ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 մայիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 13 | ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 մայիսի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Դավիթ Ասատրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Դավիթ Ասատրյանը 04.05.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` «ՀՀ Սահմանադրության 34-րդ, 51-րդ, 61-րդ և 63-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը»: Դիմողը գտնում է, որ դատական ակտով իր նկատմամբ կիրառված վիճարկվող դրույթներին դատարանների կողմից տրված մեկնաբանության արդյունքում խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իր հիմնական իրավունքները և ազատությունները: Ըստ դիմողի` անձը, դիմելով վարչական մարմնին տեղեկատվություն ստանալու համար, հետագայում զրկվում է նույնաբովանադակ տեղեկատվություն ստանալու համար կրկին վարչական մարմնին դիմելու հնարավորությունից և միաժամանակ կորցնում է նաև դատական պաշտպանության իրավունքը:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առումով դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթներից` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից` վիճարկվող դրույթի կիրառումը` որպես անհատական դիմումին ներկայացվող պայման, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հետևաբար, այս առումով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի առումով դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթի մասով դիմումն ակնհայտ անհիմն է: Այսպես, դիմողը չի ներկայացրել որևէ իրավական հիմնավորում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման է հանդիսանում դիմումի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումների առկայությունը: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված` խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում: Միաժամանակ, դիմողը հիմնավոր և պատշաճ ձևով չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ կարծում ենք, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Մասնավորապես, դիմողը, բաց թողնելով վարչական դատարան հայց ներկայացնելու համար նախատեսված ժամկետները, չներկայացնելով միջնորդություն բաց թողնված ժամկետները վերականգնելու վերաբերյալ, դրա փոխարեն կրկին անգամ վարչական մարմնին դիմելով` իրականում կարծես թե վարչական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետների հաշվարկման նոր հնարավորություն է փորձել ստեղծել իր համար: Ինչպես նշել է ՀՀ վարչական դատարանը 2015 թվականի օգոստոսի 3-ի` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ, «...10.02.2015 թվականից էլ, երբ հայցվորը ստացել է Կենտրոնական բանկի թիվ 24-15/000242.15 գրությունը, վերջինիս համար բացահայտվել է օրենքով նախատեսված տեղեկությունը պատասխանողի կողմից չտրամադրելու հանգամանքը, ուստի հայցադիմումը Դատարան կարող էր ներկայացվել 10.02.2015 թվականից հետո` երկամսյա ժամկետում, մինչդեռ տվյալ դեպքում հայցադիմումը Դատարան է ներկայացվել միայն 27.07.2015 թվականին...»: Հետևաբար, դիմողի ներկայացրած փաստարկներն առ այն, որ` «... «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի երկամսյա ժամկետը չի տարածվում այն դեպքի վրա, երբ անձը մեկ անգամ արդեն իսկ դիմած է լինում վարչական մարմին, քանի որ համաձայն օրինական դատական ակտի` դատարանում հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը չի կարող տարածվել յուրաքանչյուր նույնաբովանդակ դիմումի վրա», վկայում են այն մասին, որ վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո դիմողն իրականում բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Դավիթ Ասատրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
27 մայիսի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մայիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
