Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼՈՒՍՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼՈՒՍՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-185 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 18 | ԼՈՒՍՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԼՈՒՍՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լուսյա Դանիելյանի դիմումի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Լուսյա Դանիելյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ` փաստաբան Սերգեյ Մկրտչյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է որոշել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրությանը։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հունիսի 3-ին, և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Ընդունման պահից ի վեր Օրենքի 23-րդ հոդվածի վերնագիրը խմբագրվել է 21.12.2017 թվականի ՀՕ-9-Ն օրենքով, իսկ նշված հոդվածը փոփոխվել է 25.12.2006 թվականի ՀՕ-69-Ն, լրացվել է 24.03.2011 թվականի ՀՕ-71-Ն, 19.10.2016 թվականի ՀՕ-182-Ն, խմբագրվել է 21.12.2017 թվականի ՀՕ-9-Ն, փոփոխվել և լրացվել է 09.07.2019 թվականի ՀՕ-126-Ն, լրացվել է 26.06.2023 թվականի ՀՕ-231-Ն (ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներով:

21.12.2017 թ. ՀՕ-9-Ն օրենքով ամրագրվել է նշյալ հոդվածի 1-ին մասի հետևյալ խմբագրությունը.

«Հոդված 23․ Կատարողական թերթ տալը և կատարման ներկայացնելը․

1. Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

(…)» :

2․ Գործի դատավարական նախապատմությունը

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ 2-5171 քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսյա Դանիելյանի ընդդեմ Սմբատ Գրիգորյանի, Էլմիրա Սարգսյանի՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին, 04.11.2005 թ. վճռել է.

«Հայցը բավարարել մասնակիորեն:

Երևան քաղաքի Շահումյանի շրջանի գյուղխորհրդի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից Ն. Չարբախի հայցվորի և պատասխանողներին հատկացված համատեղ սեփականության ներքո գտնվող պտղատու այգուց ըստ կցվող հատակագծի առանձնացնել 2500 քմ հողամաս որպես հայցվորի բաժնեմաս:

(...):

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանների հաշվին:

(...)»:

Լուսյա Դանիելյանը 02.05.2023 թ. դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան)՝ կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ: Դատարանը 12.05.2023 թ. կայացրել է կատարողական թերթ տալու դիմումը մերժելու մասին որոշում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցվորը «... կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացրել է ժամկետի խախտմամբ և չի ներկայացրել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին ...»:

Դիմողը 31.08.2023 թ. թիվ 2-5171 քաղաքացիական գործով կատարողական թերթ պահանջելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու, վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը 18.09.2023 թ․ որոշմամբ (թիվ ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործ) մերժել է Դիմողի՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բաց թողումը հարգելի համարելու, այն վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու միջնորդությունները:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործով Դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, 18.12.2023 թ. որոշել է.

«1. Լուսյա Դանիելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել: Թիվ ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 18.09.2023 թվականին կայացրած որոշումը թողնել անփոփոխ:

(...)»:

Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2023 թ. որոշման դեմ Լուսյա Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 09.04.2024 թ. որոշել է.

«Թիվ ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2023 թվականի որոշման դեմ Լուսյա Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

(...)»:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, ներկայացնելով բարձրացված հարցադրման կապակցությամբ առկա իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, նշում է, որ իր «(...) հայցային պահանջը դատարանի վճռով բավարարվելուց հետո, վերը նկարագրված հանգամանքների բերումով, օրենքով սահմանված ժամկետում, դատարանից կատարողական թերթի պահանջ չներկայացնելու պատճառով, ժամկետից դուրս ներկայացված պահանջը մերժվել է»:

Դիմողի տեսանկյունից առկա է անկատար վճիռ, չնայած որ Օրենքի 24-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ «... քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթի կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել: Վերոնշվածից հետևում է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել պահանջատիրոջը դատական ակտի վերջնական իրականացման գործում»:

Դիմողը գտնում է, որ «ստորադաս դատարաններին գործով ներկայացվել են կատարողական թերթի կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու իրական փաստերը, որը դատարանի կողմից կարող էր հիմք հանդիսանալ կատարողական թերթ տալու բաց թողած ժամկետը հարգելի համարելու համար, սակայն դրանք համարվել են անբավարար և միջնորդությունը մերժվել է: Նման փաստերը դատական պրակտիկայում եզակի չեն: Բազմակի դեպքերում պատասխանողը կատարելով վճռով իր վրա դրված պարտականությունը, որոշակի ժամկետ անց դադարում է այն կատարելուց և պահանջատերը դիմելով դատարան կատարողական թերթ պահանջելու դիմումով, ստիպված է հիմնավորել կատարողական թերթ պահանջելու օրենքով սահմանված բաց թողնված ժամկետի հանգամանքները, որոնք միշտ չէ, որ դատարանի կողմից դիտարկվում են որպես հարգելի»:

Դիմողի կարծիքով՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում բացակայում է վիճակագրությունը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթի կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը հարգելի ճանաչելու և այն բավարարելու տվյալները, ակնհայտ է, որ այս դեպքում ցուցանիշը բացասական է»:

Դիմողը եզրահանգում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, հակասահմանադրական է, խաթարում է արդարադատության բուն էությունը, բազմաթիվ դեպքերում թողնում է անկատար դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, հետևապես, չի բխում Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված արդարադատություն իրականացնելու գործընթացից, և առաջացնում է իրավունքի սահմանափակում:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը խնդրում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, համաձայն որի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, ճանաչել հակասահմանադրական:

4. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերաբերելի դրույթները, մեջբերելով Օրենքի վիճարկվող դրույթով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներում արտացոլված իրավական դիրքորոշումները, նշում է. «(...) քննարկվող կարգավորումը առավել քան օրինաչափ նպատակ է հետապնդում, ինչպես նաև համաչափ է պետության գոյության անհրաժեշտ պայմանի ու միջոցի առկայությամբ պայմանավորված պետության հատկանիշի՝ հետևաբար նաև հասարակության բոլոր անդամների հանրային շահերի ապահովման նկատառումների համատեքստում, որը միտված է արդար հավասարակշռություն ապահովել հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների ու պաշտպանության միջև»:

Այս համատեքստում Պատասխանողը գտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող իրավակարգավորումների կիրառման արդյունքում սեփականության իրավունքի խախտում առկա չէ, քանի որ «(...) սեփականության իրավունքի սահմանափակման համաչափությունը չի կարող կասկած հարուցել դրա պիտանիության և անհրաժեշտության հարցում, եթե միջամտության հիմքում դրված են հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակը»:

Պատասխանողն արձանագրում է, որ «(...) իրավունքների՝ օրենքով սահմանված կարգից դուրս ցանկացած իրականացման հնարավորություն կխաթարի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ՝ դրանց պաշտպանության իրավունքի էությունը՝ միաժամանակ վտանգի տակ դնելով հասարակական հարաբերությունների կայունությունը։ Այս իսկ պատճառով, օրենսդիր մարմինն առաջնորդվելով վերը նշված իրավաչափ նպատակներով, այն է՝ այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ՝ դրանց պաշտպանության իրավունքի երաշխավորումը, հասարակական հարաբերությունների կայունության ապահովումը վիճարկվող դրույթով նախատեսել է իրավունքն իրականացնելու կամ չիրականացնելու իրավական հնարավորությունների միջև ընտրություն կատարելու ողջամիտ ժամկետ, այն է՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում կամ պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Ուստի, ժամկետային նման սահմանափակումն ինքնանպատակ չէ, պայմանավորված է հանրային արժեքների պահպանման պահանջով և արդյունքում նպատակաուղղված է այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովմանը»:

Պատասխանողը, վկայակոչելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, նշում է. «(...) օրենսդիրն ամրագրել է նաև կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն՝ որպես վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու և պարտատիրոջ խախտված իրավունքները վերականգնելու միջոց, ինչը, իհարկե, չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտի կատարման ձգձգման և հանգեցնել պարտապանի իրավունքների ոտնահարմանը»:

Պատասխանողն արձանագրում է, որ «(...) հիմքում ունենալով այլոց հիմնական իրավունքների և օրինական շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովման նպատակը՝ օրենսդրի կողմից սահմանվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու իրավունքն իրացնելու հնարավորության ընտրության ողջամիտ ժամկետներ: Հակառակ պարագայում անձանց իրավունքների սահմանադրորեն ամրագրված երաշխիքները չեն ծառայի իրենց բուն նպատակին և հնարավոր չի լինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը, ուստի տվյալ դեպքում իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի դիտվի որպես Սահմանադրությանը հակասող»:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Պատասխանողն արձանագրում է, որ Օրենքի 23-րդ հոդվածի վիճարկվող մասի համատեքստում իրավունքի ենթադրյալ սահմանափակումը համարժեք է հետապնդվող նպատակին, քանի որ այն նպատակաուղղված է ապահովելու երկու հավասարազոր իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն անհատական դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

5.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը նույն աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»:

Այսպիսով, Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

5.2. Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների ընդունելիության վերոշարադրյալ վավերապայմանների համատեքստում անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցադրմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրությունը դրանց կենսագործման կարևորագույն երաշխիքներից է: Դատական ակտերի վերջնական բնույթը և դրանց գործողությունը կապված են օրինական ուժի մեջ մտնելու փաստի հետ։ Օրինական ուժի մեջ մտնելու պահից է վճիռը դառնում վերջնական, ձեռք բերում անհերքելիության, բացառիկության, նախադատելիության, պարտադիրության և կատարելիության հատկանիշներ:

Դատական ակտերի այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են պարտադիրությունը և կատարելիությունը, ուղղված են դատական ակտով սահմանված պետաիշխանական պատվիրանների կենսագործմանը, իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների, ազատությունների և օրինական շահերի իրական պաշտպանության և քաղաքացիական շրջանառության կայունության ապահովմանը։

Դատական ակտերի կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ն արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնց համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի իրականացման արդյունավետ համակարգը ենթադրում է պետական մարմինների կողմից այնպիսի անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանում, որով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը կներդրվի ներպետական իրավական համակարգ և կապահովի արդյունավետ նախադրյալներ այդ ակտերի իրական կատարման համար (BURDOV v. RUSSIA, Application no. 59498/00, 07.05.2002, FINAL 04.09.2002,§ 34), (KHACHATRYAN v. ARMENIA, Application no. 31761/04, 01.12.2009, FINAL 01.03.2010, § 66), (REYNBAKH v. RUSSIA, Application no. 23405/03, 29.09.2005, FINAL 29.12.2005, § 23):

Սահմանադրական դատարանը ևս իր՝ 24.09.2013 թ. ՍԴՈ-1115 որոշման մեջ բացահայտել է դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի տեղը և դերը դատական պաշտպանության և արդար դատաքննության ինստիտուտների համակարգում: Մասնավորապես. «(...) դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է։ Այսինքն՝ դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ, հակառակ պարագայում կիմաստազրկվեն ոչ միայն պետական, այդ թվում՝ դատական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, այլև ընդհանրապես արդարադատության և դատական գործառույթներ իրականացնող այլ մարմինների համակարգի գոյությունը (...)»:

Օրենքի 3-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որն իր գործառույթներն իրականացնում է կատարողական վարույթի շրջանակներում՝ օրենքով սահմանված միջոցների կիրառմամբ:

Օրենքի՝ «Ընդհանուր դրույթներ կատարողական թերթի մասին» վերտառությամբ 3-րդ գլուխն ամրագրում է կատարողական թերթ տալու ընթացակարգի, դրա հիմքերի, կատարողական թերթի բովանդակության, դատական ակտի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման եղանակի և կարգի փոփոխման, կատարողական թերթը տալու և կատարման ներկայացնելու ժամկետի, վերջինիս վերականգնման, վճռի կատարման շրջադարձի և այդ հարաբերությունների հետ կապված համապատասխան իրավակարգավորումներ:

Դիմողի կողմից վիճարկվող կարգավորումը՝ «Կատարողական թերթ տալը և կատարման ներկայացնելը» վերտառությամբ 23-րդ հոդվածը, լինելով վերոնշյալ գլխում, 1-ին մասում ամրագրում է, որ կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ինչպես նաև նշյալ ժամկետի հաշվարկման սկզբնապահի տարբերակված հիմքերը։

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում մեկամյա ժամկետի նախատեսումը միտված է դատական ակտերի հարկադիր կատարման փուլում ընթացակարգային որոշակիության ապահովմանը: Այս ժամանակային սահմանափակումն իրավական սահման է ստեղծում՝ կանխելու դատական ակտով կողմերի համար իրավական հետևանքների առաջացման անժամկետ կասեցումը: Օրենքով նման ժամկետի սահմանումը բխում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքից՝ ապահովելով կանխատեսելի ժամանակահատվածում դատական ակտերի կատարումը և կանխում է հնարավոր երկարատև անորոշությունը՝ դատական ակտի անկատարության առնչությամբ:

Հետևաբար՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետային սահմանափակումը որոշիչ է արդար դատաքննության սահմանադրական իրավունքի ապահովման հարցում՝ երաշխավորելով արդարադատության արդյունավետ, կանխատեսելի հասանելիություն դատավարության բոլոր կողմերի համար:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքով սահմանված մեկամյա ժամկետը լրանալուց հետո Օրենքի գործող իրավակարգավորումները կողմերին հնարավորություն են տալիս կատարողական թերթ ստանալու նպատակով դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու համար: Օրենքի 24-րդ հոդվածով դատարանին վերապահված է իրավազորություն` վերականգնելու կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը։ Նման խնդրանքի առկայության դեպքում դատարանը պահանջատիրոջ ներկայացրած պատճառների հիմնավորվածության և դրանք հարգելի համարելու պարագայում բաց թողնված ժամկետը վերականգնում է :

Ըստ Դատական դեպարտամենտի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ ԴԴ-1 Ե-9726 գրության՝ դատական պրակտիկայի վիճակագրական տվյալները վկայում են, որ համապատասխան միջնորդությունների դատարանների կողմից բավարարման տեսակարար կշիռն անցնում է 70 տոկոսից։ Մասնավորապես՝ դատական դեպարտամենտի ամփոփած տվյալների համաձայն` «(…) 01․02․2021-01․02․2024 թ․ ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ ստացվել են 4116 կատարողական թերթ ստանալու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություններ, որից 2976 միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ, 79-ը բավարարվել է մասնակի, մնացած միջնորդությունները թողնվել են առանց քննության կամ մերժվել են»։

Վերոգրյալի համատեքստում դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողն օգտվել է վերոնշյալ իրավական հնարավորությունից, մասնավորապես՝ 2023 թվականի օգոստոսի 31-ին վերջինիս ներկայացուցիչը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել միջնորդություն՝ «Թիվ 2-5171 քաղաքացիական գործով կատարողական թերթ պահանջելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու, վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ»: Դատարանը թիվ ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործով 2023 թվականի սեպտեմբերի 18-ին կայացրած որոշմամբ մերժել է նշված միջնորդությունը, որը Դիմողի (վերջինիս ներկայացուցչի) կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով: Այս կապակցությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կայացրած որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով թիվ ԵԴ2/0011/15/23 քաղաքացիական գործով Դատարանի համապատասխան որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի ապրիլի 9-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը կարող է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման իրավունքի իրացման նպատակով դիմել լիազոր մարմնին՝ դատական ակտից բխող իր իրավունքներն իրացնելու խնդրանքով: Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի շրջանակներում Դիմողը որևէ կերպ նշված գործընթացը մեկնարկելու, այն որևէ խոչընդոտի բախվելու վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել, որոնք կարող էին վերջինիս մոտ սույն դատական ակտի հարկադիր կատարման անհրաժեշտություն տեսնելու մտավախություններ ձևավորել :

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 31, 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար և՝ տվյալ հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 31, 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ: Հետևաբար՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 3, 5 և 10-րդ հոդվածների մասով արձանագրում է, որ այդ հոդվածներն ամրագրված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում, մինչդեռ նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Լուսյա Դանիելյանի դիմումի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետություն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

5 փետրվարի 2025 թվականի

ՍԴԱՈ-18

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-18
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել