«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6 ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-124)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 124 | «ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6 ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6 ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6 և 7-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի հունիսի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վճռաբեկ դատարանի (այսուհետ` նաև դիմող) դիմումը, որով թիվ ԵԱՆԴ/1788/02/12 քաղաքացիական գործով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2022 թվականի հունիսի 8-ի որոշմամբ դիմողը խնդրել է (որոշել է). ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան»:
2. Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.11.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԱՆԴ/1788/02/12 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019թ. որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վ. Ավանեսյանի (զեկուցող դատավոր) պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 27.12.2020թ. լիազորությունները դադարելու հիմքով թիվ ԵԱՆԴ/1788/02/12 քաղաքացիական գործը 12.01.2021թ. վերաբաշխվել և հանձնվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռ. Հակոբյանին։ Ըստ դիմողի խնդրո առարկա գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու հարցի լուծումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Դատական օրենսգիրք) 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6 և 7-րդ մասերով ամրագրված իրավակարգավորումների կիրառմամբ, որոնց սահմանադրականության վերաբերյալ դիմումում վկայակոչված ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի որպես արդար դատաքննության իրավունքի գործառական տարրի առնչությամբ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի լույսի ներքո դիմողի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած։ Դիմողի գնահատմամբ վիճարկվող կարգավորումներն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում են խնդիրների․ դրանք որոշ դեպքերում չեն գործում արդյունավետորեն, ստեղծում են փակուղային իրավիճակ, քանի որ առանձին գործերով Վճռաբեկ դատարանը չի կարողանում ընդունել որոշումներ օրենքով սահմանված ձայներ չապահովվելու պատճառով։ Դիմողը նշում է, որ թիվ ԵԱՆԴ/1788/02/12 քաղաքացիական գործով օրենքով սահմանված ողջամիտ ժամկետում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որևէ որոշում հնարավոր չի եղել կայացնել, քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11 դատավորներից երկուսը հայտնել են ինքնաբացարկ, ինչի հետևանքով որոշում ընդունելուն մասնակցելու իրավունք ունեցող դատավորների թվակազմը մնացել է 9-ը։ Զեկուցող դատավորի կողմից կազմված որոշման նախագծին կողմ քվեարկած դատավորների թիվը պակաս է եղել 6-ից, այսինքն չի ապահովվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6 և 7-րդ մասերով սահմանված Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (6 ձայն) որոշում ընդունելու պարտադիր կանոնը։ Դիմողը նշում է, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն խաթարում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, այլ նաև վճռաբեկ բողոք ներկայացրած անձանց դատարանի մատչելիության և ողջամիտ ժամկետում իրենց գործի քննության իրավունքը։ Դիմողի դիտարկմամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կազմի ինքնաբացարկի կամ բացակա դատավորի պատճառով ոչ ամբողջական լինելու դեպքում հնարավոր չէ ապահովել պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում ընդունելու «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6 և 7-րդ մասերով սահմանված օրենսդրական պահանջի կատարումը, քանի որ որոշումը Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունից, այսինքն 6 ձայնից պակաս ձայներով ընդունվելու պարագայում կխախտվի իրավասու (օրինական) դատարանի կողմից որոշում կայացնելու հիմնարար սկզբունքը։ Հակառակ դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում շեղվել հիշատակված օրենսդրական պահանջից գտնելով, որ որոշումը պետք է ընդունվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա, առհասարակ, անհնար է դառնում որոշում ընդունելը, կամ որոշումը կարող է ընդունվել միայն պալատի դատավորի թափուր հաստիքը համալրելուց հետո, ինչի հետևանքով կխախտվեն ողջամիտ ժամկետները։ Դիմողը նշում է. «(...) թիվ ԵԱՆԴ/1788/02/12 քաղաքացիական գործով (ինչպես նաև վերը թվարկված մի շարք այլ գործերով) ներկայացված վճռաբեկ բողոքը տևական ժամանակ գտնվում է Վճռաբեկ դատարանի քննարկման ներքո, սակայն օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որևէ որոշում ընդունել օրենքով սահմանված բավարար ձայներ չապահովվելու պատճառով»:
3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված դիմումը, գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով ներքոնշյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է դատարանների իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը: Դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այս առումով առանցքային է արդարադատություն իրականացնող հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանն իր 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»: 3.2. Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բարձրացնում է Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6 և 7-րդ մասերի Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարց: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիմողի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2022 թվականի հունիսի 9-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի (ՀՕ-151-Ն) 3-րդ հոդվածով Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի դիմողի կողմից վիճարկվող 6-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «6. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վճռաբեկ դատարանում որոշումներն ընդունվում են Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում համապատասխան դատական կազմի բողոքը քննող դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում որոշումը կայացվում է համապատասխան դատավարական օրենսգրքով սահմանված կարգով»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի կողմից բարձրացված ենթադրյալ սահմանադրաիրավական խնդիրն առավելապես առնչվում է վերոնշյալ իրավադրույթին, որն օրենսդրի կողմից ենթարկվել է հիշատակված փոփոխության Վճռաբեկ դատարանի սույն դիմումի (որոշման) կայացումից հետո: Անդրադառնալով դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6 և 7-րդ մասերի ենթադրյալ հակասահմանադրականության հարցին Սահմանադրական դատարանը փաստում է, որ նշված օրենսգրքի «Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված է, որ Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, Վճռաբեկ դատարանում` քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Նույն օրենսգրքի 402 և 403-րդ հոդվածներով օրենսդիրն ամրագրել է վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում, ինչպես նաև գրավոր ընթացակարգով իրականացնելու իրավակարգավորումները: Մասնավորապես, սահմանված է, որ բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված (402-րդ հոդվածի 2 և 3-րդ մասեր): Հիշյալ օրենսգրքի «Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով» վերտառությամբ 403-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել համապատասխան հիմնավորումներ թիվ ԵԱՆԴ/1788/02/12 քաղաքացիական գործի քննության փուլի, վճռաբեկ բողոքը քննության փուլում գտնվելու առնչությամբ բողոքի քննության իրականացման դատավարական ձևի, հետևաբար համապատասխան դատական ակտ կայացնելու համար կոնկրետ նորմերի վերաբերյալ, որոնք կփաստեն, որ վիճարկվող նորմերը քաղաքացիական դատավարության տվյալ փուլում Վճռաբեկ դատարանի կողմից ենթակա են կիրառման: Դիմողի կողմից վիճարկվող դրույթները մի դեպքում վերաբերում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ընթացակարգերին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի առանձին կարգավորումները), մյուս դեպքում բողոքի քննությանը: Եթե խնդիրը վերաբերում է վճռաբեկ բողոքի գրավոր ընթացակարգով քննությանը, ապա դիմողի կողմից չեն ներկայացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ընթացակարգերը կիրառելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հաղթահարել բարձրացված խնդիրը: Վերոնշյալ հանգամանքների վերաբերյալ դիմողի կողմից պատշաճ հիմնավորումների բացակայության պայմաններում Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով դիմողը չի հիմնավորել սահմանադրաիրավական վեճի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն դիմումում նշվում են Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով: Վկայակոչված հոդվածի ուղղակի պահանջն է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում հստակ մատնանշել Սահմանադրության համապատասխան նորմերը, ինչպես նաև դատարանների պարագայում իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործերով նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթները, առանց որոնց կիրառման անհնարին է իրականացնել արդարադատություն: Դիմումը պետք է հստակ բովանդակի վերոթվարկյալ պահանջները ուրվագծելով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող սահմանադրաիրավական վեճի շրջանակները: 3.3. Սահմանադրական դատարանը դատարանների կողմից ներկայացվող դիմումների ընդունելիության չափանիշները մեկնաբանելու վերաբերյալ իր դիրքորոշումներում զարգացրել և հստակեցրել է Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված դատարանի իրավասության իրականացման անհրաժեշտ պայմանները, մասնավորապես դատարանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի հիմնավորումների մասով նշելով. «(...) դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (...): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով» (05.08.2021թ. ՍԴԱՈ-176)։ Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ դիմումի շրջանակներում դիմողի կողմից առավելապես բարձրացվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի կիրառման հարցեր: Հաշվի առնելով նաև Վճռաբեկ դատարանի երկու առանձին քաղաքացիական և վարչական պալատների համապատասխան դատավորների թվակազմով գործելու հանգամանքը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումի շրջանակներում բարձրացված հարցադրումներն, ըստ էության, հավակնում են առավելապես վերացական սահմանադրական վերահսկողության առարկա դառնալուն: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունն այն է, որ որևէ կոնկրետ գործով դիմում ներկայացնելիս դատարանը պետք է հիմնավորի, որ համապատասխան բացասական հետևանքները ոչ թե կարող են վրա հասնել, այլ կոնկրետ գործի շրջանակներում անխուսափելիորեն վրա են հասնելու (14.04.2020թ. ՍԴԱՈ-83): Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումներով իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան, որպիսի պայմաններում գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6 և 7-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
12 հուլիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-124
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-124
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
