Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ՀԿԴ/0089/15/25

Գործի համարը
ՀԿԴ/0089/15/25
Դիմող / մեղադրյալ
Սևակ Հովհաննիսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
16.09.2026

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԿԴ/0089/15/25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ս․Պետրոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Մ․Մակյան 2026 թվականի սեպտեմբերի 16-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2025 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 12157725 քրեական վարույթը, որը 2025 թվականի ապրիլի 11-ին նախաքննություն կատարելու նպատակով փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 1.2. 2025 թվականի ապրիլի 14-ի, ապրիլի 15-ի, ապրիլի 21-ի, ապրիլի 28-ի, մայիսի 5-ի, մայիսի 7-ի և հունիսի 9-ի որոշումներով թիվ 12157825, 12158025, 62217825, 11165324, 11165425, 11165525, 11166025, 62237925, 11152325, 12167825, 12167925, 12168025 և 11188925 քրեական վարույթները միացվել են թիվ 12157725 քրեական վարույթին։ 2. 2025 թվականի մայիսի 7-ին Սևակ Մերուժանի Հովհաննիսյանի նկատմամբ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և տասը դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 3. 2025 թվականի հունիսի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ․Զարգարյանը (այսուհետ նաև՝ Քննիչ) որոշում է կայացրել Ս․Հովհաննիսյանի գույքն արգելադրելու մասին, և հաջորդ օրը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել այդ որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն։ 4․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Քննիչի վերը նշված միջնորդությունը մերժվել է, իսկ գույքն արգելադրելու մասին 2025 թվականի հունիսի 12-ի որոշումը՝ վերացվել։ 5․ Վերաքննիչ դատարանը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն գործուղված դատախազ Մ․Սաֆարյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում 2025 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։ 6․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի կողմից բերվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 7. Բողոքաբերի պնդմամբ՝ վիճարկվող դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ գույքի արգելադրման իրավաչափության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների միատեսակ կիրառության համար։ 7.1. Բողոքաբերի գնահատմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված լինելու փաստն ինքնին չի կարող բացառել նախաքննության ընթացքում սեփականության իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողությունը՝ հաշվի առնելով, որ գույքի արգելադրման վերաբերյալ որոշումը ենթակա է հետագա (post factum) դատական ստուգման, ինչն ինքնին ենթադրում է, որ դատարանն իր այս գործառույթի իրականացման շրջանակներում պետք է գնահատման ենթարկի գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը դրա կայացման պահի դրությամբ: 7.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով նախաքննության մարմնի՝ տվյալ վարույթով այլևս վարույթն իրականացնող մարմին չհանդիսանալու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիտարկմանը՝ բողոքաբերը փաստարկել է, որ քննիչի համապատասխան որոշման առկայությունն ինքնին հարկադրանքի այդ միջոցի կիրառումն իրավաչափ է դարձնում, ինչը պայմանավորված է նրանով, որ արգելադրման ենթակա գույքը թաքցնելու կամ սպառելու վտանգը երբեմն կարող է դրա վերահսկումը խիստ անհետաձգելի դարձնել, ուստի նախաքննության ընթացքում գույքի փաստացի արգելադրումն իրականացվում է քննիչի կողմից այդ որոշումը կայացվելուց, ոչ թե դատարանի կողմից դրա իրավաչափությունը հաստատվելուց հետո: 7.3. Ամփոփելով բողոքաբերը նշել է, որ դատական վարույթում գույքի արգելադրման հարցի քննարկման հնարավորության առկայությունը որևէ կերպ չի բացառում արդեն իսկ նախաքննության ընթացքում կայացված որոշման հետագա դատական ստուգման հնարավորությունը։ 8. Արդյունքում բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․ 9. 2025 թվականի հունիսի 12-ին Քննիչը կայացրել է Ս․Հովհաննիսյանի տրանսպորտային միջոցն արգելադրելու մասին որոշում և նույն օրն այն ուղարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվառման-քննչական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետին։ Միևնույն ժամանակ 2025 թվականի հունիսի 13-ին նշված որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան։ 10. Ըստ «Datalex» դատական տեղեկատվական համակարգի՝ Ս․Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական վարույթը 2025 թվականի հունիսի 26-ին ստացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ 11. Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը չանդրադառնալով միջնորդության մեջ նշված հիմքերին և դրանց իրավաչափության պայմաններին՝ հարկ է համարում արձանագրել մի կարևոր փաստ, որի առկայության պայմաններում սույն միջնորդությունը պետք է մերժել, մասնավորապես՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ 2025 թվականի հունիսի 26-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ստացվել թիվ 12157725 քրեական վարույթը, որը մակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին, այսինքն տվյալ վարույթով նախաքննությունից անցում է կատարվել դատական քննության փուլ, ուստի Դատարանի համար անհասկանալի է սույն միջնորդության ներկայացումը, քանի որ գույքի արգելադրումը կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոց է համարվում, իսկ սույն դեպքում այն իր նպատակին ծառայել չի կարող։ Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ քննիչի կողմից ներկայացված նյութերը բավարար չեն անձի սեփականության իրավունքի սահմանափակման, ինչպես նաև Դատարանի կողմից դրա իրավաչափության գնահատման համար։ Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ 2025 թվականի հունիսի 12-ի գույքն արգելադրելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ, ուստի քննիչի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, իսկ գույքի արգելադրման որոշումը՝ վերացման։ (…)»։ 12. Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները համադրելով (…) իրավական նորմերի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հետ, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար։ (…) Այս համատեքստում անդրադառնալով Բողոքաբերի փաստարկներին առ այն, որ՝ «(...) Վերոգրյալի հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սեփականության իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը ենթարկվել է հիմնարար փոփոխությունների: Այսպես, պետք է փաստել, որ գույքի արգելադրումը չի ենթադրում նախնական դատական վերահսկողություն: Այլ խոսքով՝ նախաքննության ընթացքում գույքի արգելադրման վերաբերյալ որոշում կայացնելիս վարույթն իրականացնող մարմինը դատարանի թույլտվություն չի հայցում, իսկ քննիչի համապատասխան որոշման առկայությունը հարկադրանքի այդ միջոցի կիրառումն իրավաչափ է դարձնում: (...)։ Հարկ է փաստել, որ դատարանն իր այս գործառույթի իրականացման շրջանակներում պետք է գնահատման ենթարկի գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը՝ դրա կայացման պահին առկա վարութային իրողությունների հաշվառմամբ (...)»՝ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ Բողոքաբերի նշված հետևությունների մեջ առկա է ներքին հակասություն, քանի որ մի դեպքում՝ Բողոքաբերը նշել է, որ նախաքննության ընթացքում գույքի արգելադրման վերաբերյալ որոշում կայացնելիս վարույթն իրականացնող մարմինը դատարանի թույլտվություն չի հայցում, այնուհետև հանգում է հետևության, որ դատարանն իր այս գործառույթի իրականացման շրջանակներում պետք է գնահատման ենթարկի գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը՝ դրա կայացման պահին առկա վարութային իրողությունների հաշվառմամբ։ (...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի իրավակարգավորումները բացառապես վերաբերելի են մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից կայացված՝ գույքի արգելադրման կամ այն վերացնելու մասին որոշումները դատական կարգով ստուգման ենթարկելու կառուցակարգերին, այսինքն՝ ներառված են քրեադատավարական օրենքի համապատասխան՝ «ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ» գլխում։ Սույն դեպքում այն քրեական վարույթը, որի սահմաններում քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Գույքն արգելադրելու մասին» որոշման իրավաչափությունը ստուգելու և հաստատելու նպատակով, արդեն իսկ ըստ էության քննության համար ստացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, հետևաբար դատարանի վարույթում գտնվող քրեական գործով քննիչի՝ 2025 թվականի հունիսի 12-ի «Գույքն արգելադրելու մասին» որոշման իրավաչափության ստուգման հարցն այլևս չի գտնվում սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների քննության ենթակա դատական ակտերի շրջանակներում, ավելին՝ հիշյալ գործառույթն այլևս դուրս է նաև քննիչի դատավարական լիազորություններից: Ինչ վերաբերում է Բողոքաբերի փաստարկին առ այն, որ՝ «(...) Անհրաժեշտ է արձանագրել, որ ի տարբերություն օրինակ անձի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի հարցի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որպես նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարց չի նախատեսում գույքի արգելադրման քննարկումը, որպիսի պայմաններում առկա չէ նաև վարույթն իրականացնող դատարանի և գույքի արգելադրման իրավաչափությունը գնահատող դատարանի դիրքորոշումների տարբերության ռիսկ (...)», Վերաքննիչ դատարան[ը] (…) փաստում է, որ թեև գույքի արգելադրման քննարկման հարցը հատուկ նախատեսված չէ նախնական դատալսումների ժամանակ հիշյալ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերում թվարկված քննարկման ենթակա հարցերի ցանկում, այդուամենայնիվ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշված հարցը կարող է քննարկվել այլ վերաբերելի հարցերի շրջանակներում, քանի որ այս առնչությամբ օրենսդիրը որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսել, իսկ անձի գույքի նկատմամբ կիրառվող կամ արդեն կիրառված արգելանքի հարցը հանդիսանում է նրա՝ սահմանադրորեն երաշխավորված իրավունքներից մեկի՝ սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքի խնդիր և կարող է քննարկման առարկա դառնալ քրեական գործի նախնական դատալսումների ժամանակ: Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ եթե անգամ տեսականորեն ընդունելի համարվի, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննարկեր և հաստատեր քննիչի՝ 2025 թվականի հունիսի 12-ի «Գույքն արգելադրելու մասին» որոշման իրավաչափությունը, ապա առաջանում է տրամաբանական հարց, թե քննիչը նշված գույքի արգելադրման հետ կապված հետագա գործողությունները՝ մասնավորապես համապատասխան պետական իրավասու մարմնին նշված գույքի հետ կապված որևէ գործարք չկատարելու վերաբերյալ որոշումն ու գրություն ուղարկելը, ի՞նչ դատավարական կարգավիճակում պետք է իրականացներ, հատկապես այն պայմաններում, երբ փաստացի նշված գործով այլևս չէր հանդիսանում վարույթն իրականացնող մարմին: Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ քրեական դատավարության փուլային կառուցվածքն ինքնանպատակ չէ, և այդ փուլերից յուրաքանչյուրում որպես վարույթն իրականացնող մարմին հանդիսացող սուբյեկտը կամ սուբյեկտները տարբերակվում են, հետևաբար քրեական գործն արդեն իսկ դատարան ուղարկված լինելու պարագայում քննիչը որևէ կերպ չի կարող հանդիսանալ վարույթն իրականացնող նախաքննական մարմին և չի կարող իրականացնել քրեադատավարական հիշյալ կարգավիճակից բխող որևէ գործողություն: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության, ուստի վիճարկվող որոշումը բեկանելու օրենսդրական հիմքերը բացակայում են։ (…)»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․ 13․ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում դատարան ներկայացված՝ գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությունը նախաքննությունն ավարտված լինելու հիմքով դատարանների կողմից ըստ էության քննության չառնելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի անհրաժեշտ է համարում սույն վարույթով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող վարույթներով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման և իրավունքի զարգացման համար: 13․1․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ նախաքննության մարմնի միջնորդությունը քրեական վարույթի նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները։ 14. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (…) 3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի։ (…)»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Borzhonov v. Russia գործով նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության՝ հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ անկանխատեսելի չէ: 15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Վարույթի ընթացքում անձի գույքի արգելադրումը ենթակա է պարտադիր դատական ստուգման»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ։ (…) 3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ։ (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի կամ այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանն իրավասու է գույքի արգելադրումը պահպանելու նաև քրեական վարույթի ավարտից հետո՝ մինչև դատական ակտի կատարումը: 2. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին։ (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝ 1) գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը․ (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ քննիչի միջնորդության հիման վրա, որը դատարան է ներկայացվում համապատասխան գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․ 1) միջնորդությունը մերժելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին. 2) միջնորդությունը բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին։ (…)»։ 16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման՝ սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ։ Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահն ունենա բացառիկ նշանակություն։ Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ անձի կոնվենցիոն և սահմանադրական մակարդակով ամրագրված սեփականության իրավունքի լավագույնս պաշտպանությանն է ուղղված նոր քրեադատավարական այն կարգավորումը, ըստ որի՝ գույքի արգելադրման վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումն անպայմանորեն ենթակա է դատական վերահսկողության։ Վերջինս ընդգծում է անձի սեփականության իրավունքի կարևորությունը և հանդիսանում է լրացուցիչ երաշխիք կամայականությունների և իրավունքին անհարկի միջամտությունների դեմ։ Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գույքի արգելադրումը, անկախ հետապնդվող նպատակից և օրենսդրական հիմքից, մշտապես իրենից ներկայացնում է ինտենսիվ միջամտություն անձի սեփականության իրավունքին, ուստի դատարանի խնդիրն է յուրաքանչյուր գործով պարզել, թե որքանով է անձի իրավունքին միջամտությունը հիմնավորված, և առկա է արդյոք համաչափություն՝ հետապնդվող իրավաչափ նպատակի և վերջինիս հասնելու համար գործադրված միջոցների միջև։ 16.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ գույքի արգելադրումը՝ որպես կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոց, կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումը և բռնագանձումը։ Միաժամանակ օրենսդիրը, պայմանավորված վարույթի փուլով, նախատեսել է գույքի արգելադրման տարբեր կառուցակարգեր. նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա, որը եռօրյա ժամկետում պարտադիր ներկայացվում է իրավասու դատարանի հաստատմանը, իսկ դատական վարույթում գույքի արգելադրման հարցի լուծման իրավասությունը վերապահված է դատարանին։ Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում գույքի արգելադրման նպատակը չի սահմանափակվում բացառապես նախաքննության փուլի խնդիրների լուծմամբ և, որպես կանոն, կարող է պահպանվել նաև դատական քննության ընթացքում։ Այս համատեքստում էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ի տարբերություն մինչդատական վարույթի երաշխիքների մյուս վարույթների, նախաքննության ընթացքում գույքի արգելադրման նախնական դատական թույլտվության ընթացակարգ նախատեսված չէ, և քննիչի համապատասխան որոշման առկայությունն ինքնին հարկադրանքի այդ միջոցի կիրառումն իրավաչափ է դարձնում։ Միաժամանակ, հաշվի առնելով արդեն իսկ կիրառված հարկադրանքի բավականին լուրջ միջամտությունն անձի իրավաչափ շահերին, նախաքննության ընթացքում գույքն արգելադրելու մասին քննիչի որոշման իրավաչափությունը պարտադիր ենթակա է հետագա (post factum) դատական ստուգման, որի առաջնային նպատակը մինչդատական վարույթում անձի սեփականության իրավունքի պաշտպանությունն ապահովելն է։ Վերոգրյալից բխում է, որ օրենսդիրը գույքի արգելադրումն իրավաբանորեն կապում է քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելու հետ, հետևաբար այն ինքնին, նախքան իրավասու դատարանի կողմից հետագա դատական վերահսկողության առարկա դառնալը, կարող է առաջացնել օրենքով նախատեսված իրավական հետևանքներ։ Դատարանի միջամտությունն այս դեպքում իր բնույթով նախորդող թույլտվություն չէ, այլ արդեն իսկ կիրառված հարկադրանքի միջոցի նկատմամբ օրենքով նախատեսված արդյունավետ դատական վերահսկողության ձև, որը հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունն արդյունավետորեն ապահովելու նպատակ է հետապնդում։ Այլ կերպ՝ քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը դատական ստուգման է ենթարկվում, սակայն՝ ոչ թե թույլատրելու գույքի արգելադրումը, այլ հաստատելու դրա ի կատար ածման հիմք հանդիսացող որոշման իրավաչափությունը: 17․ Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է նախաքննության ընթացքում, իսկ դրա իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ապա դատական վարույթի առարկան կազմում է հենց այդ որոշման իրավաչափության ստուգումը, հետևաբար քրեական վարույթի հետագա՝ դատական քննության փուլ անցնելն ինքնին չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշված որոշման իրավաչափությունը չստուգելուն։ Հակառակ մոտեցման դեպքում կստացվի, որ քրեական վարույթի փուլերի փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ քննիչի որոշման նկատմամբ վերահսկողություն չիրականացվի միայն նախաքննության ավարտի պատճառով, ինչը կհանգեցնի արդեն հարուցված դատական վերահսկողության վարույթի անարդյունավետության՝ այն դեպքում, երբ հենց այդ վերահսկողության իրականացումն է կոչված երաշխավորելու անձի սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ սեփականության իրավունքի դատական երաշխիքների շրջանակում դատարանը քննարկման առարկա է դարձնում քննիչի կողմից նախաքննության ընթացքում կայացված որոշման իրավաչափությունը՝ դրա կայացման պահի դրությամբ, մինչդեռ դատական քննության փուլում գույքի արգելադրման հետագա իրավական ճակատագիրը քրեական գործն ըստ էության քննող դատարանի իրավասության շրջանակում է։ Ուստի դատական ստուգման վարույթն իրականացնող դատարանը քրեական վարույթը դատական քննության փուլ անցնելուց հետո իրավասու է գնահատելու քննիչի որոշման իրավաչափությունը՝ դրա կայացման պահին համապատասխան հիմքերի և նպատակների առկայության տեսանկյունից՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով այնպիսի որոշում կայացնելուց, որը կմիջամտի գործն ըստ էության քննող դատարանի կողմից արդարադատության իրականացմանը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափության ստուգման արդյունքում դատարանը, իր կողմից կայացվող որոշման կապակցությամբ որոշակի սահմանափակում ունենալով հանդերձ, եթե հանգում է գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափության մասին հետևության, ապա կարող է հաստատել այն, քանի որ, ինչպես նշվեց, գույքի արգելադրման իրավական հիմքը քննիչի կողմից համապատասխան որոշման կայացումն է։ Այսինքն՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափության մասին հետևության հանգելիս սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքն իրականացնող դատարանը զրկված չէ միջնորդությունը բավարարելուց և որոշման իրավաչափությունը հաստատելուց, որպիսի պայմաններում գործն ըստ էության քննող դատարանին վերապահված իրավասության յուրացում տեղի չի ունենա։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման տարանջատումը հնարավորություն է տալիս միաժամանակ ապահովել երկու փոխկապակցված նպատակ՝ մի կողմից երաշխավորել անձի սեփականության իրավունքի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը, իսկ մյուս կողմից՝ չխաթարել գործն ըստ էության քննող դատարանի՝ քրեական գործի շրջանակում գույքի արգելադրման հետագա ճակատագիրը որոշելու բացառիկ դատավարական իրավասությունը։ 18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ - 2025 թվականի հունիսի 12-ին Քննիչը, կայացնելով Ս․Հովհաննիսյանի գույքի արգելադրման մասին որոշում, այն ուղարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվառման-քննչական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետին, - 2024 թվականի հունիսի 13-ին Քննիչն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել վերը նշված որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն, - 2025 թվականի հունիսի 26-ին Ս․Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական վարույթը, ըստ էության քննության համար, ստացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, - քրեական վարույթի՝ այլևս դատաքննության փուլում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ Առաջին ատյանի դատարանը Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ վերը նշված միջնորդությունը մերժել է՝ առանց այն բովանդակային քննության ենթարկելու, - Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության, գտել է, որ նախաքննությունն ավարտված լինելու պարագայում դատարանի վարույթում գտնվող քրեական գործով գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափության ստուգման հարցն այլևս չի գտնվում սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների շրջանակում: Միևնույն ժամանակ, ստորադաս դատարանի գնահատմամբ՝ գույքի արգելադրման հարցը կարող է քննարկման առարկա դառնալ քրեական գործով նախնական դատալսումների ընթացքում՝ այլ վերաբերելի հարցերի շրջանակում։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործը դատարան ուղարկված լինելու պարագայում քննիչն այլևս չի կարող հանդիսանալ վարույթն իրականացնող մարմին և իրականացնել այդ կարգավիճակից բխող որևէ քրեադատավարական գործողություն, հետևաբար, ըստ ստորադաս դատարանի, անհասկանալի է, թե ինչ դատավարական կարգավիճակով քննիչը պետք է իրականացներ գույքի արգելադրման հետ կապված հետագա գործողությունները, մասնավորապես՝ համապատասխան պետական իրավասու մարմնին գույքի հետ կապված որևէ գործարք չկատարելու վերաբերյալ որոշումն ու գրություն ուղարկելը։ 19. Նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը քրեական վարույթով նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումներն իրավաչափ չեն: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ այն դեպքում, երբ քննիչի կողմից գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է նախաքննության ընթացքում, իսկ դրա իրավաչափությունը ստուգելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ապա քրեական վարույթի հետագա՝ դատական քննության փուլ անցնելն ինքնին չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշված որոշման իրավաչափությունը չստուգելուն։ Հակառակ մեկնաբանության դեպքում քննիչի որոշման իրավաչափությունը չի ենթարկվի պարտադիր հետագա (post factum) դատական ստուգման, որի առաջնային նպատակը, ինպես նշվեց, անձի սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելն է։ Տվյալ դեպքում Քննիչի կողմից միջնորդությունը ներկայացվել է դեռևս նախաքննության ընթացքում՝ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ, ուստի Առաջին ատյանի դատարանը, ստանձնելով դատական երաշխիքների վարույթը, պետք է բովանդակային քննարկման առարկա դարձներ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ Քննիչի միջնորդությունը՝ ապահովելով անձի սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը: Բացի այդ, հարկ է նշել, որ քրեական վարույթով դատաքննության անցում կատարվելու հանգամանքը չի հանգեցնում գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավական նշանակության կորստին։ 19.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, որ քրեական վարույթը դատարան ուղարկված լինելու պարագայում քննիչն այլևս չի կարող հանդիսանալ վարույթն իրականացնող մարմին և իրականացնել այդ կարգավիճակից բխող որևէ քրեադատավարական գործողություն, մասնավորապես՝ համապատասխան պետական իրավասու մարմնին գույքի հետ կապված որևէ գործարք չկատարելու վերաբերյալ որոշումն ու գրությունն ուղարկել, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախաքննության ավարտի պահից, այսինքն՝ մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելու պահից ավարտվում է քրեական վարույթով քննիչի իրավասությունը, սակայն գույքի փաստացի արգելադրումը քննիչի կայացրած որոշման իրավական հետևանքն է, որը կա՛մ անմիջականորեն հաջորդում է գույքի արգելադրման մասին որոշում կայացնելուն, կա՛մ պահանջում է իրավասու պետական մարմնի կամ իրավաբանական անձի կողմից համապատասխան գործողության իրականացում։ Տվյալ դեպքում Քննիչը, 2024 թվականի հունիսի 12-ին որոշում կայացնելով Ս․Հովհաննիսյանի գույքն արգելադրելու մասին, նույն օրը նշված որոշումն ուղարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության հաշվառման-քննչական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետին, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանը գնահատման չի ենթարկել, ուստի նշվածի կապակցությամբ ստորադաս դատարանի հետևությունը հիմնավոր չէ: 20. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու՝ նախաքննության մարմնի միջնորդությունը քրեական վարույթով նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չեն: 21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը քրեական վարույթի նախաքննությունն ավարտված լինելու հիմքով մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ և 294-րդ հոդվածների դրույթների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում դատարանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Զարգարյանի՝ գույքի արգելադրման մասին 2025 թվականի հունիսի 12-ի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ