Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆՈՒՇ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆՈՒՇ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5711 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 նոյեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 57 | ՎԱՐԴԱՆՈՒՇ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 11 նոյեմբերի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Վարդանուշ Թովմասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարդանուշ Թովմասյանը (ներկայացուցիչներ Մամիկոն Մանուկյան, Արմեն Թևանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 19-ին) խնդրելով. «1. որոշել. 1.1 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու հարցը. 1.2 իրավունքի բացի սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում»:

2. Դիմողը վիճարկում է Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը, արձանագրելով, որ միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով Վարչական դատարան դիմելուց հետո, դեռևս հայցադիմումի ընդունելիության փուլում, պատասխանողն անվավեր է ճանաչում այդ ակտը կայացնելով բարենպաստ վարչական ակտ, և վերջինս ներկայացնում է Վարչական դատարան, որն էլ, հիմք ընդունելով նշված ապացույցը (բարենպաստ վարչական ակտը), կայացնում է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում: Այդ որոշմամբ դիմողը ոչ միայն զրկվում է դատարանի մատչելիության իրավունքից, այլ նաև մատուցված փաստաբանական ծառայության համար իր կողմից վճարած գումարի փոխհատուցման իրավունքից, քանի որ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ դատարանը չի անդրադառնում դատական ծախսերին: Ըստ այդմ էլ, դիմողը Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը վիճարկում է երկու տեսանկյունից.

ա) օրենքի բացով պայմանավորված իրավական անորոշություն, որը դրսևորվում է նրանում, որ վիճարկվող դրույթը, ի տարբերություն Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի մյուս կետերում ամրագրված դրույթների, հստակ չի սահմանում այն անհրաժեշտ փաստակազմը, որը մի կողմից թույլ կտար հայցվորին կանխորոշելու իր վարքագիծը և դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի բնույթը, իսկ մյուս կողմից դատարանին հնարավորություն չէր ընձեռի դատավարության նախնական փուլում անդրադառնալու նյութական իրավունքի հարցերին, հետազոտելու և գնահատելու ապացույցներ (խոսքը բարենպաստ վարչական ակտի մասին է, որը, ըստ դիմողի, պետք է հետազոտվեր դատավարության այլ փուլերում), միայն Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ, առանց հաշվի առնելու անհրաժեշտ փաստակազմը, լայն հայեցողական լիազորությամբ կայացնել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում սահմանափակելով անձանց դատարանի մատչելիության իրավունքը,

բ) իրավունքի բաց, պայմանավորված նրանով, որ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը թույլ չի տալիս դատարաններին հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելիս անդրադառնալու դատա-կան ծախսերին, այն է փաստաբանական ծառայության համար հայցվորի կողմից վճարած գումարի փոխհատուցման հարցին սահմանափակելով հայցվորի սեփակա-նության իրավունքն իր կողմից վճարված գումարի նկատմամբ:

3. Ելնելով դիմումի և խնդրո առարկա գործում առկա դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Իրավական անորոշության առնչությամբ դիմողի ներկայացրած փաստարկներն ակնհայտորեն հիմնավոր չեն, քանի որ դրանք թույլ չեն տալիս միանշանակ պնդելու, որ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դատարաններին հնարավորություն է ընձեռում դատավարության նախնական փուլում անդրադառնալու նյութական իրավունքի հարցերին, կամ հետազոտելու և գնահատելու ապացույցներ, կամ օժտում է լայն հայեցողական լիազորությամբ միայն Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ, առանց հաշվի առնելու անհրաժեշտ փաստակազմը, կայացնելու հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում: Օրենքի բովանդակության բացահայտումն ու դրա միատեսակ կիրառության ապահովումը գտնվում է Վճռաբեկ դատարանի իրավասության տիրույթում: Վերջինս իր մի շարք որոշումներում անդրադարձել է Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «հայցը ենթակա չէ դատարանում քննության» բառակապակցության բովանդակության բացահայտմանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր 2017 թվականի մարտի 14-ի թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, որ հայցադիմումի ընդունումը կարող է մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն դեպքում, երբ դատարան դիմող սուբյեկտը հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի, իսկ դատարանն իրավասու չէ լուծել իր առջև բարձրացված տվյալ վեճը: Մեկ այլ 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «որևէ դատարան» բառակապակցության ներքո օրենսդիրը նկատի է ունեցել, որ վեճը վերապահված չէ Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների քննությանը և լուծմանը: Նման իրավակարգավորումը կոչված է բացառելու դատարանների իրավասությանը չհանձնված վեճերի քննությունը և լուծումը դատարանների կողմից: Եթե գործը ենթակա չէ դատարանին, ապա դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի, իսկ դատարանն իրավասու չէ խախտել այլ մարմինների իրավասությունը և լուծել նրանց վերապահված գործերը, հետևաբար գործի վարույթը ենթակա է կարճման»: Այնուհետև, Վճռաբեկ դատարանն իր 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով որոշմամբ ընդգծել է, որ «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: (...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վարչական դատարան դիմած անձն իր կողմից ներկայացված հայցի առարկան չի ձևակերպել տվյալ վիճելի իրավահարաբերության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակով, ապա այդ հանգամանքն ինքնին չի ենթադրում, որ հայցը (վեճը) ենթակա չէ դատարանում քննության»: Ամփոփելով նույն ՎԴ/0229/05/15 վարչական գործով որոշմամբ կատարված իրավական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը կատարել է հետևյալ եզրահանգումները, որ. «1) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ դատարանի առջև բարձրացված վեճը (հայցը) ենթակա չէ դատարանի քննությանը,

2) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը ոչ թե պետք է որոշում կայացնի վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վարչական գործի վարույթը կարճելու մասին, այլ պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),

3) եթե հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության և վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ»: Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները, արձանագրելով, որ դիմողի գործով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանները, մատնանշելով ոչ ճիշտ հայցատեսակի առկայությունը, այդուհանդերձ, կայացրել են հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների գործելակերպը պայմանավորված չէ վիճարկվող դրույթի սահմանադրականությամբ: 3.2. Անդրադառնալով իրավունքի բացի առնչությամբ դիմողի ներկայացրած փաստարկներին Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դրանք նույնպես ակնհայտորեն հիմնավոր չեն, քանի որ դրանք թույլ չեն տալիս միանշանակ պնդելու, որ իրավունքի բացն առկա է հենց Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում: Նման դիրքորոշման համար հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթի կարգավորման խնդիրն այլ է, իսկ դատական ծախսերին նվիրված է Վարչական դատավարության օրենսգրքի մեկ այլ հոդված 60-րդ հոդվածը, որը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում ցանկանում է հասնել նրան, որ ստանա փաստաբանական ծառայության համար իր վճարած գումարի փոխհատուցում, ինչին, ըստ դիմողի, խոչընդոտում է այն հանգամանքը, որ Վարչական դատավարության օրենսգիրքը դատարաններին դատական ծախսերի փոխհատուցմանն անդրադառնալու պարտականություն սահմանել է վճիռ կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում, և ոչ թե հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելիս: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, տվյալ դեպքում ենթադրյալ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, և այդ հարցի լուծումը գտնվում է օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում: Այլ կերպ ասած կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմողը բարձրացնում է վերացական վերահսկողությանը հատկանշական հարց: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վարդանուշ Թովմասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

11 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-57

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-57
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել