Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 17-ՐԴ ԿԵՏԻ, 435-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 17-ՐԴ ԿԵՏԻ, 435-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1688 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-168)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2026թ. ՍԴԱՈ - 168 | «ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 17-ՐԴ ԿԵՏԻ, 435-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 17-ՐԴ ԿԵՏԻ, 435-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անդրանիկ Փիլոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հունիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անդրանիկ Փիլոյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) Սահմանադրության 72-րդ հոդվածին և 81-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի պաշտոնատար անձը կաշառք ստանալու համար քրեական պատասխանատվության ենթարկվի այն պայմաններում, երբ ո՛չ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի՝ 1999թ. հունվար 27-ի կոնվենցիան, ո՛չ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի՝ 2003թ. հոկտեմբերի 31-ի կոնվենցիան իբրև կաշառք չեն գնահատում որևէ անձի օգտին պաշտոնեական գործողություն կատարելուց կամ չկատարելուց հետո պաշտոնատար անձի ստացած գույքը կամ գույքային առավելությունը, եթե մինչև համապատասխան պաշտոնեական գործողությունը կատարելը կամ չկատարելը պաշտոնատար անձը չի պահանջել կաշառք, չի առաջարկել՝ իրեն կաշառք տալ, չի ընդունել իրեն կաշառք տալու առաջարկը կամ խոստումն, այլ խոսքով՝ եթե մինչև պաշտոնատար անձի կողմից համապատասխան պաշտոնեական գործողությունը կատարելը կամ չկատարելը չի եղել կաշառքի վերաբերյալ համաձայնություն:

(...) Սահմանադրության 72-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և դրա հետ փոխկապակցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետն՝ այնքանով, որքանով դրանք թույլ են տալիս պաշտոնատար անձին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկել այն պայմաններում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետից անհնար է գալ հստակ կամ որոշակի, հետևաբար՝ կանխատեսելի և մատչելի հետևության՝ այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը հիշյալ որակական հատկանիշներով սահմանում է կաշառք ստանալու հանցակազմի խոշոր չափը, հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմն՝ ինքնին»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները. արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրության 72-րդ հոդվածի և 81-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությանը, երբ թույլ է տալիս, որ կաշառք ստանալու համար քրեական պատասխանատվություն սահմանելիս Հայաստանի Հանրապետությունը գերազանցի վերաբերելի միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները, արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և սույն դեպքում դրա հետ փոխկապակցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը համապատասխանում են Սահմանադրության 72-րդ հոդվածի և սույն դեպքում դրա հետ փոխկապակցված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածի բովանդակությանը, երբ թույլ են տալիս, որ խոշոր չափերով կաշառք ստանալու համար պաշտոնատար անձը քրեական պատասխանատվության ենթարկվի «խոշոր չափ» քրեաիրավական անորոշ հասկացության կիրառմամբ:

Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասը թույլ է տալիս, որ պաշտոնատար անձը կաշառք ստանալու համար ենթարկվի քրեական պատասխանատվության՝ չնայած այն փաստին, որ համապատասխան գույքը պաշտոնատար անձն ստացել է միայն այն բանից հետո, երբ, իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով որևէ անձի օգտին, արդեն իսկ կատարել է կամ չի կատարել համապատասխան գործողությունը, իսկ մինչ հիշյալ գործողությունը կատարելը կամ չկատարելը պաշտոնատար անձը չի պահանջել կաշառք, չի առաջարկել իրեն կաշառք տալ, չի ընդունել իրեն կաշառք տալու առաջարկը կամ խոստումը, այսինքն՝ չի եղել կաշառքի մասին համաձայնություն:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում Սահմանադրության 72-րդ հոդվածի և 81-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությանն այնքանով, որքանով թույլ է տալիս, որ պաշտոնատար անձը կաշառք ստանալու համար քրեական պատասխանատվության ենթարկվի այն պայմաններում, երբ ո՛չ 1999 թվականի հունվարի 27-ին ընդունված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան, ո՛չ 2003 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան իբրև կաշառք չեն գնահատում որևէ անձի օգտին պաշտոնեական գործողություն կատարելուց կամ չկատարելուց հետո պաշտոնատար անձի ստացած գույքը կամ գույքային առավելությունը, եթե մինչև համապատասխան պաշտոնեական գործողությունը կատարելը կամ չկատարելը պաշտոնատար անձը չի պահանջել կաշառք, չի առաջարկել իրեն կաշառք տալ, չի ընդունել իրեն կաշառք տալու առաջարկը կամ խոստումը, այլ խոսքով՝ եթե մինչև համապատասխան պաշտոնեական գործողությունը կատարելը կամ չկատարելը չի եղել կաշառքի վերաբերյալ համաձայնություն:

Դիմողը նշում է, որ ինչպես 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 26-ը, այնպես էլ 2026 թվականի ապրիլի 26-ից հետո՝ մինչ օրս, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝ պնդելու, որ կաշառք տալու և կաշառք ստանալու խոշոր և առանձնապես խոշոր չափերը Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված՝ իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին համապատասխան: Հետևաբար՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝ պնդելու, որ, մասնավորապես, խոշոր չափերով կաշառք ստանալու համար պաշտոնատար անձի դատապարտումը համահունչ է Սահմանադրության 72-րդ հոդվածով երաշխավորված՝ հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության հիմնարար սկզբունքին:

Ըստ Դիմողի՝ ՀՀ քրեական օրենսգիրքը հստակ կամ որոշակի կերպով, հետևաբար՝ կանխատեսելիորեն և մատչելիորեն չի սահմանում կաշառք ստանալու հանցակազմի խոշոր չափը (նաև՝ առանձնապես խոշոր չափը), որը բացառում է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար անձին դատապարտելու հնարավորությունը, քանի որ տվյալ դրույթով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող խոշոր չափի՝ Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին համապատասխանող որակի՝ օրենքով նախատեսված չլինելն ինքնին հանգեցնում է իրավունքի գերակայության բովանդակային բաղադրիչ հանդիսացող՝ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի անմիջական գործողության կամ կիրառության անհրաժեշտությանը։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Անդրանիկ Փիլոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 435-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-168

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-168
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել