ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 49 | ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 սեպտեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Աննա Մկրտչյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աննա Մկրտչյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Ղազարյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 2-ին)՝ խնդրելով.
«Ճանաչել ՀՀ «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ների մասնավորեցման մասին օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետը հարկադիր սերվիտուտ սահմանելիս բացառություն չնախատեսելու մասով ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 78-րդ հոդվածներին հակասող»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/1218/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Սեփականատիրոջ իրավունքը՝ ազատորեն տիրապետել, օգտագործել և տնօրինել իր գույքը, սահմանափակվում է մի քանի առումներով՝
նախ՝ տեխնիկական և ֆիզիկական խոչընդոտներով, որոնք բխում են անվտանգությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերից՝ արգելելով շինարարություն իրականացնել բարձր լարման մալուխների անվտանգության գոտիներում։
երկրորդ՝ վարչական գործընթացների խոչընդոտմամբ, մասնավորապես՝ շինարարական թույլտվություն ստանալու անհնարինությամբ կամ բարդություններով։
երրորդ՝ իրավական անորոշությամբ, կապված մալուխագծերի պատկանելիության, սպասարկման և ապամոնտաժման պարտավորությունների հետ:
Այս սահմանափակումները, որոնց իրավական հիմքը հանդիսանում է «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ների մասնավորեցման մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետը, հանգեցնում են սեփականության իրավունքից փաստացի և իրավաբանական զրկման»:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի հիման վրա «Սերվիտուտի կիրառումը չի հիմնվում կոնկրետ, անհատականացված և համաչափ գնահատման վրա, ինչը հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքին»:
Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթում «(...) որևէ բացառություն չնախատեսելը հանգեցնում է իրավիճակի, երբ օրենքը գործում է որպես անթույլատրելիորեն խիստ և հարթեցված նորմ՝ չառանձնացնելով իրավական իրավիճակների տարբերությունները և անհատական առանձնահատկությունները: Այս մեխանիկական մոտեցումը մերժում է իրավաբանական առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ են համաչափության սկզբունքը պահպանելու համար»:
Դիմողն ընդգծում է, որ նման կարգավորումը «(...) գործնականում բացառում է սեփականության իրավունքի իրական պաշտպանությունը, քանի որ անհատը զրկվում է այնպիսի մեխանիզմներից, որոնք թույլ կտային վիճարկել միջամտության արդարացված լինելը, անհրաժեշտությունը կամ համաչափությունը»:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ «(...) «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ների մասնավորեցման մասին օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետում որևէ բացառություն չնախատեսելը և իմպերատիվ կերպով բացառիկ իրավունք մյուս կողմին տրամադրելը իրավաչափ չէ, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ իրավունքի սահմանափակումը համաչափ չի լինի, կխախտի սեփականատիրոջ իրավունքները և կխարխլվի մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշռությունը, չի բխի հետապնդվող նպատակից»: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ «(...) բացառություն չնախատեսելը ուղղակիորեն հակասության մեջ է դրվում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավակարգավորումներին և երաշխիքներին, քանի որ ստացվում է, որ յուրաքանչյուր դեպքում անձը զրկված է նույնիսկ համաչափությունը վիճարկելու հնարավորությունից, քանի որ եթե դրույթը չի նախատեսում բացառություն, ապա անկախ համաչափ կամ իրավաչափ չլինելուց, հարկադիր սերվիտուտը պետք է կիրառվի, որպիսի մոտեցումը, գտնում ենք, չի բխում իրավական պետության յուրաքանչյուրիս տեսլականից և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների արդյունավետ կիրառման, նույնիսկ առհասարակ կիրառման հնարավորությունից»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ««Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Դատարանը նշված նորմը կիրառել է տառացիորեն՝ առանց քննարկելու Դիմողի կողմից ներկայացված փաստական և իրավական հանգամանքները»:
Դիմողը նաև նշել է. «Դիմողը իր իրավունքների պաշտպանության նպատակով բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս, ըստ էության, վերարտադրել է առաջին ատյանի դատարանի դատողությունները՝ մերժելով բողոքը՝ առանց վերլուծության ենթարկելու Դիմողի կողմից բարձրացված իրավական փաստարկները և ներկայացված հանգամանքները»:
Սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը ներկայացրել է նաև պնդում առ այն, որ «(...) ՀՀ Վճռաբեկ դատարանը, առանց գործի էության քննության և առանց պատճառաբանված եզրակացության, որոշել է թողնել բողոքը առանց քննության, դրանով իսկ ավարտելով ներպետական բոլոր իրավական միջոցների կիրառումը»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/1218/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ ««Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողը որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Աննա Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
15 սեպտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
