«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 փետրվարի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 5 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 փետրվարի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի հունվարի 29-ին)` խնդրելով.
1) «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի` Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0109/17/15 քաղաքացիական գործով մեկնաբանությամբ կիրառումը (դատական պրակտիկան) ճանաչել 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 33.1-րդ հոդվածի 1-ին մասի և 42-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին հակասող.
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 144-րդ հոդվածի 11-րդ մասի և 205-րդ հոդվածի 1-ին մասի և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի դրույթների` Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0109/17/15 քաղաքացիական գործով մեկնաբանությամբ կիրառումը (դատական պրակտիկան) ճանաչել 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի դրույթին հակասող, կամ`
3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 11-րդ մասում և 205-րդ հոդվածի 1-ին մասում առկա օրենքի բացը ճանաչել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող այնքանով, որքանով որ նշված իրավանորմերը կոնկրետ և հստակ չեն սահմանում որոշումների բողոքարկման անհնարինությունը և իրավակիրառ պրակտիկայում այդ անհնարինությունը չի ապահովվում:
1. Ըստ դիմողի` Վերաքննիչ դատարանի կողմից Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունը խոչընդոտ է հանդիսանում արբիտրաժային վարույթում կողմերի` վեճի լուծման ընթացակարգն ընտրելու իրավունքի իրացման համար` հանգեցնելով արբիտրաժային վարույթում կամքի ինքնավարության և պայմանագրի ազատության սկզբունքների գործողության անիրավաչափ սահմանափակմանը, ինչն էլ նշանակում է, որ հիշյալ մեկնաբանությամբ դատական պրակտիկան ուղղակիորեն հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 33.1-րդ հոդվածի 1-ին մասի և 42-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների հետ: Դիմողը նշում է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչման և կատարողական թերթ տալու, ինչպես նաև այն չեղյալ ճանաչելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների բողոքարկման հնարավորություն: Իսկ վերաքննիչ դատարանի կողմից նշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը նշանակում է, որ այդ որոշումները կարող են բողոքարկվել: Նման դատական պրակտիկան հակասում է Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, խախտվում է, մասնավորապես, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը: Դիմողի կարծիքով` ՀՀ քաղաքացական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 11-րդ մասը և 205-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով կոնկրետ և հստակ չեն սահմանում արբիտրաժային տրիբունալի վճիռները չեղյալ ճանաչելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների բողոքարկման անհնարինությունը, պարունակում են օրենքի բաց, որը հանգեցնում է արբիտրաժային վարույթի մասնակիցների ողջամիտ ժամկետում իրենց գործի քննության իրավունքի խախտմանը:
2. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ
Նշյալ դրույթի մասով դիմողը բարձրացրել է դրա կիրառման իրավաչափության հարց:
Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ ընդհանուր իրավասության դատարաններից ոչ մեկը որևէ կերպ չի մեկնաբանել խնդրո առարկա հոդվածը: Այսպես, առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը` արձանագրել է, որ «իրավական ակտի գերակայության սկզբունքի հիմքով կիրառելի է ոչ թե Ֆինանսական արբիտրաժային դատարանի Կանոնակարգի 22.2. կետը, այլ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, որը հղում է կատարել կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությանը և սահմանել է այն բացառիկ դեպքը, երբ կողմերը պարտավորվել են չիրականացնել բանավոր լսումներ»: Իսկ ՀՀ վերաքննիչ դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել Ֆինանսական արբիտրաժային դատարանի Կանոնակարգի 22.2. կետի վերաբերյալ` արձանագրելով, մասնավորապես, որ «նշյալ կետի ձևակերպումից երևում է, որ Արբիտրաժը ոչ թե որոշում է բանավոր լսումների միջոցով իրականացնել արբիտրաժային վարույթը, ինչը միանգամայն կհակասեր արբիտրաժային համաձայնությանը, այլ որոշել է իրականացնել նաև բանավոր լսումներ` այն հիմնավորմամբ, որ ներկայացված նյութերը բավարար չեն եղել վեճն ըստ էության լուծելու համար: Ինքնին հասկանալի է, որ սույն պարագայում «նաև բանավոր լսումներ» եզրույթը վերաբերում է գրավոր ընթացակարգով իրականացվող քննությանը, հետևաբար, սույն պարագայում այն չի կարող մեկնաբանվել այն իմաստով, որ Արբիտրաժը իրականացրել է միայն բանավոր լսումներ և խախտել է վեճի լուծման գրավոր ընթացակարգը»: Կարծում ենք, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: ՀՀ քաղաքացական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 11-րդ մասի, 205-րդ հոդվածի 1-ին մասի, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դ) պարբերության վերաբերյալ Նշյալ դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը փորձել է հիմնավորել 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 19-րդ հոդվածի հետ պատճառահետևանքային կապի համատեքստում` նշելով, մասնավորապես, որ խախտվել է ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը վերաբերում են, մասնավորապես, առանձին ակտի տեսքով կայացվող, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա որոշումներին (հոդված 144.11) և վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին (հոդված 205): Ինչ վերաբերում է Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դ) պարբերությանը, ապա այն սահմանում է այն հիմքը, որի առկայության պարագայում իրավասու դատարանը կարող է չեղյալ ճանաչել Արբիտրաժային տրիբունալի վճիռը: Դիմումում ներկայացված փաստարկներն առ այն, որ այս դրույթները խոչընդոտում են ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքին, ակնհայտ անհիմն են, քանի որ Արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի լուծման արագությունը պայմանավորված է առաջին հերթին արբիտրաժային վարույթի արագությամբ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության բավարար հիմնավորում: «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի (բացառությամբ 2-րդ մասի 1-ին կետի դ) պարբերության), 3-րդ և 4-րդ մասերի վերաբերյալ Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հարկ է նշել նաև, որ դիմողը, վիճարկելով Օրենքի և Օրենսգրքի համապատասխան դրույթները, հղում է կատարում ՀՀ Սահմանադրության` 2005 թվականի փոփոխություններով խմբագրությամբ հոդվածներին, հաշվի չառնելով, որ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ են մտել ՀՀ Սահմանադրության 1-3 գլուխները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
18 փետրվարի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 փետրվարի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
