ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 դեկտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 23 | ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
4 դեկտեմբերի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Գոռ Մարգարյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գոռ Մարգարյանը 12.11.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1, 3, 42 և 83.5-րդ հոդվածների պահանջներին։ Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվեց, որ դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. Դատական կազմը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Դիմողն ըստ էության որևէ անհրաժեշտ և իրավական փաստարկ չի ներկայացրել վիճարկող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելու համար, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ անհատական դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական
դիրքորոշում է արտահայտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ ամրագրելով, որ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Մինչդեռ դիմողի ներկայացրած ընդհանուր վերացական դատողությունները վիճարկվող դրույթի իրավակարգավորման էության վերաբերյալ վկայում են, որ դիմողն ընդամենը բարձրացնում է խնդրահարույց
իրավահարաբերությունների կանոնակարգվածության հարցը դրա ձևի և բովանդակության առումով։
Դատական կազմն արձանագրում է, որ դիմողը պատշաճ չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
2. Միաժամանակ, դատական կազմը գտնում է, որ դիմողի առաջադրած հիմնական թեզերը ոչ թե վերաբերում են վիճարկվող դրույթին, այլ միանգամայն այլ իրավական փաստաթղթում «Ավտոտրանսպորտային միջոցների
օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթին, ըստ որի ԱՊՊԱ պայմանագրի գործողության ողջ ընթացքում կտրոնը պետք է փակցված լինի ավտոտրանսպորտային միջոցի վրա սահմանված տեղում, իսկ վիճարկվող իրավադրույթն ընդամենն այդ պարտականությունը չկատարելու համար վարչական պատասխանատվություն է սահմանում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Գոռ Մարգարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
4 դեկտեմբերի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/2-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 դեկտեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
