Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՓԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՓԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-530 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հունվարի 2023թ. ՍԴԴԿՈ - 5 | ԱՐՓԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 հունվարի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Արփի Ավետիսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արփի Ավետիսյանը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հունվարի 20-ին)` խնդրելով. «(...) սույն դիմումն ընդունել քննության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 430 հոդվածի առաջին մասն այնքանով, որքանով այն չի նախատեսում, որ բացառապես ՀՀ դատարաններին են ընդդատյա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ կամ երեխայի սահմանված բնակության վայրը փոփոխելու վերաբերյալ կամ ալիմենտի բռնագանձման վերաբերյալ պահանջներով գործերը, եթե երեխան և վերոնշյալ պահանջներով դատարան դիմող ծնողը փաստացի բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 61-րդ, 63-րդ և 37-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը փաստում է, որ սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և սույն դիմումով վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 430-րդ հոդվածում առկա օրենսդրական բացը, որի արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանն անմիջականորեն վկայակոչել և կիրառել են Օրենսգրքի 23-րդ հոդվածը: Դիմողն ընդգծում է, որ Օրենսգրքի 430-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի հետևանքով ինքը զրկված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող իր երեխայի համար սահմանված բնակության վայրը փոխելու և մոր բնակության վայրով սահմանելու, ինչպես նաև ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացնելու հնարավորությունից, ինչը չի բխում երեխայի լավագույն շահից։ Ըստ Դիմողի տվյալ դեպքում օրենսդրության մեջ առկա չեն օրենքի բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ: Դիմողը նշում է, որ Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, իսկ 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված են համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։ Վերոշարադրյալի հաշվառմամբ Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 430-րդ հոդվածում առկա օրենսդրական բացը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա, քանզի այն խոչընդոտում է իր վկայակոչած սահմանադրական իրավունքների իրացումը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական հիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն պահանջները, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողն անձամբ փաստել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանն անմիջականորեն վկայակոչել և կիրառել են Օրենսգրքի 23-րդ հոդվածը: Մինչդեռ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումով Դիմողը վիճարկում է Օրենսգրքի 430-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը: Փաստորեն սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող Օրենսգրքի 430-րդ հոդվածի կիրառված լինելը: Օրենսգրքի 430-րդ հոդվածը նախատեսում է Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ ընդդատության կանոններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով: Տվյալ հոդվածով հստակ թվարկված են այն բոլոր գործերը, որոնք ընդդատյա են բացառապես Հայաստանի Հանրապետության դատարաններին, որոնցից որևէ մեկը վերաբերելի և կիրառելի չէ սույն գործով առկա իրավահարաբերությունների նկատմամբ: Այսպիսով, օրենսդիրն իր իրավասության տիրույթում գտնվող տվյալ հարցի կապակցությամբ հստակ կերպով արտահայտել է իր կամքը նախատեսելով համապատասխան գործերի սպառիչ ցանկ: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Օրենսգրքի 22-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները սույն գործի համատեքստում կիրառելի չեն, քանի որ Դիմողի և վերջինիս նախկին ամուսնու միջև կնքվել է համաձայնագիր, որը սահմանված ընթացակարգով ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունում: Համաձայնագրով հստակ նախատեսված է, որ դրա շրջանակներում կողմերն ընդունում են, որ իրենց ամուսնալուծության և դրանից բխող հետևանքների կարգավորման վերաբերյալ վճիռ կայացնելու, ինչպես նաև համաձայնագրի մեկնաբանման կամ փոփոխման հետ կապված հարցերի լուծումը գտնվում է Լիբանանի դատարանների բացառիկ լիազորությունների ներքո, ինչպես նաև կողմերից յուրաքանչյուրը վերջնականապես հրաժարվում է իրենց ամուսնալուծությանն ու դրանից բխող քաղաքացիական հետևանքներին առնչվող որևէ հարցով այլ երկրի քաղաքացիական դատարան դիմելու իր իրավունքից: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից վիճարկվող դրույթը չի կարող Սահմանադրական դատարանում գործի քննության առարկա հանդիսանալ ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության վիճարկման լույսի ներքո: Ուստի Դիմողն իրավասու չէ սույն անհատական դիմումի շրջանակում բարձրացնել տվյալ դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով: 3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…)

անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար: (…)

դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վերոնշյալ պահանջը դիմումով վիճարկվող դրույթի մասով պահպանված չէ, քանի որ Դիմողը վկայակոչել է Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի, 37-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերն առաջնահերթ ուշադրության արժանացնելու սահմանադրական պահանջի, ինչպես նաև 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ պնդում չներկայացնելով վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և իր համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Օրենսգրքի 430-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասությունը Սահմանադրության 28-րդ հոդվածին, 37-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև 61 և 63-րդ հոդվածներին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արփի Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

30 հունվարի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել