Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԹԻՎ ԵԱՔԴ/0196/01/17 ՈՐՈՇՄԱՄԲ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԹԻՎ ԵԱՔԴ/0196/01/17 ՈՐՈՇՄԱՄԲ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-621 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունվարի 2025թ. ՍԴԱՈ - 6 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԹԻՎ ԵԱՔԴ/0196/01/17 ՈՐՈՇՄԱՄԲ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԹԻՎ ԵԱՔԴ/0196/01/17 ՈՐՈՇՄԱՄԲ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 2 և 6-րդ մասերի դրույթների՝ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշմամբ տրված մեկնաբանությամբ դրանց բովանդակության, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ԵԴ/0206/01/21 քրեական գործով ներկայացված «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դատական նիստը հետաձգելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«1. Դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ թիվ ԵԴ/0206/01/21 քրեական գործով կիրառման ենթակա 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի դրույթների՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշմամբ տրված մեկնաբանությամբ դրանց բովանդակության, ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխանությունը որոշելու համար:

(...)»:

2. Ներկայացնելով տվյալ գործի դատավարական ընթացքը, պաշտպանի՝ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության բովանդակությունը, դրա վերաբերյալ դատավարության մասնակիցների դիրքորոշումները, Դիմողի դիրքորոշմամբ՝ տվյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ Դիմողը վկայակոչում է Վճռաբեկ դատարանի` Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ժամանակի մեջ քրեական օրենքի գործողության կանոնների մեկնաբանման վերաբերյալ:

Վկայակոչելով Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածների, ինչպես նաև վիճարկվող դրույթների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի բովանդակությունը, վերջինիս վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռները, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումները՝ Դիմողը նշում է, որ նոր քրեական օրենսգրքով սահմանվել է քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառության հնարավորություն, այդ թվում՝ պատիժը մեղմացնող նորմի դեպքում։ Հիշյալ կանոնակարգումը սահմանելիս օրենսդիրը, ըստ Դիմողի, նկատի է ունեցել օրենսդրական փոփոխությունների արդյունքում առաջ եկող բազմազան իրավիճակները, երբ նորմը նախատեսում է ինչպես անձի իրավական վիճակը բարելավող, այնպես էլ վատթարացնող դրույթներ։ Ինչպես նախկին, այնպես էլ նոր օրենսգրքում ամրագրվել է, որ հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից։ Հետևաբար՝ քրեական օրենքի հետադարձ ուժով կիրառման հնարավորությունը, Դիմողի գնահատմամբ, շարունակում է դիտարկվել իբրև բացառություն և օրենսդրությամբ ենթարկվում է հստակ կանոնակարգումների։

Այս կապակցությամբ Դիմողը նշում է, որ «Նախորդ կետում մեջբերված իրավակիրառ մեկնաբանությունների համատեքստում էլ քրեական օրենքը հետադարձությամբ կիրառելու կանոնի կապակցությամբ տարիներ շարունակ ձևավորված է եղել կայուն և կանխատեսելի իրավակիրառ պրակտիկա, որում որևէ սահմանափակում նախատեսված չի եղել, չի ենթադրվել և չի էլ կիրառվել հետադարձությամբ կիրառված նորմի իրավական հետևանքների կապակցությամբ։ Հարկ է նկատի ունենալ նաև, որ քրեական օրենսդրությունը ինչպես Նախկին, այնպես էլ Նոր օրենսգրքով և դրանց կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկան հնարավոր և թույլատրելի են համարել և համարում միաժամանակ երկու օրենքների նորմերի համակցված կիրառման հնարավորությունը՝ ապահովելով միայն համապատասխան նորմերի հետադարձության և մասնակի հետադարձության կանոնների կիրառությունը։

(...)

57․ Այս համատեքստում հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշմամբ առաջին անգամ բարձրացրել է «հետադարձությամբ փոփոխված քրեական օրենքի տարածման սահմանների» գաղափարը (...)»:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի՝ հիշատակված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին՝ Դիմողը գտնում է, որ «(...) Վճռաբեկ դատարանի իրավակիրառ մեկնաբանության եզրահանգումը ոչ թե ամբողջությամբ Նոր օրենսգրքի դրույթների կիրառությանն է վերաբերում, այլ Նախկին և Նոր օրենսգրքի նորմերի համակցված կիրառությանը (ինչպես և դրանից առաջ ձևավորված պրակտիկայում)։ Այսպիսի մեկնաբանությունն առաջացրել է մի իրավիճակ, երբ Նոր օրենսգրքի կոնկրետ նորմը (սույն գործով Նոր օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասը) արարքի իրավական որակման և պատժի որոշման մասով պետք է կիրառելի համարվի անձի նկատմամբ, սակայն դրան զուգընթաց պետք է շարունակի իրավական հետևանքներ առաջացնել կիրառելի համարվել նաև տվյալ արարքի իրավական որակում և պատժելիություն սահմանող Նախկին օրենսգրքի նորմը (սույն դեպքում՝ Նախկին օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասը), քանի որ մնացած քրեաիրավական հետևանքները, այդ թվում՝ վաղեմության ժամկետները, պետք է որոշվեն դրա կիրառմամբ։ Նման պայմաններում հարց է առաջանում՝ ինչպես կարող է հետադարձության կանոնի կիրառմամբ ամբողջ ծավալով ուժը կորցրած նորմը շարունակել անձի համար առաջացնել քրեաիրավական հետևանքներ։ Այսպիսի իրավիճակը Դատարանի համոզմամբ հանգեցնում է իրավական անորոշություն, քանի որ անհասկանալի է մնում՝ ի վերջո որ նորմն է համարվում «գործող օրենք»։

57.2. Մեղմացնող առումով քրեական օրենքի հետադարձության կարգով կիրառումը չի ենթադրում, հակառակը՝ ուղղակիորեն բացառում է նույն օրենքի վատթարացնող դրույթի հետադարձությամբ կիրառումը։ Հետևաբար` մնացած մասով պետք է գործի արարքի կատարման պահին գործող օրենքի կիրառելիության կանոնը։ Այս փաստարկման հիմքում են ընկած ինչպես նոր կարգավորումները, այնպես էլ նախկին կարգավորումները և դրանց վերաբերյալ վերը հիշատակված Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումները։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած հիշյալ դատական պրակտիկան ուղղորդող բնույթի մեկնաբանություններից երևում է, որ Նոր օրենքին հետադարձ ուժ տալու իրավական հետևանքները՝ արարքի ծանրության աստիճանի մեղմացման դեպքում պատասխանատվությունից ազատելու հիմքերի կիրառելիության մասով սահմանափակվել են՝ հիմք ընդունելով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքի վերաբերյալ նոր օրենսգրքի մոտեցումը՝ տվյալ տեսակի հանցագործության համար նախատեսված վաղեմության ժամկետի տևողության վերաբերյալ։ Հատկանշական է, որ քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական ինստիտուտը կարգավորող նորմերը դուրս են արարքի հանցավորությունը և պատժելիությունը սահմանող իրավական նորմի (հիպոթեզ, դիսպոզիցիա և սանկցիա) շրջանակներից (...)»:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Սահմանադրական դատարանն արժևորում է իրավական նորմերի կիրառման առաջնագծում կանգնած դատարանների՝ սահմանադրական արդարադատության միջոցով ենթադրյալ հակասահմանադրական նորմերի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն միտված նախաձեռնողականությունն ու, ի թիվս այլնի, նաև այդ գործիքակազմով սահմանադրականության ամրապնդումը: Սահմանադրի այս կամքն է ամփոփված դատարաններին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավասությամբ օժտելու հիմքում: Այս համատեքստում հիմնաքարային նշանակություն ունի հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմերի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ Սահմանադրական դատարան դիմելիս դատարանները Սահմանադրական դատարան դիմելու մասին համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնաբանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները:

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Ավելին, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ոչ թե նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ ցանկացած կասկած կարող է համարվել իբրև «հիմնավոր կասկած», այլ միայն այնպիսի կասկածները «(...) երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթական նորմի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը։

Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես՝ նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է՝ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն» (14.12.2021թ. ՍԴԱՈ-254):

Անդրադառնալով ներկայացված դիմումին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումի շրջանակներում ներկայացված հիմնավորումներն առավելապես խարսխված են Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշմամբ վիճարկվող նորմերին տրված մեկնաբանության հետ անհամաձայնությանը, որպիսի հանգամանքն ինքնին չի կարող դիտարկվել իբրև Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջի հաղթահարում:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 2 և 6-րդ մասերի դրույթների՝ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշմամբ տրված մեկնաբանությամբ դրանց բովանդակության, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

21 հունվարի 2025 թվականի

ՍԴԱՈ-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել