«ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 մարտի 2020թ. ՍԴԱՈ - 49 | «ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆԱՀԻՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ
ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննության առնելով «Անահիտ Մակարյանի և Էդվարդ Տոնյանի դիմումի հիման վրա` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 34- րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը կարճելու մասին առաջարկությունը Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Անահիտ Մակարյանը և Էդվարդ Տոնյանը 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել են « …. Որոշել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին»:
2. Դիմողները, վկայակոչելով Օրենքի վիճարկվող դրույթը, նշում են, որ դրա բովանդակությունից հետևում է, որ « …. օրենսդիրն առանց որևէ բացառության անվավերության ենթակա է համարել բոլոր այն հարկադիր աճուրդները, որոնք իրականացվել են Օրենքի 30-33-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ, ինչով, ըստ էության, աճուրդի անվավերության հարցում օրինականության սկզբունքին իրավական այլ սկզբունքների ու հիմնական իրավունքների հանդեպ շնորհվել է բացարձակ գերակայություն»:
Դիմողների կարծիքով հարկադիր աճուրդի անվավերության հարցի քննության արդյունքում դրա Օրենքի 30-33-րդ հոդվածների խախտմամբ անցկացված լինելը հաստատվելու դեպքում անգամ հարկադիր աճուրդն ինքնըստինքյան չպետք է անվավեր ճանաչվի առնվազն այն դեպքերում, երբ դրա անվավերությունը շոշափում է բարեխիղճ երրորդ անձանց հիմնական իրավունքները և/կամ ազատությունները, որոնք գործել են ելնելով պետության իրականացրած աճուրդի հանդեպ իրենց տածած պաշտպանության արժանի վստահությունից:
Դիմող Անահիտ Մակարյանը հայտնում է, որ տվյալ դեպքում վիճարկվող իրավանորմի կիրառման հետևանքով ինքը զրկվել է օրինական հիմքով ձեռք բերված իր սեփականությունից, իսկ Էդվարդ Տոնյանը հայտնվել է Անահիտ Մակարյանից ստացած առուվաճառքի գումարը վերադարձնելու և նրա վնասները հատուցելու վտանգի տակ, ինչպես նաև կորցրել է գույքի ձեռք բերման համար իր վճարած գումարը: Վկայակոչելով Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածները դիմողները գտնում են, որ վիճարկվող իրավանորմն այնքանով, որքանով չի նախատեսում բացառություն Օրենքի 30-33-րդ հոդվածների խախտմամբ իրականացված հարկադիր աճուրդն անվավեր լինելու կանոնից (մասնավորապես, այն դեպքերի համար, երբ աճուրդի հաղթողն ունի վստահության պաշտպանության իրավունք), չի համապատասխանում Սահմանադրությանը:
3. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 1-ին, 6-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածները, Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ- 649, ՍԴՈ-650 և այլն), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածը, ինչպես նաև վիճարկվող իրավանորմը, նշում է, որ հարկադիր աճուրդի ընթացքում պարտապանին օրենքով ընձեռված հնարավորությունները կոչված են երաշխավորելու վերջինիս արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը: Պատասխանողը հայտնում է, որ վիճարկվող իրավանորմը երաշխիք է պարտապանի համար, որ վերջինս պետք է տեղյակ լինի կատարողական վարույթի, այդ թվում հարկադիր աճուրդի ողջ ընթացքի մասին, որպեսզի իրական հնարավորություն ունենա արդյունավետորեն պաշտպանվելու վարչական մարմնի հնարավոր անօրինական ակտերից:
Անդրադառնալով վիճարկվող իրավանորմի որոշակիության հետ կապված հարցին պատասխանողը հայտնում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում:
Ինչ վերաբերում է կրած վնասների փոխհատուցման հարցին, ապա պատասխանողը նշում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի VII-րդ բաժնում:
Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:
4. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև դիմողների նկատմամբ կայացված դատական ակտերի հիմքում դրված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ.
դիմողները, ըստ էության, բարձրացնում են ոչ թե սահմանադրականության հարց և դրան համապատասխան ներկայացնում իրենց կողմից վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելը հիմնավորող փաստարկներ, այլ այդ դրույթի և վերջինիս առանձին եզրույթների սովորական (ոչ սահմանադրական) օրենքի մակարդակում բովանդակության բացահայտման, իրավակիրառ պրակտիկայում դրանց միակերպ ընկալման ու կիրառման հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն կարող լինել:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն, որը վերահաստատվել է հետագա մի շարք այլ որոշումներում (2012 թվականի նոյեմբերի 13-ի ՍԴԱՈ-80, 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-13, 2015 թվականի ապրիլի 7-ի ՍԴԱՈ-19, ինչպես նաև դատական կազմերի 2016 թվականի փետրվարի 5-ի ՍԴԴԿՈ/1-4, 2016 թվականի փետրվարի 18-ի ՍԴԴԿՈ/1-5, 2016 թվականի մարտի 21-ի ՍԴԴԿՈ/1-9, 2016 թվականի ապրիլի 2-ի ՍԴԴԿՈ/1-13), « .... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց .... , ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա սահմանադրական վերահսկողության տեսանկյունից կարևորվում է Սահմանադրական դատարանում այնպիսի իրավական վեճերը քննության առարկա դարձնելը, որոնց հիմքում դրված են ոչ թե սովորական դատարանում կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների (վերա)գնահատման, այլ հիշյալ դատարանների վերջնական դատական ակտերով կիրառված նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթների սահմանադրականության, սահմանադրական նորմերի վերջնական և համապարտադիր մեկնաբանության և կիրառման հարցեր:
Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացված հիմնավորումներն առնչվում են սովորական օրենքի վիճարկվող դրույթի մեկնաբանությանը հենց այդ օրենքի, այլ ոչ թե Սահմանադրության մակարդակում, ուստի նման մեկնաբանության դեպքում Սահմանադրական դատարանը փաստացի կվերածվի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի, իսկ այդպիսի իրավասություն, Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանը չունի:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1- ին մասի 8-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Անահիտ Մակարյանի և Էդվարդ Տոնյանի դիմումի հիման վրա` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
3 մարտի 2020 թվականի
ՍԴԱՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մարտի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
