ՏԻԳՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 մարտի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 8 | ՏԻԳՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 մարտի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Տիգրան Օհանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Տիգրան Օհանյանի դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվականի փետրվարի 28-ին։ Դիմումում թերությունները վերացնելուց հետո դիմողը 2018 թվականի մարտի 6-ին կրկին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող ճանաչել «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը և համարել անվավերե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Աշոտ Գրիգորյանը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Տիգրան Օհանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։
06.11.2015 թվականին դիմումն ընդունվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։ 11.12.2015 թվականին դատարանի թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով կայացված որոշմամբ պարտապանի և նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Միաժամանակ, նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ սնանկության գործի վարույթը կասեցվել է։
Կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապան Տիգրան Օհանյանի գտնվելու վայրը, սակայն պարզվել է, որ պարտապանը հանդիսանում է Երևան քաղաքի Քեռու փողոցի թիվ 48 հասցեում գտնվող գույքի սեփականատերը։
Դատարանի թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով 15.02.2016 թվականին կայացված որոշմամբ սնանկության գործի վարույթը վերսկսվել է, իսկ 10.03.2016 թվականին կայացված վճռով դիմումը բավարարվել է, և Տիգրան Օհանյանը ճանաչվել է սնանկ։
Դատարանի թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով 10.03.2016 թվականին կայացված վճռի դեմ Տիգրան Օհանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, ինչի արդյունքում բեկանվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով 10.03.2016 թվականին կայացված վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության։
Նշված գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Գրիգորյանը։ ՀՀ վճռաբեկ դատարանը 27.12.2017 թվականին կայացրած որոշմամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ է տվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով 10.03.2016 թվականի վճռին։
3. Դիմողը, ներկայացնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի փետրվարի 22-ի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, մատնանշում է, որ օրենսդիրը, «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 103-րդ հոդվածում սահմանելով ծանուցման այլ կարգ, քան նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ըստ էության սահմանել է պարտապանին ծանուցելու ավելի արդյունավետ միջոց։
Միաժամանակ, դիմողի կարծիքով վիճարկվող դրույթով նախատեսված ծանուցման ավելի արդյունավետ այդ կարգը դեռևս չի նշանակում, որ գործին մասնակցող անձն իրազեկ է և տեղեկացված է իր դեմ ներկայացված սնանկության դիմումի և այդ դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործի մասին։ Ըստ դիմողի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքը և դրանից բխող կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքների պահանջը կարող է ամբողջ ծավալով իրականացվել միայն այն դեպքում, երբ պարտապանին ընձեռված է սնանկության դիմումի և այդ դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործի մասին իրազեկ լինելու, դրա վերաբերյալ առարկելու և իր դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն։ Դիմողը գտնում է, որ գործում բացակայում է որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ պարտապանն իրազեկ է եղել գործի մասին։ Միաժամանակ, համարելով, որ «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին, դիմումում որպես Սահմանադրության այն դրույթներ, որոնց հակասում են դիմողի նկատմամբ կիրառված իրավական ակտի դրույթները, նշվում են Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասը։
4. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումի, դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Այսպես, դիմողը մատնանշում է, որ վիճարկվող դրույթը նախատեսում է ծանուցման ավելի արդյունավետ ընթացակարգ, սակայն, դրանով հանդերձ, գործում բացակայում է որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց առ այն, որ պարտապանն իրազեկ է եղել գործի մասին։ Ընդ որում, գործի շրջանակներում նման եզրահանգման է եկել նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը։ Վերջինս 2017 թվականի փետրվարի 22-ի որոշման մեջ արձանագրել է, որ «...Դատարանի կողմից պահպանվել է «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված կարգը, ինչը հնարավորություն է տվել Դատարանին շարունակել գործի քննությունը, միևնույն ժամանակ գործում բացակայում է որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ պարտապանը իրազեկ է եղել սնանկության դիմումի և այդ դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործի մասին, հետևաբար Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը զրկված է եղել իր դեմ ներկայացված սնանկության դիմումի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու և իր սնանկությունը վիճարկելու հնարավորությունիցե։ ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ արձանագրել է, որ «... Վերաքննիչ դատարանը թեև գտել է, որ Դատարանի կողմից պահպանվել է «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված կարգը, ինչը հնարավորություն է տվել Դատարանին շարունակել գործի քննությունը, սակայն միևնույն ժամանակ արձանագրել է, որ գործում բացակայում է որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ պարտապանը իրազեկ է եղել սնանկության դիմումի և այդ դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործի մասին։ ...
... Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանն Աշոտ Գրիգորյանի սնանկության վարույթի ընթացքում ձեռնարկել է «Սնանկության մասինե ՀՀ օրենքով սահմանված միջոցները պարտապանի ծանուցումն ապահովելու նպատակով, մասնավորապես պարտապանին ծանուցել է «Երևանի Քեռու փողոցի թիվ 48 տունե հասցեով, որպիսի հասցեն նշվել է նաև պարտապանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում, իսկ նշված հասցեի անշարժ գույքը հանդիսացել է պարտապանի սեփականությունը։
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը, հաշվի չի առել, որ վերոնշյալ հոդվածով ծանուցման և պարտապանին սնանկ ճանաչելու ընթացակարգ սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ։ Նշված հոդվածով սահմանված ընթացակարգի պահպանումը բավարար է Դատարանի գործողություններն օրինական համարելու համար, ուստի արձանագրելով Դատարանի կողմից նշված հոդվածով սահմանված ընթացակարգի պահպանված լինելը Վերաքննիչ դատարանը չէր կարող բեկանել Դատարանի վճիռը... ե։
Հարկ է նշել նաև, որ Վճռաբեկ դատարանը որպես վերը նշված իրավիճակների համար պարտապանի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիք մատնանշել է «Սնանկության մասինե ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթները։
Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքներն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։ Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Տիգրան Օհանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
26 մարտի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
