Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ԵԴ2/0045/02/24

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ2/0045/02/24
Հայցվոր
Լուիզա Աբրահամյան
Պատասխանող
Գևորգ և Մանուկ Սիմոնյաններ, «Երևան» նոտարական տարածքի նոտարներ Ատոմ Հայրապետյան, Արմեն Առաքելյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
22.09.2026
Քաղաքացիական իրավունք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0045/02/24 դատարանի որոշում 2026թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0045/02/24 Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան Դատավորներ՝ Ժ. Ասատրյան Ս. Սահակյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին գրավոր ընթացակարգով քննելով Գևորգ և Մանուկ Սիմոնյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուիզա Աբրահամյանի հայցի ընդդեմ Գևորգ և Մանուկ Սիմոնյանների, «Երևան» նոտարական տարածքի նոտարներ Ատոմ Հայրապետյանի ու Արմեն Առաքելյանի՝ ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Լուիզա Աբրահամյանը պահանջել է «իր կողմից իր հանգուցյալ հորը` Արամայիս Սուքիասի Աբրահամյանին պատկանող ժառանգական գույքն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները համարել հարգելի, իրեն համարել Արամայիս Աբրահամյանին պատկանող ժառանգությունն ընդունած ժառանգ: Անվավեր ճանաչել ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի կողմից պատասխանողներ՝ Գևորգ և Մանուկ Դերենիկի Սիմոնյանների իրավանախորդ Լենա Սուքիասի Աբրահամյանին և ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Արմեն Առաքելյանի կողմից պատասխանողներ Գևորգ Դերենիկի Սիմոնյանին և Մանուկ Դերենիկի Սիմոնյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը»: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.11.2024 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2025 թվականին որոշել է. «Վերաքննիչ բողոքը բավարարել: Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.11.2024 թվականի թիվ ԵԴ2/0045/02/24 վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. Լուիզա Արամայիսի Աբրահամյանի հայցն ընդդեմ Գևորգ և Մանուկ Դերենիկի Սիմոնյանների, «Երևան» նոտարական տարածքի նոտարներ Ատոմ Գրիգորիի Հայրապետյանի և Արմեն Սամվելի Առաքելյանի՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու ժամկետը հարգելի համարելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, բավարարել. հարգելի համարել Լուիզա Արամայիսի Աբրահամյանի կողմից իր հանգուցյալ հորը` Արամայիս Սուքիասի Աբրահամյանին (մահացած՝ 28.10.2014թ., մահվան վկայական թիվ ԱԲ202471, տրված՝ 21.03.2023 թ.) պատկանող ժառանգական գույքն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները, Լուիզա Արամայիսի Աբրահամյանին համարել Արամայիս Սուքիասի Աբրահամյանին պատկանող ժառանգությունն ընդունած ժառանգ, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Լենա Սուքիասի Աբրահամյանին տրված 24.06.2019 թվականի ըստ օրենքի ժառանգության վկայագիրը (սեղանամատյանում գրանցված է թիվ 11958, ժառանգական գործ թիվ 621), ինչպես նաև 14.03.2023 թվականին Գևորգ Դերենիկի Սիմոնյանին և Մանուկ Դերենիկի Սիմոնյանին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրերը (սեղանամատյանում գրանցված են համապատասխանաբար թիվ 2042 և թիվ 2040, ժառանգական գործ թիվ 90)՝ Արամայիս Աբրահամյանի ժառանգական զանգվածի մեջ ներառված՝ ***** հասցեում գտնվող անշարժ գույքի մասով»։ Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գևորգ և Մանուկ Սիմոնյանները ներկայացուցիչ Մերի Արտաշեսյան։ Սույն գործով վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լուիզա Աբրահամյանը (ներկայացուցիչ Սարգիս Հովհաննիսյան)։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1225-րդ և 1228-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ ու 380-րդ հոդվածները։ Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով. Ժառանգատու Արամայիս Աբրահամյանը մահացել է 2014 թվականին։ Հայցվորը ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու հայցը դատարան ներկայացրել է 2023 թվականին՝ ժառանության բացման օրվանից ինը տարի անց, մինչդեռ Դատարանում գործի քննության ժամանակ և՛ իրենց կողմից հրավիրված վկաների, և՛ հայցվորի կողմից հրավիրված վկայի ցուցմունքներով հաստատված է համարվել այն փաստը, որ հայցվորի եղբայրը դեռևս տարիներ առաջ քաջատեղյակ է եղել հոր մահվան մասին։ Նման փաստի հաստատվելուց հետո հայցվորի ներկայացուցիչը հայտարարել է, որ ո՛չ հայցվորը, ոչ էլ հայցվորի մայրը՝ Անահիտ Վիրաբյանը, որևէ շփում չունեն Արթուր Աբրահամյանի հետ։ Սակայն գործի քննության ողջ ընթացքում հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց՝ հայցվորի եղբոր և հայցվորի կամ իրենց մայր՝ Անահիտ Վիրաբյանի հետ որևէ շփում չունենալու վերաբերյալ, ինպես նաև չի ներկայացվել որևէ այլ բավարար ապացույց, բացի Անահիտ Վիրաբյանի գրավոր հայտարարությունից, որով կապացուցվեր հայցվորի կամ նրա մոր տեղյակ չլինելը ժառանգատուի՝ Արամայիս Աբրահամյանի մահվան մասին։ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով, որ ժառանգության բացման մասին չիմանալու փաստը ապացուցելու պարտականությունը օրենքով պետք է դրվի և դրվել է հայցվորի վրա, անհիմն արձանագրել է, որ հայցվորի՝ իր հոր մահվան մասին 2023 թվականի փետրվարին տեղեկանալու հանգամանքը գործում առկա որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հերքվում, որպիսի պայմաններում Դատարանի կողմից նշված փաստը հաստատված չհամարելն անհիմն է և ոչ իրավաչափ։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ չեն գնահատվել և քննարկման առարկա չեն դարձվել սույն գործով ապացույց համարվող վկայի ցուցմունքները (ընդ որում երկու կողմի վկաների), քանի որ դրանցով առնվազն կասկածի տակ է դրվում հայցվորի` իր հոր մահվան մասին 2023 թվականի փետրվարին տեղեկանալու հանգամանքը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ոչ թե դատական ակտը փոփոխելու իր լիազորությունը, այլ նման և շատ այլ հարցերի պատասխանների բացակայության դեպքում առավելագույնը կիրառեր գործը նոր քննության ուղարկելու իր լիազորությունը՝ սահմանելով գործի քննության ծավալը։ Հայցվորի վրա դրված՝ ժառանգության բացման մասին տեղեկացված չլինելու փաստի ապացուցման բեռի, ինչպես նաև հայցվորի կողմից այդ փաստը չապացուցելու պայմաններում, Վերաքննիչ դատարանը, առանց որևէ ծանրակշիռ փաստական կամ իրավական հիմնավորման, հանգել է այն եզրակացության, որ հայցվորը տեղյակ չի եղել ժառանգության բացման մասին։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.11.2024 թվականի վճռին։ 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները Վերաքննիչ դատարանը կայացրել է պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ, որը բեկանելու որևէ իրավական հիմք առկա չէ: Ամբողջ վճռաբեկ բողոքը հիմնված է այն տրամաբանության վրա, որ հայցվորի եղբայրը տեղյակ է եղել հոր մահվան, այսինքն ժառանգության բացման մասին, սակայն պատասխանողները որևէ ապացույց չեն ներկայացրել այն մասին, որ հայցվոր Լուիզա Աբրահամյանը տեղյակ է եղել կամ պարտավոր էր տեղյակ լինել ժառանգության բացման մասին: Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և չպատճառաբանված։ 3․ Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` 1) 05.04.1980 թվականին տրված թիվ 308704 ծննդյան վկայականի պատճենի համաձայն՝ Լուիզա Արամայիսի Աբրահամյանը ծնվել է 27.03.1980 թվականին, հայրը՝ Արամայիս Սուքիասի Աբրահամյան, մայրը՝ Անահիտ Բաբկենի Վիրաբյան (հատոր 1-ին, գ.թ. 10). 2) ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի կողմից 21.03.2023 թվականին տրված թիվ ԱԲ202471 մահվան վկայականի պատճենի համաձայն՝ Արամայիս Սուքիասի Աբրահամյանը մահացել է 28.10.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12). 3) «Երևան» նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի կողմից 24.06.2019 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի պատճենի համաձայն՝ Արամայիս Սուքիասի Աբրահամյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Լենա Սուքիասի Աբրահամյանը, ժառանգական գույքը, որի համար տրված է նույն վկայագիրը բաղկացած է ***** տնից (հատոր 1-ին, գ.թ. 18). 4) Երևան նոտարական տարածքի նոտար Արմեն Առաքելյանի կողմից 14.03.2023 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի պատճենի համաձայն՝ Լենա Սուքիասի Աբրահամյանի (մահացած՝ 28.11.2020 թվականին) գույքի ժառանգ է հանդիսանում Գևորգ Դերենիկի Սիմոնյանը, ժառանգական գույքը, որի համար տրված է նույն վկայագիրը, բաղկացած է ***** հասցեում գտնվող բնակարանի 1/4-րդ մասից և ***** հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասից (հատոր 1-ին, գ.թ. 70). 5) Երևան նոտարական տարածքի նոտար Արմեն Սամվելի Առաքելյանի կողմից 14.03.2023 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի պատճենի համաձայն՝ Լենա Սուքիասի Աբրահամյանի (մահացած՝ 28.11.2020 թվականին) գույքի ժառանգ է հանդիսանում Մանուկ Դերենիկի Սիմոնյանը, ժառանգական գույքը, որի համար տրված է նույն վկայագիրը, բաղկացած է ***** հասցեում գտնվող բնակարանի 1/4-րդ մասից և ***** հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասից (հատոր 1-ին, գ.թ. 71). 6) Անահիտ Վիրաբյանը իր կողմից 22.04.2024 թվականին ստորագրված «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն՝ հայտնել է, որ. «(…) երկու անգամ եմ եղել Հայաստանում և Արամայիս Աբրահամյանի մահվան մասին շատ պատահական տեղեկացել եմ 2023 թվականի փետրվարին՝ Հայաստանում։ Այդ լուրը դստերս՝ Լուիզա Աբրահամյանին հայտնել եմ Լեհաստան վերադառնալուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 93). 7) ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 30.09.2023 թվականի թիվ 2/5/3-935 գրության պատճենի համաձայն՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Լուիզա Անդրանիկի Աբրահամյանը, ծնված 27.03.1980 թվականին, ՀՀ պետական սահմանը 01.01.2013-28.09.2023 թվականներն ընկած ժամանակահատվածում հատել է հետևյալ օրերին՝ մուտք՝ 11.07.2018 թվականին, ելք՝ 27.07.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 90). 8) ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 27.11.2023 թվականի թիվ 2/5/3-1113 գրության պատճենի համաձայն՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Անահիտ Բաբկենի Վիրաբյանը, ծնված 25.08.1949 թվականին, ՀՀ պետական սահմանը 01.01.2013-23.11.2023 թվականներն ընկած ժամանակահատվածում հատել է հետևյալ օրերին՝ մուտք՝ 11.07.2018 թվականին, ելք՝ 27.07.2018 թվականին, մուտք՝ 13.02.2023 թվականին, ելք՝ 21.02.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 91). 9) դատական նիստին որպես վկա ներկայացած Արամ Առաքելյանը, ցուցմունք տալով Դատարանում, հայտնել է, որ Արամայիս Աբրահամյանի հետ գտնվել է շատ ջերմ ընկերական հարաբերությունների մեջ, նրան ճանաչել է 1980 թվականից։ Պատասխանողների հետ շփում չի ունեցել, սակայն ճանաչում է նրանց։ Հայտնել է, որ Անահիտ Վիրաբյանը՝ Լուիզա Աբրահամյանի և Արթուր Աբրահամյանի մայրը, եղել է Արամայիսի երկրորդ կինը։ Նա նախկինում էլ է ամուսնացած եղել, սակայն, իր իմանալով, երկրորդ ամուսնությունը պետական գրանցում չի ստացել։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է եղել, թե երբ են Հայաստանից մեկնել Անահիտ Վիրաբյանը և նրա երեխաները, նշել է, որ հստակ թվականը չի կարող ասել, սակայն ինքը Անահիտին երեխաների հետ տեսել է 1997 թվականին՝ Վարշավայում, երբ երեխաները դեռ փոքր էին։ Դրանից հետո ինքը 1999 թվականին վերադարձել է Հայաստան, սակայն նրանց այստեղ չի տեսել։ Արթուրի հետ կապ է եղել, սակայն Անահիտի և Լուիզայի հետ կապ չի ունեցել։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե Արամայիս Աբրահամյանի մահից առաջ կամ դրանից հետո արդյո՞ք երբևէ տեսել է նրանց Հայաստանում, վկան հայտնել է, որ՝ ոչ, նրանց այլևս չի տեսել։ Միայն որդին էր գալիս, գնում էր, հանդիպում Արամայիսի հետ, պահում էր հոր հետ կապը։ Հիմա, եթե Արամայիսի աղջիկը գա, երևի ինքը նույնիսկ չճանաչի նրան, քանի որ արդեն մեծ աղջիկ կլինի։ Նշել է, որ Արամայիս Աբրահամյանի թաղմանը ինքը մասնակցել է, սակայն Անահիտն ու Լուիզան՝ ոչ։ Պատասխանելով Դատարանի այն հարցին, թե արդյո՞ք հայցվորին և նրա մայրիկին հայտնել են, որ Արամայիս Աբրահամյանը վատառողջ է և գտնվում է հիվանդանոցում, նշել է, որ ոչ ոք տեղյակ չի եղել, անգամ իրենց չեն ասել, իսկ նրա մահվան մասին իմացել են միայն հաջորդ օրը։ Պատասխանելով Դատարանի այն հարցին, թե արդյո՞ք Արամայիսի մահվանից հետո շփում ունեցել է նրա ընտանիքի անդամների հետ, հայտնել է, որ միայն որդու՝ Արթուրի հետ է մեկ անգամ խոսել։ Պատասխանելով Դատարանի այն հարցին, թե արդյո՞ք Արամայիս Աբրահամյանի մահից հետո նրա ընտանիքի անդամներին հայտնել են, որ Արամայիսը մահացել է, և, եթե այո, ապա երբ, նշել է, որ կնոջ և աղջկա մասով չի կարող ասել, իսկ որդին իմացել է։ Գայանեն հոգեհանգստի օրը ասել է, որ Արթուրին տեղյակ են պահել, սակայն նա չի կարող գալ։ Իսկ այն, թե Արթուրը քրոջը և մայրիկին ասել է, թե՝ ոչ, ինքը տեղյակ չէ. 10) դատական նիստին որպես վկա ներկայացած Սվետլանա Կարապետյանը, ցուցմունք տալով դատարանում, հայտնել է, որ Գևորգ և Մանուկ Սիմոնյաններն իր մորաքրոջ որդիներն են, իսկ Լուիզա Աբրահամյանը՝ իր մորեղբոր աղջիկն է, սակայն նրա հետ ընդհանրապես շփում չի ունեցել։ Պատասխանելով պատասխանողների ներկայացուցչի այն հարցին, թե արդյո՞ք Արամայիս Աբրահամյանի՝ հիվանդանոցում գտնվելու, վատառողջ լինելու, իսկ այնուհետև նրա մահվան մասին տեղեկացել են նրա երեխաները և կինը կամ նրանցից որևէ մեկը, վկան հայտնել է, որ ինքը գիտի, որ նրանք տեղեկացված են եղել այդ մասին։ Պատասխանելով պատասխանողների ներկայացուցչի այն հարցին, թե ինչպես են հայտնել նրանց և ով է հայտնել, վկան նշել է, որ հեռախոսով հայտնել է իր քույրը, և ինքը այդ ժամանակ նրա կողքին է եղել։ Նշել է, որ ինքը ներկա է եղել նաև այն խոսակցության ժամանակ, երբ նրանց հայտնել են, որ Արամայիսը ընկել է աստիճաններից և գտնվում է հիվանդանոցում, ինչպես նաև այն ժամանակ, երբ նա արդեն մահացել էր։ Այդ ժամանակ զանգահարել են, նույնիսկ հարցրել են՝ արդյո՞ք իրենք կարող են գալ, և նշել են, որ չեն կարող գալ։ Հայտնել է, որ խոսակցությանը ներկա էին և՛ պատասխանողները, և՛ իր քույրերը։ Իր քույրը՝ Գայանե Կարապետյանը, հեռախոսային տեսազանգի միջոցով է տեղեկացրել, ինչպես նաև հավելել է, որ իր քույրը հաճախակի է շփվել Արթուրի հետ։ Միակ շփումը եղել է Արթուրի հետ, իսկ ո՛չ Լուիզա Աբրահամյանի, ո՛չ Արամայիսի նախկին կնոջ հետ չի շփվել, իսկ ինքը երբեք կապ չի հաստատել նրանց հետ։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե կոնկրետ Լուիզա Աբրահամյանին տեղեկացնելու վերաբերյալ որևէ բան լսել է, վկան հայտնել է, որ հեռախոսային տեսակապի ժամանակ Լուիզան և իր մայրը անցել են Արթուրի հետևով, սակայն անգամ որևէ բառ չեն խոսել այդ վերաբերյալ։ Իր մորաքրոջ որդին նույնիսկ հարցրել է, թե արդյո՞ք չեն ուզում որևէ բան խոսել այդ թեմայի շուրջ։ Դատարանի ճշգրտող հարցին վկան պատասխանել է, որ Արթուրի հետ տեսակապի միջոցով զանգի ժամանակ իր մորաքրոջ որդիներից մեկը՝ իր հիշելով՝ Մանուկը, արձագանքել է Լուիզա Աբրահամյանի՝ Արթուրի հետևով անցնելուն և նշել, թե արդյո՞ք նա չի բարեհաճում խոսել։ Պատասխանելով դատարանի այն ճշգրտող հարցին, թե արդյո՞ք այդ դեպքի հիման վրա է վկայի մոտ առաջացել այն ընկալումը, որ Լուիզա Աբրահամյանը իմացել է Արամայիս Աբրահամյանի մահվան մասին, վկան նշել է, որ այլ կոնտակտային աղբյուր չեն ունեցել, և միակ շփումը եղել է Արթուրի հետ։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե վկան արդյո՞ք ունի տեղեկություններ կամ արդյո՞ք փորձել է ճշտել, թե հայցվորը, իր մայրը կամ եղբայրը որտեղ են բնակվում, միասին են բնակվում, թե՝ ոչ, վկան հայտնել է, որ ինքը որևէ տեղեկատվություն չունի նրանց միասին կամ առանձին բնակվելու մասին, միայն գիտի, որ առանձին են բնակվում։ Վկան նաև հավելել է, որ ինքը չի ճանաչում Լուիզա Աբրահամյանին և հիմա էլ, եթե տեսնի, չի ճանաչի։ Պատասխանելով Դատարանի այն ճշգրտող հարցին, թե ինչ արձագանքեց Արթուրը իր մորաքրոջ որդու կողմից Լուիզայի որևէ բան չխոսելու վերաբերյալ հարցին, վկան նշել է, որ, իր հիշելով, Արթուրը լռել է. 11) պատասխանող Մանուկ Սիմոնյանը, որպես վկա ցուցմունք տալով Դատարանում, հայտնել է, որ հայցվորը մորեղբոր աղջիկն է, բայց նրա հետ ընդհանրապես շփում չի ունեցել, իսկ Արթուրի հետ 2023 թվականի մարտ ամսին է շփվել։ Մյուս պատասխանողը իր եղբայրն է։ Հայտնել է, որ Արամայիս Աբրահամյանին 2014 թվականի հոկտեմբերի 05-ին շտապօգնության մեքենայով ինքը տարել է հիվանդանոց, քանի որ վիճակը շատ ծանր էր։ Ինքը, Սվետա Կարապետյանը, Անահիտ Կարապետյանը, իր հորաքրոջ տղաները և մորաքրոջ տղաները, ինչպես նաև հիվանդանոցից իր մորաքրոջ աղջիկը՝ Գայանեն, զանգահարել են Արթուրին, քանի որ իրենք կապ ունեին Արթուրի հետ։ Տեղեկացրել են դեպքի մասին և հարցրել՝ արդյո՞ք հնարավոր է գան, սակայն Արթուրը տվել է բացասական պատասխան։ Հոկտեմբերի 28-ին Արամայիս Աբրահամյանը մահացել է, և նույն անձինք եկել են մորեղբոր տուն, որպեսզի որոշեն, թե ինչ են անելու, և որոշել են զանգահարել Արթուրին։ Իր մորաքրոջ աղջիկը՝ Գայանեն, տեսազանգով զանգահարել է Արթուրին և հայտնել, որ հայրը մահացել է, ու հարցրել՝ կգա՞ն, թե՝ ոչ, ինչին ի պատասխան Արթուրը նշել է, որ չեն գա։ Վկան նաև նշել է, որ Գայանեն զայրացել է և ասել, որ նա իրենց հայրն է, գան և տեր կանգնեն, որից հետո Լուիզան և Անահիտը ասել են, որ Արթուրը փոխանցի, որ իրենց հորից ոչ մի բան հարկավոր չէ։ Հոգեհանգստի օրը նորից Գայանեն զանգահարել է Արթուրին և հարցրել, թե հնարավոր է՝ դիակը պահեն մինչև Արթուրը գա։ Արթուրը կրկին նշել է, որ չի գալու։ Հուղարկավորության օրը Արթուրն ինքն է զանգահարել, խոսել է և՛ Գայանեի, և՛ իր մոր հետ։ Իրենք բարկացել են, թե ինչի համար է զանգահարել, արդյո՞ք ստուգում է՝ մահացել է հայրը, թե՝ ոչ, և անջատել են զանգը։ Վկան նաև նշել է, որ 2023 թվականի մարտ ամսին խոսել է Արթուրի հետ։ Արթուրը հայտնել է, որ մայրիկի և Լուիզայի հետ միասին են բնակվում, պատմել է իր գործերից, իսկ վերջում Արթուրը հարցրել է հայրիկի տան ճակատագրի վերաբերյալ։ Ինչին ի պատասխան՝ ինքը հայտնել է, որ տունը ինքը և իր եղբայրը ժառանգել են իրենց մորից։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե ինչ կապի միջոցով են խոսել Արթուրի հետ և հայտնել են հոր մահվան մասին, վկան հայտնել է, որ տեսազանգով են խոսել, տեսել է, թե ինչպես Լուիզան հետևից անցավ, և լսվել է, որ ասել է՝ «իրանց ասա, որ մեզ բան պետք չի իրենից»։ Այդ հեռախոսազանգի մասին տեղեկությունները հեռախոսում չեն պահպանվել, քանի որ ավելի քան 10 տարի է անցել, սակայն այդ խոսակցությանը շատերն էին ներկա։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե այդ տեսազանգի ամբողջ ընթացքին և խոսակցությանը Սվետլանա Կարապետյանը ներկա է եղել, թե՝ ոչ, վկան տվել է դրական պատասխան։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե արդյո՞ք եղել է նման հանգամանք, որ տեսազանգի ժամանակ Լուիզան անցել է Արթուրի հետևից և նշել, որ իրենց ոչ մի բան պետք չէ, վկան տվել է դրական պատասխան և հայտնել է, որ և՛ Լուիզան, և՛ Անահիտը անցել են Արթուրի հետնամասով և արել են նման արտահայտություն։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե արդյո՞ք ինքը, իր քույրերը, եղբայրը կամ մայրը որևէ միջոց են ձեռնարկել հայցվորին կամ նրա մայրիկին այդ մասին տեղեկացնելու համար, կամ նրանց ՀՀ-ում տեսել են, վկան նշել է, որ Արթուրին են հայտնել, իսկ Լուիզային կամ նրա մայրիկին իրենք որևէ կերպ տեղյակ չեն պահել և կապ չեն էլ հաստատել։ Պատասխանելով հայցվորին կամ նրա մայրիկին Արամայիս Աբրահամյանի մահվան մասին տեղեկացնելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի ճշգրտող հարցին՝ վկան հայտնել է, որ Արթուրին են հայտնել, իսկ Լուիզան և իր մայրը ներկա են եղել, լսել են և տեղեկացել են։ Ինքը տեսել է նրանց տեսազանգի ժամանակ։ Վկան նաև հավելել է, որ ինքը չի ճանաչում Լուիզա Աբրահամյանին, փոքր ժամանակ է տեսել, հիմա էլ տեսնի՝ չի ճանաչի։ Նա նաև հավելել է, որ կոնկրետ Լուիզա Աբրահամյանի ձայնը ևս չի ճանաչի, քանի որ երբեք չի շփվել նրա հետ։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե Լուիզային և նրա ձայնը չճանաչելու պարագայում ինչի հիման վրա է համոզված, որ հեռախոսով տեսազանգի ժամանակ Լուիզայի ձայնն է լսել, վկան հայտնել է, որ այդ համոզմունքը ձևավորվել է այն հիմքով, որ այդ ժամանակ Արթուրը ամուսնացած չի եղել, և այդ արտահայտությունը արել է կա՛մ մայրը, կա՛մ Լուիզան։ Պատասխանելով Դատարանի ճշգրտող հարցին, թե հստակ կարող է պնդել, որ այդ լուրը լսել է Լուիզա Աբրահամյանը, և նա տեղեկացել է հոր մահվան մասին, վկան նշել է, որ 2023 թվականին, երբ խոսել է Արթուրի հետ, Արթուրը հայտնել է, որ ո՛չ ինքը, ո՛չ Լուիզան չեն ամուսնացել և բնակվում են իրար հետ։ Դատարանի այն հարցին, թե ինչ ի նկատի ունի վկան «բարձրախոս» ասելով, վկան հայտնել է, որ խոսքը տեսազանգի բարձրախոսի մասին է. 12) Դատարանում Անահիտ Կարապետյանը, որպես վկա ցուցմունք տալով, հայտնել է, որ Գևորգ և Մանուկ Սիմոնյաններն իր մորաքրոջ որդիներն են, իսկ Լուիզա Աբրահամյանը և նրա եղբայրը՝ իր մորեղբոր զավակներն են, բայց նրա հետ ընդհանրապես կապ չի ունեցել։ Պատասխանելով պատասխանողների ներկայացուցչի այն հարցին, թե արդյո՞ք Արամայիս Աբրահամյանի մահվան մասին տեղեկացել է Լուիզա Աբրահամյանը, ե՞րբ, ի՞նչ միջոցով և ի՞նչ պայմաններում է դա տեղի ունեցել, վկան հայտնել է, որ նրանք տեղյակ են եղել։ Իրենք տեղեկացրել են Արթուրին և՛ հիվանդանոց տեղափոխելու, և՛ մահվան մասին։ Մահվան օրը մորեղբոր տնից նորից զանգահարել են Արթուրին և ասել, որ Արամայիսը մահացել է։ Կրկին Արթուրը ասել է, որ չի կարող գալ։ Նույնը եղել է նաև հոգեհանգստի օրը։ Թաղման արարողության ժամանակ Արթուրը զանգահարել է իր քրոջը։ Քույրը ասել է, որ Արթուրի հետ է խոսում, իսկ ինքը ասել է, որ Արթուրին էլ ասելիք չկա, թե ինչ է՝ նա չի հավատում, որ հայրը մահացել է։ Վկան նաև հայտնել է, որ Արթուրի հետ խոսելու ժամանակ ինքը չի տեսել, սակայն Գևորգ և Մանուկ Սիմոնյանները տեսել են, որ Լուիզան և մայրը Արթուրի հետևից անցել են, և հնարավոր չէ, որ տեղյակ չլինեին։ Եթե անցել են, ուրեմն լսել են խոսակցությունը։ Հայտնել է, որ ինքը Արամայիս Աբրահամյանի մահվան օրը իր եղբայրների և քույրերի հետ եղել է մորեղբոր տանը։ Այդ ժամանակ Մանուկ Սիմոնյանը տեսազանգով զանգահարել է Արթուր Աբրահամյանին՝ հոր մահվան մասին հայտնելու համար։ Արթուրի հետ զրուցել են Գայանեն և Մանուկը։ Նրանք հայտնել են նրան հոր մահվան մասին, ինչին ի պատասխան՝ Արթուրը նշել է, որ չի գալու։ Վկան նաև նշել է, որ ինքը կոնկրետ չի տեսել, որ Լուիզան և մայրը անցել են, չի հիշում կոնկրետ՝ ով, բայց ասել է, որ Լուիզան և մայրը անցան Արթուրի հետևով։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե վկան ճանաչում է հայցվորին, և եթե տեսնի նրան՝ կճանաչի, վկան տվել է բացասական պատասխան և նշել, որ բոլորովին չի ճանաչում։ Նշել է նաև, որ Լուիզա Աբրահամյանին ևս չի ճանաչի, ինչպես նաև չի ճանաչի հայցվորի ձայնը։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե այդ խոսակցության ժամանակ որևէ բան քննարկվել է Լուիզա Աբրահամյանի, նրա մոր կամ եղբոր կողմից, որևէ արտահայտություն կամ որևէ այլ բան քննարկվել է, կամ ինքը լսել է նման բան, վկան տվել է բացասական պատասխան։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե արդյո՞ք ինքը Լուիզա Աբրահամյանին տեղեկացրել է հոր մահվան մասին, վկան տվել է բացասական պատասխան։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե արդյո՞ք ինքը, իր քույրերը, եղբայրը կամ մայրը որևէ միջոց են ձեռնարկել հայցվորին կամ նրա մայրիկին այդ մասին տեղեկացնելու համար, կամ նրանց ՀՀ-ում տեսել են, վկան նշել է, որ իր տեղեկություններով՝ իր հարազատներից որևէ մեկը կոնկրետ Լուիզա Աբրահամյանին հոր մահվան մասին տեղեկացրել է կամ քայլեր է ձեռնարկել դա անելու ուղղությամբ։ Վկան տվել է բացասական պատասխան՝ նշելով, որ ոչ Լուիզայի հետ չեն խոսել, այլ Արթուրի հետ։ Ինքը ենթադրում է, որ եթե Արթուրի հետևով անցել է Լուիզան, ուրեմն իմացել է։ Սակայն ինքը կրկին պնդել է, որ անձամբ չի տեսել, որ նա անցել է, այլ լսել է, որ ներկաները ասել են՝ Լուիզան անցավ Արթուրի հետևից։ Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի այն հարցին, թե ինչի հիման վրա է ինքը նշում, որ դա Լուիզայի ձայնն է եղել, արդյո՞ք ինքը ունի հստակ տեղեկություն հայցվորի և իր եղբոր համատեղ բնակվելու կամ ընդհանրապես նրանց բնակության վայրի վերաբերյալ, վկան հայտնել է, որ նրանց բնակության վայրի կամ համատեղ բնակվելու վերաբերյալ ընդհանրապես տեղեկություն չունի։ Հայցվորի տեղյակ լինելու վերաբերյալ իր համոզմունքը սահմանափակվում է նրանով, որ Լուիզա Աբրահամյանը խոսակցության ժամանակ անցել է Արթուր Աբրահամյանի հետևով, հետևաբար՝ ինքը ևս տեղյակ է եղել հոր մահվան մասին։ Վկայի մոտ Լուիզա Աբրահամյանի՝ հոր մահվան մասին տեղեկանալու համոզմունքը ձևավորվել է խոսակցության ժամանակ Արթուր Աբրահամյանի հետևի մասով Լուիզա Աբրահամյանի անցնելու հանգամանքով։ Պատասխանելով դատարանի հարցին, թե արդյո՞ք Արթուր Աբրահամյանի հետ տեսազանգի միջոցով խոսակցության մասնակիցներից ո՞վ է անձամբ կամ արտաքնապես ճանաչել Լուիզա Աբրահամյանին կամ նրա ձայնը, վկան հայտնել է, որ եթե անգամ ինքը հայցվորին դեմքով չի ճանաչում, ձայնը չի հիշում, ապա մնացած ներկաներից ոչ մեկն էլ չէր իմանա, քանի որ իրենք փոքր հասակից Լուիզա Աբրահամյանին չեն տեսել։ Նրանք փոքր են եղել, երբ գնացել են Լեհաստան։ 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ժառանգության բացման մասին տեղյակ չլինելու հիմքով ժառանգության ընդունման ժամկետի բացթողնումը հարգելի համարելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, (...): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն՝ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն՝ երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1218-րդ հոդվածի համաձայն՝ երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1219-րդ հոդվածի համաձայն՝ չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավանորմից ակնհայտ է դառնում, որ օրենսդիրն իրավական կարգավորման տիրույթ է ներառում քաղաքացիական իրավունքի այն սուբյեկտներին, որոնք ժառանգական իրավահարաբերությունում ունեն ժառանգի կարգավիճակ: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը վերաբերում է այն անձանց, որոնք օրենսդրի կողմից որակվում են որպես ժառանգներ: Այդ առումով գործնական կարևորություն ունի այն հարցի պարզումը, թե օրենսդիրը որ դեպքերում և պայմաններում է անձին որակում ժառանգ (տե՛ս Էդուարդ Մանասյանի դիմումի ԼԴ/0019/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը միաժամանակ նախատեսել է օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում ժառանգությունն ընդունելու հնարավորություն: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր (տե՛ս Արմեն Հարությունյանն ընդդեմ Հակոբ, Լուսինե, Լիանա, Լիլիթ Հարությունյանների, Նինել Խաչատրյանի ԵԷԴ/1431/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը): Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ ժառանգությունն ընդունելու եղանակներից է նաև ժառանգության բացման վայրի նոտարին դիմում ներկայացնելը։ Ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի, ինչը ենթադրում է վերջինիս կողմից ակտիվ վարքագծի դրսևորում։ Մասնավորապես՝ ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում ժառանգությունն ընդունելուն հավակնող սուբյեկտը պետք է դիմում ներկայացնի ժառանգության բացման վայրի նոտարին։ Միաժամանակ օրենսդիրը, անդրադառնալով ժառանգության ընդունման ժամկետի բացթողնման դեպքերին, սահմանել է, որ անձի կողմից ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժառանգի կողմից ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է ՝ - եթե ժառանգն ապացուցում է, որ նա տեղյակ չէր և պարտավոր չէր իմանալու ժառանգության բացման մասին, այսինքն՝ ժառանգատուի մահվան օրվա մասին, և - եթե ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու պահանջով ժառանգը դատարան է դիմել այդ ժամկետը բաց թողնելու պատճառը վերանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Ընդ որում, միաժամանակ միայն նշված պայմանների առկայության դեպքում է օրենսդիրն իրավունք վերապահել դատարաններին հարգելի ճանաչել ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը և անվավեր ճանաչել նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը (տե՛ս ըստ Լիլիթ և Կարինե Ղազանչյանների, երրորդ անձ Փարավոն Ղազանչյանի դիմումի թիվ ԵԱՔԴ/2478/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2010 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ժառանգի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով օրենսդիրը ժառանգի համար չի նախատեսել այդ կարգավիճակի ձեռք բերման որևէ գործընթաց: Անձը ժառանգ է դառնում անկախ որևէ գործողություն կատարելու հանգամանքից, օրենքի հիման վրա, ժառանգության բացման փաստի ուժով, երբ ժառանգատուն իր գույքը կամ դրա մի մասը, կտակի միակողմանի գործարքի ուժով, ժառանգում է վերջինիս, իսկ դրա բացակայության դեպքում, ժառանգի կարգավիճակ են ձեռք բերում ժառանգատուի ազգականները` ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականության: Փաստորեն, ըստ օրենքի ժառանգման դեպքում օրենսդիրը ժառանգատու-ժառանգ հարաբերության հիմքում դրել է նրանց միջև գոյություն ունեցող ազգակցական կապը: Դրան համապատասխան, ըստ օրենքի ժառանգման հրավիրված անձի համար, ժառանգության բացված լինելու փաստին տեղյակ լինելու դեպքում, օբյեկտիվ հնարավորություն է ստեղծվում իրազեկվել ժառանգի կարգավիճակ ձեռք բերած լինելու մասին և դրան համապատասխան իրացնելու ժառանգի համար օրենքով նախատեսված իր սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները, այլ կերպ ասած՝ ներառվելու ժառանգության ընդունման կամ ժառանգությունից հրաժարվելու գործընթացներին (տե՛ս Մանուշ Մկրտչյանն ընդդեմ Տիգրան Խառատյանի, Սուսաննա և Անահիտ Զոհրանյանների, և ըստ հակընդդեմ հայցի Տիգրան Խառատյանն ընդդեմ Մանուշ Մկրտչյանի թիվ ԼԴ/0462/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.01.2022 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադարձել է նաև ժառանգության ընդունման համար նախատեսված ժամկետի բացթողման հարգելի պատճառներին և նշել, որ ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառը պետք է հիմնավոր լինի: Այն կարող է դատարանի կողմից հարգելի ճանաչվել, եթե ժառանգության բացման, կտակի առկայության մասին ժառանգը տեղյակ չի եղել, կամ ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել այլ հարգելի պատճառներով (ժառանգի անչափահաս լինելը, ժառանգի ծանր հիվանդությունը, նրա անօգնական վիճակում գտնվելը, անգրագիտությունը, իրավաբանական գործողություններ կատարելու հնարավորությունը բացառող կամ սահմանափակող պայմաններում երկարատև գործուղման մեջ գտնվելը և այլն) (տե՛ս Սամսոն Շահվերդյանն ընդդեմ Զոյա Գրիգորյանի, Մարգարիտա և Սոննա Շահվերդյանների թիվ 3-1345 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի, և ըստ հակընդդեմ հայցի Նվեր Մկրտչյանն ընդդեմ Ռուզաննա Թորոսյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի կողմից իր ներքին համոզմունքի հիման վրա ապացույցների գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ևբավարարության տեսանկյունից, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքված լինելու, ինչպես նաև վիճելի լինելու հարցը: Գործի քննության ընթացքում գործով ներկայացված ապացույցները դատարանի կողմից ենթակա են հետազոտման դրանց առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու, դրանց միջև հակասությունների վեր հանման և ապացույցների ամբողջական համակարգ ստեղծելու միջոցով (տե՛ս Աննա Պողոսյանն ընդդեմ Գևորգ և Մխիթար Սարգսյանների, Ալվարդ Սաֆարյանի, երրորդ անձինք Անուշ և Մարինե Պողոսյանների, և ըստ հակընդդեմ հայցի Գևորգ Սարգսյանն ընդդեմ Աննա Պողոսյանի թիվ ԱՐԱԴ/2261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը)։ Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռք բերված) բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ և բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում։ Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որևէ կերպ չպետք է շահագրգռված լինի գործի ելքով և անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում` ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը և զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց։ Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի, և ըստ հակընդդեմ հայցի Կարինե Վարդազարյանն ընդդեմ Արման Վարդազարյանի, երրորդ անձ Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն գործի փաստերի համաձայն՝ 05.04.1980 թվականին տրված թիվ 308704 ծննդյան վկայականի պատճենի համաձայն՝ Լուիզա Արամայիսի Աբրահամյանը ծնվել է 27.03.1980 թվականին, հայրը՝ Արամայիս Սուքիասի Աբրահամյան, մայրը՝ Անահիտ Բաբկենի Վիրաբյան։ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի կողմից 21.03.2023 թվականին տրված թիվ ԱԲ202471 մահվան վկայականի պատճենի համաձայն՝ Արամայիս Սուքիասի Աբրահամյանը մահացել է 28.10.2014 թվականին։ «Երևան» նոտարական տարածքի նոտար Ատոմ Հայրապետյանի կողմից 24.06.2019 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի պատճենի համաձայն՝ Արամայիս Սուքիասի Աբրահամյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Լենա Սուքիասի Աբրահամյանը, ժառանգական գույքը, որի համար տրված է նույն վկայագիրը բաղկացած է **** տնից։ Երևան նոտարական տարածքի նոտար Արմեն Առաքելյանի կողմից 14.03.2023 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի պատճենի համաձայն՝ Լենա Սուքիասի Աբրահամյանի (մահացած՝ 28.11.2020 թվականին) գույքի ժառանգ է հանդիսանում Գևորգ Դերենիկի Սիմոնյանը, ժառանգական գույքը, որի համար տրված է նույն վկայագիրը, բաղկացած է ***** հասցեում գտնվող բնակարանի 1/4-րդ մասից և ****** հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասից։ Երևան նոտարական տարածքի նոտար Արմեն Սամվելի Առաքելյանի կողմից 14.03.2023 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի պատճենի համաձայն՝ Լենա Սուքիասի Աբրահամյանի (մահացած՝ 28.11.2020 թվականին) գույքի ժառանգ է հանդիսանում Մանուկ Դերենիկի Սիմոնյանը, ժառանգական գույքը, որի համար տրված է նույն վկայագիրը, բաղկացած է ***** հասցեում գտնվող բնակարանի 1/4-րդ մասից և ***** հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասից։ Անահիտ Վիրաբյանը իր կողմից 22.04.2024 թվականին ստորագրված «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն՝ հայտնել է, որ. «(…) երկու անգամ եմ եղել Հայաստանում և Արամայիս Աբրահամյանի մահվան մասին շատ պատահական տեղեկացել եմ 2023 թվականի փետրվարին՝ Հայաստանում։ Այդ լուրը դստերս՝ Լուիզա Աբրահամյանին հայտնել եմ Լեհաստան վերադառնալուց հետո»։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 30.09.2023 թվականի թիվ 2/5/3-935 գրության պատճենի համաձայն՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Լուիզա Անդրանիկի Աբրահամյանը, ծնված 27.03.1980 թվականին, ՀՀ պետական սահմանը 01.01.2013-28.09.2023 թվականներն ընկած ժամանակահատվածում հատել է հետևյալ օրերին՝ մուտք՝ 11.07.2018 թվականին, ելք՝ 27.07.2018 թվականին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 27.11.2023 թվականի թիվ 2/5/3-1113 գրության պատճենի համաձայն՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Անահիտ Բաբկենի Վիրաբյանը, ծնված 25.08.1949 թվականին, ՀՀ պետական սահմանը 01.01.2013-23.11.2023 թվականներն ընկած ժամանակահատվածում հատել է հետևյալ օրերին՝ մուտք՝ 11.07.2018 թվականին, ելք՝ 27.07.2018 թվականին, մուտք՝ 13.02.2023 թվականին, ելք՝ 21.02.2023 թվականին։ Դատարանը, պատճառաբանելով, որ - «(…) հայցվորի կողմից ներկայացված՝ իր հոր մահվանից հետո մնացած ժառանգության ընդունման օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառները չեն կարող հարգելի ճանաչվել, քանի որ դրանք սուբյեկտիվ պատճառներ են։ Մասնավորապես, ինչպես արդեն նշվել է, հայցվորն իր հանգուցյալ հոր՝ Արամայիս Աբրահամյանի մահվան մասին տեղյակ չլինելու և դրա մասին իմանալ պարտավոր չլինելու պատճառ է նշել իր ու հոր միջև հարաբերությունների բացակայությունն և իր՝ Լեհաստանի Հանրապետությունում գտնվելը, մինչդեռ Դատարանն արձանագրում է, որ արյունակցական կապի հիման վրա ծնող-ժառանգատուի և զավակ-ժառանգների միջև գոյություն ունեցող հարաբերությունների բովանդակությունն ոչ միայն ենթադրում է ժառանգատուի ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգների կողմից այն ընդունելու հնարավորություն, այլ նաև` ժառանգների կողմից ժառանգատուի հանդեպ առնվազն որոշակի ուշադրության դրսևորելու պարտականություն։ Այս եզրահանգումը Դատարանը, ի թիվս այլնի, պայմանավորում է նրա հետ, որ ընտանեկան հարաբերությունները, որոնք, ի թիվս այլնի, առաջանում են նաև անձանց ազգակցական կապերի հիման վրա, ելնում են նաև ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի վրա կառուցելու, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության անհրաժեշտությունից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մաս: Այսինքն, արյունակցական կապի հիման վրա գոյություն ունեցող ընտանեկան հարաբերություններում զավակ-ժառանգներն ըստ էության կրում են ծնող-ժառանգատուի հետ մշտական կապի մեջ գտնվելու, առնվազն նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու պարտականություն», - «Նման պայմաններում Դատարանի գնահատմամբ հայցվորի ու Արամայիս Սուքիասի Աբրահամյանի միջև հարաբերությունների բացակայության հանգամանքի վկայակոչումը չի կարող բավարար լինել արձանագրելու, որ հայցվորն իր հոր ժառանգության ընդունման համար նախատեսված ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ՝ օբյեկտիվ պատճառներով։ Այդպիսի հիմք չի կարող հանդիսանալ նաև հայցվորի՝ արտերկրում գտնվելու հանգամանքը», - «Այս առումով պետք է նշել, որ նշված երկու պատճառներն էլ պայմանավորված են հայցվորի կամքով, այսինքն՝ հայցվորը չի վկայակոչել և նաև չի հիմնավորել այնպիսի հանգամանքներ, որոնք կվերաբերեին հայցվորի կողմից իր հոր հետ հարաբերությունները պահպանելու, դրա շրջանակներում որպես հոր զավակ նրա հետ կապի մեջ գտնվելու, առնվազն նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու հնարավորություններից փաստացի զրկված լինելուն կամ այլ հարգելի պատճառներին (հայցվորի անչափահաս լինելը, հայցվորի ծանր հիվանդությունը, նրա անօգնական վիճակում գտնվելը, անգրագիտությունը, իրավաբանական գործողություններ կատարելու հնարավորությունը բացառող կամ սահմանափակող պայմաններում երկարատև գործուղման մեջ գտնվելը և այլն», - «Ընդ որում, պետք է նշել, որ գործում առկա չէ այլ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որի հետազոտման և գնահատման հիման վրա հնարավոր կլինի որոշակի և վերջնական եզրահանգում կատարել որոնվող փաստի գոյության մասին։ Ստացվում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող և հայցվորի կողմից ապացուցման ենթակա այս փաստն ևս գործի քննության արդյունքում չի հաստատվում, հետևապես գործի քննության արդյունքներով վիճելի մնացած այս փաստն ևս պետք է համարվի հերքված», 07.11.2024 թվականի վճռով հայցը մերժել է։ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ - «(…) գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Հայցվորը բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, վերջինս պնդել է, և գործում առկա վկաների ցուցմունքներով հավաստվել է, որ Հայցվորը շփում չի ունեցել հանգուցյալ Արամայիս Աբրահամյանի և նրա բարեկամների հետ, որպիսի պայմաններում հաստատվում է որ Հայցվորը չի իմացել և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին, ուստի հաստատվում է նաև Հայցվորի կողմից իր հոր ժառանգության ընդունման համար նախատեսված ժամկետն իր կամքից անկախ՝ օբյեկտիվ պատճառներով բաց թողնված լինելու փաստը, իսկ հակառակի վերաբերյալ Դատարանի մեկնաբանություններն անհիմն են, չեն կարող վերաբերելի համարվել քննարկվող խնդրի իրավական լուծմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանգուցյալ Արամայիս Աբրահամյանի կողմից Հայցվորին ժառանգությունից զրկած լինելու վերաբերյալ ապացույցները բացակայում են», - «Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է նաև այն հանգամանքը, որ Հայցվորը, 2023 թվականի փետրվարին իմանալով ժառանգության բացման մասին, նույն թվականի հուլիսին հայցադիմում է ներկայացրել Դատարան ՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, որպիսի հանգամանքը հիմք է հանդիսանում եզրակացնելու, որ Հայցվորը Դատարան է դիմել ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո վեցամսյա ժամկետի ընթացքում», - «Վերոգրյալը հիմք ընդունելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցը մերժելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ, քանի որ սույն գործում առկա ապացույցները, գործի քննությամբ հաստատված, ինչպես նաև վերը շարադրված փաստական հանգամանքները բավարար են Հայցվորի կողմից իր հանգուցյալ հորը` Արամայիս Սուքիասի Աբրահամյանին պատկանող ժառանգական գույքն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու, նրան Արամայիս Աբրահամյանին պատկանող ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու համար», 27.06.2025 թվականի որոշմամբ ամբողջությամբ բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը՝ բավարարելով Լուիզա Աբրահամյանի հայցն ընդդեմ Գևորգ և Մանուկ Սիմոնյանների, «Երևան» նոտարական տարածքի նոտարներ Ատոմ Հայրապետյանի և Արմեն Առաքելյանի՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու ժամկետը հարգելի համարելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որի հետազոտման և գնահատման հիման վրա հնարավոր կլինի որոշակի և վերջնական եզրահանգում կատարել, թե հայցվորը երբ է իմացել հոր մահվան մասին։ Մասնավորապես, հայցվորը հայցադիմումում նշել է, որ հոր մահվան մասին տեղեկություն ստացել է մորից` Անահիտ Վիրաբյանից, 2023 թվականի փետրվար ամսին, որպիսի եզրահանգման է եկել նաև Վերաքննիչ դատարանը՝ հիմք ընդունելով Անահիտ Վիրաբյանի կողմից Հայտարարություն վերտառությամբ տրված փաստաթուղթը։ Մինչդեռ 22.04.2024 թվականին կազմված վերոնշյալ հայտարարությունը չի պարունակում այնպիսի տեղեկություններ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ առնվազն պարզել, թե ո՞վ է իրազեկել հայցվորի մորը՝ Արամայիս Աբրահամյանի մահվան մասին։ Վերը նշված հայտարարությունը չի կարող բավարար ապացույց համարվել հայցվորի կողմից վկայակոչած փաստը հաստատված համարելու համար, քանի որ Լուիզա Աբրահամյանն ինքը 27.07.2018 թվականին եղել է Հայաստանում, սակայն ըստ նրա, չի տեղեկացել հոր մահվան մասին և միայն հոր մահից շուրջ 8 տարի անց է մորից իմացել, որ Արամայիս Աբրահամյանը մահացել է դեռևս 28.10.2014 թվականին։ Նշված ապացույցները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հնարավորություն չեն տալիս հայցվորի կողմից վկայակոչված փաստերի վերաբերյալ միանշանակ եզրահանգումներ կատարել, որպիսիք կատարվել են Վերաքննիչ դատարանի կողմից։ Միևնույն ժամանակ Արամայիս Աբրահամյանի մահվան մասին հայցվորի կողմից միայն 2023 թվականի փետրվարին տեղեկանալու փաստը հաստատված չլինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի կանոններով հնարավոր չէ հաստատված համարել ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո վեցամսյա ժամկետի ընթացքում հայցվորի կողմից հայց ներկայացված լինելու փաստը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համատեքստում օրենսդրի կողմից «ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ» տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմի բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածում կիրառվող՝ «ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ» արտահայտությունը կրում է այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, ժառանգը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար ժառանգատուի մահվան մասին։ Տվյալ դեպքում, հայցվորի հոր հետ շփում չունենալու և իր՝ Լեհաստանի Հանրապետությունում բնակվելու հանգամանքը նրա անտեղյակությունը հիմնավորող ապացույց համարվել չի կարող, քանի որ վերջինս եղել է ոչ թե պարզապես երրորդ անձ, ով կարող էր չիմանալ Արամայիս Աբրահամյանի մահացած լինելու մասին, այլ՝ Արամայիս Աբրահամյանի հարազատ դուստրը, ով դեռևս 2018 թվականին այցելելով Հայաստան՝ առնվազն կարող էր հետաքրքրվել հոր կենդանության մասին, հաշվի առնելով զավակների կողմից իրենց ծնողների հանդեպ Սահմանադրության 36-րդ հոդվածով ամրագրված պարտականությունը, հետևաբար և կարող էր տեղեկանալ ժառանգության բացման մասին։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ համարվել չեն կարող։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3 րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7 րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և ամբողջությամբ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատարանի 07.11.2024 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։ Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով: 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան: Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի 40-ապատիկի չափով։ Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարվում է՝ Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի դատական ակտը բեկանվում է և օրինական ուժ է տրվում Դատարանի 07.11.2024 թվականի վճռին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․ Դատարանի 07.11.2024 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում Լուիզա Աբրահամյանի կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում, դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասերով պետք է համարել լուծված: Միաժամանակ նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Գևորգ և Մանուկ Սիմոնյանները վճարել են 40.000 ՀՀ դրամ, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարվում է, և օրինական ուժ է տրվում Դատարանի 07.11.2024 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լուիզա Աբրահամյանից հօգուտ Գևորգ և Մանուկ Սիմոնյանների ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված չափով նախապես վճարված պետական տուրքի գումար։ Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.11.2024 թվականի վճռին: 2. Լուիզա Աբրահամյանից հօգուտ Գևորգ և Մանուկ Սիմոնյանների բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։ Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ