Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՍՊՐԱՄ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 31-ՐԴ ԳԼԽԻ, 226, 228 ԵՎ 243-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՍՊՐԱՄ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 31-ՐԴ ԳԼԽԻ, 226, 228 ԵՎ 243-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-22130 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-221)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 221 | «ԱՍՊՐԱՄ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 31-ՐԴ ԳԼԽԻ, 226, 228 ԵՎ 243-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՍՊՐԱՄ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 144-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 31-ՐԴ ԳԼԽԻ, 226, 228 ԵՎ 243-ՐԴ

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ասպրամ Ենգիբարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2- րդ մասի, 31-րդ գլխի, 226, 228 և 243-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ .

1. Ասպրամ Ենգիբարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 8-ին) խնդրելով. «ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության Հոդված 79- ին (Որոշակիության սկզբունքը), Հոդված 72-ին (Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը) հակասող և անվավեր, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի մաս 2-ը ճանաչել ՀՀ Սահմանադրության Հոդված 61-ին (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը) հակասող, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի Գլուխ 31-ը (Խուզարկություն և առգրավում) ճանաչել ՀՀ Սահմանադրության Հոդված 60-ին (Սեփականության իրավունքը), Հոդված 78-ին (Համաչափության սկզբունքը) հակասող, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 226-րդ, 228-րդ, 243-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրության Հոդված 33-ին (Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը), Հոդված 31-ին (Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը), Հոդված 3-ին (Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները), Հոդված 23-ին (Մարդու արժանապատվությունը), Հոդված 31-ին (Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը), Հոդված 6-ին (Օրինականության սկզբունքը), Հոդված 78-ին (Համաչափության սկզբունքը), Հոդված 34-ին (Անձնական տվյալների պաշտպանությունը), Հոդված 81-ին (Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան) հակասող»:

2. Ըստ դիմողի ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածում օգտագործվում է «անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող» արտահայտությունը, ինչը ենթադրում է, որ այն մեկ այլ օրենսդրական ակտով պետք է ստանա հստակ, պարզ, ճշգրիտ բովանդակություն, որն անհրաժեշտ է անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այս պարագայում անձնական կամ ընտանեկան գաղտնիքի իրավական ռեժիմն ուղղակի կախված է սուբյեկտի կամայական ցանկությունից, օրինակ համարել իր սոցիալական ծագումը գաղտնիք, թե ոչ: Մեկը կարող է համարել գաղտնիք, մյուսը կարող է հպարտանալ դրանով և տարածել: Այսինքն ստացվում է, որ նույն բնույթի տեղեկատվության համար մեկը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, մյուսը ոչ: Այսպիսի իրավիճակը զրկում է քաղաքացուն կանխատեսել իր վարքագծի բացասական հետևանքներն այս կամ այն տեղեկատվության հավաքման և տարածման հետ կապված:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ա) Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխի, 226, 228 և 243-րդ հոդվածների առնչությամբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Այսպես, վերաքննիչ դատարանը 2020 թվականի փետրվարի 13-ի որոշման մեջ արձանագրել է, որ «...գործում առկա է վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու, որ ամբաստանյալ Ա. Ենգիբարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածին համապատասխանելու և ապացուցված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է: ... նախաքննական մարմնի կողմից Ա. Ենգիբարյանի գործողություններին տրվել է քրեաիրավական ճիշտ որակում, և Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա. Ենգիբարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի սահմաններում և բավարար ապացույցների առկայությամբ կայացնելով մեղադրական դատավճիռ, թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա ... »: Այսինքն, դատարանները դիմողի կողմից վիճարկվող նորմերի հիման վրա իրականացրած քննչական և այլ դատավարական գործողությունները, դրանց արդյունքում ձեռք բերած ապացույցները նախաքննության ընթացքում նաև դիմողի կողմից վիճարկված չլինելու պայմաններում ճանաչել են իրավաչափ և դրել մեղադրական դատավճռի հիմքում այն պարագայում, երբ դիմողն ունեցել է օրենսդրական հնարավորություն վիճարկելու համապատասխան քննչական գործողությունների կատարումը թույլատրող մինչդատական վարույթի նկատմամբ նախնական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերը: Այս համատեքստում դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած յուրաքանչյուր ոք Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի առնչությամբ դիմումն ակնհայտ անհիմն է:

Այսպես` դիմումի հիմնավորվածության օրենսդրական պահանջի կատարման նպատակով դիմողը պարտավոր է ներկայացնել իրավանորմի և իր իրավունքի ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը, մինչդեռ, ինչը տվյալ դեպքում դիմողը չի արել: Ավելին, Սահմանադրական դատարանն իր 03.05.2016թ. ՍԴՈ-1270 որոշման մեջ, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, ամրագրել է հետևյալը. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49)»: Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումը, վկայում է, որ դիմողի գործով դատարաններն արդեն իսկ բացահայտել են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածում օգտագործված «անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող» արտահայտության բովանդակությունը, որպիսի պայմաններում չի հիմնավորվում դիմողի այն փաստարկը, որ դիտարկվող արտահայտությունը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ասպրամ Ենգիբարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի, 31-րդ գլխի, 226, 228 և 243-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

30 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-221

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-221
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել