Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ԵՎ 2.2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ԵՎ 2.2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3212 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 մարտի 2026թ. ՍԴԱՈ - 32 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ԵՎ 2.2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.2-ՐԴ ՄԱՍԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾ

Ամբողջ Տեքստ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ԵՎ 2.2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.2-ՐԴ ՄԱՍԻ, 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 4-10-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետի, 27-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերի, 52-րդ հոդվածի, 52.1-ին հոդվածի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի, 52-րդ հոդվածի, 52.1-ին հոդվածի 4-10-րդ մասերի մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «(…) որոշել ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի (ՀՕ-148) 17-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի, 27-րդ հոդվածի 2.1-րդ և 2.2-րդ մասերի, 52-րդ հոդվածի, 52.1-րդ հոդվածի և ՀՀ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 59-րդ, 60-րդ, 73-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴԱՈ-141 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության:

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001 թվականի մարտի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2001 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտել 2001 թվականի ապրիլի 1-ին:

Օրենքի՝ «Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 2.2-րդ մասը սահմանում է.

«2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրա շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, և գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով»։

Խնդրո առարկա դրույթները հիշատակված հոդվածում լրացվել են 03.07.2025 թ. ՀՕ-196-Ն օրենքով, որն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ:

Օրենքի՝ «Սպառողների շահերի պաշտպանության երաշխիքները» վերտառությամբ 52-րդ հոդվածը սահմանում է.

«1․ Լիցենզիայից կամավոր հրաժարվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը մինչև գործունեության նոր լիցենզիա տալը իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրելու լիցենզիայից կամավոր հրաժարված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` հանձնաժողովի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան, կամ լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակելու ժամանակավոր կառավարչին: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը մինչև գործունեության նոր լիցենզիա տալը իրավունք ունի համապատասխան որոշմամբ լիցենզիայից զրկված անձի լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակելու ժամանակավոր կառավարչին, բացառությամբ սույն օրենքի 52.1-ին հոդվածով սահմանված դեպքի:

2․ Հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար:

3․ Եթե անձը հրաժարվում է իր գործունեությունը շարունակելուց, կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ անձի բաժնետերերին (մասնակիցներին) առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը: Սույն մասով սահմանված օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:

4. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը սահմանվում է մինչև սույն հոդվածով սահմանված կարգով նոր լիցենզիա տալը կամ գույքի օտարումը»։

Նշյալ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ 03.07.2025 թ. ՀՕ-196-Ն օրենքով:

Օրենքի՝ «Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցառումների կիրառումը» վերտառությամբ 52.1-ին հոդվածի 4-10-րդ մասերը սահմանում են.

«4. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման ոլորտներում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ, կամ այն անձը, որն առնվազն երեք տարի գործունեություն է ծավալել նշված ոլորտներում:

5. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու դեպքում հանձնաժողովի նախագահը վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշմամբ պետք է սահմանի նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործելու է ժամանակավոր կառավարիչը, որը կարող է սահմանվել ոչ ավել, քան մինչև վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելը:

6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի արդյունքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, եթե լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ՝ սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը պետք է հրապարակվի հանձնաժողովի պաշտոնական կայքում և տեղադրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ ժամանակավոր կառավարչի վերաբերյալ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները ժամանակավոր կառավարչի դիմումի հիման վրա պետք է գրառվեն իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում:

8. Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատրությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ հանձնաժողովի նախագահի սահմանած չափով։

9. Ժամանակավոր կառավարչի գործունեության արդյունքով լիցենզավորված անձին պատճառված վնասները ենթակա են հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

10. Կանխարգելիչ միջոցառումների կիրառման և սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածում դատարանում չի կարող քննության առարկա դառնալ լիցենզավորված անձի սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը (սնանկ ճանաչելու հարցը), և նման դիմումները (դրանք վարույթ ընդունելը) ենթակա են մերժման»:

Նշյալ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ 03.07.2025 թ. ՀՕ-196-Ն օրենքով:

2. Դիմողի դիրքորոշումները

2.1. Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի իրավակարգավորման մասով

Դիմողը գտնում է, որ Օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը զգալիորեն սահմանափակում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունը՝ սահմանելով Կառավարության գնելու նախապատվության իրավունքը: Այս համատեքստում Դիմողն Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասը, որում սահմանված է, որ «(…) նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրանց շուկայական արժեքը», ինչպես նաև, թե ինչ կարգով է որոշվում շուկայական արժեքը, որպես իրավակարգավորում գնահատում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սեփականատիրոջ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավազորության անհամաչափ խախտում։

Ըստ Դիմողի՝ «Ինքնին շուկայական արժեքի որոշումը և կառավարությանը նախապատվության իրավունք վերապահելը անհամատեղելի հասկացություններ են, քանի որ այն դեպքում, երբ գույքի սեփականատերը հնարավորություն ունի վաճառել գույքը որևէ գնով, նախապատվության իրավունքը ենթադրում է ընդամենը այդ գնով մեկ այլ գնորդին գնման հնարավորություն ընձեռելը։ Տվյալ դեպքում նախապատվության իրավունքի ինստիտուտի էությունը ձևախեղվում է, քանի որ վաճառքը իրականացվում է ոչ թե վաճառողի առաջարկած գնով, այլ իրականացվում է այնպիսի գնով, որով վաճառողը հնարավոր է ընդհանրապես չուզենար վաճառել իր գույքը»:

Դիմողի գնահատմամբ՝ «Բացի այդ շուկայական գնի որոշման կարգը պարունակում է անորոշություն, թե ինչպես է հաշվարկվում գինը, եթե գնահատման հաշվետվությունները մեկից ավելի են և դրանցով որոշված արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելի է։ Այդ դեպքում օրենքը նախատեսում է, որ «հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը», սակայն մնում է անորոշ, թե ինչի համեմատ 10 տոկոսի չափով տարբերությունն է հիմք ընդունվում՝ օրինակ նվազագույն արժեքից 10 տոկոսով ավելի, կամ առավելագույն արժեքից 10 տոկոսով պակաս, կամ որևէ այլ։ Սա խախտում է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը»:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, «(...) որ իրավական որոշակիության սահմանադրական պահանջին համապատասխանության հիմքով անորոշության որոշակի տարրեր կամ գնահատողական եզրույթներ պարունակող իրավակարգավորումների սահմանադրականության հարցն առաջ է գալիս այն պարագայում, երբ դրանց մեկնաբանման միջոցով իրավակարգավորմանն անհրաժեշտ որոշակիություն հաղորդելը (ենթադրյալ անորոշությունը հաղթահարելը) հնարավոր չէ», Դիմողը կարծում է, որ Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի իրավակարգավորումներում «(...) առկա է հենց նման իրավիճակ, երբ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, իսկ նշված անորոշությունը հնարավոր չէ հաղթահարել նորմի մեկնաբանման միջոցով»:

2.2. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության մասով

Դիմողի տեսանկյունից Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությամբ, պարզապես հղում կատարելով Սահմանադրության 60-րդ հոդվածին, վերացվել է նախորդ կարգավորման հստակությունն այն հարցում, թե սեփականության իրավունքին միջամտության երեք կանոններից որի´ն է հետևելու հանրային իշխանությունը։ Քանի որ օրենսդիրը նախկինում գոյություն ունեցող և Սահմանադրությանը համապատասխանող տնտեսվարող սուբյեկտի գույքի օտարման նորմը փոխարինել է իրավական որոշակիությունը խաթարող դրույթով, ապա դա Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքի խախտում է։

Դիմողը ենթադրում է, որ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության բովանդակությունից անձի համար անկանխատեսելի են դառնում հանրային իշխանության գործողությունները, նշված նորմի կիրառման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքները, ինչը չի բխում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1452, ՍԴՈ-1488 որոշումներում արտահայտված իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումներից։

Դիմողի կարծիքով, քանի որ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված դեպքում խոսքը սեփականության հարկադիր օտարման մասին է, ապա օրենսդիրը հստակ պետք է սահմաներ, որ այդ օտարումը կարող է իրականացվել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, և դրանով իսկ կատարեր սեփականության իրավունքի պաշտպանության հարցում հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը, ի թիվս այլ ջանքերի՝ երաշխավորել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությունն օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը՝ համաձայն Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ–1432, 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների:

3. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը Դիմողի հիմնավորումները հերքելու համար իր բացատրության մեջ վկայակոչում է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815, ՍԴՈ-901, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1189, ՍԴՈ-1203, ՍԴՈ-1210 և այլն), որոնցում Սահմանադրական դատարանն անդրադարձել է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, այդ իրավունքի պաշտպանության, հնարավոր սահմանափակման խնդիրներին և իրավական դիրքորոշումներ է արտահայտել սեփականության իրավունքի էության, այդ իրավունքի սահմանափակման, դադարման հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման սահմանադրականության վերաբերյալ, բացահայտել է սեփականությունից զրկելու սահմանադրական եզրույթի բովանդակությունն ու միջազգային իրավական պրակտիկայում դրա ընկալման և կիրառման փորձը։

Միաժամանակ վկայակոչելով 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշումը՝ Պատասխանողն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սահմանադրական դատարանը, դրանում վերահաստատելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» իրավունքի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները, ընդգծել է.

«(...)

- հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարումը միայն անձին դրա դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցում» ապահովելու պայմանով իրականացնելը Սահմանադրի անվերապահ խոստումն է.

- հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարումը միայն դրա դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» տրամադրման պայմանով իրականացնելու սահմանադրական երաշխիքը ենթադրում է հանրային իշխանության՝ որևէ պայմանականություններից զերծ, անվերապահ հանձնառությունը՝ ապահովել գույքն օտարելու դեպքում դրա դիմաց անձին «նախնական և համարժեք փոխհատուցման» տրամադրումը, որը, միաժամանակ, սեփականության իրավունքին միջամտության պարտադիր պայման է։

(...)

ժ) Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության իրավունքին միջամտության իրավաչափության պայմանն է օտարվող սեփականության դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» տրամադրումը։ «Նախնական և համարժեք փոխհատուցում» ստանալու իրավունքը չերաշխավորելը վերջնարդյունքում հանգեցնում է սեփականության իրավունքին անհամաչափ միջամտության, իսկ այս պայմաններից լրացուցիչ շեղում թույլ տալու կամ դրանց առնչությամբ լրացուցիչ սահմանափակումներ նախատեսելու իրավասություն հանրային իշխանությունը չունի»։

Պատասխանողը հղում է անում նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Վերոբերյալ համատեքստում Պատասխանողը, կիրառելով հիմնական իրավունքին/ազատությանը միջամտության իրավաչափության ստուգման թեստը, եկել է եզրակացության, որ «Քննարկվող դեպքում կարգավորումները սահմանված են օրենքով, վիճարկվող կարգավորումը բավարար չափով որոշակի է, և համապատասխան իրավահարաբերության սուբյեկտը լիարժեք կարող է կանխատեսել վիճարկվող կարգավորման պահանջները չկատարելու իրավական հետևանքները, ըմբռնել իրենից ակնկալվող վարքագծի բնույթը և, ըստ այդմ՝ իր վարքագիծը համապատասխանեցնել օրենսդրական գործող (նոր) պահանջներին։ (...)

Օրենսդիրը, սահմանելով համապատասխան իրավակարգավորումները, իրավաչափ նպատակ է ունեցել ապահովելու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ (...)

Տվյալ դեպքում վիճարկվող կարգավորումներն առ այն, որ՝

(…) Կառավարությունն ունի գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք,

համապատասխան օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան, դրանց կիրառմամբ հնարավոր է հասնել սահմանված իրավաչափ նպատակին»։

Ամփոփելով՝ Պատասխանողը գտնում է, որ քննարկվող նորմերով սահմանված պետության միջամտությունը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, հետևաբար՝ խնդրում է ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

4. Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, դրա վերաբերյալ Դիմողի առարկությունը, Օրենքի վերաբերելի դրույթները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի, 52-րդ հոդվածի, 52.1-ին հոդվածի 4-10-րդ մասերի մասով, ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանություններով.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

4.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք հավասարապես վերաբերելի են սահմանադրական վերահսկողության ձևերի շրջանակներում ներկայացվող բոլոր դիմումներին և պարտադիր՝ Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի համար:

Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ, անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող այլ սուբյեկտների կողմից ներկայացվող դիմումների ընդունելիության չափորոշիչներին, արձանագրել է. «Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ սահմանադիրը վերջիններիս իրավունք է վերապահել հայցել սահմանադրական արդարադատություն բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով եզրագծված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, (...) հետ և այլն:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի՝ Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է` սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու հանգամանքը» (3.1-ին կետ):

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով՝ Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի՝ Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է` սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու հանգամանքը:

Սահմանադրական դատարանն իր վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարան դիմող այլ սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն, օրենսդիրը սահմանափակվել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը» (3.2-րդ կետ):

Հաշվի առնելով վերոնշյալը՝ դիմումի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի, 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ բարձրացված հարցերը սահմանադրական բովանդակություն ունեցող վեճ չեն ձևավորում, հետևաբար՝ Դիմողի կողմից առաջադրված հարցերը նշված մասով Սահմանադրական դատարանում քննության ենթակա չեն հետևյալ պատճառաբանությամբ.

4.2. Դիմողի կողմից բարձրացված՝ Օրենքի՝ «Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված կարգավորումների ենթադրյալ հակասահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.

Օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի։ Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքն իրացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2.1-ին մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրա շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելի լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, և գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով։

Դիմողի այն պնդման առնչությամբ, որ շուկայական գնի որոշման կարգը պարունակում է անորոշություն, թե ինչպես է հաշվարկվում գինը, եթե գնահատման հաշվետվությունները մեկից ավելի են, և դրանցով որոշված արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելի է, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը պատշաճ փութաջանությամբ չի հիմնավորում նշյալ անորոշության հաղթահարման անհնարինությունը նորմի՝ իրավակիրառ պրակտիկայում հետագա մեկնաբանման միջոցով։ Մյուս կողմից՝ Դիմողի հիմնավորումները միակողմանի են և հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անձը, որի գույքը հայտնվել է Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված կարգավորումների գործողության տիրույթում, ունի Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և պատճառված վնասի հատուցման իրավունք:

Այսպիսով, Դիմողը պատշաճ կերպով չի հիմնավորում Օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի ուժով Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով և 79-րդ հոդվածով նախատեսված պահանջների խախտման առկայությունը:

Բացի դրանից, Օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի վերջին նախադասությամբ սահմանված է, որ նախապատվության իրավունքն իրացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի ընդունմամբ նախապատվության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունների, ներառյալ՝ գնի որոշման, կարգավորումները կմանրամասնեցվեն: Այսպիսով, դեռևս լրիվ չձևավորված իրավակարգավորման, ինչպես նաև կիրառման կոնկրետ հանգամանքների բացակայության պայմաններում Սահմանադրական դատարանը Դիմողի վերացական պնդումները չի կարող բավարար համարել վիճարկվող իրավական դրույթի սահմանադրականության ստուգման համար:

4.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև Դիմողը դիմումի ներածական հատվածում և խնդրամասում վիճարկում է Օրենքի 52-րդ հոդվածն ամբողջությամբ, սակայն դիմումում ներկայացված են առավելապես 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիրքորոշումներ:

Ըստ Դիմողի՝ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության բովանդակությունն անձի համար անկանխատեսելի է դարձնում հանրային իշխանության գործողությունները, նշված նորմի կիրառման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքները, իսկ քանի որ տվյալ դեպքում խոսքը սեփականության հարկադիր օտարման մասին է, ապա օրենսդիրը հստակ պետք է սահմաներ, որ այդ օտարումը կարող է իրականացվել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան:

Դիմողի այս պնդման առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.

Մինչև 03.07.2025 թ. ՀՕ-196-Ն օրենքով նշյալ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելը, «Էներգետիկայի մասին» օրենքի՝ «Սպառողների շահերի պաշտպանության երաշխիքները» վերտառությամբ 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանված էր, որ լիցենզիայից զրկված անձի` գործունեության նոր լիցենզիա ստանալու պայմանները չբավարարելու և իր սեփականությունը կազմող լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, այդ գույքը կարող է Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված կարգով` օրենքի հիման վրա, օտարվել պետության և հասարակության կարիքների համար` նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Օրենսդիրը, 03.07.2025 թ. ՀՕ-196-Ն օրենքով նշյալ հոդվածը շարադրելով նոր խմբագրությամբ, օտարման պարտադիր պայման է նախատեսել Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջների պահպանումը, ի մասնավորի՝ սահմանված օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը կարող են օտարվել Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:

Նշված դրույթի վերլուծությունից, ինչպես նաև օրենսդրի ողջամտության կանխավարկածից ինքնին բխում է, որ այդ դրույթի իմաստով՝ գույքի կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրի օտարումը պետք է իրականացվի Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջներին համապատասխան՝ միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ: Ուստի՝ Օրենքի՝ 52-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության իրավական որոշակիության վերաբերյալ Դիմողի պնդումներն ու հիմնավորումները ևս անհիմն են:

4.4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 52-րդ հոդվածի մնացյալ դրույթների, ինչպես նաև 52.1-ին հոդվածի 4-10-րդ մասերի հակասահմանադրականության վերաբերյալ Դիմումում համապատասխան հիմնավորումների բացակայության պայմաններում հնարավոր չէ իրականացնել նշված օրինադրույթների սահմանադրականության ստուգում, հետևաբար՝ այդ օրինադրույթների մասով ևս գործի վարույթը ենթակա է կարճման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետի, 27-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերի, 52-րդ հոդվածի, 52.1-ին հոդվածի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասի, 52-րդ հոդվածի, 52.1-ին հոդվածի 4-10-րդ մասերի մասով, կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

12 մարտի 2026 թվականի

ՍԴԱՈ-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել