Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1019 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 մարտի 2024թ. ՍԴԴԿՈ - 10 | ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

19 մարտի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ` Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Գարիկ Մհերյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գարիկ Մհերյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 4-ին)` խնդրելով.

«Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված արդար դատաքննության հիմնարար իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնել՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման բովանդակությանը ներկայացվող օրենսդրական պարտադիր պահանջներ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված չլինելու պայմաններում»։

2. Դիմողը նշում է, որ չնայած Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշման առկայության փաստին, որտեղ Սահմանադրական դատարանը ձևավորել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման բովանդակային չափանիշներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը Վճռաբեկ դատարանին թույլ է տալիս հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնել՝ այդպիսի մերժումը «հիմնավորելով» 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ նախանշված չափանիշների հետ անհամատեղելի բովանդակությամբ:

Դիմողի կարծիքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է օրենքի բաց՝ կապված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման բովանդակությանը ներկայացվող օրենսդրական պարտադիր պահանջների բացակայության հետ:

Ըստ Դիմողի` վերոհիշյալ բացն առաջացնում է սահմանադրականության խնդիր, որի արդյունքում խախտվում է բողոքաբերի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը՝ այնքանով, որքանով բողոքաբերը զրկվում է ներկայացված բողոքի հիման վրա Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ արձանագրված չափանիշներին համապատասխանող բովանդակությամբ պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։

Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրում է հետևյալը.

Դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքը նրա նկատմամբ կայացրած համապատասխան դատական ակտն է, այսինքն` ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը` ըստ էության, դիմողը բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները մերժելու մասին 2024թ. հունվարի 25-ի թիվ ՀԿԴ/0095/01/23 որոշումը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ սահմանված և հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի կապակցությամբ դիմող Գարիկ Մհերյանի արդար դատաքննության բովանդակությունը կազմող բովանդակային չափանիշներին, այն է՝ չի պարունակում արդարադատության իրականացման հնարավորության բացակայության վերաբերյալ առավելագույնս պատճառաբանված ու իրավաբանորեն առավելագույնս հիմնավորված փաստարկներ, չի պարունակում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 28-ի թիվ ՀԿԴ/0095/01/23 որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքների ընդունելիությունը մերժելու՝ և՛ դիմող Գարիկ Մհերյանի, և՛ հետագա բողոքաբերների համար օբյեկտիվորեն ըմբռնելի ու ընկալելի, ինչպես նաև կանխատեսելի ու գործնական չափանիշներ, չի պարունակում բողոքաբերի փաստարկների ստուգման և կատարվող հետևությունների ու եզրահանգումների որոշակի (կոնկրետ) շղթա, (…)»:

Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը: Մասնավորապես, Դիմողը վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:

Այսպիսով, սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից, հետևաբար` սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։

Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակում թեև անդրադառնում է վիճարկվող դրույթում իր կարծիքով օրենսդրական բացի առկայությանը, այնուամենայնիվ, բարձրացնում է նույնաբովանդակ հարց, այն է՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման՝ պատճառաբանված լինելու հարցը։

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով, քանզի դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշումը:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ նշվում է, որ «… Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության սահմանադրաիրավական պահանջը, բացառությամբ Օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, սահմանափակվում է վճռաբեկ բողոքի հիմք(եր)ին և այն հաստատող փաստերին, բողոքը վարույթ ընդունելու պայմանները հիմնավորող փաստարկներին բավարար իրավական անդրադարձ կատարելու անհրաժեշտությամբ՝ համապատասխանաբար, բողոքը վարույթ ընդունելու համար դրանց անբավարարության առումով»:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Գարիկ Մհերյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Թովմասյան

Անդամներ` Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

19 մարտի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել