Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««168 ԺԱՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 327-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 328-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ ՄԱՍԻ, «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ Վ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««168 ԺԱՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 327-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 328-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ ՄԱՍԻ, «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ Վ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6213 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 62 | ««168 ԺԱՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 327-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 328-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ ՄԱՍԻ, «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«168 ԺԱՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 327-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 328-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 1087.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ ՄԱՍԻ, «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «168 ԺԱՄ» ՍՊԸ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի, 328-րդ հոդվածի 3-րդ մասի, 337-րդ հոդվածի 1-ին մասի, 1087.1-ին հոդվածի 13-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի մայիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «168 ԺԱՄ» ՍՊԸ (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ օրենսդրական խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածը, 328-րդ հոդվածի 3-րդ մասը, 337-րդ հոդվածի 1-ին մասը, 1087.1-ին հոդվածի 13-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը որոշակի չեն, որի հետևանքով իրավունքի սուբյեկտի և իրավակիրառողի համար պարզ չէ, թե պատվի և արժանապատվության պաշտպանության հայցերով անձը ո՞ր պահից սկսած կարող է դիմել դատական պաշտպանության, ինչպե՞ս պետք է որոշել մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը, ընթացքը, և ո՞ր պահին է ավարտվում մեկամսյա ժամկետը «ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին» կանոնում պարունակվող «համապատասխան» բառը վերաբերում է ժամկետի սկիզբը որոշող օրվա ամսաթվին, թե՞ դրա հաջորդ օրվա ամսաթվին, երբ մեկնարկում է ժամկետի ընթացքը: Ըստ Դիմողի (...) վիճարկվող դրույթները ոչ միայն տարընկալում են առաջացրել թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով, այլ ուսումնասիրելով դատական պրակտիկան, տեսնում ենք, որ նույն փաստական հանգամանքներ ունեցող գործերով, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել, ինչպիսի պայմաններում առավել քան ակնհայտ է, որ առկա է իրավական անորոշություն»: Դիմողը փաստում է, որ մի դեպքում մեկամսյա ժամկետը հաշվարկվում է իրադարձությանը հաջորդող օրվանից, և տվյալ օրով է պայմանավորվում ժամկետի վերջին օրը, իսկ մյուս դեպքում մեկամսյա ժամկետը հաշվարկվում է իրադարձության օրվանից, և տվյալ օրով է պայմանավորվում ժամկետի ավարտը: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-ին մասին Դիմողը նշում է, որ օրենսդիրը չի մանրամասնել «համապատասխան ամսաթիվ» եզրույթի բովանդակությունը, որպիսի պայմաններում տվյալ նորմը չի ապահովում իրավունքի սուբյեկտի և իրավակիրառողի միատեսակ ընկալումը: Ամփոփելով Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածը, 337-րդ հոդվածի 1-ին մասը, 328-րդ հոդվածի 3-րդ մասը, 1087.1-ին հոդվածի 13-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածին, ինչի հետևանքով խախտվել են իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնական իրավունքները:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պայմաններում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(...) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և հիմնական իրավունքի և կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Սույն դիմումով Դիմողը խնդրել է որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի, 337-րդ հոդվածի 1-ին մասի, 328-րդ հոդվածի 3-րդ մասի, 1087.1-ին հոդվածի 13-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներին, սակայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես Դիմողը բարձրացրել է Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի, ինչպես նաև Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված որոշակիության սկզբունքի խախտման վերաբերյալ հարց, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստը, հետևաբար և տվյալ փաստի և վիճարկվող հոդվածների միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել։ Ուստի Դիմողը չի հիմնավորել նաև իր կողմից վիճարկվող դրույթների հակասությունը Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածներին։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/ սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Հատկանշական է նաև, որ Դիմողը ներկայացրել է պնդում առ այն, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածին, որի հետևանքով խախտվել են իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնական իրավունքները, սակայն այդ առնչությամբ չի ներկայացրել որևէ հիմնավորում սահմանափակվելով սոսկ այդ պնդման վկայակոչմամբ։ Ավելին, անհատական դիմումի խնդրամասում Դիմողը ներկայացրել է վիճարկվող օրինադրույթները Սահմանադրության միայն 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ճանաչելու վերաբերյալ խնդրանք: Վերոնշյալի հաշվառմամբ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի, 337-րդ հոդվածի 1-ին մասի, 328-րդ հոդվածի 3-րդ մասի, 1087.1-ին հոդվածի 13-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի անհամապատասխանությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության, հետևաբար և Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածներին: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի, 337-րդ հոդվածի 1-ին մասի, 328-րդ հոդվածի 3-րդ մասի, 1087.1-ին հոդվածի 13-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է համապատասխան օրինադրույթների կիրառման իրավաչափության հարց: Դիմողը ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասը չեն համապատասխանում որոշակիության սկզբունքին, որի հետևանքով, առաջացել են տարատեսակ մեկնաբանություններ նաև թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործով, որտեղ Դիմողը հանդես է գալիս որպես պատասխանող»: Հավելելով Դիմողը նաև նշել է. «Այսինքն, եթե վիճարկվող դրույթները լինեին բավարար չափով որոշակի, Վերաքննիչ դատարանի կողմից նման մեկնաբանությամբ չէր կիրառվի, հետևաբար դատական ակտը չէր բեկանվի և չէր խախտվի Դիմողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները»: Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի առնելով նաև սույն դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վիճարկվող դրույթների հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԵԴ/21745/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը: Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների գործողությունների իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «168 ԺԱՄ» ՍՊԸ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի, 328-րդ հոդվածի 3-րդ մասի, 337-րդ հոդվածի 1-ին մասի, 1087.1-ին հոդվածի 13-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 հունիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-62

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-62
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել