Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-671 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 ապրիլի 2022թ. ՍԴԱՈ - 67 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի մարտի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 7-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» (ԵԴ/3863/02/19 քաղաքացիական գործով) որոշումը: Վերոհիշյալ որոշմամբ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ դիմող) խնդրել է Սահմանադրական դատարանին որոշել «Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրության 61-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում վկայակոչված «Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցման մասին» վերնագրով Հայաստանի Հանրապետության օրենք գոյություն չունի: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթն ամրագրված է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» վերնագրով Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի համապատասխանում Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին, և ըստ այդմ առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը: Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Իսկ նույն օրենքի 5-րդ մասի համաձայն դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանների համար: Օրենքի հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

3. «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Ստացող բանկը պարտավոր է ուղարկողին վերադարձնել ուղարկողի վճարած այն գումարը, որն ուղարկողը պարտավոր չէր վճարել: Ստացող բանկը պարտավոր է նաև այդ գումարի դիմաց տոկոսներ վճարել` հաշվարկված այդ գումարն ուղարկողի կողմից ստացող բանկին վճարվելու պահից, բացառությամբ սույն օրենքի 10 և 22 հոդվածներով նախատեսված դեպքերի»: Դիմողը, վկայակոչելով գործով կողմերի դիրքորոշումները, մասնավորապես, նշել է, որ «Բանկի առարկության հիմքում ներկայացված փաստարկների համաձայն Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ հայցի բավարարման դեպքում Բանկը կրելու է անհամաչափ պատասխանատվություն, քանի որ տվյալ փոխանցումը իրականացնելու համար գանձված վճարը և գումարի հնարավոր կորստի դեպքում պատասխանատվության չափը անհամաչափ են ... Բանկը գտնում է, որ միջազգային փոխանցումների վրա չեն կարող տարածվել Օրենքի կարգավորումները և դեպքը բնորոշում է, որպես ֆինանսական ֆորս մաժոր»: Դիմողն իր իրավական դիրքորոշումներում, մասնավորապես, նշել է, որ «Վիճարկվող նորմի տրամաբանությունը կայանում է նրանում, որ վճարման հանձնարարականի հիման վրա բանկի կողմից գումարը չփոխանցելու դեպքում բանկը պարտավոր է այն վերադարձնել հաճախորդին: Սույն իրավահարաբերության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրականացվել է միջազգային բանկային փոխանցում, որը իրականացվում է SWIFT համակարգի միջոցով: Միջազգային բանկային փոխանցումները կարգավորվում են բանկերի միջև կնքված պայմանագրերով և SWIFT համակարգի կանոններով, ուստի Օրենքի կարգավորումները կարող են տարածվել միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների վրա: Հետևաբար Օրենքի դրույթի կիրառման պարագայում ստացվում է իրավիճակ, որ Բանկը նաև «երաշխավորում» է գումարի վերադարձը անկախ իր մեղքից»: Դիմողը, վկայակոչելով սահմանադրական մի շարք հիմնական իրավունքներ, եզրահանգել է, որ այդ իրավունքների «... անհարկի սահմանափակմամբ պայմանավորված, Դատարանի կարծիքով, պետք է ամեն դեպքում արձանագրվի, որ նորմի կարգավորման առումով իրոք կա սահմանադրականության խնդիր...»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ բավարար հիմնավորումներ, իսկ ներկայացված հիմնավորումներից հետևում է, որ առավելապես առկա է կոնկրետ գործի լուծման համար կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի մեկնաբանության և կիրառության, այլ ոչ սահմանադրականության հարցեր, մասնավորապես, դիմողի դիրքորոշումները, ըստ էության, հանգում են վիճարկվող դրույթի միջազգային բանկային փոխանցումների հետ կապված հարաբերությունների վրա տարածման, այսինքն դրանց նկատմամբ կիրառման հարցերին: Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներով արձանագրել է, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին։ Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 169-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 ապրիլի 2022 թվականի

ՍԴԱՈ-67

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-67
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել