ԱՐՍԵՆ ՉԻՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-93)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 93 | ԱՐՍԵՆ ՉԻՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երևան 23 հոկտեմբերի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Վ. Վարդանյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Արսեն Չիտչյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արսեն Չիտչյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հոկտեմբերի 5-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված իրավական նորմը՝ այնքանով, որքանով այդ իրավադրույթի ուժով սնանկության գործով կառավարչի որակավորումը ենթակա է դադարեցման ինքնին (per se) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով սնանկության գործով կառավարչի նկատմամբ տուգանքը որպես պատիժ նշանակված լինելու դեպքում»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/0150/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը, և վկայակոչելով, որ «Սնանկության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կառավարչի որակավորման դադարեցման պահանջը, գտնում է, որ մեղադրական դատավճռով նշանակված տուգանքի կատարմամբ դատվածություն չունենալը չի կարող դիտվել որպես սնանկության գործով կառավարչի գործունեությամբ զբաղվելու արգելք հանդիսացող հանգամանք, ինչը չի բխում համաչափության սկզբունքից և հանգեցրել է իր սեփականության իրավունքի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտման, ինչը հակասում է Սահմանադրության 59-րդ և 60-րդ դրույթներին:
Դիմողն ընդգծում է իր նկատմամբ դատարանների կողմից նշանակված պատժի տեսակը, պատժաչափը, դատվածությունը մարված լինելու հանգամանքները՝ քրեական գործով կայացված մեղադրական դատավճռից բխող բացասական հետևանքների վերացման ներքո դիտարկելով, և կարծում է՝ դրանք իրավաբանական նշանակություն ունեցող հանգամանքներ են և «Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը կիրառելիս պետք է գնահատվեին:
Դիմողը հայտնում է, որ իր նկատմամբ Օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառումն անհրաժեշտ չէ այդ միջամտող դրույթի կիրառման համար Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, այդ օրենքի կիրառումն առաջացնում է անհամաչափ ծանր բացասական հետևանքներ կառավարչի իրավական կարգավիճակի համար, ինչը համարժեք չէ վերջինիս սահմանափակվող հիմնական իրավունքների (սեփականության և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքների) նշանակությանը:
Ըստ Դիմողի՝ օրենսդիրը թույլ է տալիս անձին որակավորվել որպես սնանկության գործով կառավարիչ այն դեպքում, երբ կատարել է հանցագործություն, սակայն դատվածությունը մարված է կամ վերացված, իսկ տվյալ դեպքում Օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` սնանկության կառավարչի որակավորումը դադարեցնելու համար անձի դատվածության մարված կամ վերացված լինելը կամ չլինելը օրենսդրի կողմից հաշվի չի առնվել:
Դիմողը պնդում է, որ խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից մեղադրական դատավճռի հիմքով մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելուն ուղղված միջամտող միջոցը մի շարք սուբյեկտների և սնանկության գործով կառավարիչների նկատմամբ տարբերակված մոտեցմամբ է կիրառվում, և մատնանշել է մի շարք ոլորտային օրենքներով նախատեսված իրավակարգավորումներ: Դիմողը նշում է, որ մի կողմից՝ սնանկության գործով կառավարիչներին, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիական ծառայողներին, դիվանագիտական ծառայողներին, մաքսային ծառայողներին, հարկային ծառայողներին, զինվորական ծառայողներին, էկոպարեկային ծառայողներին, համայնքի ավագանու անդամներին, համայնքների ղեկավարներին մեղադրական դատավճռի հիմքով մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հարցում ցուցաբերվող տարբերակված մոտեցումը պայմանավորված չէ որևէ օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով, չունի ողջամիտ արդարացում։
Դիմողի գնահատմամբ` վիճարկվող դրույթը պետք է սահմաներ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու բացառություն այն դեպքի համար, երբ տվյալ սուբյեկտի (սնանկության կառավարչի) նկատմամբ մեղադրական դատավճռով որպես պատիժ է նշանակվել տուգանքը։ Ըստ Դիմողի՝ օրենսդրի կողմից համապատասխան բացառություն չնախատեսելը հանգեցնում է իր իրավունքների և օրինական շահերի նկատմամբ խտրական միջամտության։
Վերոգրյալի հիման վրա՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներին այնքանով, որքանով Օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված իրավադրույթի ուժով սնանկության գործով կառավարչի որակավորումը ենթակա է դադարեցման ինքնին օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով:
3. Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ դրույթն ամրագրված է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև դիմումի խնդրամասում Դիմողը չի վկայակոչել Սահմանադրության կոնկրետ դրույթ, սակայն հիմնավորումների հատվածում անդրադարձել է վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 10, 11, 29, 59, 60, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցին, հետևապես՝ բարձրացրել է երեք հիմնարար իրավունքների՝ սեփականության իրավունքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի և համաչափության սկզբունքի հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը սույն դիմումի հիմնավորումների գնահատման նկատառումով անդրադառնում է Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներում արձանագրված չափանիշներին, որոնք պարտադիր են անհատական դիմումի հիմնավորումները գնահատելու համար:
Այսպես՝ Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Նույն որոշմամբ արձանագրվել է նաև, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է.
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրության 10, 11, 29, 59, 60, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը: Օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը դադարեցնում է կառավարչի որակավորումը, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նախատեսված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, ինչը նշանակում է, որ օրենսդիրն իմպերատիվ կերպով սահմանել է, որ ՀՀ արդարադատության նախարարը սնանկության կառավարչի նկատմամբ կայացված օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պայմաններում դադարեցնում է կառավարչի որակավորումը, եթե վերջինս դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ եթե դրանով նախատեսված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ: Ընդ որում՝ այդ դեպքում սնանկության գործով կառավարչի որակավորումը դադարեցվում է համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից (Օրենքի 29.2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):
Դիմողը գտնում է, որ սնանկության կառավարչին որակավորումից զրկելն այն դեպքում, երբ իր նկատմամբ սահմանվել է տուգանք, և այն վճարելու հիմքով դատվածությունը մարվել է, ուղղված չէ Սահմանադրությամբ հետապնդող նպատակներին, մասնավորապես՝ սնանկության գործընթացի իրականացման իրավաչափության, արդարացիության և սնանկության գործով կառավարիչների բարեվարքության ապահովմանը, մինչդեռ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ օրենսդրի կողմից նման իմպերատիվ պահանջի սահմանումը, մասնավորապես՝ արարքում մեղքի ձևը կարևորելը, պայմանավորված է սնանկության գործընթացում սնանկության գործով կառավարչի ունեցած առանձնահատուկ իրավական դերով և լիազորությունների կարևորությամբ:
Մասնավորապես՝ պարտապանի սնանկ ճանաչվելու պայմաններում նրա գույքի կառավարման իրավասությունն անցնում է սնանկության գործով կառավարչին, և վերջինս սնանկության վարույթում պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող հիմնական անձն է: Հետևաբար՝ սնանկության գործընթացում սնանկության գործով կառավարիչն օժտված է իրավական բարձր պատասխանատվությամբ և հանրային վստահության բարձր մակարդակով, ինչը պայմանավորված է վերջինիս առանձնահատուկ գործառույթներով, այդ թվում՝ կապված պարտապանի ֆինանսների տնօրինման և վերջինիս առողջացման հետ: Հետևապես՝ օրինապաշտության պահանջը նպատակ է հետապնդում զերծ պահել սնանկության վարույթը այլ կոռուպցիոն դրսևորումներից:
Դիմողը վկայակոչել է Օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հակասությունը Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, և սեփականության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման փաստը, վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Սահմանադրական դատարանի դատական կազմը սահմանափակվող հիմնական իրավունքի ենթադրվող նշանակությունը գնահատում է այդ սահմանափակմամբ հետապնդող նպատակի իրավաչափության համատեքստում և արձանագրում է, որ սեփականության և ձեռնարկատիրության հիմնարար իրավունքների ենթադրյալ խախտումները բավարար չեն դիմումի՝ քննության ընդունելու շեմը հաղթահարված համարելու համար, մասնավորապես՝ եթե չի հիմնավորվում տվյալ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման փաստը, վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Սահմանադրական դատարանի դատական կազմը նշում է, որ վիճարկվող դրույթում օրենսդրի կողմից մեղքի ձևի կարևորումը և կառավարչի որակավորման դադարեցման պարտադիր պահանջը փոխկապակցվում են և հետապնդում են անձի՝ հանրային վտանգավորության, հանցանքի բնույթի և վտանգավորության չափանիշների գնահատման նպատակ, որպիսի պայմանի հաղթահարման առնչությամբ Դիմողի կողմից բավարար հիմնավորումներ չեն բերվել, մինչդեռ Դիմողը սահմանադրական վեճը վերաձևակերպել է ըստ հետևանքի պատասխանատվության և պատժաչափի բացասական հետևանքի նվազ կարևորության հարցի տիրույթում՝ եզրահանգելով, որ միջամտող միջոցը չի համապատասխանում տուգանքի որպես պատժաչափի չափավորության հատկանիշին:
Անդրադառնալով Դիմողի վկայակոչած՝ Սահմանադրության 29, 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն գործի քննության ընթացքում բարձրացված նույն հարցով և հիմնավորումներով Դիմողը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ և Վարչական դատարաններ՝ պահանջելով կասեցնել վարչական գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան, ինչը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը վերոնշյալի առնչությամբ դատական ակտում արձանագրել է. «Ինչ վերաբերվում է գործի վարույթը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը ոչ իրավաչափորեն Վարչական դատարանի կողմից մերժված լինելու բողոքաբերի փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ առկա իրավակարգավորումները բավարար հստակությամբ կանոնակարգում են վեճը, ինչն էլ օբյեկտիվորեն Վարչական դատարանի մոտ ձևավորել է նշված միջնորդությունը մերժման ենթակա լինելու համոզմունքը: Ընդ որում, նման համոզմունք պահպանում է նաև Վերաքննիչ դատարանը, ինչով պայմանավորված՝ գտնում է, որ կիրառելի նորմերի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին հայցվորի միջնորդությունը ենթակա է մերժման»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի վկայակոչած՝ Սահմանադրության 10 և 11-րդ հոդվածներն ընդգրկված են «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ՝ կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հակասությունը Սահմանադրության 29, 59, 60, 78 և 79-րդ հոդվածներին:
Հետևապես՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, մերժելու հիմք է:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արսեն Չիտչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Վ. Վարդանյան
Ա. Վաղարշյան
23 հոկտեմբերի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-93
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հոկտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-93
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
