Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԵԴ/2578/02/21
- Գործի համարը
- ԵԴ/2578/02/21
- Հայցվոր
- Արմեն Ոսկանյան
- Պատասխանող
- «ՖԻԿՕ» ՈՒՎԿ ՍՊԸ, Ջիրայր Հաչիկի Կանել, Կադաստրի կոմիտե
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 18.09.2026
- Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2578/02/21
դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2578/02/21
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Կ. Համբարձումյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2026 թվականի սեպտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արմեն Ոսկանյանի հայցի ընդդեմ «ՖԻԿՕ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Ջիրայր Հաչիկի Կանելի, Կադաստրի կոմիտեի՝ գրավի առարկան բռնագանձելն անօրինական ճանաչելու, որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2024 թվականի որոշման դեմ Ջիրայր Հաչիկի Կանելի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արմեն Ոսկանյանը պահանջել է ««ՖԻԿՕ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության մասով՝ գրավի առարկայի բռնագանձումն անօրինական ճանաչել, ՀՀ կադաստրի կոմիտեի մասով՝ որպես հետևանք իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչել և Ջիրայր Կանել Հաչիկի մասով՝ 11.08.2016թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.04.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2024 թվականի որոշմամբ Արմեն Ոսկանյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 01.04.2024 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ջիրայր Հաչիկի Կանելը (ներկայացուցիչ Արմինե Հարությունյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 61-րդ ու 63 րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 11-13-րդ, 93-96-րդ, 368-րդ, 370-րդ ու 371-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքն իր հաշվառման կամ ծանուցման հասցեներով չի ուղարկվել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից Արմեն Ոսկանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում չի ստուգվել, թե արդյոք բողոքն ուղարկվել է կողմի պատշաճ հասցեով: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն չի վերադարձվել, այլ ընդունվել է վարույթ և քննվել է, ինչով խախտվել իր՝ ներպետական ու միջազգային իրավական նորմերով պաշտպանվող և երաշխավորվող իրավունքներն ու օրինական շահերը՝ տեղեկացված լինելու իր վերաբերյալ բողոքի քննության մասին և հնարավորություն ունենալու՝ ներկայացնել դիրքորոշում ու ապացույցներ:
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը շարունակաբար ծանուցումներն ուղարկել է «*******» հասցեով, որն իրենից ներկայացնում է հարսանյաց սրահ, ինչի արդյունքում ինքը չի ստացել ոչ՛ վերաքննիչ բողոքը, ոչ՛ էլ Վերաքննիչ դատարանի կողմից ուղարկվող ծանուցումները:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել իր հաշվառման կամ ծանուցման հասցեն պարզելու և այդ հասցեով ծանուցումներն ու դատական որոշումներն ուղարկելու ուղղությամբ, ինչի արդյունքում ինքը որևէ պատկերացում չի ունեցել վերաքննիչ բողոքի առկայության մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 01.03.2021 թվականին Արմեն Ոսկանյանի կողմից ներկայացված հայցադիմումի ներածական մասում որպես պատասխանող Ջիրայր Հաչիկի Կանելի հաշվառման հասցե նշված է` «******» (հատոր 1-ին, գ.թ. 47)․
2) 26․04․2022 թվականին Ջիրայր Հաչիկի Կանելի ներկայացուցիչ Արմինե Հարությունյանի կողմից Դատարան է ներկայացվել գործի նյութերին ծանոթանալու մասին դիմում, որի ներածական մասում որպես Ջիրայր Հաչիկի Կանելի հասցե նշված է՝ «*******», իսկ որպես ծանուցման հասցե՝ «*******» (հատոր 2-րդ, գ.թ. 30)․
3) 12․09․2022 թվականին Ջիրայր Հաչիկի Կանելի ներկայացուցիչ Արմինե Հարությունյանի կողմից Դատարան է ներկայացվել գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդություն, որի ներածական մասում որպես Ջիրայր Հաչիկի Կանելի հասցե նշված է՝ «******», իսկ որպես ծանուցման հասցե՝ «*******» (հատոր 3-րդ, գ.թ. 4)․
4) Դատարանի 01.04.2024 թվականի վճռի դեմ Արմեն Ոսկանյանը 29․05․2024 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի ներածական մասում որպես Ջիրայր Հաչիկի Կանելի հաշվառման հասցե նշված է` «*******»․
Բողոքի օրինակը Ջիրայր Հաչիկի Կանելին ուղարկվել է նույն հասցեով (հատոր 4 րդ, գ.թ. 4, 9)․
5) Վերաքննիչ դատարանի 28․06․2024 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը Ջիրայր Հաչիկի Կանելին ուղարկվել է «*******» հասցեով։ Նշված փոստային առաքանին վերադարձվել է «Չի պահանջվել» նշումով (հատոր 4-րդ, գ.թ. 38, 39)․
6) Վերաքննիչ դատարանի 03․10․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ» որոշումը Ջիրայր Հաչիկի Կանելին ուղարկվել է «******» հասցեով։ Նշված փոստային առաքանին վերադարձվել է «Չի պահանջվել» նշումով (հատոր 4-րդ, գ.թ. 73, 74)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 368-րդ, 370-րդ և 371-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանում դատավարական փաստաթղթերը գործին մասնակցող անձանց պատշաճ ուղարկելու (հանձնելու) հարցին, և ըստ այդմ՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացման նախադրյալներին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին նույն [Օրենսգրքի 9-րդ] գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1 ին կետի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան (...) վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց (...):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելիս նրանք տեղեկացվում են բողոքին պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը՝ այդ առնչությամբ, մասնավորապես, արտահայտելով ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (տե՛ս Սահմանադրական դատարանի 28․11․2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշումը).
- «(...) դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ» (տե՛ս Սահմանադրական դատարանի 22․12․2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշումը).
- «Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (տե՛ս Սահմանադրական դատարանի 10․03․2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները ենթադրում են որոշակի փոխկապակցված տարրերի համակցություն, որի բովանդակության ծավալում ներառվում են ոչ միայն օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անկողմնակալ դատարանին դիմելու, այլև վերջնական դատական ակտի կայացմամբ գործի քննության և դրա ընթացքում դատարանի առջև սեփական դիրքորոշումը ներկայացնելու, ըստ այդմ էլ՝ գործին մասնակցող բոլոր անձանց լսված լինելու իրավունքի լիարժեք իրացման հնարավորության առկայությունը։ Ըստ այդմ, գործին մասնակցող անձինք դատարանի առջև իրենց դիրքորոշումը ներկայացնելու և լսված լինելու իրավունքներն իրականացնում են դատավարական օրենսդրությամբ վերապահված իրավունքների միջոցով, որոնց ապահովման առաջնային նախապայմանը դրանց իրացման, այդ թվում՝ գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումներին ու դատավարական փաստաթղթերին իրազեկ լինելու համար արդյունավետ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայությունն է դատավարության բոլոր փուլերում։ Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե գործին մասնակցող անձինք բովանդակային հասանելիություն չունեն դատական քննության առարկա վեճի վերաբերյալ մյուս կողմի դիրքորոշումներին և դատավարական փաստաթղթերին, այդ թվում՝ իրենց իրավունքների ու պարտականությունների կամ դատավարական միջանկյալ խնդիրների լուծման վերաբերյալ դատական ակտերին, չեն կարող լիարժեքորեն իրացնել իրենց դատավարական իրավունքները՝ ի վերջո զրկվելով Սահմանադրությամբ ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից։ Ընդ որում, նշված արժեքների պաշտպանությանն ուղղված են քաղաքացիական դատավարության հիմնարար մրցակցության և իրավահավասարության սկզբունքները, որոնց ապահովման պահանջը ելակետային է դատավարության բոլոր փուլերում, այդ թվում՝ վերաքննության փուլում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի թիվ 17748/91 գանգատով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով՝ վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում (տե'ս ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննության փուլում մրցակցության և իրավահավասարության սկզբունքների դրսևորումներին ու դրանով պայմանավորված՝ գործին մասնակցող անձանց վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրականացման առանձնահատկություններին, արձանագրել է, որ՝
- «(...) օրենսդիրը կարևորելով քաղաքացիական դատավարության բոլոր փուլերում մրցակցության և իրավահավասարության սկզբունքների իրականացումը, վերաքննիչ վարույթի հարուցման փուլում (վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը) գործին մասնակցող անձանց ընձեռել է հավասար հնարավորություն իրականացնելու իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ, մի կողմին հնարավորություն տալով վերաքննիչ բողոքի միջոցով օրենքով սահմանված ժամկետում և կարգով բողոքարկելու դատական ակտը, մյուս կողմին՝ համապատասխանաբար, իրավունք է վերապահել ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան: Միաժամանակ, օրենսդիրը վերաքննիչ ատյանի համար սահմանել է պարտականություն վերաքննիչ վարույթը հարուցելիս, այն է՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելիս և այն գործին մասնակցող անձանց ուղարկելիս, վերջիններիս նաև տեղեկացնել օրենքով սահմանված ժամկետում և կարգով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի մասին: Ընդ որում, վերաքննիչ դատարանն իրավասու է վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին որոշում կայացնել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, իսկ գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում կայացնել միայն վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո»,
- «(...) նման կարգավորումն ինքնանպատակ չէ, այն կոչված է վերաքննիչ վարույթի հարուցման փուլում ապահովելու վերը նշված սկզբունքների լիարժեք իրականացումը: Հետևաբար, վերաքննիչ դատարանի կողմից գործին մասնակցող անձանց դատավարական համապատասխան փաստաթղթերի (օր.՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը) հանձնման (ուղարկման) ընթացակարգի պահպանումը և դրա պատշաճ իրականացումն ունեն էական նշանակություն»,
- «(...) մինչ վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում կայացնելը` վերաքննիչ դատարանը պետք է համոզվի, որ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել են հավասար հնարավորություններ` իրենց դիրքորոշումներն արտահայտելու համար: Այսինքն` պետք է լրացած լինի վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը, որի համար անհրաժեշտ նախապայման է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատշաճ ուղարկումը (հանձնումը) գործին մասնակցող անձին»,
- «Նման պայմաններում (...) վերաքննիչ դատարանի գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում կայացնելու իրավունքը կարող է ծագել ինչպես վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս, այնպես էլ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, մինչդեռ վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում կայացնելու իրավունքը ծագում է միայն վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո: Ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է միայն օրենքով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը գործին մասնակցող անձանց պատշաճ ուղարկելուց (հանձնելուց) հետո»,
- «Հետևաբար (...) վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնող անձի կողմից փաստացի չստանալու դեպքում վերաքննիչ դատարանը պետք է ապահովի այդ որոշման ուղարկումը (հանձնումը) գործին մասնակցող անձին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը» (տե'ս «Վե-Կա-Էս Տեքստիլֆերէդելունգս» ՍՊԸ-ն ընդդեմ Հաջիկ Գելիջիի թիվ ԵԴ/0771/17/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի՝ որպես վերաքննության փուլում գործին մասնակցող անձանց կողմից սեփական դիրքորոշումը ներկայացնելու, լսված լինելու, ըստ այդմ՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը հնարավոր է համարել այն դեպքում, երբ պատասխան ներկայացնող անձին օրենքով սահմանված կարգով ուղարկվել են վերաքննիչ բողոքը և դրա ընդունելության փուլում կայացված որոշումները՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում հստակ կանոնակարգելով վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու բողոքաբերի պարտականությունն ու դատավարական փաստաթղթերը բողոքը քննող դատարանի կողմից ուղարկելու կարգը։ Հետևաբար նշված դատավարական պահանջների անշեղ կատարման դեպքում միայն կարելի է խոսել գործին մասնակցող անձանց կողմից վերաքննիչ վարույթի մասին տեղեկացված լինելու և դրա հիման վրա վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված անհրաժեշտ նախադրյալների առկայության մասին, իսկ դրանց խախտումն ինքնին հանգեցնում է գործին մասնակցող անձանց Սահմանադրությամբ երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անիրացվելիության։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` 01.03.2021 թվականին Արմեն Ոսկանյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան, որի ներածական մասում որպես պատասխանող Ջիրայր Հաչիկի Կանելի հաշվառման հասցե նշվել է` «******»։
Միևնույն ժամանակ, Ջիրայր Հաչիկի Կանելի կողմից 26․04․2022 և 12․09․2022 թվականներին Դատարան ներկայացված դիմումով և միջնորդությամբ որպես վերջինիս հասցե նշվել է՝ «******», իսկ որպես ծանուցման հասցե՝ «******» (տե'ս փաստեր 2,3)։
Չնայած այն հանգամանքին, որ գործին մասնակցող անձի կողմից վերը նշված դատավարական փաստաթղթերով մատնանշվել են իր բնակության և նախապատվելի ծանուցման հասցեները, թե՛ վերաքննիչ բողոքն ու թե՛ Վերաքննիչ դատարանի 28․06․2024 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» և 03․10․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ» որոշումները Ջիրայր Հաչիկի Կանելին ուղարկվել է մեկ այլ՝ «******» հասցեով։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշումների վերաբերյալ փոստային առաքանիները վերադարձվել են «Չի պահանջվել» նշումով (տե'ս փաստեր 4-6)։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործի վերը շարադրված փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի պահպանել վերը նշված դատավարական փաստաթղթերը Ջիրայր Հաչիկի Կանելին պատշաճ ուղարկելու (հանձնելու) կարգը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ունենալով պարտականություն՝ նշված որոշումներն ուղարկելու դատավարության մասնակցի նշած հասցեով, որն էլ, սույն գործի նյութերի համաձայն, «******» հասցեն է, դրանք ուղարկել է մեկ այլ՝ «*******» հասցեով։ Միևնույն ժամանակ, վերաքննիչ բողոքի օրինակը բողոքաբերի կողմից նույնպես ուղարկվել է նույն հասցեով, ինչին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, պետք է հետևեր վերաքննիչ բողոքը վերադարձնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական հետևանքը՝ ապահովելու համար ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակությանը հաղորդակից լինելու Ջիրայր Հաչիկի Կանելի իրավունքը։
Շարադրվածից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերաքննիչ բողոքի օրինակն ու 28․06․2024 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» և 03․10․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ» որոշումները Ջիրայր Հաչիկի Կանելի՝ որպես գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու ու դրանով իսկ՝ վերաքննիչ վարույթի առկայությանը և ներկայացված բողոքի բովանդակությանը վերջինիս իրազեկ դարձնելու դեպքում միայն կարող է ապահովվել անհրաժեշտ նախադրյալներ Ջիրայր Հաչիկի Կանելի կողմից իր՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացումը, ինչը տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել։
Ընդհանրացնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ Ջիրայր Հաչիկի Կանելը տեղյակ է եղել իր գործի վերաքննության մասին, որպիսի պայմաններում վերջինս զրկվել է օրենքով վերապահված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքից:
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի՝ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 368-րդ, 370-րդ, 371-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 11.10.2024 թվականի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` Դատարանի 01.04.2024 թվականի վճռի դեմ Արմեն Ոսկանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու Ջիրայր Հաչիկի Կանելի իրավունքն ապահովելու նպատակով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը ևս պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
