Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՐԱՉԻԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՐԱՉԻԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8124 նոյեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 81 | ՀՐԱՉԻԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 նոյեմբերի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Հրաչիկ Ղամբարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հրաչիկ Ղամբարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021թ. նոյեմբերի 15-ին) խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, ինչպես նաև այդ մեկնաբանությունից բխող կիրառությունը»:

2. Սույն անհատական դիմումով դիմողը պնդում է, որ դատարանները, անտեսելով օրենքի ուղղակի իմպերատիվ կարգավորումները, կատարում են Սահմանադրությանն ակնհայտ հակասող գործողություններ խախտելով Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 6, 61 և 63-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը։ Վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը դիմողը նշում է, որ պրակտիկայում այդ նորմին Վճռաբեկ դատարանի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 2-ին թիվ ԿԴ/0333/04/13 սնանկության գործով կայացված որոշմամբ տրվել է հետևյալ մեկնաբանությունը. «(...) Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին»։ Ըստ դիմողի «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը չի վերաբերում պարտատերերի կողմից ներկայացված պահանջների օրինականությանը, չափին, առաջնահերթությանը կամ ապահովվածությանը, հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանն առանց գրավոր առարկությունների որոշում է բոլոր դեպքերում մտնել ապացույցների գնահատման դաշտ և գնահատել դրանց անհրաժեշտությունն ու բավարար լինելը, նա իրականացնում է լիազորությունների սահմանազանցում հանգեցնելով արդար դատաքննության իրավունքի խախտման, որի արդյունքում խախտվում է նաև մարդու սեփականության իրավունքը: Դիմողը նշում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արտահայտել է դիրքորոշում, ըստ որի պարտատերերի պահանջների նախնական ցուցակի դեմ գրավոր առարկությունների բացակայության դեպքում անգամ ստորադաս դատարանը պետք է քննի համապատասխան հայցը: Սակայն ըստ դիմողի այդ պարագայում իսպառ բացակայում է ոչ միայն դատական նիստ հրավիրելու, այլ նաև պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը քննարկելու օրենսդրական պահանջը, քանի որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը հստակ սահմանում է, որ եթե հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին: Հետևաբար ըստ դիմողի դատարանները, անտեսելով օրենքի ուղղակի իմպերատիվ կարգավորումները, կատարում են Սահմանադրությանն ակնհայտ հակասող գործողություններ: Այսպիսով, դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին, ինչպես նաև Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված 61 և 63-րդ հոդվածներին։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Դիմողի կողմից միևնույն թիվ ՍնԴ/0400/04/20 սնանկության գործի շրջանակներում «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում է մուտքագրվել Սահմանադրական դատարան 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին կայացրել է «Հրաչիկ Ղամբարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժելու վերաբերյալ» ՍԴԴԿՈ-74 որոշումը։ 3.2. 2021 թվականի նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Հրաչիկ Ղամբարյանի անհատական դիմումով կրկին վիճարկվում է նույն թիվ ՍնԴ/0400/04/20 սնանկության գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությունը, ընդ որում այն կրկնում է նախկինում մերժված նույնաբովանդակ դիմումի հիմնավորումները։ 3.3. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նշել է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։ 3.4. Վերահաստատելով վերոնշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով, ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների քննության մերժման հիմքերին, մասնավորապես, ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է հետևյալը. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության Սահմանադրական դատարանի կողմից»։ Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։ Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվեց, Հրաչիկ Ղամբարյանի կողմից «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ անհատական դիմում է մուտքագրվել Սահմանադրական դատարան 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, որի վերաբերյալ առկա է գործի քննությունը մերժելու մասին Սահմանադրական դատարանի դատական կազմի համապատասխան որոշում։ 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հրաչիկ Ղամբարյանի կողմից կրկին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ նույնաբովանդակ դիմում, որի ընդունումը վերոնշյալ պատճառաբանություններով, դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով ենթակա է մերժման։

Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հրաչիկ Ղամբարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Ա. Թունյան

24 նոյեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-81

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 նոյեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-81
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել