Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՇԻՆՅԱՆԻ, ՇԱՔԱՐ ՄԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԼԻԱՆՆԱ ՌԱՄԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՇԻՆՅԱՆԻ, ՇԱՔԱՐ ՄԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԼԻԱՆՆԱ ՌԱՄԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3222 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 32 | ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՇԻՆՅԱՆԻ, ՇԱՔԱՐ ՄԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԼԻԱՆՆԱ ՌԱՄԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 ապրիլի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Ա. Զեյնալյանի

Քննության առնելով Վարազդատ Մաշինյանի, Շաքար Մաշինյանի և Լիաննա Ռամազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարազդատ Մաշինյանի, Շաքար Մաշինյանի և Լիաննա Ռամազյանի (այսուհետ՝ Դիմողներ, ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 6-ին:

Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են. ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով չի նախատեսում Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատում անձանց համար, ովքեր հանրային գերակա շահ ճանաչված ծրագրերի շրջանակներում իրենց սեփականության իրավունքի հարկադիր սահմանափակման կամ դադարեցման, այդ թվում՝ փոխհատուցման չափի, ձևի կամ կարգի վիճարկման վերաբերյալ հայցերով և բողոքներով, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության, 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքներին հակասող»:

2․ Դիմողները, ներկայացնելով թիվ ԼԴ/1276/02/08 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում են, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված են առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ (պետական տուրքի վճարումից ազատելու կամ դրա վճարումը հետաձգելու) սահմանելու ՀՀ դատարանների հայեցողական լիազորությունը և տվյալ լիազորության իրացման պայմանները (օրինակ՝ կողմերի գույքային դրությունը), սակայն ՀՀ դատարանների նշված լիազորությունը հայեցողական բնույթ ունի, մինչդեռ բացարձակ իրավունքի իրացման դեպքում այն չպետք է լինի հայեցողական:

Ըստ Դիմողների՝ բացարձակ իրավունքի բնույթը ենթադրում է, որ դրա իրացումը չպետք է պայմանավորված լինի որևէ լրացուցիչ խոչընդոտով, այդ թվում՝ ֆինանսական, իսկ իրենց դեպքում փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը պետք է վճարի իր՝ նախնական և համարժեք հատուցում ստանալու բացարձակ իրավունքի խախտման դեմ պայքարելու համար, ինչն անթույլատրելի է իրավական պետության սկզբունքների տեսանկյունից:

Դիմողները գտնում են, որ առկա իրավակարգավորումը չի ապահովում սեփականության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների լիարժեք իրացումն այն անձանց համար, որոնց սեփականության իրավունքի նկատմամբ արդեն իսկ պետության կողմից տեղի է ունեցել միջամտություն: Ըստ Դիմողների՝ հաշվի առնելով նախնական և համարժեք հատուցում ստանալու իրավունքի բացարձակ բնույթը՝ դրա իրացումը չի կարող պայմանավորվել պետական տուրքի վճարման պարտականությամբ, հետևաբար՝ «Պետական տուրքի մասին» օրենքով անհրաժեշտ է նախատեսել համապատասխան անձանց անվերապահ ազատում պետական տուրքի վճարումից:

Դիմողների պնդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չէ որևէ իրավակարգավորում հանրային գերակա շահի հիմքով վիճարկվող գործերի մասով, և այս առումով պետությունը չի կատարել Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված իր պոզիտիվ պարտականությունը՝ ապահովելու իրավունքների իրականացման համար անհրաժեշտ իրավական և ընթացակարգային կառուցակարգեր, թեև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են դատարան դիմելու և դատական պաշտպանության միջոցներ, սակայն խնդրո առարկա գործով դրանց կիրառումը կրել է ձևական բնույթ, և չի ապահովել իրենց իրավունքների պաշտպանության գործնական և արդյունավետ հնարավորություն:

Բացի դրանից, Դիմողները նշում են, որ իրենց կողմից բարձրացվող հարցի առնչությամբ նույնաբովանդակ գործերով առկա է իրավական որոշակիության սկզբունքը խաթարող հակասական իրավակիրառ պրակտիկա: Հավելելով՝ Դիմողներն ընդգծում են, որ իրենց գործով «(...) պետական տուրքի հաշվարկը կատարվել է անձաքանակով, այլ ոչ թե ըստ պահանջի, ինչը ոչ միայն չի համապատասխանում օրենքին, այլ նաև հանգեցրել է դիմողների ֆինանսական բեռի անհամաչափ մեծացման»:

Միաժամանակ Դիմողները սույն անհատական դիմումին կից ներկայացրել են իրենց՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն այն հանգամանքների հաշվառմամբ, որ իրենք գյուղաբնակ են, սեփականությամբ իրենց պատկանող անշարժ գույքերը եղել են իրենց եկամտի միակ աղբյուրը, որից իրենք հարկադրաբար զրկվել են, իրենց չի տրամադրվել համարժեք հատուցում, որպեսզի կարողանային իրենց ընտանիքի համար ապահովել անհրաժեշտ սոցիալական կենսաապահովման պայմաններ, և այժմ իրենց գույքային դրությունը թույլ չի տալիս վճարել պետական տուրքի գումարը:

3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։

Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը վերահաստատում է 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արտահայտված մոտեցումն առ այն, որ՝ «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Սույն անհատական դիմումի և թիվ ԼԴ/1276/02/08 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Դիմողները չեն իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ վերոնշյալ քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը 2026 թվականի հունվարի 14-ին կայացրած՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որոշել է.

«(...) Մերժել պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Վարազդատ և Շաքար Մաշինյանների ու Լիաննա Ռամազյանի միջնորդությունը:

(...) Վերադարձնել թիվ ԼԴ/1276/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2025 թվականի որոշման դեմ Վարազդատ և Շաքար Մաշինյանների ու Լիաննա Ռամազյանի բերած վճռաբեկ բողոքը:

(...) Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից:

(...)»:

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը համապատասխան վճռաբեկ բողոքը Դիմողներին է վերադարձրել ոչ միայն պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, այլ նաև վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հանգամանքով պայմանավորված:

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ արձանագրվել է հետևյալը.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին, (...) կամ դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

(...)

Տվյալ դեպքում բողոք բերող անձինք որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչելով նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հանգամանքը, վճռաբեկ բողոքում չեն նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը:

(...)

Տվյալ դեպքում բողոք բերած անձինք, (...) միջնորդելով պետական տուրքի վճարման գծով սահմանել արտոնություն, չեն հիմնավորել համապատասխան արտոնությունը սահմանելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում նշված հիմքի առկայությունը` իրենց համապատասխան գույքային դրությունը, ուստի հարուցված միջնորդությունը ենթակա է մերժման:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման»:

Այսինքն՝ խնդրո առարկա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 14-ին կայացված որոշմամբ Դիմողներին իրական հնարավորություն է տրվել տվյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում շտկել Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները և կրկին ներկայացնել վճռաբեկ բողոք՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքի իրացումը:

Մինչդեռ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողները չեն օգտվել տվյալ իրավական հնարավորությունից և կրկին չեն ներկայացրել վճռաբեկ բողոք՝ դրանով իսկ չիրացնելով իրենց ենթադրյալ խախտված իրավունքների և (կամ) ազատությունների վերականգնման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելու պահանջը:

Այսպիսով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում ժամանակագրական տեսանկյունից կայացված վերջին դատական ակտը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 14-ի՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն է, որի բովանդակությունից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողների կողմից բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում, Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրակացնում է, որ Դիմողները չեն սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Հետևաբար՝ տվյալ պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը, և Դիմողները Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտներ չեն կարող համարվել:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Վարազդատ Մաշինյանի, Շաքար Մաշինյանի և Լիաննա Ռամազյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարուﬕց ազատելու մասին ﬕջնորդությունը։

2. Վարազդատ Մաշինյանի, Շաքար Մաշինյանի և Լիաննա Ռամազյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Ա. Զեյնալյան

22 ապրիլի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել