Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՐԻԳՈՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՐԻԳՈՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6118 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 նոյեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 61 | ԳՐԻԳՈՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 նոյեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Գրիգոր Մարտիրոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գրիգոր Մարտիրոսյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հոկտեմբերի 29-ին, որով Դիմողը խնդրել է.

«1. ՀՀ` քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ 1-ին, 2-րդ մաս, հողային օրենսգրքի՝ 57-րդ հոդվածի 1-ին մաս, 58-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածները, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հակասող,

2. ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի՝ 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետ, 24-րդ հոդվածի 1-ին կետ, 61-րդ հոդված, 63-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերը, 127-րդ, 156-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հակասող,

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածների՝ 1-ին կետի 10-րդ և 11-րդ պարբերությունների և 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը՝ հակասող: Բացահայտել Սահմանադրաիրավական բովանդակությունը սույն գործի շրջանակներում, իրավակիրառ պրակտիկայում դրույթներին տրված մեկնաբանությունները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հակասող,

4. Բացահայտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ 1-ին, 2-րդ մասերի, հողային օրենսգրքի՝ 57-րդ հոդվածի 1-ին մաս, 61-րդ, 63-րդ հոդվածների Սահմանադրաիրավական բովանդակությունը սույն գործի շրջանակներում, իրավակիրառ պրակտիկայում դրույթներին տրված մեկնաբանությունները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հակասող,

5. Բացահայտել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածների Սահմանադրաիրավական բովանդակությունը, իրավակիրառ պրակտիկայում դրույթներին տրված մեկնաբանությունները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հակասող,

6. Բացահայտել Վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մաս, 127-րդ հոդվածի, համապատասխան բառերի՝ «հարգելի», «մեկ ամիս», Սահմանադրաիրավական բովանդակությունը, իրավակիրառ պրակտիկայում դրույթներին տրված մեկնաբանությունները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հակասող,

7. Բացահայտել ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ Խտրականության արգելքի, Սահմանադրաիրավական բովանդակությունը սույն գործի շրջանակներում, իրավակիրառ պրակտիկայում սույն դրույթին տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրությանը՝ հակասող,

8. Բացահայտել ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի՝ Սահմանադրաիրավական բովանդակությունը»:

Դիմողի կողմից որպես վերջնական դատական ակտ ներկայացված՝ թիվ ՎԴ/0657/05/22 վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը կայացվել է 2024 թվականի հուլիսի 3-ին:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/0657/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության 60-րդ, 184-րդ և դրանց հետ փոխկապակցված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ, 57-րդ, 63-րդ հոդվածներին տրվել է հակասահմանադրական մեկնաբանություն առ այն, որ «(...) «Ինչպես ցանկացած անձի, այնպես էլ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է օտարվել բացառապես սեփականատիրոջ ցանկությամբ և հայեցողությամբ» (...)»:

Դիմողի պնդմամբ՝ «(...) պետությունը ապահովելու համար քաղաքացու լեգիտիմ ակնկալիքի իրավունքի իրացման հարցը ի թիվս այլնի հողային օրենսգրքի 57-րդ, 63-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի ինչպես նույն օրենքով սահմանված վարչարարության հիմնարար սկզբունքների 4-8-րդ հոդվածների՝ սահմանել է այն կարգավորումները, մեխանիզմը որոնց միջոցով ու պահպանմամբ օտարվում են հողերը, պահպանելով իրավական պետության հետապնդող հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը և միաժամանակ հաշվի առնելով հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան»:

Ըստ Դիմողի՝ «(...) իրավակիրառ պրակտիկայում քաղ. օրենսգրքի 163-րդ հոդվածի նրա հետ փոխկապակցված` հող. օրենսգրքի 57-րդ հոդվածի, «վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենսգրքի 6-րդ հոդվածի դրույթներին տրված մեկնաբանությամբ, վարչական մարմնի հայեցողական լիազորությունը դրսևորվել է որպես՝ ցանկություն, դրույթների իրավակիրառ նման մեկնաբանությունը հակասահմանադրական է»:

Դիմողը նշում է, որ «(...) վարչարարության հիմնարար սկզբունքների օրենքի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածները կիրառվել է այլ իմաստով ու բովանդակությամբ (...)՝ որպես միջոց սահմանափակելու իմ իրավունքները ու ազատությունները օրենսդրությամբ երաշխավորված օրինական կարգով սեփականության իրավունք ձեռք բերելուն (...), իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չի հակասում է Սահմանադրության՝ 28-րդ, 29-րդ, 60-րդ, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ ինչպես նաև 81-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պահանջին (...)»:

Դիմողը գտնում է նաև, որ վարչական մարմնի կողմից դրսևորվել է խտրականություն, սահմանափակվել է իր նկատմամբ բարենպաստ վարչական ակտի ընդունման իրավունքը, քանի որ չեն պահպանվել վարչարարության հիմնարար սկզբունքները, առկա չի եղել որևիցե օբյեկտիվ հիմնավորում և ողջամիտ բացատրություն:

Դիմողի պնդմամբ՝ «(...) դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարան բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված մեկամսյա ժամկետի փոխարեն ավելի սեղմ ժամկետում այդ գործողությունը կատարելու պարտականություն սահմանելը և դատարանի կողմից պատշաճ չկատարված պարտականության հետևանքի պատճառահետևանքայինությամբ պայմանավորված դատավարական ժամկետի բաց թողումը, բողոքաբերի վրա դնելը դատարանի՝ դատական ակտի բողոքարկման, արդար դատաքննության, մատչելիության՝ իրավունքի անհամաչափ սահմանափակում է, (...), այն համահունչ չէ, հակասում է Սահմանադրության՝ 1-ին, 3-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 64-րդ հոդվածներին, այնպեսել կոնվենցիայի 6-րդ հոդվածին, (...)»:

Միաժամանակ, Դիմողը նշում է, որ «(...), Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ կետը չի կարող դատարանի կողմից հասկացվել որ՝ նա է որոշում դատավարական, որ գործողությունը ով պետք է կատարի հայցվորը, թե ներկայացուցիչը, դա իր լիազորությունների շրջանակներում չի մտնում և դատարանի կողմից ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հասցեով, տվյալ դեպքում նշված է եղել թե իմ հասցեն, թե ներկայացուցչի և տվյալ դեպքում իմ կողմից ներկայացուցչին 27.09.2021 թվականին տրված լիազորագրի բովանդակությունից երևում է, որ դրանում ուղղակիորեն նախատեսված են ներկայացուցչին՝ օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նշված բոլոր կետերով գործելու լիազորությունները, այդ թվում և դատավարական փաստաթղթեր և դատական ծանուցագրեր ստանալու և դատական ակտերը բողոքարկելու լիազորությունները»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է, որ «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ դատական կազմը հանգեց հետևյալ եզրակացության.

Անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ թիվ ՎԴ/0657/05/22 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատը, քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ Գրիգոր Մարտիրոսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը և վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, 2024 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացրել վերոհիշյալ միջնորդությունը մերժելու մասին՝ վճռաբեկ բողոքը թողնելով առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը վերոնշյալ որոշմամբ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը պայմանավորել է հետևյալ պատճառաբանությամբ. «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվել է 28․02․2024 թվականին (Court.am կայք), այն Գրիգոր Մարտիրոսյանին է ուղարկվել նույն օրը՝ 28․02․2024 թվականին (...), իսկ Գրիգոր Մարտիրոսյանը Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է 29․02․2024 թվականին (...)։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի ուժով կատարել է նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իր պարտականությունն ու դատական ակտի օրինակը հրապարակման նույն օրն ուղարկել է բողոքաբերին։ Հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն Գրիգոր Մարտիրոսյանին ուղարկելու և վերջինիս կողմից փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գրիգոր Մարտիրոսյանի համար ապահովված է եղել Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում, այն է՝ հրապարակման պահից մեկ ամսում բողոքարկելու իրական հնարավորություն, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումն ստանալով 29.02.2024 թվականին, Գրիգոր Մարտիրոսյանն օբյեկտիվորեն կարող էր վճռաբեկ բողոք ներկայացնել մինչև 29․03․2024 թվականը ներառյալ, մինչդեռ վճռաբեկ բողոքը փոստին է հանձնվել 01․04․2024 թվականին (հիմք՝ փոստային ծրար)» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմի):

Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ Դիմողը, ունենալով վերաքննիչ վարչական դատարանի կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին կայացված որոշումն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու իրական հնարավորություն, պատշաճ կերպով չի իրացրել այն՝ խնդրո առարկա դատական ակտի կապակցությամբ վճռաբեկ բողոքը փոստին հանձնելով սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ՝ միայն 2024 թվականի ապրիլի 1-ին: Սույն հանգամանքով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատը մերժել է Դիմողի՝ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը՝ վճռաբեկ բողոքը թողնելով առանց քննության:

Ամփոփելով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու՝ անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Գրիգոր Մարտիրոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Թովմասյան

Անդամներ՝ Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

18 նոյեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-61

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-61
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել