Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԴ1/0374/15/26
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ1/0374/15/26
- Դիմող / մեղադրյալ
- Ալիռեզա Ֆարբորզի Մանսուրիքաշանի
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 18.09.2026
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
4 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ1/0374/15/26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ․Արամյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ռ․Պապոյան
18 սեպտեմբերի 2026 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ալիռեզա Ֆարբորզի Մանսուրիքաշանիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ փաստաբան Վ․Մանուկյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տ.Դադունցի՝ 2026 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Ալիռեզա Ֆարբորզի Մանսուրիքաշանիին Վրաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը բավարարվել է և թույլատրվել է վերջինի հանձնումը Վրաստանի իրավասու մարմիններին։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2026 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Ալիռեզա Մանսուրիքաշանիի փաստաբան Վ․Մանուկյանի՝ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տ.Դադունցի՝ 2026 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունիսի 22-ի որոշման դեմ փաստաբան Վ․Մանուկյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ալիռեզա Մանսուրիքաշանիի փաստաբան Վ․Մանուկյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ թույլ են տրվել նյութական իրավունքի և քրեադատավարական օրենքի էական խախտումներ։
5․1․ Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ բողոքարկվող որոշումն ստացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ 2026 թվականի հունիսի 24-ին, որպիսի հանգամանքը հաստատվում է նաև նշված հետհավաստագրի վրա առկա LO133956394AM բեռնային համարով կատարված հարցմամբ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բազայից ստացված տեղեկությամբ, փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ մուտքագրվել է 2026 թվականի հունիսի 29-ին մեկ այլ՝ LO134094128AM բեռնային համարով:
5․2․ Միևնույն ժամանակ բողոք բերած անձը նշել է, որ իրականում LO133956394AM բեռնային համարով Առաջին ատյանի դատարանի կողմից ուղարկվել է դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցումը, իսկ LO134094128AM բեռնային համարով՝ կայացված որոշումը, ուստի, բողոքաբերի գնահատմամբ՝ այս երկու ծանուցումների պարագայում դատարանի որոշումը չէր կարող ուղարկվել ավելի վաղ, քան դատական նիստի մասին ծանուցումը: Բողոքի հեղինակը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված տեխնիկական սխալի հիման վրա Վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքը վարույթ չի ընդունել՝ ժամկետանց լինելու հիմքով, մինչդեռ բողոքարկման ժամկետն իր կողմից բաց թողնված չի եղել:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ըստ վարույթի նյութերում առկա փաստաթղթերի համարակալման հաջորդականության՝
- Առաջին ատյանի դատարանը փաստաբան Վ․Մանուկյանի կողմից ներկայացված բողոքի քննության կապակցությամբ՝ 2026 թվականի հունիսի 19-ին նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցումը փոստային առաքման միջոցով ուղարկել է փաստաբան Վ․Մանուկյանին 2026 թվականի հունիսի 15-ով թվագրված՝ թիվ «ԴԴԱ-8․1-76439» գրությամբ (բեռնային համարը՝ ALO134094128AM) ։
- Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունիսի 22-ի որոշումը, փոստային առաքման միջոցով, ուղարկվել է փաստաբան Վ․Մանուկյանին 2026 թվականի հունիսի 24-ով թվագրված՝ թիվ «ԴԴԱ-8․1-79161» գրությամբ (բեռնային համարն է՝ ALO133956394AM) ։
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ Ալիռեզա Ֆարբորզի Մանսուրիքաշանիի փաստաբան Վ․Մանուկյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը փոստին է հանձնել 2026 թվականի հուլիսի 7-ին։ Միևնույն ժամանակ, բողոքաբերի կողմից բողոքին կից ներկայացվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունիսի 22-ի որոշումն իրեն ուղարկելու թիվ «ԴԴԱ-8․1-79161» գրության պատճենը, որի համաձայն հիշյալ որոշումը հանրային պաշտպանի գրասենյակ ստացվել է 2026 թվականի հունիսի 29-ին։
- Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով փաստաբան Վ․Մանուկյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Թեև «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը պարունակում է դատական վերանայման կառուցակարգերի կարգավորմանն ուղղված մի շարք վերաբերելի իրավանորմեր, այնուամենայնիվ, որոշ իրավահարաբերություններ կարգավորող նորմեր, օրինակ՝ դատական վերանայման բողոքը օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու հետևանքով առաջացող, հիշյալ օրենքում առկա չեն։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում ենթակա են կիրառման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դատական վերանայմանը վերաբերելի իրավակարգավորումներն այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Հակառակ մեկնաբանման դեպքում, օրենքի պահանջներին չհամապատասխանող դատական վերանայման բողոքը՝ Վերաքննիչ դատարանն առանց քննության թողնելու իրավասություն չի ունենա, ինչն ուղղակիորեն հակասում է դատական վերանայման վարույթի հարուցման ինստիտուտի տրամաբանությանը։
(...) Կոնկրետ դեպքում, դատական գործի նյութերի 108-րդ էջում առկա է հետհավաստագիր փաստաթուղթը, որի համաձայն բողոքարկվող որոշումն ստացվել է 2026 թվականի հունիսի 24-ին, որպիսի հանգամանքը հաստատվում է նաև նշված հետհավաստագրի վրա առկա LO133956394AM բեռնային համարով կատարված հարցմամբ «Հայփոստ» ՓԲ ընկերության բազայից ստացված Envelope համակարգով կազմված տեղեկությամբ (Արտատպված օրինակը կցվել է դատական գործին)։ Նշված պայմաններում բողոքարկման 10-օրյա ժամկետի ավարտ է հանդիսանում 2026 թվականի հուլիսի 6-ը (հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2026 թվականի հուլիսի 4-ը և 5-ը ոչ աշխատանքային օրեր են)։ Միևնույն ժամանակ, վերանայման բողոքին կից ներկայացվել է ծրար առ այն, որ դրանով վերանայման բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի հուլիսի 8-ին։ Ուստի առերևույթ խախտված է անձի համար նախատեսված բողոքարկման առավելագույն ժամկետը, որպիսի պայմաններում ղեկավարվելով սույն որոշման 5-րդ կետով արձանագրված վերլուծությամբ՝ առկա է վերանայման բողոքն առանց քննության թողնելու հիմք։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերանայման բողոքում չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ինչպես նաև չի մատնանշվել պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար լինելու փաստեր, և՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքեր։
Անդրադառնալով վերանայման բողոքին կից ներկայացված այն փաստաթղթին, որում որպես բողոքարկվող որոշումը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ ստանալու ամսաթիվ նշված է 2026 թվականի հունիսի 29-ը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոգրյալ, այն է՝ 2026 թվականի հունիսի 24-ին ստացված լինելը հավաստող փաստաթղթի առկայության պայմաններում չի կարելի բացառել, որ տեխնիկական պատճառներով ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաթղթաշրջանառությամբ զբաղվող բաժնի կողմից որոշման մուտքագրումը ժամանակագրական առումով կատարվել է ավելի ուշ, ինչը սակայն չի նշանակում, որ բողոքարկման ժամկետը պետք է հաշվել այն մուտքագրելու պահից։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ներկայացված վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Ալիռեզա Ֆարբորզի Մանսուրիքաշանիի փաստաբան Վ․Մանուկյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
9․ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանման ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։
Դատարանի մատչելիության իրավունքի իրացումն ապահովող նորմերի կիրառմանն ու մեկնաբանմանը վերաբերող հարցերի համատեքստում ձևավորված նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բողոքարկման ժամկետը հաշվարկելիս, որպես ելակետ պետք է ընդունել դատավարության յուրաքանչյուր մասնակցի կողմից վիճարկվող որոշումը ստանալու օրը։
10․ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշումները ենթակա են դատական վերանայման:
2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավասու մարմինների որոշումների վերանայման բողոք կարող է բերվել որոշումը կայացրած մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ստանալուց հետո` հինգ օրվա ընթացքում, իսկ Վճռաբեկ դատարան՝ վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
3. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բողոքը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքն ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում։ (…)»:
Վերոնշյալ նորմի վերլուծությունից հետևում է, որ թեև հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշումների վերանայման, տվյալ դեպքում՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքը հստակ սահմանում է բողոքարկման հնգօրյա ժամկետ, սակայն Առաջին ատյանի դատարանը՝ 2026 թվականի հունիսի 22-ի որոշման եզրափակիչ մասում նշել է դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման տասնօրյա ժամկետ, իսկ փաստաբան Վ․Մանուկյանը, ղեկավարվել է ստորադաս դատարանի կողմից դատական ակտում նշված ժամկետով, և վերանայման բողոք ներկայացրել է նշված ժամկետի հաշվառմամբ, ուստի Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով անձի՝ արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը, Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս հիմք է ընդունում ստորադաս դատարանի դատական ակտի եզրափակիչ մասում նշված ժամկետը:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «9. Վարույթի նյութերին կցվող յուրաքանչյուր փաuտաթուղթ անմիջապեu համարակալվում է ըuտ էջերի, հաջորդող ամբողջական թվերով` դրանց կցման ժամանակագրական կարգով: (…)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, բողոքի կապակցությամբ 2026 թվականի հունիսի 19-ին նշանակված դատական նիստի, ինչպես նաև 2026 թվականի հունիսի 22-ին կայացված որոշումը փաստաբան Վ.Մանուկյանին ուղարկելու և վերջինի կողմից դրանք ստանալու փաստը հավաստող ապացույցները՝ հավաստագրերը, կցել է վարույթի նյութերին՝ համարակալումն ու դրանց կցման ժամանակագրական կարգը խախտելով։
Մասնավորապես՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաձայն՝ ALO134094128AM բեռնային համարով առաքանին հասցեատիրոջն է ուղարկվել 2026 թվականի հունիսի 24-ին, և ստորագրությամբ հանձնվել է 2026 թվականի հունիսի 29-ին, իսկ ALO133956394AM բեռնային համարով առաքանին հասցեատիրոջն է ուղարկվել 2026 թվականի հունիսի 16-ին, և ստորագրությամբ հանձնվել է 2026 թվականի հունիսի 24-ին։
12. Սույն որոշման 7-րդ և 11-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով վերը նշված իրավանորմի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից 2026 թվականի հունիսի 22-ին կայացված որոշումը փոստային առաքման միջոցով փաստաբան Վ․Մանուկյանին 2026 թվականի հունիսի 16-ին ուղարկվել չէր կարող։
Նշվածից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը բողոքաբերին դատական նիստի մասին ծանուցումը ստանալու փաստը հավաստող փաստաթուղթը համարակալել և կցել է որպես վիճարկվող դատական ակտը ստանալու փաստը հավաստող ապացույց։
12.1․ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս դատարանները, հնարավոր վրիպակների, տեխնիկական թերացումների պատճառով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, բողոքը օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքը որոշելիս պետք է հիմք ընդունեն ոչ միայն փոստային առաքանին բողոքաբերի կողմից ստանալու վերաբերյալ հավաստագրի վրա առկա նշումը, այլ նաև միջոցներ ձեռնարկեն այն ստուգելու ուղղությամբ՝ այն դեպքերում, երբ առկա է ակնհայտ անհամապատասխանություն՝ վարույթի նյութերում առկա և բողոքաբերի կողմից բողոքում կամ բողոքին կից ներկայացված տվյալների միջև:
Վերոգրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով, որ փաստաբան Վ․Մանուկյանի կողմից ներկայացվել է բողոքարկվող դատական ակտը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ 2026 թվականի հունիսի 29-ին ստացված լինելը հավաստող ապացույց, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկեր՝ պարզելու փաստաբան Վ․Մանուկյանին բողոքարկվող դատական ակտը փաստացի հասանելի դառնալու ժամկետը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հիմնվել է բացառապես գործի նյութերում առկա տվյալների վրա, որոնք, փաստորեն, չեն արտացոլել օբյեկտիվ իրականությունը և եղել են տեխնիկական թերացման հետևանք: Արդյունքում, վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելով, Վերաքննիչ դատարանը փաստացի սահմանափակել է բողոքաբերի դատական մատչելիության իրավունքը։
13. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա՝ թիվ ALO133956394AM բեռնային համարով ծրարի պատճենը չի հավաստում բողոքաբերի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի հունիսի 22-ի որոշումը՝ 2026 թվականի հունիսի 24-ին ստանալու փաստը, իսկ վարույթի նյութերում առկա և բողոքաբերի կողմից հատուկ վերանայման բողոքին կից ներկայացված փաստաթղթով հավաստվում է, որ նշված որոշումը վերջինին ուղարկվել է թիվ «ԴԴԱ-8․1-79161» գրությամբ (բեռնային համարը՝ ALO134094128AM) և նրա կողմից ստացվել է 2026 թվականի հունիսի 29-ին, իսկ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2026 թվականի հուլիսի 7-ին։
Այսինքն, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից պահպանվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու՝ Առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված տասնօրյա ժամկետը։
14․ Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ալիռեզա Ֆարբորզի Մանսուրիքաշանիի փաստաբան Վ․Մանուկյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ։
15․ Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը, դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի խախտում, իսկ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով փաստաբան Վ․Մանուկյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, թույլ է տվել նույն օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում՝ հանգեցնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան` նոր քննության փոխանցելու համար՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 400-րդ, «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ալիռեզա Ֆարբորզի Մանսուրիքաշանիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2026 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան` նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
