Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ1/0308/13/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ1/0308/13/25
- Դիմող / մեղադրյալ
- Մովսես Այվազյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 16.09.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
3 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ1/0308/13/25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Դ.Արղամանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան
16 սեպտեմբերի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Մովսես Ռազմիկի Այվազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի դատավճռով Մովսես Ռազմիկի Այվազյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է տուգանքի՝ 600․000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Մովսես Այվազյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված՝ 600․000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքի վճարման համար սահմանվել է 1 (մեկ) տարի ժամկետ՝ պարտավորեցնելով յուրաքանչյուր ամիս վճարել 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ դատապարտյալ Մ․Այվազյանին թույլատրվել է վերջինիս նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը՝ 420․000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամը, վճարել մաս առ մաս՝ 10 (տասը) ամսվա ընթացքում՝ վճարելով ամսական 42․000 (քառասուներկու հազար) ՀՀ դրամ։
3․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վ․Խալաթյանի միջնորդությունը՝ դատապարտյալ Մ․Այվազյանից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի դատավճռով նշանակված՝ 600․000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասին՝ 191․000 (հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամին համարժեք գույք բռնագանձելու մասին, բավարարվել է։
4․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թիվ 13236514 կատարողական վարույթն ավարտվել է, և Մ․Այվազյանին պատկանող բռնագանձման ենթակա գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել։
5․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Ս․Մաթևոսյանի միջնորդությունը՝ Մ․Այվազյանի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը՝ 191․000 (հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամը, հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու մասին, մերժվել է։
6․ Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի հուլիսի 31-ի որոշումը թողել է անփոփոխ։
7. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես՝ սխալ են մեկնաբանվել և կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածների, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 27-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 և Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
8.1. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոք բերած անձը նշել է, որ եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքով հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի հետադարձ ուժի հարցում որևէ սահմանափակում նախատեսված չէր, ապա 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում:
Այլ կերպ՝ բողոքաբերը գտել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված՝ հանրային աշխատանքներ պատժատեսակը նշանակելու համար անձի համաձայնությունն անհրաժեշտ պայման դիտարկելիս անգամ, քննարկվող դեպքում այն կիրառելի չէ, քանի որ, ըստ էության, անձի վիճակը բարելավող օրենսդրություն է, որի կիրառելիությունը հետադարձ ուժով նախատեսված չէ օրենքով:
8․2․ Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով ամրագրված՝ «դատապարտյալի դիրքորոշումը հաշվի առնելով» եզրույթը վերաբերում է երկընտրելի հնարավորություններից դատապարտյալի համար առավել նախընտրելին կիրառելուն: Հետևաբար, բողոքաբերի պնդմամբ՝ նշված իրավակարգավորումը և դրա համատեքստում՝ դատապարտյալի դիրքորոշումը հաշվի առնելը, չի վերաբերում այն դեպքերին, երբ դատապարտյալը խուսափում է դատարանի որոշմամբ նշանակված տուգանքը վճարելուց։
8․3․ Բողոքաբերն ընդգծել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի կողմից Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ, Առաջին ատյանի դատարան ներկայացվել է միջնորդություն՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին՝ նկատի ունենալով, որ հանցանքը կատարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում: Հետևաբար, բողոք բերած անձի պնդմամբ՝ ներկայացված միջնորդությամբ քննության առարկան հանդիսացել է ոչ թե դատապարտյալի կողմից նյութական վիճակի վատթարացման հետևանքով տուգանքի վճարման անհնարինության փաստի հաստատումը կամ հերքումը, այլ՝ տուգանքը վճարելուց խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասն այլ պատժատեսակով փոխարինելը, որի պարագայում՝ դատապարտյալի համաձայնությունը ստանալու իրավական ընթացակարգեր օրենսդրությամբ նախատեսված չեն:
8․4․ Բողոք բերած անձը նշել է, որ եթե անգամ ընդունվի, որ կարող է հիշյալ դրույթը կիրառվել հետադարձ ուժով, միևնույն է, ստորադաս դատարանների կողմից չեն ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները դատապարտյալի համաձայնությունը ստանալու համար: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասը հնարավորություն է տալիս գրավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթով կայացվող որոշման ժամկետը երկարաձգել մինչև 15 (տասնհինգ) օրով, ուստի դատարանը նման որոշում կայացնելու դեպքում կարող էր ևս մեկ անգամ ծանուցել դատապարտյալին համապատասխան դիրքորոշում ներկայացնելու նպատակով:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 31-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Ս․Մաթևոսյանի միջնորդությունը՝ Մովսես Այվազյանի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 22-ի թիվ ԵԴ/0499/01/21 դատավճռով նշանակված՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասը՝ 191.000 (հարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամը, հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վահրամ Խալաթյանը՝ Դատարանին հասցեագրված գրությամբ, հայտնել է, որ Մովսես Ռազմիկի Այվազյանը չվճարված 191.000 ՀՀ դրամից վճարել է ևս 90․000 ՀՀ դրամ և տուգանքի չվճարած մասը կազմում է 101․000 ՀՀ դրամ։
(…) Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ թե ՀՀ քրեական օրենսգիրքը, և թե քրեակատարողական օրենսգիրքը տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու գործառույթի մեջ կարևոր նշանակություն են հատկացրել դատապարտյալի համաձայնությանը, մասնավորապես՝ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը հստակ սահմանել է, որ նման միջնորդություն Դատարան կարող է ներկայացվել կամ դատապարտյալի կողմից, կամ դատապարտյալի դիմումի հիման վրա պրոբացիայի ծառայության կողմից։
Անդրադառնալով նշված միջնորդության նկատմամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները կիրառելու հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ տուգանքի վճարման անհնարինության դեպքում տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու պահանջն իմպերատիվ էր, մինչդեռ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը իրավունքների առավել լայն շրջանակ է տրամադրում դատապարտյալին՝ կարևոր նշանակություն տալով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում դատապարտյալի համաձայնությանը: Նշվածի համատեքստում՝ Դատարանն արձանագրում է, որ գործող քրեական օրենսգիրքը պարունակում է դատապարտյալի վիճակը առավել բարելավող նորմեր, ուստի սույն միջնորդության քննարկման շրջանակներում կիրառելի են գործող քրեական օրենսգրքի դրույթները:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանն արձանագրում է, որ Դատարան ներկայացված միջնորդությանը կից փաստաթղթերում առկա չէ դատապարտյալ Մովսես Ռազմիկի Այվազյանի համապատասխան դիմումը՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին․ առհասարակ առկա չէ Մովսես Ռազմիկի Այվազյանի համաձայնությունը հավաստող որևէ փաստական տվյալ, միևնույն ժամանակ դատապարտյալը՝ պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, չի ներկայացել Դատարան և չի հայտնել իր դիրքորոշումը հանրային աշխատանքների համաձայնության վերաբերյալ:
Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է նաև, որ սույն միջնորդությունը ներկայացված է ոչ պատշաճ անձի կողմից, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից չեն ներկայացվել միջնորդության իրավաչափությունը հիմնավորող փաստական տվյալներ, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման (…)»։
11. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի կիրառելիության հարցին, հարկ է համարում նշել, որ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները, ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների, դատապարտյալի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու առումով որոշակիորեն տարբերվում են: Մասնավորապես, եթե նախկին կարգավորումների համաձայն՝ դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելը կրում էր իմպերատիվ պահանջ և դատապարտյալի համաձայնություն չէր պահանջվում, ապա գործող կարգավորումների համաձայն՝ դատապարտյալի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում անհրաժեշտ պայման է հանդիսանում դատապարտյալի համաձայնությունը, ինչը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ պարտադիր պայման է համարում դատապարտյալի համաձայնության առկայությունը, հետևաբար դրան պետք է տրվի հետադարձ ուժ:
Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է դատապարտյալ Մովսես Այվազյանի համաձայնությունը՝ իր նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, այս առումով մերժելով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Ս.Մաթևոսյանի միջնորդությունը, եկել է իրավաչափ եզրահանգման:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից:
Այս առումով Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին համապատասխան միջնորդություն ներկայացնելու ներկայիս կարգավորումները, մասնավորապես այն, որ նման միջնորդությունը պետք է ներկայացնի դատապարտյալը, կամ վերջինի դիմումի հիման վրա Պրոբացիայի ծառայությունը, չի կարող կիրառելի համարվել սույն դեպքում, քանի որ նշված ընթացակարգը վերաբերում է դատապարտյալի կողմից տուգանքը վճարելու անհնարինությանը, այլ ոչ թե՝ տուգանքը վճարելուց խուսափելուն: Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այս առումով Առաջին ատյանի դատարանը եկել է սխալ եզրահանգման:
Անդրադառնալով դատախազի այն պնդմանը, որ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության միջնորդությունը մերժելով ստեղծվել է պատժի ի կատար ածման փակուղի, քանի որ նախկին քրեական օրենսգիրքն ի տարբերություն գործող քրեական օրենսգրքի չի նախատեսում տուգանքի որոշակի ժամկետով ազատազրկման փոխարինելու մասին դրույթ, իսկ նման միջնորդություն ներկայացնելու դեպքում այն, ըստ էության, չի կարող բավարարվել, քանի որ անձի համար, ըստ էության, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշվածն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ առկա օրենսդրական կարգավորումները շրջանցելու համար (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք դատապարտյալ Մ․Այվազյանի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին միջնորդությունը՝ դատապարտյալի համաձայնության բացակայությամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
13․ Վճռաբեկ դատարանը, Գարուն Ասրյանի որոշմամբ քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ։
13.1. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան։
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը, մերժելով Մ.Այվազյանի նկատմամբ որպես պատիժ կիրառված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի միջնորդությունը, նախևառաջ արձանագրել է, որ հիշյալ միջնորդության քննարկման շրջանակներում կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ գործող քրեական օրենսգիրքը պարունակում է դատապարտյալի վիճակն առավել բարելավող նորմեր։
Վերոնշյալի համատեքստում Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ դատարան ներկայացված միջնորդությանը կից փաստաթղթերում առկա չէ դատապարտյալ Մ.Այվազյանի համապատասխան դիմումը՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, և առհասարակ առկա չէ նրա համաձայնությունը հավաստող որևէ փաստական տվալ, բացի այդ, դատապարտյալը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, չի ներկայացել դատարան և չի հայտնել իր դիրքորոշումը հանրային աշխատանքների կիրառման վերաբերյալ, ինչը, գործող իրավակարգավորումների պայմաններում, պարտադիր պայման է։
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է նաև, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից, և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից չեն ներկայացվել միջնորդության իրավաչափությունը հիմնավորող փաստական տվյալներ։
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումները, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների, դատապարտյալի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու առումով պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ պարտադիր պայման է համարվում դատապարտյալի համաձայնության առկայությունը, ինչը սույն դեպքում բացակայում է։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից՝ արձանագրելով, որ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին համապատասխան միջնորդություն ներկայացնելու ներկայիս կարգավորումները, մասնավորապես այն, որ նման միջնորդությունը պետք է ներկայացնի դատապարտյալը, կամ վերջինի դիմումի հիման վրա Պրոբացիայի ծառայությունը, չի կարող կիրառելի համարվել սույն դեպքում, քանի որ նշված ընթացակարգը վերաբերում է դատապարտյալի կողմից տուգանքը վճարելու անհնարինությանը, այլ ոչ թե՝ տուգանքը վճարելուց խուսափելուն:
15․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը միջնորդության քննարկման արդյունքում դատապարտյալի գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ:
Հետևաբար, սույն վարույթով ստորադաս դատարանները դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան միջնորդությունը լուծելիս պետք է առաջնորդվեին բացառապես ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իրավակարգավորումներով։
16․ Անդրադառնալով ստորադաս դատարանների դատողությանն առ այն, որ նախկին կարգավորումների համաձայն՝ դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելը կրում էր իմպերատիվ պահանջ և դատապարտյալի համաձայնություն չէր պահանջվում, ապա գործող կարգավորումների համաձայն՝ դատապարտյալի նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում անհրաժեշտ պայման է հանդիսանում դատապարտյալի համաձայնությունը, ինչը պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ պարտադիր պայման է համարում դատապարտյալի համաձայնության առկայությունը, հետևաբար դրան պետք է տրվի հետադարձ ուժ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում թե՛ նախկին, և թե՛ գործող քրեական օրենսգրքերը դատապարտյալի դիրքորոշումը հաշվի առնելու կամ նրա համաձայնությունը ստանալու պահանջ չեն սահմանում։ Հետևաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է դատապարտյալի կողմից տուգանքը վճարելու անհնարինության դեպքերին։
17․ Ամփոփելով, պետք է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, հանցանք կատարած Մ.Այվազյանի նկատմամբ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու մասին միջնորդության քննարկման շրջանակներում կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ, ինչպես նշվեց, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, դատապարտյալի կողմից իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց խուսափելիս դատարանը համապատասխան միջնորդությունը լուծում է՝ հիմք ընդունելով նախկին դատավարական ընթացակարգերը, որպիսի պայմաններում դատապարտյալի համաձայնության առկայության իմպերատիվ պահանջ նախատեսված չէ։
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 31-ի և Վերաքննիչ դատարանի` 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումները բեկանելու և վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության փոխանցելու համար՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով:
19․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Դատապարտյալ Մովսես Ռազմիկի Այվազյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 31-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումները բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` ____________________________________Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
