Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԵԿԴ/4289/02/17
- Գործի համարը
- ԵԿԴ/4289/02/17
- Հայցվոր
- Մարինա Հովհաննիսյան
- Պատասխանող
- Նաիրա Խաչատրյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 18.09.2026
- Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4289/02/17
դատարանի որոշում
2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4289/02/17
Նախագահող դատավոր` Ժ. Ասատրյան
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2026 թվականի սեպտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Մարինա Հովհաննիսյանի (Սամվել Խաչատրյանի իրավահաջորդն է) հայցի ընդդեմ Նաիրա Խաչատրյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Նաիրա Խաչատրյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մարինա Հովհաննիսյանը պահանջել է **** հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը կողմերի միջև բաշխել իրենց բաժիններին համաչափ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշմամբ Նաիրա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 26.06.2024 թվականի որոշմամբ Սամվել Խաչատրյանի իրավահաջորդ Մարինա Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.09.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.11.2025 թվականի որոշմամբ Նաիրա Խաչատրյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Վերաքննիչ դատարանի 05.01.2026 թվականի որոշմամբ Նաիրա Խաչատրյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Խաչատրյանը (ներկայացուցիչ Տաթևիկ Միրոյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 7-րդ, 367-րդ, 368-րդ, 371-րդ ու 372-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում չի վերացվել Վերաքննիչ դատարանի 20.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը, այն է՝ բողոքը չի ուղարկվել Մարինա Հովհաննիսյանին, չի բխում արդար դատաքննության իրավունքից և դատարանի մատչելիության սկզբունքից, քանի որ Վերաքննիչ դատարանը վերադարձի որոշմամբ որպես խախտում չի նշել բողոքում Մարինա Հովհաննիսյանի հասցեն սխալ նշված լինելը, որի պայմաններում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս նշվել է նույն հասցեն, ինչպես նաև վերաքննիչ բողոքն ուղարկվել է Մարինա Հովհաննիսյանին այն նույն հասցեով, որը նշվել է վերաքննիչ բողոքում:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունը թերի կատարելու հետևանքով իրեն զրկել է դատարան դիմելու և իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3‑րդ կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ և 372-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու որոշմամբ չմատնանշված հիմքով հետագայում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու իրավական հնարավորությանը։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (…) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, 57-րդ կետ, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ավելին, սահմանափակումը չի կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համահունչ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, 53-րդ կետ, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ, Պապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 54210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 44-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի, և ըստ հակընդդեմ հայցի Սուսաննա Միհրանի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Արարատի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ‑719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ‑1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որում դատարան դիմելու իրավունքը, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը, հանդիսանում է այդ իրավունքի մի մասը միայն: Այդուհանդերձ, այդ մասն է, որ հնարավորություն է տալիս օգտվել 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի, և ըստ հակընդդեմ հայցի Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի, երրորդ անձ Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները.
2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.
4) բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.
5) վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5‑րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու օրենսդրական կարգավորումը նպատակ ունի հնարավորություն տալ վերաքննիչ բողոք բերած անձին օրենքով սահմանված ժամկետում վերացնելու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ նշված խախտումները և բողոքը կրկին ներկայացնելու նաև առանց այդ խախտումների:
Նշվածը հաշվի առնելով, ինչպես նաև կարևորելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով սահմանելով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները, ըստ էության վերաքննիչ դատարանի համար պարտականություն է նախատեսել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս դրանում նշելու բողոքում թույլ տրված բոլոր խախտումները:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման պարտականության առկայությունը բացառում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին անգամ վերաքննիչ բողոքը վերադարձնել՝ նշելով այն ներկայացրած անձի կողմից ընդամենը մեկ խախտում թույլ տված լինելու մասին` այն պարագայում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս թույլ են տրվել մեկից ավելի խախտումներ։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման պարտականություն նախատեսելն ինքնանպատակ չէ. տվյալ կարգավորումը նպատակ է հետապնդում խուսափելու դատարանի մատչելիության իրավունքը և իրավական որոշակիության սկզբունքը խաթարելուց, որպիսի վտանգը կարող է առաջանալ այն դեպքում, երբ արդարադատությունը պատշաճ իրականացվելու փոխարեն անձի համար խոչընդոտներ ստեղծվեն իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը հասնելու համար (տե՛ս Ալբերտ Մկրտչյանի իրավահաջորդ Վեներա Մկրտչյանն ընդդեմ Լիաննա և Արման Մկրտչյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵՄԴ/1083/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.03.2021 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, (…)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատաընթացակարգային նորմերը կարող են պարունակել բողոքարկման իրավունքի իրացման ու բողոքի ըստ էության քննության հասնելու համար ինչպես ժամկետային, այնպես էլ ձևական ընթացակարգային պահանջներ և սահմանափակումներ, ինչը համատեղելի է Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի իրացման հետ, եթե նման սահմանափակումների առկայությունն անհրաժեշտ է իրավունքի իրացման համար, իրագործելի և ողջամիտ է ու իր ծանրությամբ չի հանգեցնում իրավունքի էության խախտմանը՝ ապահովելով արդարադատության պատշաճ իրականացումը և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատաընթացակարգային նորմերի խախտումն առաջացնում է օրենքով հստակ կանխորոշված հետևանք, այն է՝ վերաքննության կարգով բողոքարկման պարագայում հանգեցնում է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը, ինչի արդյունքում սահմանափակվում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքի ըստ էության քննության հասնելու հնարավորությունը, այնուհանդերձ բողոքարկման իրավունքի նման սահմանափակումն իրավաչափ է միայն այն պարագայում, երբ պարտադիր պահպանման ենթակա ընթացակարգային պահանջները պարզ և հասանելի են բողոք բերած անձի համար, իսկ դրանց խախտման արդյունքում վրա հասնող հետևանքները՝ կանխատեսելի (տե՛ս Լաուրա Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանն ընդդեմ Սմբատ Նալբանդյանի թիվ ԵԴ/3667/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2025 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանի, երրորդ անձինք Ջեմմա և Սիմա Վարդանյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունելիության փուլում ունի պարտականություն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ նշելու վերաքննիչ բողոքում թույլ տրված բոլոր խախտումերը, որը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ դատաընթացակարգային նորմերի պահպանմամբ ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը՝ կենսագործելի դարձնելով արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքը և դատարանի մատչելիության իրավունքը։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ բողոքում առկա են որոշակի խախտումներ, իսկ վերաքննիչ դատարանը նշում է թույլ տրված խախտումների միայն մի մասը՝ չանդրադառնալով բողոքաբերի կողմից թույլ տրված բոլոր խախտումներին, ապա բողոքաբերի կողմից թույլ տրված, սակայն, վերաքննիչ դատարանի կողմից որպես խախտում չնշված մասի վերաբերյալ բողոքաբերի մոտ ձևավորվում է այն իրավաչափ ակնկալիքը, որ վերջինս կարող է կատարել իր դատավարական գործողությունները և պարտականությունները՝ դրանց կատարման հիմքում դնելով վերաքննիչ դատարանի կողմից որպես դատաընթացակարգային նորմերի խախտում չարձանագրված փաստերը, օրինակ՝ բողոքին կցել այն պետական տուրքի անդորրագիրը, որը կցել է առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում, կամ բողոքը գործին մասնակցող անձին ուղարկել այն նույն հասցեով, որով ուղարկել է առաջին անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մարինա Հովհաննիսյանը, դիմելով դատարան, պահանջել է **** հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը կողմերի միջև բաշխել իրենց բաժիններին համաչափ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշմամբ Նաիրա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 26.06.2024 թվականի որոշմամբ Սամվել Խաչատրյանի իրավահաջորդ Մարինա Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։
Դատարանի 09.09.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Նաիրա Խաչատրյանը և պահանջել բեկանել Դատարանի 09.09.2025 թվականի վճիռը և փոփոխել այն՝ բավարարելով հայցը, կամ գործն ուղարկել նոր քննության։
Վերաքննիչ դատարանը 20.11.2025 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը՝ արձանագրելով, որ
- «(…) վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն, (…)»,
- «Բողոքաբերը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները և բողոքի էլեկտրոնային կրիչը, (…)»,
- «(…) վերաքննիչ բողոքը ներկայացրել է Տաթևիկ Միրոյանը Նաիրա Պետրոսի Խաչատրյանի անունից և ստորագրել է բողոքը՝ որպես վերջինիս ներկայացուցիչ՝ կցելով 29.10.2025 թվականի նոտարական կարգով վավերացված վերալիազորագիրը՝ չկցելով Նաիրա Պետրոսի Խաչատրյանի կողմից Աղավնիկ Գևորգի Խաչատրյանին վերալիազորման իրավունքով տրված հիմնական լիազորագիրը, որով հնարավոր կլինի պարզել վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի իրավունքները հիմնական լիազորագրով վերապահված իրավունքների սահմաններում լինելու կամ չլինելու հանգամանքը, վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը, որպիսի պարագայում հնարավոր չէ պարզել Տաթևիկ Միրոյանի իրավասությունը վերաքննիչ բողոքը ստորագրելու առումով, (…)»։
Նաիրա Խաչատրյանը 17.12.2025 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Նաիրա Խաչատրյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն այն հիմնավորմամբ, որ «Նաիրա Պետրոսի Խաչատրյանի անունից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքով չի վերացվել Վերաքննիչ դատարանի 20.11.2025 թվականի որոշմամբ արծարծված թերությունները, մասնավորապես՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը չի ուղարկվել Մարինա Սենիկի Հովհաննիսյանին, իսկ ինչ վերաբերում է թիվ LO131005237AM կոդով փոստային անդորրագրին, ապա դրանում Մարինա Սենիկի Հովհաննիսյանի հասցեն նշել է քաղաք ****, մինչդեռ սույն քաղաքացիական գործի նյութերի համաձայն՝ Մարինա Սենիկի Հովհաննիսյանի հասցեն է քաղաք **** բնակարան, ինչը թույլ է տալիս եզրահանգելու, որ վերաքննիչ բողոքի օրինակը չի ուղարկվել Մարինա Սենիկի Հովհաննիսյանին, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում է»։
Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Նաիրա Խաչատրյանի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը, արձանագրում է, որ տվյալ վերաքննիչ բողոքում որպես գործին մասնակցող անձ Մարինա Հովհաննիսյանի հասցե նշված է եղել «ՀՀ, ****»-ը, որը գործի նյութերի համաձայն՝ չի հանդիսանում վերջինիս հասցեն։ Վերաքննիչ դատարանը 20.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ չի նշել, որ Նաիրա Խաչատրյանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտում, այն է՝ սխալ է նշել գործին մասնակցող անձ Մարինա Հովհաննիսյանի հասցեն, չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով այն համարվում է բողոքը վերադարձնելու հիմք, և նույն հոդվածի 3-րդ մասի իմպերատիվ կանոնի ուժով Վերաքննիչ դատարանը ուներ պարտականություն նշելու վերաքննիչ բողոքում թույլ տրված բոլոր խախտումները։
Նաիրա Խաչատրյանը 17.12.2025 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացրել է բողոքի օրինակը գործին մասնակցող անձ Մարինա Հովհաննիսյանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը՝ փոստային անդորրագիրը։ Փոստային անդորրագրի մեջ որպես ստացող Մարինա Հովհաննիսյանի հասցեն նշված է «ՀՀ, ****»-ը, այսինքն Նաիրա Խաչատրյանը բողոքի օրինակն ուղարկել է այն նույն հասցեով, որը նշել էր առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում որպես գործին մասնակցող անձ Մարինա Հովհաննիսյանի հասցե, և որի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը թերություն չէր արձանագրել։
Վերաքննիչ դատարանը 05.01.2026 թվականին կայացրած որոշմամբ մերժել է Նաիրա Խաչատրյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն այն հիմնավորմամբ, որ վերջինս չի ուղարկել բողոքի օրինակը գործին մասնակցող անձ Մարինա Հովհաննիսյանին, իսկ բողոքին կից ներկայացված բողոքը գործին մասնակցող անձին ուղարկված լինելը հավաստող ապացույցը՝ փոստային անդորրագիրը, չի կարող լինել վերաբերելի, քանի որ գործի նյութերի համաձայն՝ Մարինա Հովհաննիսյանի հասցեն է **** բնակարանը, մինչդեռ փոստային անդորրագրի մեջ նշված է **** բնակարանը։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ։
Սահմանադրական դատարանը 03.05.2016 թվականի ՍԴՈ-1270 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Նաիրա Խաչատրյանի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում, չարձանագրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումն առ այն, որ բողոքաբերը թույլ է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտում այն մասով, որ սխալ է նշել գործին մասնակցող անձի հասցեն, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իմպերատիվ նորմի խախտում, այն է՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ չի նշել բողոքում թույլ տրված բոլոր խախտումները։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական որոշակիության սկզբունքով պայմանավորված՝ բողոքաբերի համար պետք է պարզ լինեն բողոքում թույլ տրված այն բոլոր թերությունները, որոնք չշտկելը կարող է վերջինիս զրկել դատական պաշտպանության իրավունքից։ Այսինքն՝ բողոքաբերը պետք է իրական հնարավորություն ունենա սեփական վարքագիծը համապատասխանեցնելու դատարանի իրավաչափ պահանջի բովանդակությանը, որը հնարավոր չէ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն ուղղակիորեն չի նշում բողոքում առկա թերությունը։
Վերաքննիչ դատարանն անուղղակի կերպով հաստատել է, որ սկզբնական վերաքննիչ բողոքում ճիշտ է նշվել գործին մասնակցող անձ Մարինա Հովհաննիսյանի հասցեն, որն էլ, իր հերթին, Նաիրա Խաչատրյանի մոտ ձևավորել է այն իրավաչափ ակնկալիքը, որ վերջինս կարող է կատարել իր դատավարական պարտականությունը, այն է՝ բողոքն ուղարկել գործին մասնակցող անձ Մարինա Հովհաննիսյանին այն հասցեով, որը նշել է առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում։
Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով բողոքարկվող որոշման հիմքում ընկած բողոքաբերի կողմից նույն խախտումը կրկին թույլ տրված լինելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի բխում արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքից և դատարանի մատչելիության իրավունքից։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 05.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտը վերացնելու լիազորությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
