատարանի կողմից չի կարող իրավաչափ համարվել անձի սահմանադրական իրավունքների շարունակական սահմանափակումն այն դեպքում, երբ բուն սահմանափակումը նախկինում ստուգված չի եղել և դատարանի կողմից չի թույլատրվել, ուստի այս առումով ևս Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքի հեղինակների փաստարկներին: Ինչ վերաբերում է բջջային հեռախոսահամարի առնչությամբ բողոքաբերի պնդումներին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ասվածն ակներև տեխնիկական վրիպակի արդյունք է, ինչը չի պահանջում առանձին անդրադարձ և պատճառաբանությունների համակցություն: Անդրադառնալով բողոքի հեղինակների մյուս փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն անմիջապես բխում է վերը նշված հիմնավորումներից: Այլ խոսքով՝ հաջորդ հարցի քննարկումը վերաբերում է տվյալները հստակ չանհատականացնելու արդյունքում առաջացող խնդիրներին: Մասնավորապես, միջնորդությամբ ի թիվս այլնի հայցվել է նաև երկարաձգել «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը ****** քաղաքի ********** փողոցի **-րդ շենքի **-րդ բնակարան հասցեում, որը վկայակոչվել է որպես Ռ.Դ*******-ի բնակության վայր: Վերաքննիչ դատարանը դեռևս չի անդրադառնում այն հարցին, որ այդ առնչությամբ ստացված օպերատիվ տվյալը պատշաճ չի ստուգվել, այլ առավել ուշագրավ է համարում այն, որ այս դեպքում խոսք է գնացել ՕՀ միջոցառումների երկարաձգման մասին, ինչը նշանակում է, որ առնվազն նախկին երկու ամիսների ընթացքում Դ*********-ի նկատմամբ առնվազն արտաքին դիտում իրականացնելիս կարելի էր հասկանալ, որ անձն արդեն վաղուց այդ հասցեում չի բնակվում և դա հանդիսացել է բացառապես վերջինի հաշվառման հասցեն: Ընդ որում, առկա նյութերից Վերաքննիչ դատարանի համար պարզ չի դառնում՝ արդյո՞ք այդ տանը բնակվել են այլ անձինք, թե՝ ոչ, սակայն, ասվածից ողջամտորեն պարզ է դառնում, որ այդ դեպքում նման թողտվության պարագայում կարող էին սահմանափակվել այլ՝ վարույթի հետ որևէ առնչություն չունեցող, անձանց իրավունքներ և օրինական շահեր, ինչն անթույլատրելի է քրեական արդարադատության տեսանկյունից։ Ասվածը կենդանի օրինակ կարող է հանդիսանալ անձանց սահմանադրական իրավունքների նկատմամբ կամայական միջամտությունների իրականացման, քանի որ անգամ բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալիս իրավասու դատարանները միջնորդություն հարուցողից պահանջում և ակնկալում են փաստարկների ներկայացում, որոնք կվկայեն այն մասին, որ անձը կապվում է խուզարկման ենթակա հասցեի հետ /հաճախ են պատահում դեպքեր, երբ անձը հաշվառված է լինում մեկ հասցեում, սակայն երկար տարիներ փաստացի բնակվում է այլ հասցեում, իսկ իր հաշվառման հասցեն տրամադրած է լինում՝ վարձակալությամբ/: Այն դեպքում, երբ բնակության հասցեում նախատեսվում է իրականացնել ոչ թե խուզարկություն, այլ առավել կոշտ միջամտություն՝ ներքին դիտում, այս դեպքում առնվազն Վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստարկման պահանջվող շեմն առավել բարձր պետք է լինի, որպիսի ակնկալվող միջամտությունը չվերածվի կամայականության: Ուստի, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացված տվյալները եղել են թերի և չճշտված, դրանում ներառվել է նախկինում չհայցված գործողությունների կատարման ժամկետի երկրաձաձգման հայցում, ավելին՝ միջնորդությունը հարուցվել է դրա համար քրեադատավարական լիազորություն չունեցող անձի կողմից։ Ինչ վերաբերում է բողոքում բարձրաձայնված մյուս հարցերին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանք դուրս են օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման/ժամկետի երկարաձգման թույլտվության դատական երաշխիքների քննարկման, ըստ այդմ՝ միևնույն հարցի կապակցությամբ դատական վերանայման առարկայի շրջանակներից և պահանջում են վարույթի նյութերի առավել համապարփակ հետազոտություն: Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ******** վարույթով մեղադրյալ Ռ******* Դ*******-ի պաշտպան Խաչատուր Խաչատրյանի և թիվ ******* վարույթով մեղադրյալ Մ******* Ղ******-ի պաշտպան Ալբերտ Ղազարյանի հատուկ վերանայման բողոքները հիմնավոր են, դրանց հատուկ են դատական սխալին հատուկ հատկանիշները մատնանշող պատճառաբանությունները, որպիսի պայմաններում ներկայացված հատուկ վերանայման բողոքները ենթակա են բավարարման, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» թիվ ՕՀՄ-145 որոշումը՝ բեկանման, որի կապակցությամբ անհրաժեշտ է կայացնել փոխարինող դատական ակտ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Ս.Խաչատրյանի՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը մերժել։ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 15. Նախ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում, իսկ սույն դեպքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքով Ռ․Դ**********-ի կողմից փաստացի շահագործվող «************ ***********» մակնիշի «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում և ******** քաղաքի ************ փողոցի թիվ ** շենքի բնակարան *** հասցեում «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելու անթույլատրելիության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը չի վիճարկվել, այդ հիմքով ստորադաս դատարանի դատական ակտը չի բողոքարկվել, և համապատասխան փաստարկներ բողոքաբերի կողմից չեն ներկայացվել, ուստի Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ բերված հատուկ վերանայման բողոքում համապատասխան հիմքի ու այն հաստատող փաստերի բացակայության պայմաններում ստորադաս դատարանի կողմից վերը նշվածի վերաբերյալ կատարված դատողությունները սույն դեպքում չեն կարող բովանդակային քննարկման, իսկ դրանց իրավաչափությունը՝ գնահատման առարկա դառնալ։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պետք է պատասխանել այն հարցին, թե հիմնավո՞ր է արդյոք Ռ․Դ***********ի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում հարուցված լինելու պատճառաբանությամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի դատական ակտը բեկանելու և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունն ամբողջությամբ մերժելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։ 16․ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: 2. Վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով»։ 16․1․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝ (…) 2) գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը․ 3) գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը»։ Նույն օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝ «1. Միջնորդության քննությունն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով քննությունն անցկացվում է դռնփակ դատական նիստում՝ միջնորդությունը ներկայացրած անձի պարտադիր մասնակցությամբ։ Դատական նիստին կարող է մասնակցել հսկող դատախազը, իսկ գաղտնի քննչական գործողություն կատարելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդության դեպքում՝ նաև համապատասխան հետաքննության մարմնի պետը կամ հետաքննիչը: 2. Դատարանի պահանջով քննիչը, հսկող դատախազը, դատական նիստին մասնակցող հետաքննության մարմնի պետը և հետաքննիչը տալիս են միջնորդության առարկայի վերաբերյալ բացատրություններ։ 3. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) միջնորդությունը մերժելու մասին. 2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին. 3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին։ (…) 4. Միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կարող է, ի շահ ապացուցողական գործողության արդյունքում իրավունքների սահմանափակման ենթարկվող անձի, փոխել թույլատրվող ապացուցողական գործողության կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետը։ (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում: 4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա»։ 17․ Վճռաբեկ դատարանը, Գոռ Սարգսյանի գործով կայացրած որոշմամբ բացահայտելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետախուզական-որոնողական բնույթը, արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը նպատակաուղղված է ենթադրյալ հանցանքների, դրանք ենթադրաբար նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերմանն ու պարզմանը, այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը։ Այսինքն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց հետախուզական-որոնողական բնույթով միտված են նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության դեպքերի և դրանք կատարող անձանց հնարավորինս արագ բացահայտմանը, որին անմիջապես հաջորդում է ստացված տվյալների ամրագրումը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործողությունների կատարմամբ։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում այն օժանդակում է քննիչի դատավարական գործունեությանը, երբ քրեադատավարական գործիքակազմը բավարար չէ քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրացման համար, և հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում է նաև գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդների և միջոցների կիրառում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ դրանք կարող են իրականացվել բացառապես երբ` ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն inter alia սահմանել է, որ նշված միջոցառումները կարող են իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (last resort), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը։ Այսինքն՝ նշված միջոցառումները ոչ միայն պետք է իրականացվեն դրանց բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում՝ քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները։ 18․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ - Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը բավարարվել է, և թույլատրվել է Ռ․Դ********-ի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, - 2024 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում նախաձեռնվել է թիվ ********** քրեական վարույթը, - 2024 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ռ․Դ*********-ի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության մասին նոր միջնորդություն, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել է, - 2024 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել Ռ․Դ*********-ի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն, - Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը և Ռ․Դ**********-ի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարաձգվել է, - Վերաքննիչ դատարանն իր՝ 2025 թվականի մարտի 31-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը՝ մասնավորապես արձանագրելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար միջնորդությունը դատարան է ներկայացվել նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում՝ դեռևս 2024 թվականի հուլիսի 24-ին թույլատրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ավարտից յոթ օր առաջ։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մինչ քրեական վարույթ նախաձեռնվելը և դրանից հետո ներկայացված միջնորդություններով նկարագրվել է նույն փաստական իրավիճակը, որպիսի պայմաններում դատարանը չի կարող փաստել, թե արդյոք միջնորդվող միջոցառումներն իրականացվել են նույն կասկածի շուրջ, թե վերաբերել են նոր ձևավորված կասկածի։ Դրա հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ եթե անգամ նոր իրավախախտման մասին որևէ նոր օպերատիվ տվյալ է եղել, որի հիման վրա հայցվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն, այնուամենայնիվ, չի կարող անտեսվել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում միջնորդությամբ հայցվել է նույն անձի, նույն հեռախոսահամարի, տան և աշխատավայրի միևնույն հասցեների վերաբերյալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն, որի պայմաններում շարունակաբար միջամտություն է տեղի ունեցել միևնույն անձի սահմանադրական իրավունքներին, և նշված միջոցառումների ժամկետը երկարաձգվել է փաստացի արդեն իսկ նախաձեռնված վարույթի պայմաններում: Վերաքննիչ դատարանը նաև գտել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգման իրավաչափության գնահատումն առանց այդ միջոցառումների իրականացման թույլտվության հիմքերի գնահատման հնարավորության՝ բողոքի քննությունը կդարձնի ձևական և առարկայազուրկ՝ փաստարկելով, որ որևէ գործողության ժամկետի երկարաձգումը չի կարող համարվել իրավաչափ, եթե դա թույլ է տրվել ի սկզբանե ոչ օրինական հիմքերի առկայության պայմաններում։ Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այն պայմաններում, երբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը տեղեկացված է եղել նույն դեպքի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականի սեպտեմբերի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի մասին, չէր կարող միջնորդություն հարուցել դատարան՝ նույն անձի և օբյեկտների նկատմամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության հայցմամբ։ 19․ Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, կասկածի տակ դնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, փաստացի գնահատման է ենթարկել այդ դատական ակտի իրավաչափությունը, ինչը սույն վարույթի շրջանակներում քննության ու գնահատման առարկա չէր կարող դառնալ՝ դատական երաշխիքների և ըստ այդմ՝ ստորադաս դատարանում վերանայման կոնկրետ առարկայով պայմանավորված։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս վերադաս դատական ատյանները սահմանափակված են ներկայացված միջնորդության առարկայով, դրա վերաբերյալ տրամադրված նյութերով, որոնց գնահատմամբ էլ հաստատվում է վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, իսկ յուրաքանչյուր դատական ակտի բողոքարկման առարկան ինքնուրույն է և չի կարող նույնացվել դրան նախորդող դատական ակտի հետ կամ փոխկապակցված վերանայվել վերադաս դատական ատյանի կողմից։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանում վերանայման առարկան հանդիսացել է բացառապես Առաջին ատյանի դատարանի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու թույլտվության մասին 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշման իրավաչափությունը, որի գնահատմամբ էլ դատական ստուգման շրջանակը եղել է սահմանափակված, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վիճարկվող դատական ակտի հետ փոխկապակցված գնահատման արդյունքում, ըստ էության, հետևության է հանգել նաև Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի որոշման իրավաչափության վերաբերյալ՝ այդ կերպ դուրս գալով դատական վերանայման առարկայի սահմաններից։ 19․1․ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ռ․Դ********-ի նկատմամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում հարուցված լինելու պատճառաբանությամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի դատական ակտը բեկանելով և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունն ամբողջությամբ մերժելով, հանգել է չհիմնավորված հետևության։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր դատողությունները կառուցելիս հիմք է ընդունել մեղադրյալ Ռ․Դ*********-ի պաշտպան Խ․Խաչատրյանի ներկայացրած՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի թիվ ՕՀՄ-33 որոշումը և 2024 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում թիվ ******** քրեական վարույթը նախաձեռնելու մասին արձանագրությունը, մինչդեռ վկայակոչված նյութերը բավարար չեն՝ փաստելու, որ տվյալ դեպքում Ռ․Դ*********-ի կողմից ենթադրյալ կոռուպցիոն բնույթի հանցանքի կատարման կապակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգվել է նույն դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, իսկ վարույթի նյութերում առկա չեն այլ տվյալներ, որոնց հետ համակցությամբ ստորադաս դատարանի կողմից մատնանշված փաստաթղթերը կարող էին հիմք հանդիսանալ նման դատողություն կատարելու համար։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, իր տրամադրության ներքո չունենալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի և 2024 թվականի սեպտեմբերի 17-ի՝ Ռ․Դ**********-ի նկատմամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունների մասին միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումներից յուրաքանչյուրի կայացման հիմքում ընկած ողջ փաստակազմը և միաժամանակ զուգահեռներ անցկացնելով վերոնշյալ ու սույն վարույթով վիճարկվող որոշումների միջև, ըստ էության հանգել է չհիմնավորված հետևության առ այն, որ տվյալ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգվել է նույն դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Մինչդեռ միայն այն հանգամանքը, որ քննարկվող միջնորդությամբ ներկայացված օպերատիվ տեղեկությունները վերաբերել են նույն անձի կողմից առերևույթ նույնաբնույթ հանցանքների կատարմանը, ինքնին բավարար հիմք չէ՝ եզրահանգելու, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգվել է փաստացի նույն դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը հենց ինքն է վիճարկվող դատական ակտում արձանագրել, որ հարուցված միջնորդություններում առկա ենթադրյալ դեպքերի նույնաբովանդակ նկարագրությունը որևէ կերպ չի կարող տարբերակող հանգամանքներ պարունակել և գնահատման դաշտ ապահովել, որպեսզի դատարանը կարողանա փաստել՝ արդյոք միջնորդվող գործողությունները նույն կասկածի, թե նոր ձևավորված կասկածի վերաբերյալ իրականացվող միջոցառումներ են։ Այդուհանդերձ, հակասելով ինքն իրեն՝ Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման հիմքում դրել է իր դատողությունն առ այն, որ «ներկայացված բոլոր միջնորդություններով էլ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նկարագրվել է նույն իրավիճակը»։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի պատճառաբանությունները ոչ միայն պետք է կառուցվեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, այլև դատական ակտի կառուցվածքային տարբեր մասերում արված դատողությունները պետք է համապատասխանեն միմյանց, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ: Դատական ակտում պետք է բացառվեն ներքին հակասությունները, միմյանց բացառող դատողությունները, քանի որ հակառակ դեպքում այդպիսի դատական ակտի տրամաբանությունը կխարխլվի, իսկ քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի։ Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ հիմքեր չկան չհամաձայնելու բողոքաբերի պնդմանն առ այն, որ տվյալ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող մարմինը ձեռք է բերել ենթադրյալ հանցագործության այլ դեպքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք առկա չեն եղել մինչ այդ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված՝ առաջացել է օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումների անցկացմամբ նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատկություններով ու նպատակներով պայմանավորված՝ նախաձեռնող մարմինը տվյալ դեպքում ներկայացրել է թույլատրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելու միջնորդության հիմնավորվածությունը հաստատող համապատասխան փաստակազմ, որում առկա տվյալները բավարար չափով հավաստել են նշված միջոցառումների իրականացումը շարունակելու իրավաչափությունն ու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունն Առաջին ատյանի դատարան է ներկայացվել դեռևս 2024 թվականի հուլիսի 24-ին թույլատրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ավարտից յոթ օր առաջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իր հերթին առարկայազուրկ է, քանի որ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները քրեական վարույթ նախաձեռնվելու փաստի ուժով ենթակա են դադարեցման, իսկ տվյալ դեպքում իրավասու մարմինն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել ոչ թե 2024 թվականի հուլիսի 24-ի որոշման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություններ, այլ՝ ինքնուրույն, առանձին միջնորդություններ՝ նոր փաստական տվյալների հիման վրա Ռ․Դ********-ի նկատմամբ նոր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և դրանց ժամկետը երկարաձգելու թույլտվության մասին։ 19․2․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, որ նույնիսկ հակառակ մոտեցման պայմաններում չի կարող անտեսվել այն հանգամանքը, որ միջնորդությամբ հայցվել է նույն անձի, նույն հեռախոսահամարի, տան և աշխատավայրի միևնույն հասցեների վերաբերյալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն, որի պայմաններում շարունակաբար միջամտություն է տեղի ունեցել միևնույն անձի սահմանադրական իրավունքներին, և նշված միջոցառումների ժամկետը երկարաձգվել է փաստացի արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի կողմից նույն անձի նկատմամբ հետագայում կրկին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նախաձեռնությամբ հանդես գալու օրենսդրական որևէ արգելք չկա, եթե նրա նկատմամբ կստացվեն քրեական վարույթի շրջանակից դուրս այլ օպերատիվ տվյալներ։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում առերևույթ հանցագործության առնչությամբ ստացված՝ որոշակի իրադարձությունների կամ անձանց վերաբերելի տեղեկությունը քրեական վարույթի շրջանակներից դուրս դառնում է օպերատիվ-հետախուզական մարմինների ուսումնասիրության առարկա, և այդ տեղեկատվության հավաստիության ստուգման անհրաժեշտությունն է առաջացնում որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ օպերատիվ մարմնի միտումը։ 20․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ․Դ********-ի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում հարուցված լինելու պատճառաբանությամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի դատական ակտը բեկանելու և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունն ամբողջությամբ մերժելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ 21․ Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն վարույթով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 293-րդ և 359-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա՝ հանգեցնելով նույն օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 31-ի դատական ակտը որոշակի՝ Ռ․Դ*******-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսով ու հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», նրա աշխատանքի վայր հանդիսացող՝ «*********» ՍՊ ընկերության կողմից որպես գրասենյակ շահագործվող՝ ******* քաղաքի ********** պողոտայի *-րդ շենքի թիվ *** աշխատասենյակում «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելն անթույլատրելի ճանաչելու մասով, բեկանելու համար: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Ռ․Դ*********-ի կողմից փաստացի շահագործվող՝ «*********************» մակնիշի «** ** ***» հաշվառման համարանիշի ավտոմեքենայում և ******* քաղաքի ************** փողոցի թիվ ** շենքի բնակարան ** հասցեում «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետի երկարաձգման ոչ իրավաչափ լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը բողոքաբերի կողմից հատուկ վերանայման վճռաբեկ բողոքով չի վիճարկվել և այդ հիմքով ստորադաս դատարանի դատական ակտը չի բողոքարկվել՝ Վճռաբեկ դատարանը զրկված է Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգմանը գնահատական տալու և այդ մասով համապատասխան հետևության հանգելու իրավական հնարավորությունից, ուստի գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 31-ի որոշումն այդ մասով պետք է թողնել անփոփոխ։ Դրա հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ․Դ********-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսով ու հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», նրա աշխատանքի վայր հանդիսացող՝ «************» ՍՊ ընկերության կողմից որպես գրասենյակ շահագործվող՝ ****** քաղաքի ********** պողոտայի *-րդ շենքի թիվ *** աշխատասենյակում «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելու կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ՝ թույլ չտալով վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է նշվածի մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Թիվ ՕՀՄ-145 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 31-ի որոշումը որոշակի՝ Ռ․Դ*******-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսով ու հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», նրա աշխատանքի վայր հանդիսացող՝ «***********» ՍՊ ընկերության կողմից որպես գրասենյակ շահագործվող՝ ******* քաղաքի ******** պողոտայի *-րդ շենքի թիվ *** աշխատասենյակում «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելն անթույլատրելի ճանաչելու մասով, բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 2. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 31-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ։ 3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս․ՉԻՉՈՅԱՆ Դ․ՎԵՔԻԼՅԱՆ