Ազատյան — ՀԿԴ/0431/07/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 390. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոք բերելու և բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետները · Հոդված 171. Ժամկետների հաշվումըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2024 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ն․Բադալյանը թիվ 58233823 քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ներկայացրել Արամ Ռաֆիկի Ազատյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվության մասին միջնորդություն։ 2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի վեր
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0431/07/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Վ․Ստեփանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Ա․Մարտիրոսյան
2025 թվականի դեկտեմբերի 24-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ՝
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս․ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արամ Ռաֆիկի Ազատյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ Ա․Ազատյանի պաշտպան Ա․Պիվազյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2024 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ն․Բադալյանը թիվ 58233823 քրեական վարույթի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ներկայացրել Արամ Ռաֆիկի Ազատյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվության մասին միջնորդություն։ 2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը բավարարվել է։ 3․ Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշման դեմ Ա․Ազատյանի պաշտպան Ա․Պիվազյանի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք, որը Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։ 4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա․Ազատյանի պաշտպան Ա․Պիվազյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5․ Բողոքաբերը գտել է, որ վիճարկվող դատական ակտն օրինական, հիմնավոր և պատճառաբանված չէ, այն չի բխում դատական վարույթի նյութերից, դրանով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում Ա․Ազատյանն անհիմն կերպով զրկվել է իր շահերը դատական կարգով պաշտպանելու և իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերադաս դատարան վիճարկելու իրավունքից։ Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ 5․1․ Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ թիվ 58233823 քրեական վարույթով մեղադրյալ Ա․Ազատյանի պաշտպան ներգրավվելուց հետո դիմել է վարույթն իրականացնող մարմնին և վերջինիս՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշման հիման վրա իրեն տրամադրել են տվյալ քրեական վարույթով Ա․Ազատյանին վերաբերելի թվով երեք խուզարկությունների թույլտվության մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումներ, համապատասխան խուզարկություններն իրականացնելու վերաբերյալ արձանագրություններն ու կրիչները, որոնք փոստի միջոցով ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նշված երեք դատական ակտերի դեմ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ներկայացրել է հատուկ վերանայման բողոքներ, և նույն քրեական վարույթով խուզարկություն կատարելու թույլտվության վերաբերյալ մյուս երկու դատական ակտերի դեմ իր կողմից ներկայացված նույնանման հատուկ վերանայման բողոքները, ի տարբերություն սույն դատական վարույթով դրսևորված մոտեցման, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումներով ընդունվել են վարույթ։ 5․2․ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի այն ենթադրությունը, որ նախաքննության մարմինը խուզարկության իրականացման սկզբից պետք է խուզարկվող օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին տրամադրեր ստորադաս դատարանի որոշումը, ուստի այն տրամադրել է, իրականությանը չի համապատասխանում, քանի որ հատուկ վերանայման բողոքին կից ներկայացրած փաստաթղթերից երևում է, որ տվյալ դատական ակտն ստացվել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ հատուկ վերանայման բողոքը ներկայացվել՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին։ 5.3․ Բողոքաբերը նաև նշել է, որ Առաջին ատյանի դատարանում իր կողմից վարույթի նյութերին ծանոթանալու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքում նշվածի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը կատարել է անհասկանալի դատողություն, քանի որ դրանով ինքը վերադաս դատարանին պարզապես տեղեկացրել է, որ բողոք ներկայացնելու օրը ծանոթացել է նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերին։ 6․ Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և թույլատրվել է 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել Ա․Ազատյանի՝ ****** քաղաքի ****** փողոցի ***** շենքի *** հարկի՝ ****** ***** ****** ******* ընդունարանի ձախ կողմում տեղակայված աշխատասենյակում[1]։
8. Նախորդ կետում նշված դատական ակտը 2024 թվականի հուլիսի 2-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ա․Ազատյանին կամ վերջինիս ներկայացուցչին հանձնված լինելու հանգամանքը հավաստող որևէ ապացույց դատական վարույթի նյութերում առկա չէ[2]։
9. Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշման դեմ մեղադրյալ Ա․Ազատյանի պաշտպան Ա․Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հանձնվել է փոստին[3]: Ընդ որում, բողոքաբերը փաստարկել է, որ բողոքարկվող դատական ակտը ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ին՝ այդ հանգամանքը հավաստող փոստային ծրարի պատճեն կցելով հատուկ վերանայման բողոքին[4]։
10. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Ա․Ազատյանի պաշտպան Ա․Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը, իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(…) Ուսումնասիրելով թիվ ՀԿԴ/0431/07/24 վարույթը, ներկայացված բողոքը և կից փաստաթղթերը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արամ Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանի կողմից ներկայացված բողոքը ժամկետանց է: Մասնավորապես՝ ներկայացված բողոքի և նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի «Ապացուցողական գործողություն (բնակարանի խուզարկություն) կատարելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» թիվ ՀԿԴ/0431/07/24 դատական ակտը կայացվել է 2024 թվականի հուլիսի 2-ին: Ստորադաս դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթն իրականացնող մարմնին թույլատրել է Արամ Ռաֆիկի Ազատյանի՝ ****** քաղաքի ****** փողոցի ***** շենքի *** հարկի՝ ****** ***** ****** ******* ընդունարանի ձախ կողմում տեղակայված աշխատասենյակում, մեկ անգամ խուզարկություն կատարել 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, ինչից ողջամտորեն ենթադրվում է, որ հիշյալ խուզարկությունը կարող էր կատարվել առավելապես մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։ Սույն համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(...) 3. Խուզարկություն կատարելուց առաջ քննիչը պարտավոր է խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել որոշման պատճենը: (...)»: Ասվածից ողջամտորեն բխում է, որ առնվազն 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարելիս քննիչը ողջամտորեն խուզարկվող օբյեկտի (սույն դեպքում՝ աշխատասենյակի) օրինական տիրապետողին (սույն դեպքում՝ Արամ Ռաֆիկի Ազատյանին) կամ նրա ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել է խուզարկության թույլտվության մասին որոշման պատճենը (քանի որ դա օրենքի իմպերատիվ պահանջն է), ինչից ողջամտորեն պարզ է դառնում, որ առնվազն 2024 թվականի հուլիսի 15-ին Արամ Ռաֆիկի Ազատյանը կամ վերջինի ներկայացուցիչն իր տրամադրության տակ ունեցել է վիճարկվող դատական ակտը: (…)
Ստացվում է, որ օրենսդրի տրամաբանությամբ պաշտպանության կողմին որոշումը հասանելի դառնալու պահը դիտարկվում է նաև դատական ակտը մեղադրյալին կամ այդ պահին վերջինի շահերը ներկայացնող պաշտպանին հասանելի դառնալու պահից: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պաշտպանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանին 2024 թվականի սեպտեմբերի 6-ին և սեպտեմբերի 9-ին դիմում է ներկայացրել՝ թիվ ՀԿԴ/0431/07/24 վարույթի նյութերին ծանոթանալու մասին և օգտվել այդ իրավունքից 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, ապա Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի հոսքը պետք է սկսվի հարուցված միջնորդությանը և դրա կից փաստաթղթերին պաշտպանի ծանոթանալու պահից, ապա իրավակիրառ պրակտիկայում կստեղծվի մի իրավիճակ, երբ որպես պաշտպանության կողմի ներկայացուցիչ՝ պաշտպանն, անկախ մեղադրյալի կողմից դատական ակտերն ստանալու հանգամանքի, քրեական վարույթի ցանկացած փուլում ներգրավվելուց հետո, կարող է իր գնահատմամբ ողջամիտ ցանկացած ժամանակամիջոցում ծանոթանալ ակնկալվող վարույթի նյութերին և իրավունք ստանալ բողոքարկել վարույթում առկա ցանկացած վաղեմության վարութային ակտ, միայն այն պատճառաբանությամբ, որ դրա վերաբերելի փաստաթղթերն իրեն հասանելի են դարձել այդ պահից, ինչը հակասում է քրեադատավարական զենքերի հավասարության և մրցակցության սկզբունքի էությանը: Այսինքն, պետք է փաստել, որ Վերաքննիչ դատարանում թիվ ՀԿԴ/0431/07/24 վարույթով հատուկ վերանայման բողոքը ստացվել է վիճարկվող դատական ակտը ստանալուց հետո մոտ երկու ամիս անց: Ողջ վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2024 թվականի հուլիսի 2-ի «Ապացուցողական գործողություն (բնակարանի խուզարկություն) կատարելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» թիվ ՀԿԴ/0431/07/24 որոշման դեմ մեղադրյալ Արամ Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է և այն ենթակա չէ քննության (…)»[5]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Ա․Ազատյանի պաշտպան Ա.Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը: 12․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝
«Վարույթին ներգրավված անձանց կողմից փաստաթղթերի ստացման ժամկետը հաստատվում է վարույթի նյութերին կցված պատշաճ փաստաթղթով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»: Նույն օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝
«Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ (…) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը»:
13. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով[6],
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը[7],
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն[8],
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա[9]: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի[10]։ 13.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է նաև, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է, որ դատավարության կողմերը պետք է կարողանան օգտվել իրենց բողոքարկման իրավունքից այն պահից, երբ արդյունավետորեն ծանոթացել են դատական որոշումների հետ, որոնք որոշակի բեռ են դնում նրանց վրա կամ կարող են խախտել իրենց օրինական իրավունքները կամ շահերը[11]: 13.2. ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետևյալը.
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման[12]: 13.3. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա[13]: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը[14]: Անձին պետք է ընձեռվի իր իրավունքներին և ազատություններին առնչվող դատական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, ենթադրում է, որ տվյալ դատական ակտը պետք է անձին հասանելի լինի կամ անձը պետք է հաստատապես տեղյակ լինի դրա առկայության մասին[15]։ Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները[16]:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ թույլատրվել է 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև 2024 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել Ա․Ազատյանի՝ ****** քաղաքի ****** փողոցի ***** շենքի *** հարկի՝ ****** ***** ****** ******* ընդունարանի ձախ կողմում տեղակայված աշխատասենյակում[17],
- Առաջին ատյանի դատարանի վերը նշված որոշման դեմ մեղադրյալ Ա․Ազատյանի պաշտպան Ա․Պիվազյանը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին փոստին հանձնելու միջոցով Վերաքննիչ դատարան է ներկայացրել հատուկ վերանայման բողոք՝ կից ներկայացնելով նաև բողոքարկվող դատական ակտը 2024 թվականի սեպտեմբերի 3-ին ստանալու հանգամանքը հավաստող փոստային ծրարի պատճեն[18],
- Վերաքննիչ դատարանը պաշտպան Ա․Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ գտնելով, որ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը պահպանված չէ։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշմամբ թույլատրված ապացուցողական գործողությունը կարող էր կատարվել առավելապես մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ, և հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթի վրա, որ խուզարկություն կատարելուց առաջ քննիչը պարտավոր է խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել որոշման պատճենը, հանգել է այն հետևության, որ նախաքննության մարմինը խուզարկությունը կատարելիս Ա.Ազատյանին կամ նրա ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել է խուզարկություն կատարելու թույլտվության մասին բողոքարկվող որոշման պատճենը, ուստի առնվազն 2024 թվականի հուլիսի 15-ին Ա.Ազատյանը կամ վերջինիս ներկայացուցիչն իրենց տրամադրության տակ ունեցել են այդ դատական ակտը: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ պաշտպան Ա.Պիվազյանի կողմից ստորադաս դատարանում վարույթի նյութերին ծանոթանալու պահը որպես բողոքարկման ժամկետի մեկնարկ համարելն իրավաչափ չէ, քանի որ հակառակ մոտեցումը հակասում է քրեադատավարական զենքերի հավասարության և մրցակցության սկզբունքի էությանը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու հիմքով ենթակա չէ քննության[19]։
15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.3-րդ կետերում մեջբերված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով մեղադրյալ Ա.Ազատյանի պաշտպան Ա.Պիվազյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը, անհամաչափորեն սահմանափակել է մեղադրյալի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատողությունների հիմքում որպես ելակետ ընդունել է քրեադատավարական օրենսդրության կարգավորումն առ այն, որ խուզարկություն կատարելուց առաջ քննիչը պարտավոր է խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել որոշման պատճենը, և դրանով, ըստ էության, պայմանավորել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 2-ի որոշումն Ա.Ազատյանի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված լինելու մասին իր հետևությունը։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ միայն առկա օրենսդրական կարգավորումների, այլ նաև վարույթի նյութերի ամբողջական գնահատման վրա։ Այնինչ սույն վարույթով ստորադաս դատարանը, հիմք ընդունելով միայն քրեադատավարական նորմով սահմանված կարգավորումը, առանց դրա պահանջը փաստացի կատարված լինելու հանգամանքը հաստատող փաստական տվյալների առկայությունը գնահատելու, հետևության է հանգել ժամկետանց լինելու հիմքով պաշտպանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին։ 16․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի նյութերում բացակայում է Ա․Ազատյանի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշումը 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ ժամանակահատվածում ստացված լինելու փաստը հավաստող ապացույց, մինչդեռ պաշտպանի կողմից հատուկ վերանայման բողոքին կից ներկայացված փոստային ծրարի պատճենի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինակը ՀՀ քննչական կոմիտեից պաշտպանը ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ին, հատուկ վերանայման բողոք ներկայացրել՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին[20]։ Այլ կերպ՝ բողոքաբերի կողմից պահպանվել է վերաքննիչ դատարան հատուկ վերանայման բողոք ներկայացնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված տասնօրյա ժամկետը։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրակացնելով, որ նախաքննության մարմինը 2024 թվականի հուլիսի 3-ից մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ խուզարկություն կատարելիս խուզարկվող օբյեկտի օրինական տիրապետողին՝ մասնավորապես Ա.Ազատյանին, կամ վերջինիս ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի պատճենը, հանգել է իր տրամադրության տակ եղած վարույթի նյութերից չբխող հետևության և, պատշաճ կերպով գնահատման չենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Ա.Պիվազյանին հասու դառնալու կապակցությամբ ներկայացված տեղեկատվությունն ու համապատասխան փաստաթուղթը, անհամաչափորեն սահմանափակել է Ա.Ազատյանի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը: Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանում վարույթի նյութերին պաշտպանի կողմից ծանոթանալու պահը որպես բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ դիտարկելու անիրավաչափության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում այն առարկայազուրկ է, քանի որ պաշտպան Ա.Պիվազյանն իր կողմից հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնված չլինելու հանգամանքը պայմանավորել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը 2024 թվականի սեպտեմբերի 3-ին ստանալու փաստով՝ հատուկ վերանայման բողոքին կից ներկայացնելով համապատասխան գրավոր ապացույց։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Ազատյանի պաշտպան Ա.Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ 17․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ա․Ազատյանի պաշտպան Ա․Պիվազյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, և նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար[21]՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արամ Ռաֆիկի Ազատյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս դատական վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 107-112։
[2] Տե՛ս դատական վարույթի նյութեր։
[3] Տե՛ս դատական վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 26։
[4] Տե՛ս դատական վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 24։
[5] Տե՛ս դատական վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 27-31։
[6] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ: [7] Տե՛ս նույն տեղում:
[8] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ: [9] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ: [10] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ: [11] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Miragall Escolano and Others v. Spain գործով 2000 թվականի հունվարի 25-ի վճիռը, գանգատներ թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, կետ 37: [12] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-ին կետ: [13] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Գրիգորյանի գործով 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ Մ-6168/21 որոշումը, կետ 16։ [14] Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշման 15-րդ կետը, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը: [15] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ռաֆայել Խաչատրյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը։ [16] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետը: [17] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[18] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
[19] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
[20] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
[21] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0431/07/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
