Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԵՎ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԵՎ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2523 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 մայիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 25 | ԼԵՎ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 մայիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Լև Մնացականյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լև Մնացականյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մայիսի 13-ին, որով Դիմողը խնդրել է.

«Կայացնել որոշում՝ ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ կետը, 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 218, 277, 318, 344, 345, 346, 347, 348, 352, 369, 408, 421, 424, 1063-րդ հոդվածները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանում են, թե հակասահմանադրական են և եթե համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ապա դատարանները պարտավոր էին դրանք կիրառել որոշումներ կայացնելիս, թե ոչ»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) գործում առկա պայմանագիրը դատարանը, շահագրգռվածությունից ելնելով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչպես նաև դրանք չի համադրել միմյանց հետ:

Վերը նշված պայմանագիրը, հանդիսանալով գրավոր ապացույց, չէր գնահատվել իր բովանդակության, բառերի տառացի նշանակությամբ: Այդ ապացույցը գնահատելու պարագայում դատարանը չէր կարող կատարել այն եզրահանգումները, ըստ որի՝ հայցվորը «փոխհատուցում» ստացած լինելու պայմաններում, այլևս չուներ տարածքի նկատմամբ որևէ պահանջի իրավունք, ուստի սահմանված ժամկետում չհանձնելու դեպքում հայցվորի նկատմամբ կիրառելի չէ տույժերի վճարման վերաբերյալ կետը և պատասխանողը նման պարտավորություն չէր կրում հայցվորի նկատմամբ»:

Դիմողը նշում է նաև. «Դատարանը սխալ է կիրառել նախադատելիության կանոնները, գտնելով, որ նախկինում ընդունված դատական ակտը նախադատելի է սույն քաղաքացիական գործի համար և այդպիսով գործով ըստ էության սխալ լուծման է եկել»:

Դիմողը պնդում է. «(...) պայմանագրերը չեն դադարել, հետևաբար թիվ ԵԿԴ/1116/02/15 քաղաքացիական գործով «վճիռը» չէր կարելի համարել նախադատելի»:

Ըստ Դիմողի՝ «(...) խախտվել է հայցվորի իրավունքը ստանալու /համաձայն ՀՀ Կառավարության հետ՝ ի դեմս Երևանի քաղաքապետի հետ կնքած պայմանագրերի/ հասանելիք տուգանքը և վնասների հատուցումը»:

Դիմողը նշում է. «Մեր /հայցվորի/ նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Գույքից զրկելը տեղի չի ունեցել օրենքով նախատեսված պայմաններով: Հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև չի պահպանվել արդարացի հավասարակշռություն»:

Դիմողը գտնում է, որ «(...) դատարանները պետք էին միայն ՀՀ Կառավարությանը պարտավորեցնել կատարելու Պայմանագրի 3.2.2.-րդ կետի պարտավորությունը, ինչը շահագրգռվածությունից ելնելով չէին արել, հայցային վաղեմության ժամկետը ,,լրացած,, լինելու բերումով մերժել էին պահանջի այցը, առանց այն ըստ էության քննելու»:

Դիմողը եզրահանգում է. «Ստացվում է, որ դատարանները /ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ քաղաքացիական և վճռաբեկ / համարում են, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ կետը, 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական Օրենսգրքի 14-րդ, 218, 277, 318, 344, 345, 346, 347, 348, 352, 369, 408, 421, 424, 1063-րդ հոդվածները հակասահմանադրական են, չնայած առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում»:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումով միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից՝ նկատի ունենալով, որ հանդիսանում է կենսաթոշակառու և բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձ:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի, 419, 426 և 427-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 218, 277, 318, 344-348, 352, 369, 408, 421, 424 և 1063-րդ հոդվածների մասով

3.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանի 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։

Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրված է. «Հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, (...) երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը»:

Այսպիսով, անհատական դիմումի շրջանակում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթ(ներ)ի՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս առանցքային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթ(ներ)ի՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթ(ներ)ի կիրառման հետևանքով դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի, 419, 426 և 427-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 218, 277, 318, 344-348, 352, 369, 408, 421, 424 և 1063-րդ հոդվածների կիրառված լինելը:

Դիմողի կողմից սույն անհատական դիմումին կից որպես վերջնական դատական ակտ է ներկայացվել թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2025 թվականի ապրիլի 9-ի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։ Սույն անհատական դիմումի և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից հետևում է, որ նշված գործի շրջանակներում Լև Մնացականյանը՝ Դիմողը, հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` ընդդեմ ՀՀ կառավարության՝ պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի փետրվարի 20-ին կայացրել է «Գործի վարույթը կարճելու մասին» որոշում։ Այդ որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։ Այսինքն՝ թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից գործի բովանդակային քննություն չի իրականացվել, հետևաբար՝ Դիմողի նկատմամբ չեն կիրառվել և որևէ իրավական հետևանք չեն առաջացրել վերջինիս կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 218, 277, 318, 344-348, 352, 369, 408, 421, 424 և 1063-րդ հոդվածները։

Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի առնչությամբ հարկ է նշել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ, անդրադառնալով վերաքննիչ բողոքի՝ նաև հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ հիմնավորումներին, նշել է. «(...) դրանք սույն գործով քննարկման առարկա դարձվել և իրավական գնահատականի արժանանալ չեն կարող, քանի որ վերաբերում են այլ գործերով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, ուստի բողոքարկված դատական ակտի վերանայման սահմաններում գնահատման ենթակա չեն Վերաքննիչ դատարանի կողմից»։ Հետևաբար՝ Դիմողի կողմից վիճարկվող վերոնշյալ դրույթները ևս սույն անհատական դիմումի հիմքում ընկած գործի շրջանակներում վերջինիս նկատմամբ չեն կիրառվել և իրավական հետևանք չեն առաջացրել։

Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419, 426 և 427-րդ հոդվածների առնչությամբ հարկ է նշել, որ դրանք ամրագրված են նշված օրենսգրքի «Դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու վարույթը» վերտառությամբ 58-րդ գլխի ներքո, հետևաբար՝ նշված դրույթների կիրառման համար անհրաժեշտ է համապատասխան վարույթի առկայություն, որը սույն անհատական դիմումի հիմքում ընկած թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում բացակայում է, հետևաբար՝ նշված դրույթները խնդրո առարկա գործի շրջանակներում չէին կարող Դիմողի նկատմամբ կիրառվել և իրավական հետևանք առաջացնել։

Վերոնշյալից հետևում է, որ սույն անհատական դիմումի հիմքում ընկած թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում դիմումով վիճարկվող համապատասխան դրույթները որևէ կերպ չեն վկայակոչվել, Դիմողի նկատմամբ չեն կիրառվել և վերջինիս համար իրավական հետևանք չեն առաջացրել:

Ողջ վերոգրյալի, այդ թվում՝ Դիմողի դիրքորոշումների, ինչպես նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող վերոնշյալ դրույթների՝ հիշյալ գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված լինելը։

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի, 419, 426 և 427-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14, 218, 277, 318, 344-348, 352, 369, 408, 421, 424 և 1063-րդ հոդվածների մասով, ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 և 408-րդ հոդվածների մասով

3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 և 408-րդ հոդվածների սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է նշված դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես` Դիմողն, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը պետք էր դիտեր բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով վերաքննիչ դատարանի 21.10.2024 թվականի որոշումը բեկանելու համար։

Սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ հայցվորի վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները քննելու համար»:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, նկատի ունենալով նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը։ Մասնավորապես, Դիմողը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 և 408-րդ հոդվածների հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են նշված քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի գործողությունների (դատական ակտի) իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 և 408-րդ հոդվածների մասով սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ2/16104/02/23 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 և 408-րդ հոդվածների մասով, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Լև Մնացականյանի` սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Լև Մնացականյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

23 մայիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-25

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-25
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել