Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-11229 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-112)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 սեպտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 112 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի օգոստոսի 23-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.

«ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի իրավանորմի ուժով առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատաքննության ցանկացած, այդ թվում՝ նախնական դատալսումների ենթափուլում քննության առնել ու լուծել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչ հարց է քննարկվում»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ վերաբերելի իրավադրույթ չի սահմանում նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ կիրառված կամ երկարաձգված կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու որևէ դատավարական կարգ:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատարանի համար չի նախատեսում որևէ պարտականություն՝ նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո՝ մինչև կալանքի ժամկետը լրանալը, քննության առնել ու լուծել կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը:

Ըստ Դիմողի՝ նախնական կամ հիմնական դատալսումների կարգը սահմանող դատավարական իրավակարգավորումներից որևէ մեկը դատարանին չի լիազորում ընդհատել նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում կատարման ենթակա ու օրենքով նախատեսված գործողությունները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը քննության առնելու ու լուծելու համար:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա է օրենսդրական բաց՝ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառված կամ երկարաձգված կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու դատավարական կարգի հետ:

Դիմողը գտնում է, որ «(...) թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին դատարանների կողմից տրված այն մեկնաբանությունը կամ բովանդակությունը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի իրավանորմի ուժով առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատաքննության ցանկացած, այդ թվում՝ նախնական դատալսումների ենթափուլում քննության առնել և լուծել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչ հարց է քննարկվում, փաստորեն, ենթադրում է օրենքի անալոգիայի կիրառում, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվելուց կամ երկարաձգվելուց հետո մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցի լուծում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի կիրառմամբ, ինչը չի կարող օրինական համարվել՝ այնքանով, որքանով սահմանափակում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, կալանքի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կալանքից ազատվելու մեղադրյալի իրավունքի, այլ խոսքով՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ անձնական ազատության իրավունքի իրացումը»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին, քանի որ դրանցով բարձրացված հարցերը դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։

Այսինքն` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառումը մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի համար առաջացրել է իրավական հետևանք, այն է՝ նշված հոդվածին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տված և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին առերևույթ հակասող մեկնաբանության արդյունքում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի բեկանել մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023թ. ապրիլի 14-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշումը և մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանին կալանքից ազատ չի արձակել»:

Դիմողը նաև նշել է, որ «(...) թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2023թ. հուլիսի 7-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխան մեկնաբանությամբ չի վկայակոչվել, այնուամենայնիվ, այն փաստը, որ 2023թ. հուլիսի 7-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023թ. հունիսի 1-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշման դեմ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, վկայում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը համաձայնել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին ստորադաս դատարանի տված այն մեկնաբանությանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի իրավանորմի ուժով առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատաքննության ցանկացած, այդ թվում՝ նախնական դատալսումների ենթափուլում քննության առնել ու լուծել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչ հարց է քննարկվում»:

Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ պնդում. «(...) Արուսյակ Ալեքսանյանի անձնական ազատության իրավունքը խախտվել է (անհամարժեքորեն սահմանափակել է) թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ու ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին առերևույթ հակասող փաստացի այն մեկնաբանությամբ, որ, չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվելուց կամ երկարաձգվելուց հետո մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու դատավարական կարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այնուամենայնիվ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի իրավանորմի ուժով առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատաքննության ցանկացած, այդ թվում՝ նախնական դատալսումների ենթափուլում քննության առնել ու լուծել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչ հարց է քննարկվում»:

Մասնավորապես` Դիմողը վկայակոչել է փաստարկ առ այն, որ «(…) եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ու ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից չկիրառվեր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին առերևույթ հակասող վերոհիշյալ մեկնաբանությամբ, ապա.

• 2023թ. հունվարի 18-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 316-րդ հոդվածի հիմքով մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կալանք կիրառելուց հետո՝ 2023թ. ապրիլի 7-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը չէր սկսի մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը և 2023թ. ապրիլի 14-ին չէր կայացնի որոշում՝ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին, հետևաբար՝ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը չէր երկարաձգվի, և վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով, այն է՝ կալանքի ժամկետը լրանալու հիմքով կազատվեր կալանքից՝ ձեռք բերելով կալանքից ազատվածի կարգավիճակ:

• ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կամ ՀՀ Վճռաբեկ դատարանը կբեկանեին ստորադաս դատարանի դատական ակտը և մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանին ազատ կարձակեին կալանքից»:

Դիմողի վերոնշյալ դիրքորոշումների կապակցությամբ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ վերջինս իր պնդումները պայմանավորում է որոշակի ենթադրություններով և այլ ընթացակարգ սահմանված լինելու պարագայում ակնկալվող հնարավոր իրավական հետևանքներով:

Մինչդեռ, անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա են միայն այն գործերը, որոնցով բարձրացված հարցերի կապակցությամբ ներկայացված դիրքորոշումները հիմնված չեն ենթադրությունների, կանխատեսումների և (կամ) դիմողի համար առավել նախընտրելի հնարավոր իրավական հետևանքների վրա, այլ դրանցով դիմողը հստակ փաստարկներով հիմնավորում է իր նկատմամբ կիրառված կոնկրետ դրույթի կամ դրույթների, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրական լինելը:

Ողջ վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ: Մասնավորապես` Դիմողը վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ տվյալ պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց:

Մինչդեռ, ինչպես դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, այնպես էլ սույն որոշման 3.1-ին կետով ներկայացված դիրքորոշումից պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) համապատասխանությունը Սահմանադրության 27-րդ հոդվածին, չի հիմնավորել նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասահմանադրականությունը:

Այսինքն՝ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը:

Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը տվյալ պարագայում տեղի չի ունեցել:

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Միաժամանակ, անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և (կամ) դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության հարցին` Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողն այս առումով չի հստակեցրել և բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե վիճարկվող դրույթների կոնկրետ ի՞նչ մեկնաբանության և (կամ) դրանցում առկա ենթադրյալ ի՞նչ օրենսդրական բացի մասին է խոսքը, նշվածն ի՞նչ իրավական հետևանք է առաջացրել իր համար և ի՞նչ եղանակով է հանգեցրել իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման:

Այսպիսով, սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-112

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-112
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել