«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 67 | «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 12 հոկտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով «Թեղուտ» ՓԲԸ-ի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Թեղուտ» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ` Գ. Պողոսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 22-ին)` խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ, 377-րդ և 379-րդ հոդվածները ճանաչել Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, կամ
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ, 377-րդ և 379-րդ հոդվածները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի պարտապանը պետք է հնարավորություն ունենա մասնակցելու իր կնքած և իր պարտավորությունների կատարումն ապահովող գործարքից բխող իրավահարաբերությունը դադարած ճանաչելու վերաբերյալ դատական գործին»:
2. Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումը
«արդյո՞ք դիմումում վիճարկվող դրույթները իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությամբ, որի հետևանքով պարտապանը զրկվում է իր կնքած և իր պարտավորությունների կատարումն ապահովող գործարքից բխող իրավահարաբերությունը դադարած ճանաչելու վերաբերյալ վեճի մասնակցությունից, համապատասխանում են Սահմանադրությամբ պաշտպանվող դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բովանդակությանը, ինչպես նաև համաչափության և իրավական որոշակիության սկզբունքներին»: Ըստ դիմողի տվյալ դեպքում վեճի առարկան գործարքից (երաշխավորության պայմանագիր) բխող իրավահարաբերությունն է, որի կողմերից մեկը «Թեղուտ» ՓԲԸ-ն, գործի քննությանը մասնակից չի դարձվել, հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումը հայտնել իր կնքած պայմանագրից բխող պարտավորության դադարման հարցի վերաբերյալ: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների եթե երաշխավորությունը դադարում է, ապա դադարում է երաշխավորի պարտավորությունը, հետևաբար ուղղակիորեն փոփոխվում է նաև հիմնական պարտապանի իրավունքների և պարտականությունների ծավալը: Դիմողի կարծիքով, օրենսդիրը, հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքը, պարտադիր է համարել երրորդ անձի ներգրավումը կամ առնվազն վերջինիս գործի մասին տեղեկացումն այն դեպքում, երբ գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ երրորդ անձի ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա: Դիմողի պնդմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ, 377-րդ և 379-րդ հոդվածներին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի պայմաններում ընկերությունը զրկվել է իր իրավունքներին վերաբերող դատական գործին մասնակցելու իրավունքից, որի հետևանքով խախտվել են դիմողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև համաչափության սկզբունքը, քանի որ ընկերության դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը ընկերության մասնակցությունը բացառելը, չի կարող համարվել պիտանի և անհրաժեշտ միջոց Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար. այդ միջոցը համարժեք չէ սահմանափակվող հիմնական դատական պաշտպանության իրավունքի նշանակությանը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. դիմողը պնդում է, որ դատարանների կողմից վիճարկվող նորմերին տրված մեկնաբանության արդյունքում դիմողը, հանդիսանալով երաշխավորության պայմանագրի կողմ, դատարանում գործի քննությանը մասնակից չի դարձվել և հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումը հայտնել երաշխավորի կողմից ներկայացված հայցի հիմքում ընկած պահանջի վերաբերյալ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375, 377 և 379-րդ հոդվածները զետեղված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Պարտավորությունների կատարման ապահովումը» վերտառությամբ 24-րդ գլխի «Երաշխավորություն» վերտառությամբ 4-րդ ենթագլխում: Ի թիվս տվյալ ենթագլխում ներառված այլ հոդվածների վերոնշյալ հոդվածները կարգավորում են երաշխավորության կապակցությամբ ծագող հարաբերությունների բովանդակային կողմը և իրենց բնույթով նյութաիրավական են: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող 379-րդ հոդվածն ուղղված է ինչպես երաշխավորի, այնպես էլ պարտապանի շահերի պաշտպանությանը: «Պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու երաշխավորի իրավունքը» վերտառությամբ վերոնշյալ հոդվածի առաջին մասը հնարավորություն է ընձեռում երաշխավորին առարկել պարտատիրոջ պահանջի դեմ նույնիսկ այն դեպքերում, երբ պարտապանն ընդունել է պարտքը: Հիշյալ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է երաշխավորի պարտականությունը մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելը, այդ մասին նախազգուշացնել պարտապանին, իսկ երաշխավորի դեմ հայց հարուցելու պարագայում, պարտապանին մասնակից դարձնել գործին. հակառակ դեպքում երաշխավորի համար կարող են ծագել անբարենպաստ հետևանքներ: Մասնավորապես, պարտապանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 379-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով իրավունք ունի երաշխավորի հետադարձ պահանջի դեմ ներկայացնել այնպիսի առարկություններ, որոնք նա ուներ պարտատիրոջ դեմ: Այսինքն պարտապանին գործին մասնակից դարձնելու երաշխավորի պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ երաշխավորի դեմ հայց է հարուցվել: Մինչդեռ, դիմումին կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դատարանում որպես հայցվոր հանդես է եկել ոչ թե պարտատերը, այլ երաշխավորը: Դիմողը բարձրացնում է առավելապես նյութաիրավական նորմերի դատական պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց, մինչդեռ որպես հիմնարար իրավունքի ենթադրյալ խախտում վկայակոչում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իր սահմանադրական իրավունքները: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2020թ. որոշմամբ արձանագրված է. «…Թեղուտ-ի և Բանկի միջև առաջացել են վարկային այլ իրավահարաբերություններ, որով դադարել է սույն քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկվող պարտավորությունը, քանի որ Թեղուտ-ի կողմից ամբողջությամբ մարվել է վիճարկվող պայմանագրով երաշխավորված գումարը ստանձնելով նոր պարտավորություն և (կամ) ստանալով նոր գումար: (…) ինչպես սույն գործով կողմերի, այնպես էլ Թեղուտ-ի ներկայացուցիչների պնդմամբ վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունն արդեն իսկ մարվել է…»: Ընդհանրացնելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի ներկայացրած փաստարկներն իրենց համակցության մեջ չեն հաղթահարում Սահմանադրական դատարան հիմնավոր բողոք ներկայացնելու անհրաժեշտ նվազագույն շեմը, քանի որ վերը նշված վերլուծության համատեքստում դիմողը չի կարողացել իրավաբանորեն հիմնավորել ինչպես իր կողմից մատնանշած խախտումը, այնպես էլ այդ ենթադրյալ խախտման բացասական կապն իր սահմանադրական իրավունքների հետ: Այլ կերպ ասած դիմումի ուսումնասիրությունից հնարավոր չէ ողջամիտ հետևության հանգել, թե ինչպես է վիճարկվող դրույթը հանգեցրել դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման: Դիմողը պատշաճ չի հիմնավորել նաև իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմերին տրված մեկնաբանության հակասահմանադրականությունը: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ պահանջները չեն պահպանվել:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Թեղուտ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Վ. Գրիգորյան Ա. Վաղարշյան
12 հոկտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-67
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-67
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
