ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 48 | ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 մայիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Մարիամ Մարտիրոսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մարիամ Մարտիրոսյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Ազատ Շահբազյան, Կարինե Լալաբեկյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 15-ին)՝ խնդրելով.
«1. Անհատական դիմումով գործը քննության ընդունել։
2․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այնքանով, որքանով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու փաստարկների և հիմնավորումների բավարար չլինելու հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, չի պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը և 337-րդ հոդվածի 1-ին կետը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին տեղեկացված լինելու ընդհանուր տեղեկությունը ներառում է իրավունքի խախտման մասին բավարար և կոնկրետ տեղեկությանը, վճռորոշ նշանակություն ունի նաև այն պահը, երբ անձը տեղեկանում է ոչ միայն իրավունքի խախտման մասին, այլ նաև այն մասին, թե ով է խախտողը և ում դեմ պետք է ուղղվի պահանջը։
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ վերաքննիչ բողոքը քննելիս Վերաքննիչ դատարանը սահմանափակված է ներկայացված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և իրավասու չէ արձանագրել այնպիսի խախտման առկայությունը, որը դուրս է և հայցի իրավական հիմքի և վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից, որը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և 81-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթներին»։
2. Ներկայացնելով թիվ ՇԴ/3074/02/17 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը գտնում է, որ «(...) Դատարանը Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման օրվա հետ (այսպես կոչված «օբյեկտիվ չափանիշ»), այլ այն օրվա հետ, երբ հայցվորն «իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» (այսպես կոչված «սուբյեկտիվ չափանիշ»): Նմանապես, գործարքի անվավերության հայցերով, Օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապում է այն օրվա հետ, «երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին»:
Դիմողը կարծում է, որ «(...) Դատարանի վճռում Օրենսգրքի հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբին վերաբերող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և տեղիք են տալիս դրանց տարաբնույթ մեկնաբանման համար»:
Ըստ դիմողի` «(...) Օրենսգրքի «պետք է իմացած լիներ» և «պարտավոր էր իմանալ» սուբյեկտիվ չափանիշներն ունեն նույն՝ «պետք է իմանար» իմաստը»:
Վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1270, ՍԴՈ-983, ՍԴՈ-1271 որոշումները՝ Դիմողն արձանագրում է, որ «(...) Օրենսգրքի՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբին վերաբերող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, ուստիև տարաբնույթ մեկնաբանման տեղիք են տալիս»։
Դիմողը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով դատական ակտի և վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, դատական ակտով սահմանել է հայցային վաղեմության իրավունքի պաշտպանության նոր ժամկետ, այն է՝ գործարքի, դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունք է սահմանել մինչև 17.07.2022 թվականը ներառյալ, մինչդեռ ոչ առաջին ատյանի դատական ակտում, ոչ վերաքննիչ բոլորում այդ հարցը քննարկման առարկա չի հանդիսացել, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը վերաքննության պայմաններում վերաքննության փուլում վերանայման օբյեկտ է դարձրել ստորադաս դատարանի կողմից չկայացված բողոքարկվող դատական ակտի վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավորումների սահմաններում չներառված հարցը։
Դիմողը կարծում է, որ «(...) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և 81-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի խախտումներ, հաշի չի առնվել դրանց հիման վրա գործող մարմինների պրակտիկան, դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում չվերանայելով»։
Դիմողը գտնում է, որ «Նման պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից իրականացված վերանայումը չի ապահովել բողոքարկման ինստիտուտի բովանդակային իրացումը և կրել է ձևական բնույթ, ինչը հակասում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի էությանը։
Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում մերժել է վերաքննիչ բողոքը՝ առանց պատշաճ գնահատման արժանացնելու բողոքում բարձրացված բոլոր էական հիմքերը և առանց յուրաքանչյուրի վերաբերյալ եզրահանգում անելու, ինչով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի պահանջները։
Նման պայմաններում՝ Բողոքաբերը փաստացի զրկվել է վերադաս դատարանից իր յուրաքանչյուր էական փաստարկի վերաբերյալ պատճառաբանված պատասխան ստանալու իրավունքից, իսկ վերաքննիչ վերանայումը կրել է ոչ լիարժեք բնույթ»։
Դիմողը նաև նշում է, որ «Վերաքննիչ բողոքում նշված հիմքերը և հիմնավորումները ներկայացվել է նաև վճռաբեկ բողոքում, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հանդես գալով Սահմանադրության 171-րդ հոդվածով նախատեսված սահմանադրական կարգավիճակով որպես Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյան, որի խնդիրը օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելը և մարդու իրավունքների և ազատությունների՝ հիմնարար խախտումները վերացնելն է, նկատի ունենալով նաև, որ իր սահմանադրական լիազորությունների իրականացման բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում իր քննությանը ներկայացված իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը, պետք է բնականորեն ունենա իր կողմից կայացվող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանության խորության և ծավալի որոշման լայն հայեցողություն, որը Վճռաբեկ դատարանին կապահովի իր սահմանադրական գործառույթների արդյունավետ իրականացում՝ հաշվի առնելով արդարադատության արդյունավետության համար անհրաժեշտ գործոնների համադրումը, մինչդեռ սույն գործով Վճռաբեկ դատարանը չի ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և չի վերացրել դիմողի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները»։
3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի, 337-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Սույն գործով Դատարանը, կիրառելով Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետը հակընդդեմ հայցվորների հայցը մերժել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքով այն հիմնավորմամբ, որ «հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել հենց Վարկային պայմանագրի կնքման պահից` 26.08.2016 թվականից, իսկ հակընդդեմ հայցով Հայցվորները հակընդդեմ հայցադիմումը ներկայացրել են միայն 14.10.2022 թվականին՝ բաց թողնելով հայցային վաղեմության մեկամյա ժամկետը»։
Դիմողներն իրենց անհամաձայնությունն են հայտնում Դասարանի այդ դիրքորոշմանը, քանի որ Դատարանը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը չի կապել օբյեկտիվ չափանիշի հետ, մասնավորապես՝ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունքի ծագման սկիզբը գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին Հակընդդեմ հայցվորների տեղեկանալու կամ նման տեղեկատվություն ստանալու օբյեկտիվ հնարավորության օրն է համարել՝ 16.07.2021 թվականը, մինչդեռ Դատարանի վերը նշված եզրահանգումը չի համապատասխանում Վճռաբեկ դատարանի որոշումներում կատարված մեկնաբանություններին, որոնք դիտվում են որպես նախադեպային նշանակություն ունեցող, հակասում են այդ դրույթներում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությանը, Օրենսգրքի կարգավորման համատեքստին և Սահմանադրության սկզբունքներին և նպատակներին, ուստի Դատարանի մեկնաբանությունները ոչ թե նպաստում են իրավական որոշակիության ապահովմանը, այլ ստեղծում են լրացուցիչ անորոշություն»:
Դիմողը նաև նշել է, որ «(…) հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը օբյեկտիվ չափանիշի հետ կապելու վճռորոշ հանգամանքը հաստատելուց հետո Վերաքննիչ դատարանն ուներ բավարար փաստական և իրավական հիմք վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով, իր լիազորության սահմաններում, ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ բեկանելով վճիռը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը 15.09.2025 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել՝ թիվ ՇԴ/3074/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դասարանի 17.12.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՇԴ/3074/02/17 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի, 337-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի, 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՇԴ/3074/02/17 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մարիամ Մարտիրոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
27 մայիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-48
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-48
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
