ԱՐՏՈՒՇ ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 փետրվարի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 3 | ԱՐՏՈՒՇ ԳՈՒԼՔԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
21 փետրվարի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Արտուշ Գուլքանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արտուշ Գուլքանյանը 2011թ. փետրվարի 8-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 32- րդ հոդվածի 1-ին մասի, 18-րդ և 19-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին։ Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը փորձել է հիմնավորել օրենսդրական ենթադրյալ բացի առկայությամբ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքի առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է նաև, որ «…օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»։ Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկին, որ վիճարկվող դրույթը չի սահմանում մասնագիտական ունակությունների գնահատման կարգը, ապա գտնում ենք, որ վիճարկվող դրույթն իր բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում, քանի որ, եթե նույնիսկ առկա է օրենսդրական բաց, ապա ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներից վիճարկվող դրույթը չի կարող սահմանադրական դատարանում գործի քննության առարկա դառնալ։ Հարկ է նշել, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականության խնդրին։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Արտուշ Գուլքանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
21 փետրվարի 2011 թվական
ՍԴԴԿՈ/1-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 փետրվարի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
