Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-13410 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-134)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 նոյեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 134 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.

«Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի իրավանորմի ուժով առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատաքննության ցանկացած, այդ թվում՝ նախնական դատալսումների ենթափուլում քննության առնել ու լուծել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչ հարց է քննարկվում»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ վերաբերելի իրավադրույթ չի սահմանում նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ կիրառված կամ երկարաձգված կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու որևէ դատավարական կարգ:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատարանի համար չի նախատեսում որևէ պարտականություն՝ նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո՝ մինչև կալանքի ժամկետը լրանալը, քննության առնել ու լուծել կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը:

Ըստ Դիմողի՝ նախնական կամ հիմնական դատալսումների կարգը սահմանող դատավարական իրավակարգավորումներից որևէ մեկը դատարանին չի լիազորում ընդհատել նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում կատարման ենթակա ու օրենքով նախատեսված գործողությունները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը քննության առնելու ու լուծելու համար:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա է օրենսդրական բաց՝ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառված կամ երկարաձգված կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու դատավարական կարգի հետ:

Դիմողը գտնում է. «(...) թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին դատարանների կողմից տրված այն մեկնաբանությունը կամ բովանդակությունը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի իրավանորմի ուժով առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատաքննության ցանկացած, այդ թվում՝ նախնական դատալսումների ենթափուլում քննության առնել ու լուծել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչ հարց է քննարկվում, փաստորեն, ենթադրում է օրենքի անալոգիայի կիրառում, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվելուց կամ երկարաձգվելուց հետո մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցի լուծում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի կիրառմամբ, ինչը չի կարող օրինական համարվել՝ այնքանով, որքանով սահմանափակում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, կալանքի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կալանքից ազատվելու մեղադրյալի իրավունքի, այլ խոսքով՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ անձնական ազատության իրավունքի իրացումը» (ընդգծումը՝ Դիմողի):

Դիմողի պնդմամբ՝ «(...) եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը չկիրառվեր Սահմանադրության 27-րդ հոդվածին առերևույթ հակասող վերոհիշյալ մեկնաբանությամբ, ապա, արձանագրում եմ (ոչ թե ենթադրում), որ 2023թ. հունվարի 18-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ 3 ամիս ժամկետով կալանք կիրառվելուց հետո այլևս մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը չէր կարող երկարաձգվել, և վերջինս պետք է ենթակա լիներ կալանքից ազատման» (ընդգծումը՝ Դիմողի):

Դիմողը նաև նշում է. «(...) բոլոր այն դեպքերում, երբ նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության մասին անհատական դիմումում դիմողը ոչ թե բողոքում է դատարաններից՝ համարելով, որ դատարանները կայացրել են անօրինական կամ անհիմն դատական ակտ, այլ վկայակոչում է դատարանների կողմից կոնկրետ գործով կիրառած օրինադրույթի մեկնաբանությունը՝ բերելով հիմնավորումներ, որ այդպիսի մեկնաբանությունն իր համար առաջացրել է իրավական հետևանք՝ խախտելով Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված՝ իր հիմնական որևէ իրավունք կամ ազատություն, արձանագրելով, որ իր սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի և նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթին ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանություն տրված լինելու միջև առկա է պատճառահետևանքային կապ, ապա այդպիսի անհատական դիմումի քննությունը չի կարող մերժվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն պատճառաբանությամբ, որ անհատական դիմումի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին, հետևաբար՝ դիմողը օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ձևականորեն է վիճարկում՝ իրականում բարձրացնելով այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդելով այլ նպատակներ» (ընդգծումը՝ Դիմողի):

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից (...)»:

Վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը արտահայտել է իրավական դիրքորոշում նաև առ այն, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի՝ իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը, սահմանված լինելով օրենքներով, իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։

Վերահաստատելով նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով` ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման՝ օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը փաստում է.

Դիմողի կողմից միևնույն՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի շրջանակներում միևնույն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվել է նաև 2023 թվականի օգոստոսի 23-ին:

Սահմանադրական դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ՍԴԱՈ-112 աշխատակարգային որոշմամբ մերժել է վերոնշյալ անհատական դիմումով գործի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու և դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքերով:

2023 թվականին հոկտեմբերի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դիմողի սույն անհատական դիմումը, որով վերջինս կրկին վիճարկում է թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը:

Ավելին, տվյալ պարագայում Դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» է վիճարկել վերոնշյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, որոնք վերջինս ներկայացրել է նաև 2023 թվականի օգոստոսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով:

Ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրական դատարանը, 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներով գործերի քննության մերժման հիմքերին, մասնավորապես՝ ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է, որ ակնհայտ անհիմն են այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն, այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով Դիմողն առավելապես իր անհամաձայնությունն է հայտնում Սահմանադրական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ՍԴԱՈ-112 աշխատակարգային որոշման բովանդակության վերաբերյալ՝ նշելով, որ «(...) բոլոր այն դեպքերում, երբ նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության մասին անհատական դիմումում դիմողը ոչ թե բողոքում է դատարաններից՝ համարելով, որ դատարանները կայացրել են անօրինական կամ անհիմն դատական ակտ, այլ վկայակոչում է դատարանների կողմից կոնկրետ գործով կիրառած օրինադրույթի մեկնաբանությունը՝ բերելով հիմնավորումներ, որ այդպիսի մեկնաբանությունն իր համար առաջացրել է իրավական հետևանք՝ խախտելով Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված՝ իր հիմնական որևէ իրավունք կամ ազատություն, արձանագրելով, որ իր սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի և նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթին ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանություն տրված լինելու միջև առկա է պատճառահետևանքային կապ, ապա այդպիսի անհատական դիմումի քննությունը չի կարող մերժվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն պատճառաբանությամբ, որ անհատական դիմումի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին, հետևաբար՝ դիմողը օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ձևականորեն է վիճարկում՝ իրականում բարձրացնելով այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդելով այլ նպատակներ» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Այսպիսով, Դիմողը սույն դիմումով միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է միևնույն՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի շրջանակներում կիրառված այն նույն դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, որի սահմանադրականությունը վիճարկել էր նաև իր՝ 2023 թվականի օգոստոսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով: Ավելին, նշված անհատական դիմումի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի՝ գործի քննությունը մերժելու մասին 2023 թվականի սեպտեմբերի 29-ի ՍԴԱՈ-112 աշխատակարգային որոշումը։

Հետևաբար՝ Դիմողի՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

10 նոյեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-134

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-134
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել