«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-246)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 246 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 83-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2020 թվականի մարտի 4-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վարչական դատարանի դիմումը, որով ներկայացվել է թիվ ՎԴ/11448/05/19 վարչական գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» 03.03.2020թ. որոշումը: Վերոնշյալ որոշմամբ ՀՀ վարչական դատարանը խնդրել է որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի սահմանադրականության հարցը նշելով, որ վիճարկվող հոդվածը հակասում է Սահմանադրության 60, 61, 63, 78 և 79-րդ հոդվածներին։
2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածի 1-ին մասում գործածված կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը» եզրույթը բավարար չափով որոշակի չէ, որպեսզի կանխատեսելի լինի վիճարկվող շինարարության թույլտվություն հասցեատիրոջ համար արդյո՞ք նա իրավունք ունի իրականացնելու շինարարություն, եթե շինարարության թույլտվությունը վիճարկված է: Դիմողի գնահատմամբ վարչական ակտի կատարում» արտահայտությունը կարող է մեկնաբանվել երկակի նեղ» և լայն» իմաստներով: Ընդ որում, նեղ» իմաստով վարչական ակտի կատարումը» սահմանափակվում է միայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի V բաժնում ներառված նորմերով սահմանված կարգով միջամտող վարչական ակտի հարկադիր կատարմամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի այս կերպ մեկնաբանման դեպքում շինարարության թույլտվությունը, որպես երկակի ազդեցության վարչական ակտ (հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ, շահագրգիռ անձի համար միջամտող), կատարում չի ենթադրում, քանի որ դրանով սահմանվում է շինարարության իրավունք։ Իսկ իրավունքի հասցեատերը ոչ թե կատարում է վարչական ակտը, այլ իրացնում վարչական ակտով սահմանված իր իրավունքը։ Մյուս կողմից, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը դատավարական ինստիտուտ է ամրագրում և այն չի կարող կաշկանդվել վարչարարական հասկացություններով։ Նշված հոդվածում գործածված «վարչական ակտի կատարում» արտահայտությունը կարող է մեկնաբանվել ինքնավար անկախ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի V բաժնի նորմերից։ Ըստ այդմ, «վարչական ակտի կատարումը» «լայն» իմաստով կարող է ներառել նաև երկակի ազդեցության վարչական ակտերը (այդ թվում շինարարության թույլտվությունը), քանի որ այլ շահագրգիռ անձանց համար այն նույն միջամտող ազդեցությունն ունի։ Ուստի, այդ անձինք ևս պետք է օգտվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումից ճիշտ այնպես, ինչպես ցանկացած միջամտող վարչական ակտ վիճարկողները (բացառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված հատուկ դեպքերի)։ Ըստ դիմողի «վարչական ակտի կատարումը» արտահայտության նեղ» իմաստով մեկնաբանման պարագայում մի շարք վարչական ակտերի (այդ թվում շինարարության թույլտվության) վիճարկումը չի կասեցնում դրանց գործողությունը: Հայցի հարուցման կամ գործի քննության հետագա փուլերում կարող է առկա լինել ռեալ վտանգ, որ վիճարկվող վարչական ակտով նախատեսված շինարարությունն իրականացվելու պայմաններում հայցվորի իրավունքները, ընդհուպ մինչև կյանքի և առողջության իրավունքները կարող են էականորեն տուժել: Արդյունքում խախտվում է մարդու դատական պաշտպանության իրավունքը: Իսկ «վարչական ակտի կատարումը» արտահայտության լայն» մեկնաբանման պայմաններում շինարարության թույլտվության հասցեատիրոջ սեփականության իրավունքին միջամտություն է տեղի ունենում առանց հաշվի առնելու համաչափության սկզբունքի կարևոր մաս համարվող իրավաչափ շահերի հավասարակշռման կանոնը: Դրա արդյունքում նաև վարչական ակտի հասցեատերը զրկվում է իր սեփականության իրավունքի միջամտության դեմ դատական պաշտպանությունից:
3. Պատասխանողի կարծիքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը» եզրույթն ունի մեկ միանշանակ մեկնաբանություն, այն նշանակում է, որ կասեցվում է նաև վարչական ակտից բխող կամ դրա հիման վրա ծագող իրավունքների իրացումը։ Վիճարկվող հոդվածի 1-ին մասը բավարար չափով կանխատեսելի է, ձևակերպված է բավարար աստիճանի հստակությամբ։ Պատասխանողը նաև նշում է, որ վարչական ակտի վիճարկման դեպքում ակտի կատարման կասեցումն ինքնանպատակ չէ և կոչված է ապահովելու երկու հավասարազոր իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն։ Ուստի, եթե վարչական ակտի կատարումը կասեցվի անփոփոխ թողնելով դրանից բխող իրավունքների իրացումը, ապա վիճարկման հայցի վարչական ակտը կասեցնող ազդեցությունը կդառնա աննպատակ։ Ավելին, վիճարկվող դրույթում հստակ սահմանված են ծանրակշիռ հիմքեր, որոնց դեպքում վիճարկվող վարչական ակտը շարունակում է կատարվել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ երկակի ազդեցություն ունեցող վարչական ակտի կատարման կասեցումը հանգեցնում է շինարարության թույլտվության դեպքում հասցեատիրոջ սեփականության իրավունքի միջամտության, ապա վիճարկվող դրույթով նախատեսված սահմանափակումը համապատասխանում է դրան ներկայացվող պահանջներին, ապահովում անձանց սահմանադրական իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։ Նման սահմանափակումը համապատասխանում է նաև համաչափության սկզբունքին պիտանի է, անհրաժեշտ և համարժեք։
4. Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի դիմումում առաջադրված հարցերի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելը, և դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր): Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է մեջբերված դրույթի բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ 1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և, 2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողը Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը» արտահայտության բավարար չափով որոշակի չլինելու հանգամանքով, և նման դիրքորոշումը հիմնավորել է այդ արտահայտության երկու հնարավոր մեկնաբանության առկայությամբ։ Տվյալ դեպքում դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են առավելապես ոչ սահմանադրական նորմերի (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի, և մասնավորապես դրա 1-ին մասում գործածված «կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը» արտահայտության) բովանդակության մեկնաբանությանը անկախ այդ նորմերի սահմանադրականության գնահատման վերաբերյալ հարցադրման առկայության հանգամանքից։ Փաստորեն, վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ, ըստ դիմողի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը» արտահայտությունը տեսականորեն կարելի է մեկնաբանել մեկից ավելի եղանակներով, դեռևս չի նշանակում, որ առաջանում է իրավական որոշակիության առումով այդ հոդվածի սահմանադրականության հարց։ Օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունն ուղղա-կիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանությունը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ։ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավոր-ման շրջանակներում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատարաններն իրենց բնորոշ գործառույթներին համարժեք լիազորությունների առկայության պայմաններում ունակ են լուծելու դիմողի առաջադրած խնդիրները։ Ինչ վերաբերում է դիմողի կողմից առաջադրված մյուս հարցին այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում գործածված «կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը» արտահայտության ցանկացած եղանակով մեկնաբանման դեպքում խախտվում են սահմանադրական որոշակի նորմեր (ընդ որում, դիմողը ներկայացնում է տարբեր հիմնավորումներ կախված նրանից, թե ինչպես կմեկնաբանվի վիճարկվող հոդվածը), ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված հարցի ըստ էության քննարկումն ածանցվում է դիմողի կողմից ներկայացված առաջին հարցի քննարկման արդյունքներից։ Այսինքն տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը նախ պետք է մեկնաբանի վիճարկվող հոդվածը, մասնավորապես բացահայտի դրանում գործածված «կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը» արտահայտության բովանդակությունը անկախ սահմանադրաիրավական նորմերից, և դրանից հետո միայն գնահատի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կառուցակարգի սահմանադրականությունը։ Նման պայմաններում դիմողը դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումներով (վիճարկվող հոդվածի մեկնաբանում, որից հետո միայն, կախված Սահմանադրական դատարանի կողմից դրան տրվող մեկնաբանությունից, վիճարկվող հոդվածով սահմանված կառուցակարգի սահմանադրականության գնահատում), իրավասու չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կառուցակարգի սահմանադրականության գնահատման հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, որի պայմաններում իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես նաև դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներով առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 դեկտեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-246
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-246
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
