Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1025 մարտի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 10 | ՎԱՉԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 մարտի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Վաչիկ Կարապետյանը և Լուսինե Ամիրբեկյանը 14.03.2016թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասը և 233 ցուցիչ 1 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 28-րդ, 29-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»: Դիմողները գտնում են, որ իրենց կողմից վիճարկվող դրույթները չեն ապահովում իրավական որոշակիություն, որի արդյունքում ստեղծվում է հայեցողական կիրառմամբ դատական պրակտիկա: Ըստ դիմողների վիճարկվող դրույթները չեն ապահովում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացում: Դիմողների կարծիքով` վիճարկվող դրույթներին դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, այլ նաև ՀՀ սահմանադրական դատարանի` 16.10.2012թ. ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին առ այն, որ բողոքարկման ժամկետները պետք է մեկնարկվեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից: Միաժամանակ, դիմողները ներկայացրել են միջնորդություն պետական տուրքի վճարումից իրենց ազատելու վերաբերյալ:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործը ենթակա է ընդունման մասնակի: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու պահանջի մասով դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման, քանի որ վիճարկվող դրույթի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թվականի ապրիլի 22-ի ՍԴՈ-752 որոշումը: Հետևաբար, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի մասով քննության ընդունումը ենթակա է մերժման: Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ 26.08.2015թ. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել` առանց քննության թողնել վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի 30.06.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել 03.08.2015 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացրել միջնորդություն` վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ: Սա այն պարագայում, երբ դիմողներն իրենց վճռաբեկ բողոքում ներկայացրել են ծանոթագրություն այն մասին, որ ՀՀ վերաքննիչ դատարանի 30.06.2015 թվականի որոշումն ստացել են 03.07.2015 թվականին, ուստի վճռաբեկ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է 03.08.2015 թվականին, և խնդրանք` դատական ակտը հրապարակելու պահից մեկամսյա ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բողոքարկվող որոշումն ստանալու պահից այդ ժամկետը հաշվարկելու մասին:

Ելնելով վերոշարադրյալից, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի անհատական դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի մասով մերժել:

2. «Վաչիկ Կարապետյանի և Լուսինե Ամիրբեկյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

3. Վաչիկ Կարապետյանին և Լուսինե Ամիրբեկյանին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:

4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

25 մարտի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/2-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 մարտի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել