Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1126 փետրվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 փետրվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 11 | ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 26 փետրվարի 2021 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Լևոն Բարսեղյանի, Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Մնացականյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լևոն Բարսեղյանը, Անդրիաս Ղուկասյանը, Գևորգ Մնացականյանը (ներկայացուցիչներ Ա. Մելքոնյան, Ն. Հակոբյան, Հ. Հարությունյան) դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի փետրվարի 12-ին) խնդրելով. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը այնքանով, որքանով սահմանափակում են վարչական մարմնի հասկացությունը դրանով իսկ թույլ չտալով բողոքարկել Սահմանադրությամբ ստեղծված մարմինների անհատական մակարդակում կատարված գործողությունների/անգործության կամ որոշումների դեմ, ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողների կարծիքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը ու դատական պրակտիկայում դրանց տրված նեղ մեկնաբանությունը չեն ապահովում Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Դիմողների գնահատմամբ վերը նշված հոդվածի լայն մեկնաբանության դեպքում Ազգային ժողովի անգործությունը պետք է վարչական դատարանում դառնար քննարկման առարկա և առաջացներ կոնկրետ հետևանք, մինչդեռ փաստացի ստեղծվել է իրավիճակ, երբ օրենսդիր մարմնի գործողություններն ու անգործությունն ամբողջությամբ դուրս են մնում ողջամիտ ու թույլատրելի վերահսկողությունից: Դիմողները պնդում են, որ վիճարկվող դրույթի Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համահունչ կիրառման դեպքում իրենց արդար դատաքննության իրավունքն ու, մասնավորապես, դատարանի հասանելիությունը խախտված չէին լինի:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սույն գործով վերջնական դատական ակտը «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2020 թ. հուլիսի 8-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2020 թ. հուլիսի 8-ին, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը սկսվում է 2020 թվականի հուլիսի 9-ից: Պայմանավորված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորմամբ, որի համաձայն եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը այս դեպքում ավարտվում է 2021 թվականի հունվարի 11-ին: Մինչդեռ, Լևոն Բարսեղյանի, Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Մնացականյանի դիմումը փոստային բաժանմունքին է հանձնվել 2021 թվականի փետրվարի 8-ին: Հետևաբար` դիմողները բաց են թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու համար: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Լևոն Բարսեղյանի, Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Մնացականյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Ա. Թունյան

26 փետրվարի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 փետրվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել