Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱՅԲՈՒՐՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱՅԲՈՒՐՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6228 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 հոկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 62 | ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱՅԲՈՒՐՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Շուշանիկ Բայբուրցյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Շուշանիկ Բայբուրցյանը (ներկայացուցիչ Արմեն Թևանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի սեպտեմբերի 23-ին) խնդրելով. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածը և Երևան քաղաքի ավագանու

22 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 305-Ն որոշման 14-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողի կարծիքով Երևան համայնքի և Երևան համայնքի պատվերով ծառայություն մատուցող անձի միջև կնքվելով գրավոր պայմանագիր` վերջիններիս միջև առաջանում է մասնավոր իրավահարաբերություն, հետևապես` Երևան համայնքի պատվերով ծառայություն մատուցող անձի և ծառայություն ընդունող անձի միջև չի կարող առաջանալ հանրային իրավահարաբերություն` անկախ նրանից, թե ո՞վ է մատուցում ավտոկայանատեղի ծառայությունը` Երևա՞ն համայնքը, թե՞ նրա պատվերով այլ անձ: Այլ խոսքով` եթե ծառայություն մատուցող անձը Երևան համայնքի առաջ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը, ապա Երևան համայնքը չի կարող վարչական տույժի ենթարկել ծառայություն մատուցող անձին, և նույն տրամաբանությամբ` եթե ծառայություն ընդունող անձը չի կատարում վճարային պարտավորությունը, ապա ո՛չ ծառայություն մատուցող անձը, և ո՛չ էլ Երևան համայնքը չեն կարող վարչական տույժի ենթարկել ծառայություն ընդունող անձին: Դիմողի կարծիքով ավտոկայանատեղերի ծառայություն մատուցելու շրջանակներում բացակայում է ինչպես հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի Երևան համայնքի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականության կատարման, այնպես էլ հանրային շահի իրացման կապակցությամբ ծագած հանրային իրավահարաբերության որակման վավերապայմանները, հետևապես Երևան համայնքի կողմից ավտոկայանատեղերի ծառայություն մատուցողի և ծառայություն ընդունողի միջև չի առաջանում հանրային իրավահարաբերություն: Ըստ դիմողի եթե ավտոկայանատեղերի ծառայություն մատուցելու շրջանակներում չի առաջանում հանրային իրավահարաբերություն, ապա Երևան համայնքը չի կարող «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով հարուցել վարչական վարույթ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածով անձանց ենթարկել վարչական պատասխանատվության: Նշվածն էլ թույլ է տալիս արձանագրել, որ խախտվում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքները, այսինքն խախտվում է քաղաքացիաիրավական հարաբերության մասնակցի սեփականության իրավունքը: Վերոգրյալի համակցությամբ դիմողը պնդում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցի կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածը հակասում են Սահմանադրության 60, 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին: Հաշվի առնելով վիճարկվող նորմում սահմանված` «օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը» արտահայտությունը, միևնույն ժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 305-Ն որոշման 14-րդ մասով սահմանված տեղական վճարները տարբեր են ելնելով տրանսպորտային միջոցի կայանման ժամանակահատվածից, հետևապես, դիմողը գտնում է, որ անձը չի կարող իր վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող նորմին այնքանով, որքանով հստակեցված չէ, թե օրենքով սահմանված ո՞ր ժամանակահատվածի համար նախատեսված տեղական վճարը չվճարելու համար է սահմանվում վարչական պատասխանատվության միջոցը, ինչպես նաև տարբեր տեղական վճարներ չվճարելու համար իրավաչափ չէ մեկ պատասխանատվության միջոց սահմանելը: Ըստ դիմողի սեփականատիրոջ մեկ հարյուր ՀՀ դրամ սեփականության իրավունքի խախտման համար չի կարելի սահմանել հիսուն անգամ ավելի մեծ պատասխանատվության միջոց, քանզի դրանով կխարխլվի ծառայություն մատուցողի և ծառայություն ընդունողի սեփականության իրավունքին միջամտելու արդար հավասարակշռությունն ու համաչափությունը: Դիմողը գտնում է, որ իր և Երևան համայնքի միջև մասնավոր իրավահարաբերության առաջացման պայմաններում վերջինս զրկվել է Քաղաքացիական օրենսգրքով և Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով արդար և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից առարկելով ներկայացված պահանջի դեմ, այդ թվում ծառայության արժեքի կրկնապատիկը գերազանցող չափի մասով:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ` «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Սույն դիմումի ուսումնասիրությամբ պարզվում է, որ դիմումի ընդունելիության վերոգրյալ պահանջները սույն նորմի մասով պահպանված չեն։ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, համաձայն որի ի թիվս այլնի, դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթների և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ։ Հետևաբար` հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը այս մասով ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ 3.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածի և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22 թիվ 305-Ն որոշման 14-րդ կետի վերաբերյալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի այն պնդումը, համաձայն որի Երևան համայնքի և Երևան համայնքի պատվերով ծառայություն մատուցող անձի միջև կնքվելով գրավոր պայմանագիր` վերջիններիս միջև միանշանակ առաջանում է մասնավոր իրավահարաբերություն, հետևապես` եթե Երևան համայնքի և Երևան համայնքի պատվերով ծառայություն մատուցող անձի միջև առաջանում է մասնավոր իրավահարաբերություն, ապա Երևան համայնքի պատվերով ծառայություն մատուցող անձի և ծառայություն ընդունող անձի միջև չի կարող առաջանալ հանրային իրավահարաբերություն, ըստ այդմ Երևան համայնքի և ծառայություն ընդունողի միջև չի կարող առաջանալ հանրային իրավահարաբերություն, անկախ նրանից, թե ո՞վ է մատուցում ավտոկայանատեղի ծառայությունը` Երևա՞ն համայնքը, թե՞ նրա պատվերով այլ անձ, անհիմն է, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածով ավտոկայանատեղի տեղական վճարը չվճարելու համար վարչական տույժ նախատեսելով օրենսդիրն արդեն իսկ դասակարգել է նման իրավահարաբերությունը որպես հանրային: Դիմողը նաև պնդել է, որ սեփականատիրոջ մեկ հարյուր ՀՀ դրամ սեփականության իրավունքի խախտման համար չի կարելի սահմանել հիսուն անգամ ավելի մեծ պատասխանատվության միջոց, քանզի դրանով կխարխլվի ծառայություն մատուցողի և ծառայություն ընդունողի սեփականության իրավունքին միջամտելու արդար հավասարակշռությունն ու համաչափությունը: Սահմանադրական դատարանն իրավաբանական պատասխանատվության, այդ թվում վարչական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքի բովանդակությանն անդրադարձել է իր 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշմամբ։ Մասնավորապես, անդրադառնալով պատասխանատվության տեսակները, չափերն ու հարկադրանքի միջոցները սահմանելու Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնելիս օրենսդրի հայեցողության շրջանակներին սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդրի հայեցողության շրջանակի վերաբերյալ Սահմանադրության դրույթների համադրված վերլուծությունը վկայում է, որ «(...) դրանց իրավական բովանդակությունը, ի թիվս այլոց, հանգում է նրան, որ հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող համաչափության ընդհանուր սկզբունքով։ Այս սկզբունքը հանդիսանում է ընդհանրապես իրավաբանական պատասխանատվության և, մասնավորապես` վարչական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը, (...)։ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նաև նշել է, որ` «համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վարչական պատասխանատվության չափի սահմանումը գտնվում է օրենսդրի իրավասության շրջանակներում պահպանելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ սահմանված չափանիշները: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ այս դիմումով դիմողը բարձրացնում է վարչական պատասխանատվության չափի նպատակահարմարության հարց, ինչի գնահատումը դիմողի կողմից վկայակոչած հանգամանքների շրջանակում, օրենսդրի կողմից իր հայեցողական իրավասության շրջանակը գերազանցելու որևէ հիմնավորում չի պարունակում, ուստիև դիմումն այս մասով նույնպես ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Շուշանիկ Բայբուրցյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Ե. Խունդկարյան

28 հոկտեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-62

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-62
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել