ՔՆԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 27 | ՔՆԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 ապրիլի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով Քնարիկ Սահակյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Քնարիկ Սահակյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 1-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու ընթացակարգ ի խախտումն ՀՀ Սահմանադրության 1-ին, 75-րդ, 79-րդ հոդվածների ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքներին հակասող»։
2. Դիմողը, ելնելով թիվ ԼԴ/1214/02/25 և թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմություններից` եկել է այն հետևության, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես ընդհանուր կանոն, թույլ է տալիս մեկ վարույթում միացնել միայն նույն դատավորի վարույթում գտնվող գործերը, իսկ նույն հոդվածի 2.1-11-րդ մասերով օրենսդիրը նախատեսել է տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերի միավորման հնարավորություն, սակայն բացառապես Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի շրջանակում:
Օրենսդիրը, ըստ Դիմողի, մի կողմից՝ ընդունել է, որ տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերի միջև կարող է առկա լինել այնպիսի փոխադարձ կապ, որն օբյեկտիվորեն պահանջում է դրանց համատեղ քննություն, սակայն մյուս կողմից՝ նման հնարավորություն չի նախատեսել ընդհանուր իրավասության դատարաններում քննվող գործերի համար և արդյունքում ձևավորվում է իրավակարգավորման բաց, որի պայմաններում, նույնիսկ այն դեպքերում, երբ գործերը վերաբերում են նույն կողմերին, նույն առարկային, ունեն փոխադարձաբար իրար բացառող պահանջներ, և դրանց առանձին քննությունը կարող է հանգեցնել հակասական դատական ակտերի կայացմանը, իսկ դատարանը զրկված է նման գործերը մեկ վարույթում միացնելու իրավական հնարավորությունից:
Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթում առկա բացը հանգեցրել է նրան, որ նույն կողմերի միջև նույն առարկայով ընթանում են զուգահեռ դատական վարույթներ, ինչը ստեղծում է միմյանց հակասող դատական ակտերի կայացման իրական վտանգ, և նման իրավիճակը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին, որը հանդիսանում է իրավական պետության հիմնարար բաղադրիչ և բխում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներից: Բացի դրանից, նշված օրենսդրական բացը հանգեցնում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի խախտման, քանի որ գործող դատավարական մեխանիզմները չեն ապահովում անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրականացման հնարավորությունը:
Դիմողը համոզված է, որ նման պայմաններում փաստացի զրկվել է իր իրավունքների պաշտպանության արդյունավետ դատական միջոցից օգտվելու հնարավորությունից, որը հանգեցրել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման:
Միաժամանակ, Դիմողը սույն դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքների հաշվառմամբ, որ վերջինս բնակվում է առանձին, սեփական միջոցներով վճարում է բնակարանի վարձակալության վճարը, ինչպես նաև կենցաղային բնույթի վճարներ, այդ թվում՝ երեխայի խնամքին ուղղված՝ հագուստի, սննդի, մանկապարտեզի համար, և ներկա պահին գույքային դրությունը թույլ չի տալիս վճարել անհրաժեշտ պետական տուրքը:
3․ Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Դիմողի բարձրացրած սահմանադրաիրավական վեճի բովանդակությունը հանգում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին (Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներ), ինչպես նաև Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներին համապատասխանության ստուգմանն այնքանով, որքանով վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսված չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու իրավական հնարավորություն՝ առանց այն հանգամանքների հաշվառման, որ դրանցով միևնույն կողմերի մասնակցությամբ զուգահեռաբար քննվում են միևնույն առարկային վերաբերող՝ փոխադարձաբար միմյանց բացառող պահանջներ, որոնց առանձին քննությունը կարող է հանգեցնել իրար հակասող դատական ակտերի կայացման:
Սահմանադրական դատարանի դատական կազմը եկել է այն հետևության, որ վիճարկվող իրավակարգավորումը կարող է խնդրահարույց լինել ինչպես արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրականացման երաշխավորման տեսանկյունից, այնպես էլ նշված քաղաքացիական գործերի առանցքում ընկած՝ երեխայի լավագույն շահերն ապահովելու հրամայականի տեսանկյունից:
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է նշված հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,
բ) համապատասխան օրինադրույթը Դիմողի նկատմամբ կիրառվել է դատարանի կողմից,
գ) համապատասխան օրինադրույթը Դիմողի նկատմամբ կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Քնարիկ Սահակյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը։
2. «Քնարիկ Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու ընթացակարգ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
14 ապրիլի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
