Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քրեական

ԵԴ1/0049/06/23

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ1/0049/06/23
Դիմող / մեղադրյալ
Մարտիրոս Աղայան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
18.09.2026
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
11 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ1/0049/06/23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Վ.Մարգարյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ա.Մաթևոսյան 18 սեպտեմբերի 2026 թվական ք.Երևան ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մարտիրոս Սիսակի Աղայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ պաշտպան Ժիրայր Մովսիսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 13884020 քրեական գործը։ 2. 2022 թվականի հոկտեմբերի 24-ին Մարտիրոս Սիսակի Աղայանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և Մարտիրոս Աղայանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից: 4. Մարտիրոս Աղայանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 5. 2023 թվականի ապրիլի 17-ին դատախազը որոշում է կայացրել Մ.Աղայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 318-րդ հոդվածի 1-ին մասով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: 6. 2023 թվականի ապրիլի 19-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալ Մ.Աղայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ 7. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և Մ.Աղայանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից: 8. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան Ժ.Մովսիսյանը 2024 թվականի մարտի 25-ին ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ։ 9. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան Ժ.Մովսիսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով. 10. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ՝ արդյունքում կայացնելով անօրինական, անհիմն ու չպատճառաբանված դատական ակտ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: 10.1. Բողոքի հեղինակը նշել է, որ որպես Մ.Աղայանի պաշտպան՝ իր իրավունքները ստանձնել է դատարան ներկայացված բողոքի բավարարման արդյունքում միայն, երբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ1/0030/11/24 որոշմամբ պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին՝ իրեն ներգրավել որպես Մ.Աղայանի պաշտպան։ Դրանից հետո Մ.Աղայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 2023 թվականի ապրիլի 19-ի դատական ակտը ստանալու նպատակով դիմել է Առաջին ատյանի դատարան, և 2024 թվականի մարտի 14-ին իրեն տրամադրվել է հիշյալ որոշումը։ Առաջին ատյանի դատարանը միաժամանակ պարտավորեցրել է քննիչին՝ իրեն տրամադրել նաև կալանքի միջնորդության և դրան կից՝ դատարան ներկայացված ու այնուհետև քննիչին վերադարձված նյութերի երկրորդ օրինակները, որոնք, սակայն, մինչ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրը, այդպես էլ քննիչի կողմից իրեն չեն տրամադրվել: Կալանավորման որոշման վերաքննիչ բողոքարկման դատավարական ժամկետը չխախտելու նպատակով, վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ՝ առանց պատշաճ հնարավորություն ունենալու իրականացնել Մ.Աղայանի շահերի լիարժեք պաշտպանությունը, քանի որ կալանավորման վերաբերյալ որոշման հիմքում ընկած վարույթի նյութերն իր տրամադրության տակ չեն եղել: Բողոքաբերը փաստարկել է, որ այս համատեքստում զրկված է եղել Առաջին ատյանի դատարանի որոշման բոլոր հանգամանքներին պատշաճ առարկելու իրավական և փաստական հնարավորությունից, ինչը, իր կարծիքով, վիճարկվող դատական ակտի բեկանման հիմք է: 10.2. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում անձի նկատմամբ արդեն իսկ կիրառված խափանման միջոցի (սույն դեպքում կալանքի) պայմաններում կրկին նույն խափանման միջոցը կիրառելու իրավական հնարավորություն, եթե նույնիսկ մեղադրյալի նկատմամբ կայացվել է նոր (նախորդի համեմատ խստացված, լրացված) հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում: Ինչ վերաբերում է մեղադրյալի՝ հետախուզման մեջ գտնվելու և նրա նկատմամբ արդեն իսկ կիրառված կալանքի պայմաններում մեղադրանքի ծավալը լրացնելուն, ապա կալանավորման հարցի վերստին քննարկման ժամանակ դատարանն իրավասու է կալանավորման հարցին վերստին անդրադառնալ նոր՝ լրացված կամ փոփոխված մեղադրանքի շրջանակներում: Այսինքն՝ եթե բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված՝ կալանավորման հարցի վերստին քննարկման և լուծման իրավիճակը, այդ պարագայում ոչ իրավաչափ է կրկին նույն հարցի քննարկումն ու դատական ակտի կայացումը՝ արդեն իսկ կալանավորման վերաբերյալ դատական ակտի առկայության պայմաններում: Այդ համատեքստում բողոքաբերը հիմնազուրկ է համարել Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ մեղադրյալ Մ.Աղայանի նկատմամբ կալանքի հարցի կրկին քննարկման իրավական անհրաժեշտություն կարող է առաջանալ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված պայմանագրերի պահանջներով պայմանավորված: Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն այդ անհրաժեշտությունը պայմանավորել է «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայում ամրագրված նորմերի վերլուծության արդյունքում և գտել, որ առանց վիճարկվող որոշման առկայության մեղադրյալի հանձնումը հնարավոր չէր լինի: Բողոքաբերի կարծիքով՝ «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայի կիրառելիության հետ կապված մտավախությունները տեղին չեն, քանի որ, արդեն իսկ առկա կալանավորման մասին որոշման շրջանակներում հարցվող պետությունը կարող է իրականացնել հանձնման հարցի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ գործողությունները: 11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը և վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Մարտիրոս Աղայանի նկատմամբ կիրառված կալանքը: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 12. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանի գնահատմամբ (...) քրեական վարույթի տվյալ փուլի համար բավարար չափով հիմնավորվում է մեղադրյալի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործություններին: Դատարանն արձանագրում է, որ ներկայացված փաստական տվյալներն իրենց ամբողջությամբ թույլ են տալիս եզրահանգելու, որ առկա է ողջամիտ կասկած, որ մեղադրյալը հնարավոր է առնչություն ունենա իրեն վերագրվող ենթադրյալ արարքներին: Անդրադառնալով կալանավորման հիմքերին, հաշվի առնելով՝Մարտիրոս Աղայանին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, Դատարանը գտնում է, որ (...) մեղադրյալ Մարտիրոս Աղայանի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառումն անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակներին հասնելու համար, քանի որ միայն նշված խափանման միջոցը կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել վերջինիս օրինական վարքագծին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքներն ու ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները: (...)»։ 13. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման համաձայն՝ «(...) Անդրադառնալով այն հարցին թե իրավաչափ է արդյո՞ք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից Քննիչի միջնորդության քննությունն այն պարագայում, երբ առկա է մեղադրյալ Մարտիրոս Աղայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2022 թվականի [հոկտեմբերի 26-ի] ԵԴ/1261/06/22 որոշումը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նման իրավական անհրաժեշտություն կարող է առաջանալ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած պայմանագրերի պահանջներով պայմանավորված: (...) [Օ]րինակ՝ «Հանձնման մասին» Եվրոպական կոնվենցիայում ամրագրված նորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ հանձնման վերաբերյալ հարցմանը, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է կցված լինի նաև մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված լինելու մասին որոշումը: Նշված որոշումը բավարար հիմք է հանդիսանում հանձնման ենթակա անձի ազատությունը ժամանակավորապես սահմանափակելու համար: Բացի այդ, (...) անհրաժեշտ է դատավարական այնպիսի փաստաթուղթ, որը կպարունակի հանձնման ենթակա անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների կատարման ժամանակի և վայրի, դրանց իրավաբանական որակման վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն: Նման դատավարական փաստաթուղթ է հանդիսանում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, իսկ մեղադրանքը փոփոխված կամ լրացված լինելու դեպքում՝ առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներն են: Սույն գործի փաստական հանգամանքներից բխում է, որ 2023 թվականի ապրիլի 17-ին (...) դատախազի կողմից Մարտիրոս Սիսակի Աղայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 318-րդ հոդվածի 1-ին մասով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն իրավաչափ է և բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած պայմանագրերի պահանջներից: Հակառակ եզրահանգման պարագայում հետախուզման մեջ գտնվող անձը, վերջինիս նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքում, կարող է խուսափել իրեն վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքների համար ներպետական օրենսդրությամբ նախատեսված պատժից: (...) Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ բողոքարկված դատական ակտը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի (...) որոշումը բեկանելու և հատուկ վերանայման բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան (...)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը. 14. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի որոշումն այն պարագայում, երբ դրանում անդրադարձ չի կատարվել կալանավորման վերաբերյալ նյութերը պաշտպանության կողմին տրամադրված չլինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հեղինակի պնդումներին: 15. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։ 15.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, ի թիվս այլնի, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները, - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ։ 16. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։ 16.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի համատեքստում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ»՝ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ։ Մասնավորապես, դրա կիրառումը չպետք է անարդարացիորեն խոչընդոտվի պատասխանող Պետության գործողություններով կամ բացթողումներով: 17. Իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ ձևավորած նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է դատական պաշտպանության առանձնահատուկ դերը, որի բաղադրիչն է նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը։ Դատական պաշտպանության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության իրավունքի համատեքստում անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից վարույթի (գործի) նյութերին ծանոթանալու իրավունքին, արձանագրել է, որ «(…) [Գ]ործի նյութերին ծանոթանալու իրավունքն ունի հիմնարար նշանակություն դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից իրենց իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար։ Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս մի կողմից պատկերացում կազմելու գործի ընթացքի մասին, (…) մյուս կողմից` անհրաժեշտության դեպքում ներկայացնելու փաստական տվյալներով հիմնավորված բողոք վարույթն իրականացնող մարմնի ոչ իրավաչափ որոշումների կամ գործողությունների (անգործության) դեմ (…)»։ 18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզաբանել նրա իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշտպանվելու իրական հնարավորությունը»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջնորդությանը կցվում են քրեական վարույթը նախաձեռնելու մասին արձանագրության և քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենները, ինչպես նաև միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները։ Եթե մեղադրյալը, որի նկատմամբ հարուցվում է միջնորդությունը, անազատության մեջ է, ապա միջնորդությանը կցվում են նաև անձին ազատությունից զրկելու հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։ 4. Միջնորդությունը և կից նյութերը դատարան են ներկայացվում երկու օրինակով։ (…) 8. (…) Վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելուց հետո միջնորդության և կից նյութերի մեկ օրինակն անհապաղ հանձնվում է մեղադրյալին»: 19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - 2022 թվականի հոկտեմբերի 24-ին Մարտիրոս Սիսակի Աղայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, - քննիչի կողմից կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Մ.Աղայանը 2017 թվականի հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Մ.Աղայանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, - Մ.Աղայանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, - 2023 թվականի ապրիլի 17-ին դատախազը որոշում է կայացրել Մ.Աղայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 318-րդ հոդվածի 1-ին մասով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, - 2023 թվականի ապրիլի 19-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալ Մ.Աղայանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի նույն օրվա որոշմամբ բավարարվել է: Նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը և կից նյութերը դատարան են ներկայացվել երկու օրինակով, սակայն երկրորդ օրինակը մեղադրյալին հնարավոր չի եղել հանձնել՝ վերջինիս գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով, և վերադարձվել է քննիչին, - որպես մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան ներգրավվելուց հետո փաստաբան Ժ.Մովսիսյանը դիմում է նարկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` 2023 թվականի ապրիլի 19-ի դատական ակտը և դատարան ներկայացված բոլոր նյութերի պատճեններն իրեն տրամադրելու խնդրանքով, - պաշտպան Ժ.Մովսիսյանին և գործը քննող քննիչին հասցեգրված` 2024 թվականի մարտի 12-ի ուղեկցական գրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պաշտպանին է ուղարկել հիշյալ դատական ակտը և միաժամանակ քննիչին հայտնել է կալանավորման վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը և կից նյութերը մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան Ժիրայր Մովսիսյանին տրամադրելու անհրաժեշտության մասին, - Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Մ.Աղայանի պաշտպան Ժ.Մովսիսյանը 2024 թվականի մարտի 25-ին ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որում, ի թիվս այլնի, նշել է, որ Մ.Աղայանի պաշտպանությունն ստանձնելուց հետո, վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը ստանալու նպատակով դիմել է Առաջին ատյանի դատարան, որը 2024 թվականի մարտի 14-ին տրամադրել է հիշյալ դատական ակտը և միաժամանակ պարտավորեցրել է քննիչին՝ իրեն տրամադրել կալանքի միջնորդության և դրան կից՝ դատարան ներկայացված և այնուհետև քննիչին վերադարձված նյութերի երկրորդ օրինակները, որոնք, սակայն, մինչ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրն այդպես էլ քննիչի կողմից չեն տրամադրվել: Կալանավորման որոշման վերաքննիչ բողոքարկման դատավարական ժամկետը չխախտելու նպատակով վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ՝ առանց պատշաճ հնարավորություն ունենալու իրականացնել Մ.Աղայանի շահերի լիարժեք պաշտպանությունը, քանի որ կալանավորման վերաբերյալ որոշման հիմքում ընկած վարույթի նյութերն իր տրամադրության տակ չեն եղել, որպիսի հանգամանքով պայմանավորված զրկվել է Առաջին ատյանի դատարանի որոշման բոլոր հանգամանքներին պատշաճ առարկելու իրավական և փաստական հնարավորությունից, - Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքի փաստարկներն իր դատական ակտում շարադրելիս՝ նշել է նաև նյութերը տրամադրված չլինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկը, սակայն որոշման պատճառաբանական մասում այդ փաստարկին ընդհանրապես չի անդրադարձել: 20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-18-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման իրավաչափության կապակցությամբ մեղադրյալի կողմից հայցվող իրավական պաշտպանության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նախաքննության մարմնի միջնորդությանը և կից նյութերին ծանոթանալու՝ պաշտպանության կողմի հնարավորությամբ։ Այսինքն` մեղադրյալի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են վերջինիս հասանելի միջնորդությունը և դրան կից նյութերում պարունակվող փաստական տվյալները` իր իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար: Մեղադրյալը կալանավորման որոշումը բողոքարկելու իր իրավունքն արդյունավետ իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու նախաքննության մարմնի միջնորդությանը և կից նյութերին, ինչը կլինի նաև նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևոր երաշխիք։ Այլ կերպ ասած՝ եթե անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է հարուցվել, դատական պաշտպանության ու բողոքարկման իրավունքն արդյունավետորեն կենսագործելու համար կարևոր է հիշյալ միջնորդությանը և կից նյութերին ծանոթանալու պաշտպանության կողմի իրավունքի երաշխավորումը։ 21. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել բողոքաբերի այն փաստարկը, որ իրեն չեն տրամադրվել կալանավորման միջնորդությունը և կից նյութերը, ինչի արդյունքում պաշտպանության կողմը զրկվել է Առաջին ատյանի դատարանի որոշմանը պատշաճ առարկելու իրավական և փաստական հնարավորությունից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ սույն վարույթի նյութերում առկա չէ կալանավորման միջնորդությունը և կից նյութերը Մ.Աղայանի պաշտպանին տրամադրված լինելու փաստը հավաստող որևէ ապացույց, հետևաբար պաշտպանի այդ փաստարկի հետ չհամաձայնվելու հիմքեր չկան: Արդյունքում Վերաքննիչ դատարանը խախտել է մեղադրյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ նրան զրկելով իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու իրական հնարավորությունից: 22. Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն այն պարագայում, երբ դրանում անդրադարձ չի կատարվել կալանավորման վերաբերյալ նյութերը պաշտպանության կողմին տրամադրված չլինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հեղինակի պնդումներին, իրավաչափ չէ: 23. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված և սույն որոշման 10.2-րդ կետում նշված մյուս հարցերին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո: 24. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով ամրագրված՝ մեղադրյալի պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Մեղադրյալ Մարտիրոս Սիսակի Աղայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ