Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քաղ. միջանկյալ

ՇԴ1/0945/02/22

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ՇԴ1/0945/02/22
Հայցվոր
Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան
Պատասխանող
Ֆելիքս Հարությունյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
23.09.2026
Քաղաքացիական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0945/02/22 դատարանի որոշում 2026թ. Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0945/02/22 Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան Դատավորներ՝ Ն. Մարգարյան Դ. Սերոբյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնքապետարան) հայցի ընդդեմ Ֆելիքս Հարությունյանի՝ վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Համայնքապետարանի բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Համայնքապետարանը պահանջել է Ֆելիքս Հարությունյանից բռնագանձել 2.487.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.12.2025 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.02.2026 թվականի որոշմամբ Համայնքապետարանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքապետարանը (ներկայացուցիչ Արտակ Մովսիսյան): Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ ու 22-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասը հնարավոր չի եղել բռնագանձել, քանի որ վարույթը կարճվել է վաղեմության ժամկետն անցնելու՝ ոչ արդարացնող հիմքով, ուստի ինքը դիմել է դատարան նշված վնասը քաղաքացիական դատավարության կարգով փոխհատուցելու հայցով, հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով անձին պետական տուրքի վճարումից ազատելու արտոնության կիրառման ընթացակարգին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (...): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները՝ քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (...): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, (...) կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտը իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքին և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1 ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Khalfaoui v. France գործով (թիվ 34791/97 գանգատ) Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, 36-րդ կետ): Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս Airey v. Ireland գործով (թիվ 6289/73 գանգատ) Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, 26-րդ կետ): Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր և արձանագրել է, որ՝ - վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն, - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, - դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը, - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները): ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ բողոք ներկայացնող անձանց համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքին սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը կցելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է պետական տուրք վճարողների՝ պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա օրենքով դրված՝ պետական տուրքը ճիշտ հաշվարկված և ժամանակին վճարված լինելու փաստն ստուգելու պարտականության պատշաճ կատարումն ապահովելուն (տե՛ս Մհեր Դերձյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/11182/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.03.2024 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է նաև, որ օրենսդիրը, ելնելով դատական պաշտպանության իրավունքի մատչելիության սկզբունքից, առանձին հոդվածներով սահմանել է պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները: Այլ կերպ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը ոչ միայն սահմանում է պետական տուրքի գանձման օբյեկտները, դատարաններում պետական տուրքի վճարման դրույքաչափերը, այլ նաև հստակեցնում է դատարաններում պետական տուրքի գծով կիրառվող արտոնությունները, որոնք ուղղված են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը (տե՛ս Հասմիկ Զատիկյանն ընդդեմ Պետրոս Սարգսյանի և Մարիաննա Սարգսյանի ու Մարիաննա Սարգսյանը և Պետրոս Սարգսյանն ընդդեմ Հասմիկ Զատիկյանի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.08.2020 թվականի որոշումը): Սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից անձն ազատվում է օրենքի ուժով, որով բացառվում է այդ պարտականությունից անձին ազատելու հայեցողական մոտեցումը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը): «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում անձն ազատված է պետական տուրքի վճարումից օրենքի ուժով, հետևաբար պետական տուրքի գծով արտոնության կիրառումը չի կարող թողնվել դատարանի հայեցողությանը: Ըստ այդմ էլ, բոլոր այն դեպքերում, երբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկով անձն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, անձի կողմից չպետք է ներկայացվի պետական տուրքի գծով արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատում կիրառելու վերաբերյալ միջնորդություն, քանի որ դրա ներկայացումը վերը նշված պատճառաբանությամբ արդեն իսկ առարկայազուրկ է (տե՛ս Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանն ընդդեմ Սոնա Հայրապետյանի, Արթուր Հովսեփյանի և մյուսների թիվ ԵԴ/30236/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.11.2021 թվականի որոշումը): Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նաև հանցագործությամբ պատճառված բարոյական վնասի հատուցման հայցապահանջով անձին պետական տուրքի վճարումից ազատելու իրավական խնդրին և փաստելով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, արձանագրել է նաև, որ օրենսդիրը, որպես պետական տուրքի վճարման արտոնություն, այն է՝ պետական տուրքի վճարումից ազատելու նախապայման, ի թիվս այլնի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով առանձնացրել է նաև այն հայցվորներին, որոնց հանցագործությամբ վնաս է պատճառվել: Ընդ որում, վերը նշված հիմքով պետական տուրքի վճարումից ենթակա են ազատման ինչպես քաղաքացիական դատավարության կարգով, այնպես էլ քրեական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացրած անձինք, եթե հանցագործության հետևանքով կրել են վնասներ: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 րդ հոդվածով սահմանված արտոնությունների սահմանումն օրենսդրի կողմից պայմանավորված է այն ընդհանուր օրինաչափությամբ, համաձայն որի` հատկապես հաշվի են առնվում նման արտոնություն տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են, ի թիվս այլնի, հանցագործության հետևանքով վնաս կրած անձանց փոխհատուցում ստանալու իրավունքը: Այսինքն` օրենսդիրը կարևորել է հանցագործություններից տուժողների գույքային իրավունքների պաշտպանությունը, այդ իրավունքի լիարժեք իրականացումը պայմանավորելով անձի սահմանադրորեն և միջազգային պայմանագրերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման հետ, ինչն իր հերթին պահանջում է բավարար դատավարական երաշխիքներ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվորին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարումից ազատելը հանդիսանում է երաշխիք տուժողի` քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի իրացման համար: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն պարագայում, երբ օրենսդիրը իրավունք է վերապահել տուժողին կամ նրա իրավահաջորդին օրենքով սահմանված կարգով ստանալ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի (նյութական և ոչ նյութական վնաս) փոխհատուցում, ապա նշված իրավունքի իրացման համար անհրաժեշտ է տրամադրել նաև երաշխիք, այսինքն` անհրաժեշտ է, որ հայցվորները դատարան դիմելիս ազատվեն հանցագործության հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարումից, այսպիսով` անհրաժեշտ է տրամադրել իրավական երաշխիքներ` տվյալ դեպքում պետական տուրքի վճարումից ազատելու եղանակով, քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի իրացման համար (տե՛ս Հակոբ Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս` ՀՀ կառավարության, «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Անահիտ Պետրոսյանի թիվ ԱՐԴ/3937/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հայցապահանջով անձին պետական տուրքի վճարումից ազատելու արտոնության կիրառման ընթացակարգին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ եթե ներկայացվել է հայցադիմում, որի հիմքը հանցագործությամբ պատճառված վնասն է, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու պահին պարտավոր է ստուգել միայն հայցադիմումի՝ օրենքով սահմանված ձևին և բովանդակությանը համապատասխանելը՝ առանց արձանագրելու, թե արդյոք առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, թե՝ ոչ, նկատի ունենալով, որ հայցադիմումը վարույթ ընդունելու պահին հայցի ըստ էության քննություն դատարանը չի կարող իրականացնել: Այսինքն՝ վարույթ ընդունելով նման հայցադիմումը՝ դատարանը ոչ թե արդեն իսկ արձանագրում է, որ առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, որի արդյունքում էլ կիրառում է սահմանված արտոնությունը, այլ միայն արձանագրում է, որ ներկայացված է հանցագործությամբ պատճառված վնասի հիմքով հայցադիմում՝ վնասի հատուցման պահանջով, որպիսի պահանջների համար հայցվորն ազատված է պետական տուրքից (տե՛ս Սմբատ Բադալյանն ընդդեմ Սիսակ Սարգսյանի թիվ ԱՐԱԴ/2085/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը): Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ Սույն գործի դատավարական փաստերի համաձայն՝ Համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ֆելիքս Հարությունյանի՝ վնասը հատուցելու պահանջի մասին: Որպես հայցի փաստական հիմնավորում Համայնքապետարանը հայտնել է նաև, որ թիվ 34100616 քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ֆելիքս Հարությունյանը, 2007 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատելով Շիրակի մարզի Կարմրավան համայնքի ղեկավարի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, իրեն վստահված ուրիշի՝ Շիրակի մարզի Կարմրավան համայնքի բյուջեից յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ ընդհանուր 2.487.000 ՀՀ դրամի չափով գումար: Նշված արարքները կատարելու համար Ֆելիքս Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Քրեական գործով նախաքննության ընթացքում Ֆելիքս Հարությունյանը չի առարկել իր նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող՝ հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու դեմ։ Թիվ 34100616 քրեական գործով 21.03.2022 թվականին որոշում է կայացվել վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ Որպես հայցի իրավական հիմք վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները՝ Համայնքապետարանը պահանջել է Ֆելիքս Հարությունյանից բռնագանձել 2.487.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում: Ի թիվս այլնի, Համայնքապետարանը հայցադիմումին կից Դատարան է ներկայացրել Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի 21.03.2022 թվականի «Քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը: Դատարանի 22.12.2025 թվականի վճռով հայցը մերժվել է: Համայնքապետարանը վճիռը բողոքարկել է վերաքննության կարգով, վերաքննիչ բողոքին պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց չի կցել, միաժամանակ վերաքննիչ բողոքում նշել է հետևյալը. «հայցվորն ազատված է պետական տուրքի վճարման պարտականությունից՝ համաձայն՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1 ին մասի 5-րդ կետի» (հատոր 5-րդ, գ.թ. 8-14): Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ա» ենթակետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ու պատճառաբանելով, որ «սույն գործի շրջանակներում բողոքաբերը որպես պատճառված վնասի հատուցման գումար պահանջել է 2.487.000 ՀՀ դրամ: (...) վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարվելիք պետական տուրքի ընդհանուր գումարը կազմում է 99.480 դրամ (2.487.000 *4%=99.480 դրամ): Մինչդեռ բողոքաբերի կողմից այն չի վճարվել և միջնորդություն չի ներկայացվել պետական տուրքի վճարման հետ կապված արտոնություններ կիրառելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պետական տուրքի վճարման արտոնություններ կիրառելու միջնորդություն ներկայացնելու դեպքում այն պետք է հիմնավորել գույքային և ֆինանսական դրության վերաբերյալ համապատասխան ապացույցներով, ինչի պարագայում միայն միջնորդությունը կարող է բավարարվել», վերաքննիչ բողոքը վերադարձրել է: Վերը նշված իրավական դիրքորոշումների և փաստերի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն քաղաքացիական գործով Համայնքապետարանը ներկայացրել է հայցադիմում՝ պահանջելով հանցագործության հետևանքով իրեն պատճառված նյութական վնասի փոխհատուցում, որպիսի հայցապահանջով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարված չլինելը, ինչպես նաև պետական տուրքի գծով միջնորդության առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունեն վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցի լուծման համար, քանի որ Համայնքապետարանը սույն գործով չի կրում պետական տուրք վճարելու պարտականություն՝ օրենքի ուժով այդ պարտականությունից ազատված լինելու հիմքով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին անհարկի ծանրաբեռնել է չարդարացված, օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտականությամբ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում բացակայել է վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերադարձնելու իրավական հիմքը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասում նշված լիազորության կիրառմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար: Նշված որոշումը վերացվելու դեպքում Համայնքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ