Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-627 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 6 | ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 հունվարի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Հակոբ Հովհաննիսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հակոբ Հովհաննիսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 9-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն՝ այնքանով, որքանով այն թույլ չի տալիս հիմնարար խախտման վարույթի շրջանակներում, պատճառաբանական մասի բացակայության հիմքով վերանայելու օրինական ուժի մեջ մտած ցանկացած դատական ակտ»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0474/11/23 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը բարձրացնում է հետևյալ հարցը. «Արդյո՞ք քրեադատավարական օրենքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներով հռչակված հիմնարար իրավունքների բովանդակությանը, երբ թույլ չի տալիս հիմնարար խախտման վարույթի շրջանակներում, պատճառաբանական մասի բացակայության հիմքով վերանայելու օրինական ուժի մեջ մտած ցանկացած դատական ակտ»:

Դիմողը գտնում է, որ «(...) քրեադատավարական օրենքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը «հանդուրժում է», որպեսզի քրեադատավարական օրենքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով չնախատեսված քրեադատավարական հարցերով իրականացված և չպատճառաբանված դատական ակտի կայացմամբ ավարտված արդարադատությունը հանդես գա՝ որպես այդ արդարադատությունն իրականացրած դատավորի կամ դատավորների կողմից վեճի լուծման վերաբերյալ սուբյեկտիվ մոտեցման արդյունքներն ամփոփող անշրջելի ընթացակարգ՝ դրանով իսկ խաթարելով Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված՝ անհատի արդար դատաքննության իրավունքի էությունը, այդպիսի գործերով պատրանքային դարձնելով խախտված իրավունքների վերականգնման կամ այլ կերպ պաշտպանության՝ հանրային իշխանության սահմանադրական պարտականության էությունը»:

Ըստ Դիմողի՝ «(...) քրեադատավարական օրենքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը կհամապատասխաներ Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության կամ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի հիմնարար իրավունքի բովանդակությանը, եթե թույլ տար, որպեսզի Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտում պարունակող, այլ խոսքով՝ չպատճառաբանված ցանկացած դատական ակտ հիմնարար խախտման հիմքով ենթարկվի բացառիկ վերանայման՝ մինչև արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու (restitution in integrum), այլ խոսքով՝ անձի արդար դատաքննության խախտված հիմնարար իրավունքը վերականգնելու համար»:

Դիմողը նշում է, որ «(...) հիշյալ իրավանորմը թույլ է տալիս հիմնարար խախտման հիմքով բացառիկ վերանայման ենթարկել միայն խիստ սահմանափակ տեսակի դատական ակտեր, ինչից հետևում է, որ քրեադատավարական օրենքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը չի նախատեսում անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտում պարունակող, այն է՝ չպատճառաբանված ցանկացած տեսակի դատական ակտ հիմնարար խախտման հիմքով բացառիկ վերանայման ենթարկելու համար (...)»:

Ըստ Դիմողի՝ «(...) եթե նույնիսկ համարվի, որ «բացակայում է պատճառաբանական մասը» և «պատճառաբանված չէ» եզրույթներն ունեն տարբեր բովանդակային նշանակություններ, միևնույնն է, երկու դեպքում էլ թույլ տրված խախտման հետևանքը նույնն է՝ իրավական պետության հիմնարար սկզբունքներին չհամապատասխանող, արդարադատությունը բովանդակազրկող, քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքն ի սկզբանե կանխորոշող, քրեական գործի քննության նշանակությունը բովանդակազրկող դատական ակտի առկայություն, հետևաբար՝ գտնում եմ, որ դատական ակտի պատճառաբանված չլինելու պարագան նույնպես քրեադատավարական օրենքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հիմք է՝ բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու համար»:

Դիմողը նշում է, որ «(...) հիմնարար խախտման հիմքով բացառիկ վերանայման վարույթ հարուցելու հարցը լուծելու տեսանկյունից որևէ նշանակություն չի կարող ունենալ այն, թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտում պատճառաբանական մասի բացակայության (չպատճառաբանվածության) փաստի հայտնաբերումը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի՝ ըստ էության, թե՝ գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշմամբ»:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատություն-ների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 401-րդ հոդվածի 2-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունն իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր համապատասխան հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար և՝ տվյալ փաստի և վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողի կողմից միևնույն՝ թիվ ԵԴ1/0474/11/23 գործի շրջանակներում 2024 թվականի օգոստոսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել մեկ այլ դիմում, որի հիման վրա գործի քննությունը մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 3-ին ընդունված ՍԴԱՈ-135 աշխատակարգային որոշմամբ, որտեղ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(...) Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում քողարկված կերպով իր անհամաձայնությունն է հայտնում Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ՝ իրականում վիճարկելով կայացված դատական ակտի որակը՝ դրա չպատճառաբանված լինելը, սակայն փորձելով տվյալ հարցը ներկայացնել ամբողջովին այլ համատեքստում: Մասնավորապես՝ դիմումի, ինչպես նաև թիվ ԵԴ1/0474/11/23 գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի առանցքում իրականում ընկած է Վճռաբեկ դատարանի կողմից չպատճառաբանված որոշում կայացվելու փաստը, քանի որ Վճռաբեկ դատարանի խնդրո առարկա՝ «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման պատճառաբանված լինելու պարագայում ինքնին չէր առաջանա Դիմողի կողմից բարձրացված խնդիրը՝ պայմանավորված վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հետ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ՝

1) Սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները պարտադիր են դատավարության մասնակիցների և դրանց այլ հասցեատերերի համար:

2) Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ տվյալ հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի առանցքում ընկած է Սահմանադրական դատարանի՝ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշումը, որի պայմաններում ինքնին բացառվում է դրա հիման վրա Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի՝ օրենքով սահմանված կարգով վերանայումը, սույն պարագայում՝ հիմնարար խախտման հիմքով բացառիկ վերանայումը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը։

Միաժամանակ անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հակոբ Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Դ. Խաչատուրյան

27 հունվարի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել