Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4625 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 46 | ԱՐՄԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 մայիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Արմինե Մովսիսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմինե Մովսիսյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ավետիսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 30-ին)՝ խնդրելով.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով, 123-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերին թիվ ԵԴ/17676/02/22 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 17.10.2024թ. վճռով, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2025թ. որոշմամբ և

ՀՀ վճռաբեկ դատարանի 30.01.2026թ. որոշմամբ տրված և կիրառվող մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/17676/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) անվավեր գործարքով երրորդ անձին պատճառված վնասի հատուցման պահանջով դատական պաշտպանության դիմելու համար հայցային վաղեմության ժամկետի հոսքը պետք է սկսվի գործարքը հակաիրավական, այսինքն՝ անվավեր ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ պայմանավորված նրանով, որ անձը ենթադրյալ վնասի հատուցման համար չի կարող հայց ներկայացնել, իսկ հակառակ մոտեցման պարագայում հայցային վաղեմության ինստիտուտը չի ծառայի իր նպատակին, այսինքն՝ քաղաքացիական շրջանառության կայունությունն ապահովելու և իրավական որոշակիություն ստեղծելու փոխարեն այն կդառնա կամայածին երևույթ, որը անվավեր գործարքի հետևանքով վնաս կրած անձին կզրկի դատական պաշտպանության իրավունքից` հանգեցնելով ընդհուպ մինչև սեփականության իրավունքից զրկման և անհամաչափ ֆինանսական կորստի»:

Դիմողը գտնում է, որ «(...) անվավեր գործարքով պատճառված վնասի հատուցման պահանջի դեպքում հայցային վաղեմության ժամկետի հոսքը չի կարող սկսվել ավելի վաղ, քան այն պահը, երբ տվյալ գործարքը դատական ակտով ճանաչվել է անվավեր և համապատասխան դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Մինչ այդ պահը անձը փաստացի զրկված է վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից: Տնօրինչականության սկզբունքից բխում է, որ անձը կարող է ընտրել, որ առանձին քաղաքացիական գործով հաստատվի գործարքի անվավերությունը, որից հետո միայն պահանջի վնասների հատուցում: Նման մոտեցումն ապահովում է դատական պաշտպանության արդյունավետությունն ու կողմերին ազատում անհամաչափ ֆինանսական բեռից։ Այս մոտեցմանը հակասող մոտեցման պարագայում հայցային վաղեմության ինստիտուտը չի ծառայի իր նպատակներին՝ անհիմն սահմանափակելով անձի դատական պաշտպանության իրավունքը և զրկելով անձին սեփականության իրավունքի լեգիտիմ ակնկալիքից»:

Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12 և 123-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրվել է հակասահմանադրական մեկնաբանություն. «(...) մասնավորապես՝ անվավեր գործարքով պատճառված վնասի հատուցման հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի հարցում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ վնասի հատուցում պահանջելու համար հայցվորը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում, իսկ քննարկվող իրավահարաբերության պարագայում վնասի հատուցում պահանջելու համար իրավական հիմք է ծառայում գործարքն անվավեր ճանաչող դատական ակտը՝ որպես հակաիրավական արարքը հաստատող իրավական ակտ: Իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խախտում է անձի սեփականության իրավունքը, քանի որ անձը զրկվում է վնասների հատուցում ստանալու պահանջի իրավունքից՝ որպես լեգիտիմ ակնկալիքից»:

Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում խախտվում են անձի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև Սահմանադրության 78, 79 և 80-րդ հոդվածները:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի և 123-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Սույն գործով դատարանների կայացրած որոշումները հակասում են ՀՀ սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (...) դիրքորոշումներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ սահմանադրության (...) դրույթներին: Մասնավորապես՝ Ընկերությունն ունեցել է իրեն պատկանող հեռախոսահամարներով եկամուտ ստանալու՝ սեփականություն ձեռքբերելու լեգիտիմ ակնկալիք: Հետևաբար սույն գործով կայացված դատական ակտերով խախտվել է նաև Ընկերության՝ ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում ԵԴ/17676/02/22 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի և 123-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ԵԴ/17676/02/22 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմինե Մովսիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

25 մայիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-46

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-46
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել