«ՏԻՐՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-218)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 218 | «ՏԻՐՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՏԻՐՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Տիրուհի Այվազյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Տիրուհի Այվազյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թ. հունիսի 2-ին:
2. Դիմողը վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի սահմանադրականությունն այնքանով, որքանով հիշյալ հոդվածի շրջանակներում չի ապահովվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն, այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում հաստատվել է փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելու փաստը, հանցագործության համար մեղադրվող անձը փորձագետը, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, և զուտ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական գործի կարճման արդյունքում առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածը փորձագետի եզրակացության կեղծ լինելը որպես նոր երևան եկած հանգամանք, պայմանավորում է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Արդյունքում դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմն ամբողջությամբ չի ծառայում արդարադատության իրականացմանը և արդար դատաքննության իրավունքին, քանի որ օրենսդիրը երաշխավորում է անօրինական ապացույցի հիման վրա կայացված դատական ակտի օրինականությունը, ինչն անհամատեղելի է Սահմանադրության 61-րդ հոդվածին:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի, մասնավորապես, դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության ու վերլուծության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ամրագրում է, որ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»: Սահմանադրական դատարանը գործում առկա «Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» Վճռաբեկ դատարանի 27.12.2019 թ. որոշման ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես. «Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» Վճռաբեկ դատարանի 27.12.2019 թ. որոշման ուսումնասիրությունից բխում է հետևյալը. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քրեական գործի նյութերը Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նոր երևան եկած հանգամանք հանդիսանալու մասին դիմողի փաստարկներին, դրանք անհիմն է համարել ոչ թե միայն այն պատճառաբանությամբ, որ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը փորձագետի եզրակացության կեղծ լինելը պայմանավորում է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այլ նաև հարցը դիտարկել է Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ դիմողի ներկայացրած փաստարկների լույսի ներքո և գտել է, որ դիմողը չի ապացուցել, որ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելու հանգամանքն իրեն չէր կարող հայտնի լինել գործի լուծման պահին: Վերոգրյալից բխում է, որ Վճռաբեկ դատարանն, ըստ էության, չի բացառել, որ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ի թիվս այլնի, ներառում է նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռից տարբերվող այլ ապացույցներ, որոնցով կհաստատվեր փորձագետի եզրակացության կեղծ լինելը: Պարզապես Վճռաբեկ դատարանն այս առումով փաստել է, որ դիմողը չի ապացուցել, որ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելու հանգամանքն իրեն չէր կարող հայտնի լինել գործի լուծման պահին: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի համար անբարենպաստ հետևանք առաջացրել է ոչ թե վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը, այլ այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դիմողը չի ապացուցել, որ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելու հանգամանքն իրեն չէր կարող հայտնի լինել գործի լուծման պահին: Այսինքն դիմողն, ըստ էության, վիճարկում է դատական ակտի իրավաչափությունը կամ, որ նույնն է բարձրացնում է իրավունքի կիրառման հարց: Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները Սահմանադրական դատարանը մերժում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
«Տիրուհի Այվազյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
30 նոյեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-218
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-218
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
