ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 փետրվարի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 8 | ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 փետրվարի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Գոռ Համբարձումյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Քաղաքացի Գոռ Համբարձումյանը 07.02.2013թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4- րդ մասի 5-րդ կետի, 290-րդ հոդվածի 1-ին մասի և քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը։
2. Ըստ դիմողի իր կողմից վիճարկվող դրույթներն իրենց մեջ պարունակում են իրավական անորոշություն, իսկ ընդհանուր իրավասության դատարաններն իրենց որոշումներով ստեղծել են մեծ իրավական անորոշություն և նախապայման վարույթն իրականացնող մարմինների կողմից անձի իրավունքների սիստեմատիկ խախտման համար։
Դիմողի կարծիքով ընդհանուր իրավասության դատարանների որոշումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը սահմանափակում է անձի իրավունքները դատական կարգով բողոքարկելու նախաքննական մարմնի որոշումներն ու գործողությունները և օրինականացնում նախաքննական մարմնի կողմից կատարվող ապօրինությունները, քանի որ դրանք դատական կարգով բողոքարկման ենթակա չեն։
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, վիճարկելով նշյալ դրույթների սահմանադրականությունը, չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։
Դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի
«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Փաստորեն, դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։
ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է ՍԴՈ-844 որոշումը, որով ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը սահմանափակվել են մարդու դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։
Սահմանադրական դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ մինչդատական վարույթում օրենսդիրը դատարանին լիազորել է քննել ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների օրինականության, այլև անգործության վերաբերյալ բողոքները, իսկ «…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը բացառապես վերաբերում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումներին ու գործողություններին, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակներում չէր կարող վերագրվել նաև հիշյալ մարմինների անգործությանը։ Մինչդեռ գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ «գործողություն» եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը։
Միաժամանակ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը կարող է, մի կողմից, գործողությունների ու որոշումների, մյուս կողմից անգործության համար սահմանել դրանց բողոքարկման տարբեր ընթացակարգեր։ Ընդ որում, սահմանադրական դատարանն իր որոշման 8-րդ կետում հստակ նշել է, որ դատարան դիմելու կարգը, ի թիվս դատարան դիմելու այլ պայմանների, կարող է իրավաչափորեն ներառել նաև օրենքով սահմանված իրավունքների պաշտպանության արտադատարանական միջոցն սպառելու պայման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր
Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Գոռ Համբարձումյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
26 փետրվարի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 փետրվարի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
