Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ԴԱՇՏՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ԴԱՇՏՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4320 օգոստոսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 օգոստոսի 2020թ. ՍԴԴԿՈ - 43 | ԱՐՏԱԿ ԴԱՇՏՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 20 օգոստոսի 2020 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

նախագահությամբ դատավոր Ա. Թունյանի

մասնակցությամբ դատավոր Վ. Գրիգորյանի

դատավոր Ա. Դիլանյանի

Քննության առնելով Արտակ Դաշտոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արտակ Դաշտոյանը 2020 թվականի հունիսի 22-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 3-րդ մասի 1-ին կետում նշված նորմերում առկա է օրենսդրական բաց, անորոշություն, բացակայում են «Բողոքում ներկայացրած հիմնավորումների ոչ բավարար և բավարար չեն արտահայտությունների» հիմքով Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու իրավական նորմը, որպիսի իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը, ուստի նշված նորմերը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կոնկրետ գործով Արտակ Դաշտոյանի նկատմամբ կիրառելը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:

2. Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի վերաբերյալ ներկայացված հիմնավորումները ոչ բավարար և անբավարար է դիտել վիճարկվող դրույթներով նախատեսված պայմանների առկայությունը հիմնավորված համարելու համար: Ըստ դիմողի «բողոքում ներկայացված հիմնավորումների ոչ բավարար և բավարար չեն» արտահայտություններն արհեստածին և անորոշ են այն հիմնավորմամբ, որ որևէ իրավական ակտով սահմանված չեն «ոչ բավարար հիմնավորումներ» եզրույթի չափորոշիչները: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներում առկա է օրենսդրական բաց, ինչի արդյունքում իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը հանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը:

3. Ելնելով դիմումի և դրան կից դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ դիմողը բարձրացրել է վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հունվարի 30-ի որոշմամբ եզրահանգել է, որ «…. թեև բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` գտնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, 375-րդ, 411-րդ, 881-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, սակայն բողոքում ներկայացված հիմնավորումները Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար…»: Անդրադառնալով վճռաբեկ բողոքի մյուս հիմքին Վճռաբեկ դատարանը նշել է, որ «….սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, հետևաբար այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար»: Դիմողը, ըստ էության, առաջ է քաշում վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումների բավարարության չափանիշին Վճռաբեկ դատարանի կողմից տրված վերլուծության գնահատման իրավաչափության հարց: Մինչդեռ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածը սահմանում է վճռաբեկ բողոքին ներկայացվող օրենսդրական պահանջները, որոնցից են, ի թիվս այլնի, վճռաբեկ բողոքի հիմնավորումները, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը: Այսինքն, օրենսդիրը վճռաբեկ բողոքին առաջադրվող պահանջ է սահմանել վճռաբեկ բողոքի հիմքերի, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի վերաբերյալ համապատասխան հիմնավորումները: Իսկ այդ հիմնավորումների բավարարության կամ անբավարարության գնահատման լիազորությունը օրենսդիրը վերապահել է Վճռաբեկ դատարանին: Թեպետ այդ լիազորությունն իրացնելիս Վճռաբեկ դատարանն օժտված է դատական հայեցողությամբ, սակայն այն բացարձակ չէ և չի կարող իրականացվել կամայականորեն: Դատական հայեցողությունը որոշում կայացնելիս ընտրություն կատարելու դատարանի իրավասությունն է։ Նշված ընտրության հիմքերը, պայմաններն ու սահմաններն ամրագրված են Սահմանադրությամբ և օրենքով, պետք է կիրառելի լինեն գործի կոնկրետ հանգամանքների նկատմամբ, բխեն իրավունքի հիմնարար սկզբունքներից: Դատարանին վերապահված ընտրության իրավասությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարանը հնարավոր օրինական որոշումների շրջանակից պետք է ընտրի այն, որն առավելագույնս կհամապատասխանի արդարացիության չափանիշին։ Այն ենթադրում է նաև ոչ միայն մի քանի որոշումների միջև ընտրություն կատարելու իրավասություն, այլև այնպիսի ընտրություն կատարելու պարտականություն, որի արդյունքում կայացված որոշումն առավելագույնս կհամապատասխանի քննվող կոնկրետ գործի հանգամանքներին: Հետևաբար Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքում շարադրված հիմնավորումների բավարարության կամ անբավարարության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը սահմանադրականության տեսանկյունից չի կարող քննարկման առարկա դառնալ Սահմանադրական դատարանում: Այլ խնդիր է, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմնավորումները գնահատելիս քննարկվող նորմերը և սկզբունքները մեկնաբաներ և կիրառեր դրանք այնպիսի իմաստով, որը խնդրահարույց կդիտվի սահմանադրականության տեսանկյունից: Նման մեկնաբանությունների կամ կիրառման սահմանադրականության հարցն ուղղակիորեն ներառված է Սահմանադրական դատարանի Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանադրական արդարադատության իրականացման իշխանազորության շրջանակում: Մինչդեռ, սույն դիմումով նման խնդիր Սահմանադրական դատարանի առջև բարձրացված չէ: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր այս նախկինում արտահայտած դիրքորոշումը նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով: Հետևաբար սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

Արտակ Դաշտոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Դատավորներ

20 օգոստոսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-43

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 օգոստոսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-43
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել