ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 հունիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 13 | ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
12 հունիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Տիգրան Սահակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Տիգրան Սահակյանը 2017թ. մայիսի 22-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով իր ձևակերպումների ոչ բավարար ճշգրտության պատճառով հնարավորություն է տալիս դատարաններին տարբեր կերպ մեկնաբանել օրենքի նույն դրույթը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Ըստ դիմողի կարծիքի` վիճարկվող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, թերի է ձևակերպված, ինչն էլ հնարավորություն չի ընձեռում իրավաբանական և ֆիզիկական անձանց կանխատեսելու իրենց գործողությունները` իրավունքների դատական պաշտպանության ոլորտում, ինչպես նաև դատարաններին հնարավորություն է տալիս սահմանափակել անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես, դիմողի փաստարկներն առ այն, որ «...ՀՀ վարչական դատարանը և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը խնդրո առարկա դրույթը տարբեր կերպ են հասկացել, մեկնաբանել... ու կիրառել», իրականում ուղղված են վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման քողի ներքո դրա կիրառման իրավաչափության հարցին: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է: Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ, եզրափակիչ փուլերից: Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ)։
Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նշված օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ)։ Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ)։ Նշված նորմերի համակարգված վերլուծությունը հանգեցնում է եզրակացության, որ այն դեպքերում, երբ վարչական վարույթը եզրափակվում է վարչարարության (հետևաբար` նաև այդ ընթացքում իրականացվող գործողությունների) արդյունքում ընդունված վարչական ակտով, ապա անձի համար իրավական հետևանքներ կարող է առաջացնել միայն այդ ակտը, այլ ոչ թե այդ ակտի ընդունմանն ուղղված գործողությունները, քանի որ անձի ենթադրյալ իրավունքները խախտող ակտի վիճարկումն արդեն իսկ ենթադրում է, որ դատարանն այս պարագայում անպայմանորեն պետք է անդրադառնա և քննարկման առարկա դարձնի ակտի ընդունմանն ուղղված բոլոր գործողությունների իրավաչափության հարցը, ինչի արդյունքում էլ, ի վերջո, կլուծվի վարչական ակտի ճակատագիրը` առանց լրացուցիչ այլ պահանջների ներկայացման։ Այսինքն, առկա է անձի իրավունքների ենթադրյալ խախտումների պաշտպանության` օրենքով սահմանված հստակ եղանակ, այն է` վարչարարության հետևանքով կայացվելիք վերջնական վարչական ակտի վիճարկում, եթե անձը կգտնի, որ դրանով խախտվել են իր իրավունքները։
Հետևաբար, վերոշարադրյալի համատեքստում դիմողի փաստարկներն առ այն, որ «...եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը դատարանին հնարավորություն է տալիս այն մեկնաբանել այնպես, որ այդ նորմով սահմանափակվում է անձի կողմից իր իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից օգտվելու հնարավորությունն այն դեպքում, երբ անձը այլևս հնարավորություն չունի իր իրավունքները պաշտպանել այլ կերպ, քան այդ միակ հիմքով, ապա օրենքի նման մեկնաբանության հնարավորությունը և դրանով սահմանվող արգելքը հակասում են ՀՀ Սահմանադրության նորմերին...», ակնհայտ անհիմն են, սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում:
Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված` վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջն ինքնանպատակ չէ, և համաձայն դրա` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, ինչը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, պահանջ, որին չի բավարարում Սահմանադրական դատարան ներկայացված խնդրո առարկա անհատական դիմումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Տիգրան Սահակյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
12 հունիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
