Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1119 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 մարտի 2024թ. ՍԴԴԿՈ - 11 | ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

19 մարտի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Գարիկ Մհերյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գարիկ Մհերյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 4-ին)` խնդրելով.

«Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված արդար դատաքննության հիմնարար իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ ինքնին այն փաստը, որ իր վարույթում գտնվող քրեական գործերի քննության հաջորդականությունը որոշելիս դատավորը նախապատվությունը չի տվել այն վարույթին, որով մեղադրյալն ավելի երկար է գտնվում անազատության մեջ՝ այլ վարույթով ներգրավված մեղադրյալների համեմատ, բավարար չէ, որպեսզի վերադաս դատարանն արձանագրի ստորադաս դատարանի կողմից վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի խախտում թույլ տրված լինելու հանգամանքը, և միայն ակնհայտ դեպքում է, որ վերադաս դատարանը կարող է արձանագրել ստորադաս դատարանի կողմից վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի խախտում թույլ տրված լինելու հանգամանքը, հետևաբար՝ քրեադատավարական օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի խախտում թույլ տրված լինելու պատճառաբանությամբ բեկանել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը դատական վարույթում երկարաձգելու մասին ստորադաս դատարանի որոշումը»:

2. Դիմողի կարծիքով` Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ մեղադրյալի արդար դատաքննության հիմնարար իրավունքի, ավելի կոնկրետ՝ դրա բաղադրիչը հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության մեղադրյալի իրավունքի բովանդակության հետ համատեղելի չէ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին տրված այն մեկնաբանությունը, որ ինքնին այն փաստը, որ իր վարույթում գտնվող քրեական գործերի քննության հաջորդականությունը որոշելիս դատավորը նախապատվությունը չի տվել այն վարույթին, որով մեղադրյալն ավելի երկար է գտնվում անազատության մեջ այլ վարույթով ներգրավված մեղադրյալների համեմատ, բավարար չէ, որ վերադաս դատարանն արձանագրի ստորադաս դատարանի կողմից վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի խախտում թույլ տրված լինելու հանգամանքը, և միայն ակնհայտ դեպքում է, որ վերադաս դատարանը կարող է արձանագրել ստորադաս դատարանի կողմից վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի խախտում թույլ տրված լինելու հանգամանքը, հետևաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի խախտում թույլ տրված լինելու պատճառաբանությամբ բեկանել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը դատական վարույթում երկարաձգելու մասին ստորադաս դատարանի որոշումը:

Հավելելով՝ Դիմողը փաստում է, որ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով իրավակիրառ պրակտիկան չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի վերոհիշյալ մեկնաբանության համատեքստում կանխորոշիչ նշանակություն ունեցող այն հարցի պատասխանը, թե ո՞ր դեպքում ստորադաս դատարանի կողմից վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի խախտում թույլ տրված լինելու հանգամանքը վերադաս դատարանի կողմից կարող է գնահատվել որպես ակնհայտ:

Դիմողը գտնում է, որ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող կարգավորմանը տրված մեկնաբանությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ մեղադրյալի արդար դատաքննության հիմնարար իրավունքի բովանդակության հետ համատեղելի չէ այնքանով, որքանով այդ մեկնաբանությունը թույլ է տալիս մեղադրյալին շարունակական կալանքի տակ պահել այն դեպքում, երբ հիմնավորված է, որ այդ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատական վարույթում երկարաձգած դատավորը մինչև կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելը նշված քրեական գործը քննել է ավելի դանդաղ կամ հավասար պարբերականությամբ՝ իր վարույթում գտնվող այն քրեական գործերի համեմատ, որոնցով կալանք կրող մեղադրյալներն ավելի ուշ են հայտնվել անազատության մեջ, քան այն մեղադրյալը, որի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է:

Դիմողն արձանագրում է, որ կալանքի տևողության ողջամիտ ժամկետը և վարույթի ողջամիտ ժամկետը, թեև փոխկապակցված, սակայն նույնական իրավական հասկացություններ չեն, այլ խոսքով՝ կալանքի տևողության ողջամիտ ժամկետի պահպանված լինելու փաստը դեռևս չի նշանակում, որ պահպանված է նաև վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքը, հետևաբար՝ կալանքի տևողության ողջամիտ ժամկետի և վարույթի ողջամիտ ժամկետի խախտման փաստերը ենթակա են առանձին հետազոտման և գնահատման:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»:

2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը բարձրացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ մեկնաբանության սահմանադրականության հարց: Այսպես` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով 2023 թվականի դեկտեմբերի 28-ին կայացրած որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Բողոքաբերը չի ներկայացրել ողջամիտ ժամկետի ենթադրյալ ակնհայտ խախտման հետ կապված այնպիսի փաստարկներ, որոնք հնարավոր կլիներ կոնկրետ գնահատման առարկա դարձնել, իսկ Վերաքննիչ դատարանը Դատարանի կողմից գործի քննության ողջամիտ ժամկետի ակնհայտ խախտում առերևույթ չի նկատում:

Ինչ վերաբերում է այս համատեքստում Բողոքաբերի կողմից ներկայացված որոշակի վիճակագրությանը, ապա ներկայացված տվյալների իսկության դեպքում անգամ պատկերն այնպիսին չէ, որ հնարավորություն լինի արձանագրել, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի խախտում:

Ընդ որում, Բողոքաբերը կատարել է դատավոր Ա. Գրիգորյանի վարույթում գտնվող այլ գործերով մեղադրյալների՝ անազատության մեջ գտնվելու ժամկետների վերաբերյալ որոշակի ուսումնասիրություն, մինչդեռ՝ Դատարանի կողմից գործի քննության ընթացքում պատշաճ ջանասիրություն դրսևորած լինելու հանգամանքի գնահատման համար նշյալը գնահատման ենթակա չափանիշներից միայն մեկն է, իսկ այլ չափանիշների (մասնավորապես՝ գործի բարդության, մեղադրյալների ու վկաների քանակի, կողմերի դրսևորած վարքագծի) վերաբերյալ ներկայացված բողոքները որևէ փաստարկ չեն պարունակում»:

Նույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, 2024 թվականի հունվարի 25-ի՝ «Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ հարցին, արձանագրել է. «(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վարույթի ելքի վրա, իսկ հակառակի մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով:

Ինչ վերաբերում է բողոքաբերի դիրքորոշմանն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի կարգավորումների առնչությամբ առկա է միատեսակ կիրառության ապահովման խնդիր, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այն բացակայում է»:

Վերոշարադրյալից ելնելով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ, ըստ էության, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին որևէ մեկնաբանություն չի տրվել: Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գնահատական է տրվել Դիմողի կողմից վերաքննիչ հավելյալ բողոքում բարձրացված հարցի հիմնավորվածության վերաբերյալ, ինչից Դիմողն անուղղակիորեն բխեցրել է սույն անհատական դիմումով վիճարկվող մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 27-րդ և 63-րդ հոդվածներին: Մասնավորապես՝ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ մեկնաբանության և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմը Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այսինքն`սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` սույն անհատական դիմումով Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես` Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են առկա իրավակարգավորումների պարագայում ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից վարույթի ողջամիտ ժամկետի սկզբունքի խախտումը չարձանագրելուն:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Գարիկ Մհերյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Թովմասյան

Անդամներ՝ Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

19 մարտի 2024 թվականի

ՍԴԴԿՈ–11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել