Վճռաբեկ դատարան · Վարչ. միջանկյալ
ՎԴ/2651/05/26
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՎԴ/2651/05/26
- Հայցվոր
- «Շանտան» ՍՊԸ
- Պատասխանող
- Երևանի քաղաքապետարան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 22.09.2026
- Վարչական գործերով միջանկյալ գործեր
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2651/05/26
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2651/05/26
Նախագահող դատավոր Ռ. Մախմուդյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ
Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ
Ք․ ՄԿՈՅԱՆ
2026 թվականի սեպտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15․05․2026 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Շանտան» ՍՊԸ-ի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 29․01․2026 թվականի թիվ 462-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ «Շանտան» ՍՊԸ-ն պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29․01․2026 թվականի թիվ 462-Ա որոշումը։ Միաժամանակ ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 27.02.2026 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետի 29․01․2026 թվականի թիվ 462-Ա որոշման կատարումը կասեցվել է մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15․05․2026 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացրած բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Անի Մարտիրոսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64.3-րդ և 64.5-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64.3-րդ և 64.5-րդ հոդվածներով նախատեսված «հասանելիություն» և «Համակարգն օգտագործող անձ» հասկացությունները՝ դրանց տալով բացառապես ձևական և տեխնիկական բովանդակություն։
Վերաքննիչ դատարանը փաստացի նույնացրել է Համակարգում դատական ակտի տեխնիկական հրապարակման փաստն անձի պատշաճ իրազեկվածության և դատական ակտին փաստացի հասանելիության հետ, մինչդեռ նման մոտեցումը չի բխում ո՛չ օրենքի բովանդակությունից, ո՛չ էլ էլեկտրոնային համակարգի գործարկման տրամաբանությունից։
Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե արդյոք բողոքարկվող դատական ակտը փաստացի հասանելի է եղել ներբեռնման և դիտման համար՝ սահմանափակվելով միայն այն փաստի արձանագրմամբ, որ դատական ակտը հրապարակվել է Համակարգում, մինչդեռ «Համակարգում հրապարակված» և «հասանելի դարձած» հասկացությունները նույնական չեն։
Սույն գործով որևէ ապացույց առկա չէ, որ Ընկերությունը կամ նրա ներկայացուցիչը մինչև 07.05.2026 թվականը փաստացի ստացել են բողոքարկվող դատական ակտը։ Ընկերության ներկայացուցիչը Համակարգ մուտք է գործել և գործի նյութերին փաստացի հասանելիություն ստացել է միայն 29.04.2026 թվականին, ինչից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել դատական պաշտպանությանը։
Դատավարական ժամկետների կիրառումը չպետք է կրի չափազանց ձևական բնույթ և հանգեցնի անձի՝ դատարան դիմելու իրավունքի անհամաչափ սահմանափակման։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.05.2026 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը»։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64․3-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանի խնդիրն է անդրադառնալ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ էլեկտրոնային եղանակով վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հաշվարկման առանձնահատկություններին։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իր իրավունքների դատական պաշտպանության իրավունքը։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտի բողոքարկման իրավունքն է: Դատական բողոքարկման ինստիտուտն այն առանցքային իրավական գործիքակազմն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, որպիսի պայմաններում դատավարության կողմը կարող է ակնկալել իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտի վերանայում վերադաս դատարանի անկախ դատավորի կամ դատավորների կազմի կողմից: Այս իմաստով՝ դատական բողոքարկման իրավունքի առանցքային գործառույթը հանգում է, ի թիվս այլնի, նաև նրան, որ դատական բողոքարկմամբ համապատասխան սխալները շտկելու հնարավորություն ընձեռելը նպաստում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն այն հաշվառմամբ, որ անձը ձեռք է բերում վերադաս դատարանում իր նկատմամբ կայացված դատական ակտի վերաքննության իրական հնարավորություն՝ վերջնարդյունքում ակնկալելով ստանալ օրինական և հիմնավորված դատական ակտ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 16․04․2024 թվականի ՍԴՈ-1725 որոշումը):
Դատական ակտի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման կարևոր պայման է բողոքարկման ենթակա դատական ակտի՝ դատավարության մասնակիցներին հասանելիության ապահովումը։ Դատավարության մասնակիցներին դատական ակտերի հասանելիության ապահովման գործուն երաշխիք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով դատարանների՝ դատական ակտերը դատավարության մասնակիցներին համապատասխան ժամկետում ուղարկելու պարտականության սահմանումը և այդ պարտականության պատշաճ կատարումը։
Դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկելու՝ դատարանների պարտականության պատշաճ կատարման՝ որպես բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող երաշխիքի կարևորությունն ընդգծել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան)։
Այսպես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չի սահմանում դատական փաստաթղթերն ուղարկելու որոշակի կոնկրետ եղանակ։ Այնուամենայնիվ, արդար դատաքննության ընդհանուր գաղափարը, որը ներառում է կողմերի մրցակցության հիմնարար սկզբունքը, պահանջում է, որ քաղաքացիական դատավարության բոլոր մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին կամ ապացույցներին և ներկայացնել իրենց դիրքորոշումը դրանց վերաբերյալ՝ դատարանի որոշման վրա ազդելու նպատակով։ Եթե դատական փաստաթղթերը, ներառյալ ծանուցումները, չեն հանձնվում անձամբ, դիմողը կարող է զրկվել դատավարությունում իր շահերը ներկայացնելու հնարավորությունից։
Դատարանի մատչելիության իրավունքը ենթադրում է դատական որոշումների մասին համարժեք ծանուցում ստանալու իրավունք, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոքը պետք է ներկայացվի որոշակի ժամկետում (տե'ս, Zavodnik v. Slovenia թիվ 53723/13 գանգատով Եվրոպական դատարանի 21.05.2015 թվականի վճիռ, կետեր 70 և 71)։
Ըստ Եվրոպական դատարանի՝ հայց ներկայացնելու կամ բողոք բերելու իրավունքը պետք է առկա լինի հենց այն պահից, երբ կողմերն իրազեկվում են իրենց համար պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը ենթադրաբար խախտող որոշման մասին։ Հակառակ դեպքում դատարանները կարող են էապես նվազեցնել բողոք բերելու ժամկետները կամ նույնիսկ անհնարին դարձնել բողոքարկումը՝ ձգձգելով իրենց որոշումներն ուղարկելը։ Դատական ակտերն ուղարկելը՝ որպես դատական մարմնի և կողմերի միջև հաղորդակցության միջոց, դատարանի որոշումը և դրա հիմքերը հասանելի է դարձնում կողմերին՝ դրանով նրանց համար հնարավորություն ստեղծելով ցանկության դեպքում բողոքարկել այն (տե'ս, Miragall Escolano and Others v. Spain թիվ 55782/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռ, կետ 37)։
Եվրոպական դատարանը նաև կարևորել է այն հանգամանքը, որ դատարանի որոշման մասին կողմի ծանուցման ձևը պետք է հնարավորություն տա ստուգելու որոշման հանձնումը կողմին, ինչպես նաև հանձնման ամսաթիվը (տե'ս, Strijak v. Ukraine թիվ 72269/01 գանգատով Եվրոպական դատարանի 08.11.2005 թվականի վճիռ, կետ 39)։
Միաժամանակ, այն իրավիճակների համար, երբ վարույթի ընթացքում տեղի են ունենում ընթացակարգային սխալներ, որոնք ի վերջո հնարավորություն չեն տալիս անձին իրացնել դատարանի մատչելիության իրավունքը, Եվրոպական դատարանը որդեգրել է հետևյալ մոտցումը․ եթե ընթացակարգային սխալը տեղի է ունենում կամ միայն դիմումատուի կողմից, կամ միայն համապատասխան հանրային իշխանության մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից, ապա Եվրոպական դատարանը բեռը դնում է այն սուբյեկտի վրա, ում կողմից ընթացակարգային սխալը դրսևորվել է։ Եթե ընթացակարգային սխալը տեղի է ունենում և՛ դիմումատուի, և՛ համապատասխան հանրային իշխանության մարմնի կողմից միաժամանակ, ապա Եվրոպական դատարանը՝ որոշելիս, թե բեռը որ սուբյեկտի վրա պետք է դրվի, հաշվի է առնում հետևյալ հանգամանքները․ արդյոք դիմումատուն ունեցել է իրավաբան ներկայացուցիչ և արդյոք դիմումատուն կամ նրա ներկայացուցիչը դրսևորել են պատշաճ ջանասիրություն, արդյոք ի սկզբանե կարելի էր խուսափել տվյալ ընթացակարգային սխալից, արդյոք ընթացակարգային խախտումը հիմնականում կամ օբյեկտիվորեն վերաբերելի է դիմումատուին, թե համապատասխան մարմնին (տե՛ս, CASE OF MARINA AUCANADA GROUP S.L. v. SPAIN 7567/19 գանգատով Եվրոպական դատարանի 08․02․23 վճիռը, կետ 43)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով բողոքարկման ենթակա դատական ակտերի դատավարության մասնակիցներին հասանելիության ապահովման խնդրին, արձանագրել է․ դատարանի մատչելիության իրավունքը, ի թիվս այլնի, ենթադրում է դատական ակտերի մասին դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցում ստանալու իրավունք՝ որպես բողոքարկման իրավունքի իրացման կարևոր երաշխիք։ Ընդ որում, դատական ակտի մասին դատավարության մասնակցին ծանուցելու վերաբերյալ իրավակարգավորումներն ու իրավակիրառ պրակտիկան պետք է հնարավորություն տան ստուգելու ինչպես տվյալ դատական ակտը դատավարության մասնակցին փաստացի հանձնված լինելու հանգամանքը, այնպես էլ հանձնման ամսաթիվը՝ հաշվի առնելով, որ հանձնման պահն առանցքային նշանակություն ունի բողոք բերելու համար սահմանված ժամկետը պահպանված լինելու, ինչպես նաև բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով վերականգնելու հարցը քննարկելու նպատակի համար (տե՛ս, Էդուարդ Սուքիասյանն ընդդեմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․09․23 թվականի որոշումը)։
Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության ոլորտում միջանկյալ դատական ակտերի բողոքարկման և բողոքարկման ժամկետների հաշվարկման հետ կապված ընդհանուր կանոնները հանգում են հետևյալին․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածը տարբերակում է գործն ըստ էության լուծող դատական ակտի և միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետները։ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի՝ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, բացառությամբ (․․․): Վարչական դատարանի՝ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում է ՀՀ վարչական դատարանի՝ բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակը։ Նշված միջանկյալ դատական ակտերը ներառում են նաև Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը։
Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։
Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին։ Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացնելու իրավական հնարավորությունն ու հիմքերն ամրագրված են նույն օրենսգրքի 54-րդ հոդվածում։
Օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասի, 132-րդ հոդվածի 2-րդ մասի և 131-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունից բխում է, որ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել բողոքարկվող միջանկյալ դատական ակտն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում։ Նշված ժամկետի ավարտից հետո վերաքննիչ բողոքը ներկայացնելու դեպքում բողոք բերող անձից պահանջվում է ներկայացնել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։ ՀՀ վարչական դատարանի՝ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնգօրյա ժամկետի հաշվարկի ելակետը վերաքննիչ բողոք բերող անձի կողմից բողոքարկվող միջանկյալ դատական ակտն ստանալու պահն է։
Հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար 5-օրյա ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում բողոքարկվող դատական ակտն ստանալու պահը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն այդ ելակետը որոշելու նպատակի համար կարևորել է այն հանգամանքը, թե արդյոք ՀՀ վարչական դատարանի կողմից պատշաճ կերպով է կատարվել դատավարության մասնակցին բողոքարկվող դատական ակտն ուղարկելու պարտականությունը։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշելու համար՝ պահպանված է, արդյոք, վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված 5-օրյա ժամկետը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանից պահանջվում է նախ պարզել, թե արդյոք ՀՀ վարչական դատարանը պատշաճ կերպով է կատարել բողոքարկման ենթակա դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկելու իր պարտականությունը (տե՛ս, Էդուարդ Սուքիասյանն ընդդեմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11415/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․09․2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարությունում էլեկտրոնային արդարադատության ներդրմամբ առաջնահերթ կարևորություն ստացավ դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկելու գործընթացի առանձնահատկությունների սահմանումը և, մասնավորապես, «դատական ակտը ստանալ» հասակցության բովանդակության հստակեցումը՝ հաշվի առնելով, որ ընդհանուր կագավորումների համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնգօրյա ժամկետի հաշվարկի ելակետը դատական ակտն ստանալու պահն է։
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 21․07․2022 թվականի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ» (Հավելված 1) որպես ռազմավարական ուղղություն, ի թիվս այլնի, ամրագրվել է «Էլեկտրոնային դատարան» և «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգերի ստեղծումը։ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ներդրման նպատակ է, մասնավորապես, հռչակվել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծումը, որը կապահովի գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով։ ՀՀ կառավարության նույն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով» (Հավելված 2) նախատեսված է մշակել, ներդնել և գործարկել «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլը, մշակել էլեկտոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի նախագիծ։
Վարչական դատավարությունում էլեկտրոնային արդարադատության համակարգի գործարկմամբ պայմանավորված օրենսդրական փոփոխությունները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվեցին 22․12․2023 թվականին ընդունված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-12-Ն ՀՀ օրենքով, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը լրացվեց «Էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական և այլ գործողությունների առանձնահատկությունները» վերտառությամբ 11․1-րդ գլխով, որի նորմերով, մասնավորապես, սահմանվում են դատավարական փաստաթղթերի ներկայացման, դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման, դատական ծանուցումների, դատավարական փաստաթղթերի ստորագրման, գործի նյութերին ծանոթանալու և գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները։ Եթե Օրենսգրքի 11․1-րդ գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա էլեկտրոնային համակարգի (Համակարգի) միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են Օրենսգրքի ընդհանուր կանոնները (Օրենսգրքի 64․2-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Օրենսգրքի 64․3-րդ հոդվածը սահմանում է 11․1-րդ գլխում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը։ Այն է՝ ըստ նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Համակարգն օգտագործող անձ է (են) համարվում.
ա. այն ֆիզիկական անձը, որը վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին,
բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, վարչարարություն իրականացնող մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, (…)՝ անկախ տվյալ վարչական գործի շրջանակներում Համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Համակարգի միջոցով հասանելի դարձած փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում և տեղադրվել են Համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է Համակարգի կողմից, և դրանք հնարավոր է դիտել ու ներբեռնել Համակարգի միջոցով։ (․․․)։
Օրենսգրքի 64․5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգը չօգտագործող անձին ուղարկված, եթե Համակարգի միջոցով ներկայացվել են դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը Համակարգը չօգտագործող անձին ուղարկելը հավաստող ապացույցը։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե համապատասխան փաստաթղթերը Համակարգի միջոցով հասանելի են դարձել Համակարգն օգտագործող անձին։ Այդ դեպքում դատավարական փաստաթուղթը ներկայացնող անձը դրան չի կցում փաստաթուղթն ուղարկելու մասին լրացուցիչ ապացույց։ Դատավարական փաստաթուղթը Համակարգն օգտագործող անձ հանդիսացող հասցեատիրոջ կողմից համարվում է ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո։
Օրենսգրքի 11․1-րդ գլուխը սահմանում է դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման հետևյալ առանձնահատկությունները (Օրենսգրքի 64․6-րդ հոդված)․
- Առանձին ակտի ձևով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան։
- Առանձին ակտի ձևով կայացված բոլոր դատական ակտերը և դրանց վերաբերյալ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում։
- Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է հրապարակված (կամ կայացված), եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։
- Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է վերջինիս ուղարկված, եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։ Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտին կից ներկայացվող փաստաթղթերը համարվում են վերջինիս ուղարկված, եթե դրանք տեղադրված են Համակարգում և Համակարգի միջոցով հասանելի են Համակարգն օգտագործող անձին։
- Դատական ակտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված դրանք իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո։
Օրենսգրքի 11․1-րդ գլուխը սահմանում է դատական ծանուցումների հետ կապված հետևյալ առանձնահատկությունները (Օրենսգրքի 64․7-րդ հոդված)․
- Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է նույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։
- Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո, իսկ նույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում՝ Համակարգն օգտագործող անձին հասանելի դառնալու հաջորդ օրը։
- Նույն հոդվածով նախատեսված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, և Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները։
- Դատական ակտի հրապարակման օրվա, ժամանակի և վայրի մասին ծանուցումների, ինչպես նաև դատարանի կողմից ուղարկվող այլ ծանուցումների նկատմամբ կիրառվում են նույն հոդվածի կանոնները։
Օրենսգրքի 64.12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաև նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից 01․02․2024 թվականին ընդունվել է «Դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի նեկայացման կարգը սահմանելու մասին» ԲԴԽ-8-Ն-4 որոշումը (այսուհետ՝ ԲԴԽ Որոշում), որով սահմանվել է դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը` համաձայն հավելվածի: Հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Համակարգի շահագործումը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի ապահովվի օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերի պահանջների պատշաճ իրականացումը: Հավելվածի 22-րդ կետի համաձայն` Համակարգն օգտագործողները հայցադիմումի մասին տեղեկացվում են Համակարգի միջոցով, իսկ Համակարգը չօգտագործողները՝ ընդհանուր կարգով: Համակարգը չօգտագործողները հետագայում Համակարգի օգտատեր դառնալուց հետո հնարավորություն ունեն ծանոթանալու էլեկտրոնային եղանակով վարվող իրենց առնչվող գործերի նյութերին։
Վճռաբեկ դատարան արձանագրում է, որ Համակարգի միջոցով դատական ակտերի հրապարակման, դրանք դատավարության մասնակիցներին ուղարկելու և նրանց կողմից դատական ակտերն ստանալու գործընթացի վերը նշված հատուկ իրավակարգավորումների առանցքային տարր է հանդիսանում դատավարության մասնակիցների համար դատական ակտերի հասանելիությունը։ Դատական ակտերի հասանելիությունն այն առաջնային և հիմնական պայմանն է, որն անհրաժեշտ է տվյալ դատավարության մասնակցի համար դատական ակտը հրապարակված, ուղարկված և ստացված համարելու համար։ Եթե տվյալ դատական ակտը հասանելի չէ Համակարգն օգտագործող անձին, ապա այդ դատական ակտը վերջինիս համար համարվում է չհրապարակված։ Դատական ակտը համարվում է ուղարկված, եթե հասանելի է Համակարգն օգտագործող անձին, այն է՝ առկա է էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում, և Համակարգն օգտագործող անձի համար հնարավոր է այն դիտել իր անձնական էջում և ներբեռնել Համակարգի միջոցով։ Համակարգն օգտագործող անձի համար տվյալ դատական ակտը հասանելի դառնալու պահից է սկսում հոսել այն ժամկետը, որից հետո դատական ակտը համարվում է ստացված․ դատական ակտը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված դրա՝ իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համակարգի միջոցով հրապարակված դատական ակտերն ինքնաշխատ կերպով ուղարկվում են դատավարության մասնակից հանդիսացող Համակարգն օգտագործող անձանց և վերջիններիս կողմից ստացված են համարվում միայն դրանց հասանելիության ապահովման պայմաններում։ Եթե տվյալ միջանկյալ դատական ակտը հասանելի չէ դատավարության մասնակից Համակարգն օգտագործող անձին, ապա այն չի կարող համարվել ստացված, և ըստ այդմ՝ չի կարող հոսել միջանկյալ դատական ակտի բոողոքարկման համար սահմանված հնգօրյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում առաջանում են իրավիճակներ, երբ ՀՀ վարչական դատարանի բողոքարկման ենթակա դատական ակտերը կայացվում են մինչև տվյալ անձին դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու որոշում կայացնելը։ Նման իրավիճակում երրորդ անձանց համար մինչև վերջիններիս դատավարության մասնակից դառնալը կայացված որոշումների հասանելիության ապահովման անհրաժեշտությունը ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է Էմիլ Վարդանյանը և Վարուժան Վարդանյանը ընդդեմ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, երրորդ անձինք՝ Վիգեն Բադալյան և Վահե Բադալյան, թիվ ՎԴ/10813/05/19 վարչական գործով 16․12․2022 թվականի որոշման մեջ։ Մասնավորապես, այս առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրն ուղղակիորեն չի նախատեսում դատարանների պարտականությունը՝ անձին դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելուց հետո վերջինիս ուղարկելու նախքան այդ որոշման կայացումը դատավարական գործողությունների կատարման արդյունքում կայացված բոլոր որոշումները, սակայն նշված պարտականությունը բխում է օրենսդրական այն կարգավորումից, որ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից, իսկ կողմերն ունեն իրավունք ստանալու դատավարական բոլոր փաստաթղթերը։ Նշված իրավունքի իրացումը կհանգեցնի ոչ միայն երրորդ անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը, այլ նաև կբացառի դատական գործընթացների անհարկի ձգձգումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև անձին դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելը կարող են կայացվել որոշումներ, որոնք վերջինս իրավունք ունի բողոքարկելու, իսկ դատարանների կողմից նշված դատական ակտերի և «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշման միաժամանակ ծանուցումը և անձին իր իրավունքների մասին տեղեկացնելը հնարավորություն կտա վերջինիս դատական ակտերի հետ անհամաձայնության պարագայում առավել շուտ իրացնել բողոքարկման իրավունքը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես վերաբերում են նաև բողոքարկման ենթակա դատական ակտերը դատավարության մեջ ներգրավված երրորդ անձանց էլեկտրոնային եղանակով ուղարկելուն, ինչը, մասնավորապես, բխում է Օրենսգրքի 64.12-րդ հոդվածի 3-րդ մասի նորմից, որի համաձայն՝ գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաև նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար, ինչպես նաև ԲԴԽ Որոշման Հավելվածի 3-րդ կետից, որի համաձայն՝ Համակարգի շահագործումը պետք է կազմակերպվի այնպես, որպեսզի ապահովվի օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերի պահանջների պատշաճ իրականացումը:
Վերոհիշյալի հիման վրա հաշվի առնելով, որ Համակարգի միջոցով դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկվում են ինքնաշխատ եղանակով, իսկ մինչև տվյալ անձին դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու որոշման կայացումը, այն է՝ մինչև դատավարության մասնակից դառնալը կայացված դատական ակտերն ինքնաշխատ կերպով չեն ուղարկվում այդ երրորդ անձին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի պարտականությունն է անձին դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու մասին որոշում կայացնելուց հետո համապատասխան գործողության միջոցով վերջինիս ուղարկել մինչև այդ որոշման կայացումը կայացված բոլոր դատական ակտերը, որպիսի տեխնիկական հնարավորությունը Համակարգը նախատեսում է։ Միայն այս դեպքում կարող է ապահովվել բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի հասանելիությունը երրորդ անձին՝ երաշխավորելով վերջինիս բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձին մինչև վերջինիս դատավարության մեջ ներգրավելը կայացված միջանկյալ դատական ակտերն ուղարկելու նշված պարտականությունը չկատարելու դեպքում Օրենսգրքի 64․6-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան այդ միջանկյալ ակտերը համարվում են տվյալ երրորդ անձի համար չհրապարակված և հասանելի չդարձած, որպիսի պայմաններում դեռևս առկա չէ բողոքարկման հնգօրյա ժամկետի հոսքի ելակետը։ Հետևաբար, նման իրավիճակում երրորդ անձի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված հնգօրյա ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացվելու դեպքում վերջինս ենթակա չէ քննարկման որպես առարկայազուրկ միջնորդություն, քանզի առկա չէ սահմանված ժամկետը բաց թողնելու փաստը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով հայցվորը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29․01․2026 թվականի թիվ 462-Ա որոշումը։ Միաժամանակ ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։
Դատարանի 27.02.2026 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետի 29․01․2026 թվականի թիվ 462-Ա որոշման կատարումը կասեցվել է մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշված որոշումն Ընկերության կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան 07.05.2026 թվականին։
Վերաքննիչ դատարանի 15․05․2026 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացրած բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Վերաքննիչ դատարանը, 15․05․2026 թվականի որոշմամբ արձանագրել է․ «(․․․)երրորդ անձ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել Դատարանի 27.02.2026թ. «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշման դեմ, որը Վարչական արդարադատության էլեկտրոնային համակարգում (https://e-administrativecourt.am/) հրապարակվել է 27.02.2026թ. ժամը 11։59-ին, իսկ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը սույն վարչական գործով նույն համակարգի միջոցով (https://e-administrativecourt.am/) երրորդ անձ է ներգրավվել կրկին՝ 27.02.2026թ., նույն համակարգում նույն օրվա՝ 27.02.2026թ. ժամը 21։26-ին հրապարակված որոշմամբ, որպիսի պայմաններում պարզ է դառնում, որ երրորդ անձի կողմից բողոքարկվող որոշումը կայացվել է նախքան վերջինիս՝ սույն գործով համապատասխան որոշմամբ երրորդ անձ ներգրավվելը։
Վերաքննիչ դատարանը սույն վարչական գործի՝ Համակարգի միջոցով ուսումնասիրման պայմաններում նկատում է, որ երրորդ անձ «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությունը Դատարանի 27.02.2026թ. «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը Համակարգի՝ «Համակարգային» եղանակով ստացել է նույն օրը՝ 27.02.2026թ.։ Հաշվի առնելով վերը վկայակոչված օրենսդրական այն պահանջը, որ դատավարական փաստաթուղթը Համակարգն օգտագործող անձ հանդիսացող հասցեատիրոջ կողմից համարվում է ստացված՝ այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո, ստացվում է, որ առնվազն 05.03.2026թ. դրությամբ երրորդ անձն արդեն հասանելիություն է ունեցել 27.02.2026թ. «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշմանը, և իր հերթին՝ սույն վարչական գործին և ըստ այդմ՝ դրա շրջանակներում կայացված դատական ակտերին՝ այդ թվում բողոքարկվող՝ 27.02.2026թ. «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշմանը, և կարող էր նույն պահից սկսած՝ ողջամիտ ժամկետներում բողոքարկել նշված դատական ակտը, մինչդեռ դրա դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն ներկայացուցիչը, այն էլ շուրջ երկու ամիս հետո միայն՝ 07.05.2026թ.:
Ինչ վերաբերում է երրորդ անձի ներկայացուցչի կողմից՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված այն դիրքորոշմանը, որ սույն գործին հասանելիություն է ստացել միայն 29.04.2026թ. և այդ ժամկետից սկսած է վերջինս ունեցել իրական հնարավորություն իրացնելու վերադասության կարգով բողոքարկելու իր իրավունքը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված դիրքորոշմամբ չի կարող հիմնավորվել վերաքննիչ բողոք ներկայացվելու համար սահմանված՝ բաց թողնված դատավարական ժամկետի հարգելիությունը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձի ներկայացուցչի կողմից 29.04.2026 թվականից սույն գործին հասանելություն ունենալու պայմաններում վերջինս, փաստացի՝ հասանելիություն է ունեցել նաև բողոքարկվող՝ 27.02.2026թ. «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշմանը՝ հակառակ դեպքում վերջինիս կողմից նույն որոշման դեմ վերաքննիչ բողոք չէր կարող ներկայացվել։ Նույնկերպ՝ առնվազն 05.03.2026թ. դրությամբ սույն վարչական գործին հասանելիություն ունենալու պայմաններում երրորդ անձը հասանելիություն է ունեցել նաև՝ 27.02.2026թ. «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշմանը, և կարող ժամանակին միջոցներ ձեռնարկել նույն որոշման բողոքարկման ուղղությամբ։
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձի կողմից բաց է թողնվել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը, իսկ երրորդ անձի ներկայացուցչի հիշյալ պատճառաբանությունները՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ, համոզիչ և փաստարկված չեն։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Դատարանի 27.02.2026թ. «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշման դեմ բողոքարկման ժամկետներն ըստ էության սկսել են հոսել առնվազն 05.03.2026 թվականից, երբ երրորդ անձն հասանելիություն է ունեցել սույն վարչական գործին, մինչդեռ, ինչպես պարզ դարձավ, նույն որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել միայն 07.05.2026թ.:»։
Վճռաբեկ դատարանը սույն էլեկտրոնային գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ Ընկերությունը դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավվել է Դատարանի «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշմամբ, որը Համակարգի միջոցով կայացվել է 27․02․2026 թվականին, ժամը 21։26-ին, իսկ «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշումը կայացվել է 27․02․2026 թվականին, ժամը 11։59-ին (տե՛ս, https://e-administrativecourt.am/)։ Այսինքն՝ սույն գործով բողոքարկվող «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշումը կայացվել է ավելի վաղ, քան Դատարանի «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը։ Դատարանի «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումն Ընկերությանն ուղարկվել է Համակարգի միջոցով և ունի «ստացած» կարգավիճակ։ Մինչդեռ, Համակարգում առկա նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն գործով բողոքարկվող Դատարանի «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշումն Ընկերությանը չի ուղարկվել։ Հաշվի առնելով, որ Դատարանի «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշումը ժամանակի մեջ նախորդել է Դատարանի «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշմանը, այսինքն՝ «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշումը կայացնելու պահին (27․02․2026 թվական, ժամը՝ 11։59) Ընկերությունը դեռևս ներառված չի եղել դատավարության մասնակիցների կազմում՝ վերջինս Համակարգի միջոցով ինքնաշխատ կերպով չի ուղարկվել Ընկերությանը։ Ըստ այդմ՝ նման իրավիճակում Դատարանից պահանջվում էր դատավարության մասնակիցների կազմում Ընկերության ներառվելուց հետո, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64․12-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան (գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաև նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար), «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշումը Համակարգի միջոցով ուղարկել նաև Ընկերությանը համապատասխան գործողություն կատարելով, որի տեխնիկական հնարավորությունն առկա է։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից «Վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու մասին» որոշումը Համակարգի միջոցով Ընկերությանը չի ուղարկվել։ Հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64․6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան նշված որոշումն Ընկերության համար համարվում է չհրապարակված, նրան չուղարկված, հասանելի չդարձած և նրա կողմից չստացված։ Ըստ այդմ՝ նշված որոշումը Համակարգի միջոցով Ընկերությանն ուղարկված, հասանելի դարձած և ստացված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չէր կարող համարվել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված 5-օրյա ժամկետի խախտմամբ ներկայացված բողոք, քանզի բացակայում է այդ ժամկետի հաշվարկման անհրաժեշտ ելակետը՝ բողոքարկվող որոշումն Ընկերության կողմից ստանալու պահը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն առարկայազուրկ էր և քննարկման ոչ ենթակա։
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, ի խախտումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64․3-րդ հոդվածի 3-րդ մասի, որը սահմանում է Համակարգի միջոցով դատական ակտերի հասանելիության պայմանները, չի պարզել՝ արդյոք բողոքարկվող միջանկյալ դատական ակտը Համակարգի միջոցով հասանելի է դարձել Ընկերությանը։ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող միջանկյալ դատական ակտի՝ Ընկերությանն ուղարկված և հասանելի չլինելու պայմաններում ոչ իրավաչափորեն այն համարել է Ընկերության կողմից ստացված, իսկ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված հնգօրյա ժամկետը՝ սպառված։ Վերաքննիչ դատարանը, քննարկելով և մերժելով բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության առարկայազուրկ միջնորդությունը, անհամաչափորեն սահմանափակել է Ընկերության դատական ակտի բողոքարկման իրավունքը։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15․05․2026 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Զեկուցող
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
